Քսանյոթերորդ գլուխ
Խոսում է այն մասին, թե նախորդ գլխում մի ինչ֊որ լեդիի անպատկառորեն լքելու անքաղաքավարության համար ներողություն է խնդրվում։Քանի որ համեստ մի հեղինակի համար վայելուչ չէր լինի բիդըլի նման կարևոր մի անձնավորության սպասեցնել մեջքը կրակին և վերարկուի ծայրերը թևի տակ, մինչև բարեհաճեր ազատել նրան այդ անհանգիստ դիրքից, և, մանավանդ, քանի որ այդ հեղինակի պաշտոնին կամ ասպետությանը առավել ևս խոտոր կհամարեր նույնպիսի զանցառության երթարկել նաև մի լեդիի, որը այդ բիդըլի սիրո և գուրգուրանքի առարկան էր դարձել, և որի ականջին նա շշնջացել էր քնքուշ խոսքեր, որոնք, բխելով այդպիսի աղբյուրից, կարող էին որևէ բարձրաստիճան կույսի կամ կնոջ սրտի լարերը իրավացիորեն թրթռացնել, պատմագիրը, որ գրում է այս տողերը՝ համոզված լինելով, որ նա գիտակցում է իր դիրքը, և որը այս երկրում բարձր և կարևոր հեղինակություն շնորհված մարդկանց հարգում է ըստ պատշաճի, փութով գալիս է վճարելու նրանց այն տուրքը, որ թելադրված է այդ անձանց պաշտոնով, և վերաբերվել նրանց այնպես, ինչպես նրանց վսեմ հասարակական դիրքը (բնականաբար) մեծ առաքինությունները խստորեն պահանջում են իրենից։ Ահա այս նպատակը հետապնդելով, նա ծրագրել էր այստեղ ներածել բիդըլների սրբազան իրավունքը շոշափող ու նրանց դիրքը բնորոշող մի ուսումնական ճառ այն մասին, թե բիդըլները անսխալական են։ Եվ այս դատողությունները ողջախոհ ընթերցողի համար անտարակույս կլինեն և՛ հաճելի, և՛ շահեկան, բայց տեղի ու ժամանակի սղության պատճառով հեղինակը հարկադրված է հետաձգել դրանք ավելի հարմար և համապատասխան առիթի։ Երբ այդ առիթը ներկայանա, նա սիրով պիտի ցույց տա, որ առ ի պատշաճի գոյություն ունեցող մի բիդըլ, այսինքն՝ ծխական մի բիդըլ, կցված ծխական մի աղքատանոցի և ծառայելով որպես պաշտոնական անձ ծխական եկեղեցուն, իր դիրքի և իրավունքների բերումով օժտված է մարդկային բոլոր կատարելություններով ու լավագույն հատկություններով, և այս առաքինություններից ոչ մեկը ունենալու հավակնությամբ չեն կարող պարծենալ առևտրական ընկերությունների, դատական գրասենյակների և նույնիսկ երկրորդական եկեղեցիների բիդըլները։
Միստր Բամբըլը կրկին ու կրկին հաշվել էր գդալները, կշռել և վերակշռել շաքարի ունելիները, ավելի ևս ուշադիր զննել կաթնամանը, ստուգել կարասիները, մինչև իսկ բազկաթոռների փսիաթե նստատեղիները, գոհունակությամբ նկատելով այդ բոլորի անթերի վիճակը։ Նա յուրաքանչյուր գործողություն կրկնել էր առնվազն վեց անգամ, երբ սկսեց մտածել, որ միսիս Քորնին պետք է վերադարձած լիներ։ Մի միտք ծնունդ է տալիս մի այլ մտքի․ քանի որ միսիս Քորնիի վերադարձը հայտնող ոտնաձայներ դեռևս չէին լսվում, միստր Բամբըլը մտածեց, որ վատ չէր լինի, եթե միսիս Քորնիի պահարանի դարակների մեջ հարևանցի մի ակնարկ գցեր ի գոհացում իր հետաքրքրասիրության ։ Ժամանակը վատնելու շատ անմեղ ու պարկեշտ միջոց էր այդ։
Հետևաբար, ականջը դնելով բանալու անցքին, և ապահովվելով, որ դռանը ոչ մի մոտեցող չկա, միստր Բամբըլը ներքևից սկսելով մինչև վերև բաց արեց բոլոր երեք մեծ դարակները և առանձին֊առանձին զննեց պարունակությունը։ Դարակները լիքն էին լավ որակի և ճաշակի հագուստեղենով, որոնք խնամքով զետեղված էին հին թերթերի արանքում և շաղ տրված քաղցրաբույր լավանդի տերևներով։ Այդ բոլորը մեծ բավականություն պատճառեցին բիդըլին։ Հերթականությամբ հասնելով աջ անկյունում գտնվող դարակին (որի մեջ բանալին էր դրված) և այդ դարակում տեսնելով կախովի կողպեքով փակված մի փոքրիկ արկղ, որը թափ տված ժամանակ դուրեկան հնչյուններ էր արձակում, ասենք՝ մանրադրամի զնգոցի նման, միստր Բամբըլը վեհաշուք կերպով մոտեցավ կրակին և, ընդունելով նախկին դիրքը, լուրջ ու վճռական ասաց․ «Այո՛, ես այդ անելու եմ»։ Այս ծանրակշիռ հայտարարությունից հետո նա տասը րոպե գլուխը չարաճճի շարժումներով տարուբերեց, ասես մտածելով այն մասին, թե ի՛նչպիսի հիանալի տղա էր ինքը, ապա սկսեց մեծ հիացմունքով ու հետաքրքրությամբ ոտքերը դիտել կողքից։
Նա հանգիստ ու անվդրով շարունակում էր ոտքերի զննությունը, երբ միսիս Քորնին, շնչասպառ ներս խուժելով սենյակ, իրեն գցեց օջախի մոտ գտնվող աթոռին, մեկ ձեռքով աչքերը ծածկեց, մյուս ձեռքը դրեց սրտին ու սկսեց հեկեկալ։
― Միսիս Քո՜րնի, ― ասաց միստր Բամբըլը, թեքվելով տեսչուհու վրա, ― այս ի՞նչ բան է, տիկի՛ն, ի՞նչ է պատահել։ Խնդրում եմ պատասխանեք ինձ, ես, ես․․․ միստր Բամբըլը հուզմունքից իսկույն չկարողացավ մտաբերել «կեռագամ» բառը ու դրա փոխարեն ասաց․ ― Կարծես փշրված շշերի վրա եմ քայլում։
― Օ՜, միստր Բամբըլ, ― արտասվեց լեդին, ― այնքան սաստիկ վրդովել են ինձ։
― Վրդովե՞լ, տիկին, ― բացականչեց միստր Բամբըլը, ― այդ ո՞վ է համարձակվել ձեզ․․․ Ա՜ա, ես գիտեմ, ― ասաց միստր Բամբըլը, բնածին վեհաշուքությամբ իրեն զսպելով, ― այդ կեղտոտ աղքատներից մեկն է վիրավորել ձեզ։
― Սարսափելի է մտածել այդ մասին, ― ասաց լեդին սարսռալով։
― Այդ դեպքում մի՛ մտածեք այդ մասին, ― խնդրեց միստր Բամբըլը։
― Անկախ ինձնից է լինում, ― հեկեկաց լեդին։
― Ուրեմն մի բան խմեցեք, տիկի՛ն, ― ասաց միստր Բամբըլը։ ― Մի քիչ գինի, գուցե։
― Ոչ, անկարելի բան է, ― պատասխանեց միսիս Քորնին։ ― Չեմ կարող, օ՜հ։ Աջ անկյունում գտնվող ամենավերևի դարակը, օ՜հ։ ― Այս բառերը ասելիս ազնիվ լեդին մտացիր մատնացույց արավ պահարանը և ներքին օրգանների կծկումի հետևանքով սկսեց ցավից գալարվել։ Միստր Բամբըլը տագնապով մոտեցավ պահարանին և անկապ խոսքերով մատնացույց արված դարակից կես լիտրանոց մի ինչ֊որ կանաչ շիշ խլելով ՝ մի թեյի բաժակ լցրեց շշի պարունակած հեղուկից և մոտեցրեց լեդիի շրթներին։
― Արդեն ավելի լավ եմ զգում, ― ասաց միսիս Քորնին, կեսը խմելուց հետո աթոռին հենվելով։
Միստր Բամբըլը երախտագիտական զգացումներով լցված աչքերը բարեպաշտորեն դեպի ձեղունը բարձրացրեց և ապա վերցնելով թեյի բաժակը՝ հոտ քաշեց։
― Օշարակ է, պատրաստված անանուխված շաքարով, որի մեջ խառնված է նաև մի փոքր, մի փոքր ուրիշ բան, ― նվաղկոտ ձայնով շշնջաց միսիս Քորնին, խոսելիս մեղմորեն ժպտալով բիդըլին։ ― Փորձեցե՛ք։
Միստր Բամբըլը կասկածանքով համտեսեց դեղը, շրթունքները լպստեց, փորձեց մի կում ևս, ապա բոլորը միանգամից կուլ տալով, դատարկ բաժակը դրեց սեղանին։
― Շատ հանգստացուցիչ է, ― ասաց միսիս Քորնին։
― Չափազանց, տիկի՛ն, ― ասաց Բիդըլը։ Խոսելիս նա աթոռը դրեց տեսչուհու աթոռի մոտ և քնքշանքով հարցրեց, թե ի՞նչն էր այդքան տագնապի ենթարկել նրան։
― Ոչի՛նչ, ― պատասխանեց միսիս Քորնին, ― ես հիմար, դյուրահույզ և հոգեպես տկար մի արարած եմ։
― Տկա՞ր, տիկի՛ն, ― ասաց միստր Բամբըլը, աթոռը ևս մի փոքր մոտեցնելով տեսչուհու աթոռին։ ― Տկա՞ր։ Դուք հոգեպես տկա՞ր եք, միսիս Քորնի։
― Բոլորս էլ տկար արարածներ ենք, ― ասաց միսիս Քորնին, հարցին ընդհանուր բնույթ տալով։
― Այո, բոլորս էլ, ― ասաց բիդըլը։
Մի պահ լռություն տիրեց, որի ընթացքում միստր Բամբըլը իր դիրքը ավելի պատկերալից դարձնելու համար ձախ թևը միսիս Քորնիի աթոռի հենակից վերցնելով՝ դրեց միսիս Քորնիի գոգնոցի կապիչին, որի շուրջը և աստիճանաբար փաթաթվեց։
― Մենք բոլորս էլ տկար արարածներ ենք, ― ասաց միստր Բամբըլը։
Միսիս Քորնին հառաչեց։
― Մի՛ հառաչեք, միսիս Քորնի, ― ասաց միստր Բամբըլը։
― Անկախ ինձնից է, ― նկատեց միսիս Քորնին։ Եվ նորից հառաչեց։
― Շատ հանգստավետ սենյակ ունեք, տիկի՛ն, ― ասաց միստր Բամբըլը շուրջը նայելով։ ― Այս ու մի ուրիշ սենյակ իրար կցված՝ կատարելություն կլիներ։
― Մի հոգու համար շատ է, ― մրմնջաց լեդին։
― Բայց ոչ երկուսի համար, տիկի՛ն, ― շշնջաց միստր Բամբըլը։ ― Ճիշտ չէ՞, միսիս Քորնի։
Բիդըլի այս խոսքերի վրա միսիս Քորնին գլուխը խոնարհեց․ միսիս Քորնիի դեմքը տեսնելու համար գլուխը խոնարհեց նաև բիդըլը։ Բայց միսիս Քորնին առ ի պատշաճություն գլուխը շրջեց մյուս կողմը և ձեռքը ազատեց, որպեսզի գրպանից թաշկինակները հանի․ անզգայաբար, սակայն, իր ձեռքը դրեց միստր Բամբըլի ձեռքի մեջ։
― Հանձնաժողովը ձեզ ածուխ հատկացնում է, այնպես չէ՞, միսիս Քորնի, ― հարցրեց բիդըլը, խանդաղատանքով սեղմելով նրա ձեռքը։
― Եվ մոմեր, ― պատասխանեց միսիս Քորնին, թեթև փոխադարձելով ձեռքի սեղմումը։
― Ածուխ, մոմ, բնակարան, բոլորը ձրի, ― ասաց միստր Բամբըլը։ ― Օ՜հ, միսիս Քորնի, դուք ուղղակի հրեշտակ եք։
Անկարող լինելով դիմագրավել զգացումների այսքան զեղուն հորձանքին, լեդին նետվեց միստր Բամբըլի գիրկը, և այդ ջենթլմենը՝ հուզումից իրեն կորցրած, սիրատենչ մի համբույր դրոշմեց լեդիի պարկեշտ քթի վրա։
― Ծխական ինչպիսի՜ կատարելություն, ― հափշտակությամբ բացականչեց միստր Բամբըլը։ ― Գիտե՞ս, որ միստր Սլաուտի դրությունը այս գիշեր ավելի է վատթարացել, ո՜վ իմ հոգու հատոր։
― Այո՛, ― պատասխանեց միսիս Քորնին ամոթխածությամբ։
― Բժիշկն ասում է, որ նա մի շաբաթ էլ չի ապրի, ― շարունակեց միստր Բամբըլը։ ― Նա այս հաստատության տերն է․ երբ նա մահանա, նրա տեղը թափուր կմնա։ Հետևաբար, նրան անպայման փոխարինող է հարկավոր։ Օ՜հ, միսիս Քորնի, ի՜նչ հեռանկարներ են բացվում մեր առաջ։ Սրտեր ու տնտեսություններ միացնելու ինչպիսի՜ պատեհություն։
Միսիս Քորնին հեկեկաց։
― Իսկ փոքրիկ բա՞ռը, ― ասաց միստր Բամբըլը, կռանալով ամոթխած գեղեցկուհու վրա։ ― Այդ փոքրիկ, փոքրիկ, փոքրիկ բառը, իմ զմայլելի Քորնի։
― Ա֊ա֊այո, ― հառաչեց տեսչուհին։
― Միայն մի բառ ևս, ― խնդրեց բիդըլը, ― մի վերջին անգամ էլ զսպիր քո թանկագին զգացմունքները և այդ մի բառն էլ արտասանիր։ Ե՞րբ է տեղի ունենալու։
Միսիս Քորնին երկու անգամ փորձեց խոսել, բայց երկու անգամ էլ ձախողվեց։ Վերջապես, համարձակություն ձեռք բերելով, փաթաթվեց միստր Բամբըլի պարանոցին և ասաց, որ այդ տեղի կունենա անմիջապես, երբ ինքը կցանկանա և որ իր կարծիքով, նա մի «անգին աղավնյակ է»։
Հարցերը այսպես բարեկամաբար լուծելուց և չափազանց գոհացուցիչ արդյունքի հասնելուց հետո, դաշինքը առավել ամուր դարձնելու համար, նրանք հանդիսավոր կերպով մի երկրորղ բաժակ էլ լցրին անանուխված շաքարի բաղադրությունից, ― որը մանավանդ լեդիի թրթռացող և հուզված սրտի համար անհրաժեշտ էր, ― և մինչդեռ խմում էին այդ օշարակը, միսիս Քորնին տեղեկացրեց միստր Բամբլին պառավի մեռնելու մասին։
― Շատ լավ, ― ասաց այդ ջենթլմենը, կում առ կում, դանդաղ խմելով անուշահամ հեղուկը։ ― Տուն գնալիս կանցնեմ Սովերբերրիի խանութի մոտով և կասեմ, որ առավոտյան մի դագաղ ուղարկի։ Ուրեմն ա՞յդ է սարսափեցրել քեզ, հոգյակս։
― Առանձնապես ոչինչ չի պատահել, սիրելի՛ս․ ― խուսափողաբար պատասխանեց լեդին։
― Անպայման մի բան պատահել է, հոգյա՛կս, ― պնդեց միստր Բամբըլը։ ― Եվ մի՞թե դու այդ բանը չես հայտնելու քո սիրեցյալ Բ֊ին։
― Ո՛չ այժմ, ― պատասխանեց լեդին, ― մոտ օրերս։ Ամուսնությունից հետո, սիրելի՛ս։
― Ամուսնությունից հետո՞, ― բացականչեց միստր Բամբըլը։ ― Չլինի՞ թե աղքատանոցի տղամարդկանցից մեկնումեկը անպատկառ վերաբերմունք է ցուցաբերել քո նկատմամբ և․․․
― Ո՛չ, ո՛չ, ո՛չ․ հոգյակս, ― ընդմիջեց լեդին շտապով։
― Եթե կասկածեի, որ այդպիսի բան կա, ― շարունակեց միստր Բամբըլը, ― եթե կասկածեի, որ նրանցից որևէ մեկը համարձակվել է իր գռեհիկ աչքերը բարձրացնել այդ չքնաղ դեմքին․․․
― Նրանք չեն համարձակվի, հոգյա՛կս, ― ասաց լեդին։
― Լավ կանեն չհամարձակվեն, ― ասաց միստր Բամբըլը ձեռքը բռունցք կազմելով։ ― Ցույց տուր ինձ որևէ մեկը՝ ծխական կամ ոչ ծխական, որ մտածեր նման բան անելու մասին, և ես նրան ցույց կտամ, թե ինչպես նա երկրորդ անգամ չի համարձակվի կրկնել իր մտադրությունը։
Եթե այս արտահայտությունները զարդարված չլինեին ձեռքի զանազան համարձակ շարժումներով, գուցե այնքան էլ մեծ տուրք վճարած չէին լինի լեդիի հմայքներին, բայց քանի որ միստր Բամբըլի սպառնական խոսքերին ընկերակցում էին բազմաթիվ մարտական ձեռնաշարժումներ, լեդին շատ հուզվեց նրա նվիրումի այս փաստարկությունից և մեծ հիացմունքով հայտարարեց, որ նա իրոք մի աղավնյակ էր։
Ապա աղավնյակը բարձրացրեց վերարկուի օձիքը, դրեց եռանկյունի գլխարկը և, իր ապագա կողակցի հետ երկար ու սիրալիր գրկախառնեվելուց հետո, հրաժեշտ տվեց նրան։ Նախքան ախքատանոցից դուրս գալը, սակայն, մի քանի րոպե կանգ առավ տղամարդկանց պալատում և նրանց անտեղի կերպով նախատելով՝ ավելի ևս համոզվեց այն բանում, որ կարող էր պահանջված դաժանությամբ վարել աղքատանոցի մեծավորի պաշտոնը։ Այսպես, իր ընդունակությունների մասին վստահ և իր պաշտոնի ապագա բարձրացման մասին վառ երազներով համակված, միստր Բամբըլը թեթև սրտով դուրս եկավ հաստատությունից և այս մտքերով տարված՝ հասավ դագաղագործի խանութը։
Միստր և միսիս Սովերբերրիները բացակայում էին տնից, իսկ միստր Նոա Քլեյփոլը ինչպես միշտ ուտելու և խմելու հանգստավետ գործողությունից բացի ֆիզիկական որևէ այլ հոգնության ենթարկվելու տրամադիր չէր, հետևաբար, դագաղագործի խանութը տակավին փակված չէր, թեպետ խանութների փակվելու ժամը վաղուց անցել էր։ Միստր Բամբըլը գավազանով մի քանի անգամ թփթփացրեց վաճառասեղանին, բայց ոչ մի ուշադրություն չգրավելով և նկատելով, որ խանութի հետևում գտնվող փոքրիկ ճաշասենյակի լուսամուտից լույս էր երևում, մտածեց գաղտագողի ներս նայել ու տեսնել, թե ինչ էր կատարվում այնտեղ։ Երբ տեսավ, թե ի՛նչ էր կատարվում, մեծապես զարմացավ։
Ընթրիքի համար սփռոցը փռված էր․ սեղանի վրա դրված էին հաց, կարագ, ամաններ, բաժակներ, մի գարեջրաման և մի գինու շիշ։ Սեղանի վերևի ծայրում միստր Նոա Քլեյփոլը անհոգ ընկղմված էր բազկաթոռում, ոտքերը բազկաթոռի թևից կախ տված։ Նրա մի ձեռքում դանակ կար, մյուսում՝ կարագով պատած հացի մի մեծ զանգված։ Հենց նրա կողքին կանգնած էր Շառլոթը և մի փոքրիկ տակառից ոստրեներ հանելով հյուրասիրում էր նրան, իսկ միստր Քլեյփոլը զիջողաբար կուլ էր տալիս դրանք արտասովոր անհագությամբ։ Այդ երիտասարդ ջենթլմենի քթի սովորականից ավելի կարմիր լինելու պարագան, նրա աջ աչքի շարունակական թարթումը և ոստրեները այդքան ծայրահեղ ախորժակով լափելը վկայում էին այն մասին, թե նա փոքր֊ինչ հարբած էր։ Եվ իրոք, միայն ներքին ջերմության պարագային մատդ կարող էր դրանց զովացուցիչ հատկությունները այդքան բարձր գնահատել։
― Ահա մի գեր, համեղ ոստրե, Նոա՛, անգինս, ― ասաց Շառլոթը, ― կեր, անուշ արա։ Խնդրում եմ, միայն այս մեկը։
― Ինչ համեղ բան է ոստրեն, ― ևս մի հատ կուլ տալուց հետո նկատեց միստր Քլեյփոլը։ ― Որքան ափսոս, որ երբ մի քիչ ավելին ես ուտում, անհանգիստ ես զգում քեզ։ Այնպես չէ՞, Շառլոթ։
― Մեծ անգթություն է, ― ասաց Շառլոթը։
― Այդպես է, ― հավանություն տվեց միստր Քլեյփոլը։ ― Իսկ դու ոստրե չե՞ս սիրում։
― Ոչ այնքան, ― պատասխանեց Շառլոթը։ ― Ւնձ ավելի հաճույք է պատճառում, երբ դու ես ուտում, անգի՛նս։
― Տե՜ր աստված, ― ասաց Նոան խորհրդածելով, ― ի՜նչ տարօրինակ բան։
― Մի հատ էլ վերցրու, ― ասաց Շառլոթը։ ― Ահա այս մեկը այնքան գեղեցիկ, նուրբ մորուս ունի։
― Շատ եմ ցավում, բայց էլ չեմ կարող ուտել, ― ասաց Նոան։ ― Այժմ ե՛կ այստեղ՝ հանբուրեմ քեզ, Շառլո՛թ։
― Ի՜նչ, ― ասաց միստր Բամբըլը՝ սենյակ ներս խուժելով։ ― Ապա մի անգամ էլ կրկնիր քո ասածը՝ սը՛ր։
Շառլոթը մի ճիչ արձակեց և դեմքը պահեց գոգնոցի մեջ։ Միստր Քլեյփոլը, հազիվհազ ոտքերը իջեցնելով բազկաթոռի թևից, հարբածի սարսափով աչքերը հառեց բիդըլի վրա։
― Ապա մի անգամ էլ կրկնիր քո ասածը, անպիտա՛ն, անամո՛թ, ― ասաց միստր Բամբըլը։ ― Ինչպե՜ս ես համարձակվում այդպիսի բան ասել, սը՛ր։ Եվ դու ինչպե՜ս ես համարձակվում քաջալերել նրան, լրբի մեկը։ Համբուրե՜լ, ― ցասումնալից բացականչեց միստր Բամբըլը։ ― Թո՛ւ։
― Ես չէի ուզում համբուրել, ― կակազեց Նոան։ ― Նա միշտ էլ համբուրում է ինձ, անկախ այն բանից՝ ես այդ ցանկանո՞ւմ եմ, թե ոչ։
― Օ՜հ, Նոա՛, ― կշտամբեց Շառլոթը։
― Այո՛, դու ինձ միշտ էլ համբուրում ես։ Ինքդ էլ գիտես, որ այդպես է, ― վրա բերեց Նոան։ ― Այո՛, միստր Բամբըլ, նա ինձ շարունակ համբուրում է։ Նա իմ կզակը շոյում է, սը՛ր, և ամեն տեսակ սիրաբանություն անում ինձ հետ։
― Լռությո՛ւն, ― գոռաց միստր Բամբըլը խստությամբ։ ― Այս րոպեիս գնա ներքև, օրիորդ, իսկ դու, Նոա՛, փակիր խանութը․ էլ չհամարձակվես մի բառ ասել մինչև քո տերը վերադառնա։ Զգո՜ւյշ, թե չէ՝ վա՜յ քեզ։ Եվ երբ վերադառնա կասես, որ միստր Բամբըլը մի դագաղ է ուզում պառավի համար։ Թող ուղարկի վաղ առավոտ, նախաճաշից հետո։ Լսո՞ւմ ես, սը՛ր։ Համբուրե՜լ, ― գոչեց միստր Բամբըլը ձեռքերը վեր բարձրացնելով։ ― Այս ծխական թաղամասում գտնվող ցածր խավի մարդկանց մեղքերն ու անօրինությունները որքա՜ն ահավոր են։ Եթե խորհրդարանի անդամները խիստ միջոցներ ձեռք չառնեն նրանց պիղծ ընթացքը կասեցնելու համար, այս երկիրը կործանված է, և գյուղացիության բարոյականությունը առհավետ կորած։ ― Այս խոսքերով, բիդըլը, խրոխտ ու մռայլված, հեռացավ դագաղագործի կալվածքից։
Եվ այժմ, քանի որ մենք ընկերակցել ենք նրան մինչև այստեղ և պառավի հուղարկավորության վերաբերյալ բոլոր հարկավոր պատրաստությունները տեսել ենք, եկեք մի քանի հարցուփորձ կատարենք Օլիվեր Թվիստի մասին և ստուգենք, թե նա արդյոք դեռևս մնո՞ւմ է այն փոսի մեջ, որտեղ Թոբի Քրեքիթը թողեց նրան։
Քսանութերորդ գլուխ
Զբաղվում է Օլիվերով և շարունակում պատմել նրա արկածների մասին― Գայլե՛րը գզեն ձեր կոկորդը, ― ատամները կրճտացնելով քրթմնջաց Սայքսը։ ― Երանի հիմա մոտս լինեիք․ այն ժամանակ ավելի խռպոտ կկաղկանձեիք։
Սայքսը իր կատաղի խառնվածքի ամբողջ թափով այս անեծքը ծոր տալուց հետո, վիրավոր տղայի մարմինը հանգչեցրեց իր կորացրած ծնկների վրա և իրեն հերապնդողներին նայելու համար գլուխը մի րոպե շուռ տվեց։
Խավարի ու մշուշի մեջ շատ քիչ բան էր զատորոշվում, բայց մարդկանց բարձրագոչ աղաղակները օդը թնդացնում էին, և ահազանգի սարսափազդու ձայնից գրգռված հարևան շների հաչոցները արձաքանք էին տալիս բոլոր կողմերից։
― Կանգնի՛ր, վախկո՛տ շուն, ― գոռաց ավազակը՝ բղավելով Թոբի Քրեքիթի հետևից, որը, իր երկար սրունքները լավագույնս օգտագործելով, արդեն բավականին հեռացել էր։ ― Կանգնի՛ր։
Այս խոսքի կրկնությունից հետո Թոբին քարացած մնաց իր տեղում։ Նա գժգոհությամբ տեսավ, որ գնդակի զոհ գնալու վտանգից այնքան էլ հեռու չէր։ Իսկ Սայքսը կատակ անելու տրամադրության մեջ չէր գտնվում։
― Արի օգնի՛ր, միասին տանենք տղային, ― գոռաց Սայքսը, ձեռքի կատաղի շարժումով ետ կանչելով նրան։ ― Վերադարձի՛ր։
Թոբին այնպես ձևացրեց, իբրև թե վերադառնում է, բայց դանդաղաքայլ առաջանալիս հանդգնեց կցկտուր ձայնով, որը շնչասպառության հետևանք էր, չկամություն արտահայտող ինչ֊որ բառեր քրթմնջալ։
― Շո՛ւտ շարժվիր, ― տղային իր ոտքերի առջև գտնվող չոր խոտի մեջ դնելով և գրպանից մի ատրճանակ հանելով գոռաց Սայքսը։ ― Դու քո խարդախությունը ինձ վրա մի բանեցնի, հասկացա՞ր։
Այդ պահին աղմուկը ավելի սաստկացավ։ Սայքսը նորից շրջվելով նկատեց, որ հետապնդողները արդեն մագլցում էին դեպի այն դաշտի դարպասը, որի մեջ կանգնած էր ինքը, և երկու շներ, նրանցից ավելի առաջ անցած, շտապում էին այդ կողմը։
― Ամեն ինչ վերջացած է, Բի՛լլ, ― գոչեց Թոբին, ― գցի՛ր այդ լակոտին ու փախի՛ր։ ― Այս խրատական հրաժեշտով, միստր Քրեքիթը, իր բարեկամի գնդակից մեռնելու հավանականությունը նախընտրելով վստահաբար թշնամու ձեռքն ընկնելու հեռանկարից, լքեց նրան և սկսեց ամբղջ ուժով վազել։ Սայքսը ատամները սեղմեց, մի րոպե շուրջը նայեց, երեսնիվայր պառկած Օլիվերի վրա գցեց այն թիկնոցը, որի մեջ նրան հապճեպ փաթաթել էին, հետևից եկողների ուշադրությունը տղայից այլ կողմ հրավիրելու համար ցանկապատի եզերքով վազ տվեց հակառակ ուղղությամբ, մի րոպե կանգ առավ մի ուրիշ ցանկապատի առաջ, որ նախորդի հետ ուղղանկյուն էր կազմում, ապա ատրճանակը օդի մեջ բարձր պահած կրակեց և մեկ ոստյունով մյուս կողմը ցատկելով՝ չքացավ։
― Հո՛, հո՛, հե՜յ, ― լսվեց մի դողդոջուն ձայն հետևից։ ― Պինչեր, Նեպտուն, շուտ այստեղ եկե՛ք։
Շները, որոնք, ըստ երևույթին, իրենց տերերի նման այնքան էլ մեծ հաճույք չէին զգում այս զբոսանքից, իսկույն հնազանդվեցին հրամանին։ Երեք տղամարդ, որոնք մինչ այդ դաշտի համարյա մեջտեղն էին հասել, կանգ առան խորհրդակցելու։
― Իմ կարծիքը կամ ավելի ճիշտ՝ իմ հրամանը, ― ասաց խմբի ամենագեր մարդը, ― այն է, որ մենք անմիջապես վերադառնանք տուն։
― Ինձ համար հաճելի է անել այն ամենը, որ հաճելի է միստր Ջայլսի համար, ― ասաց ավելի կարճահասակ մի մարդ, որը նույնպես բավականին գեր էր, շատ գունատ և չափազանց քաղաքավարի, ինչպես սովորաբար լինում են ահաբեկված մարդիկ։
― Ես չէի ցանկանա անքաղաքավարի գտնվել, ջենթլմեններ, ― ասաց երրորդը, որը շներին ետ էր կանչել։ ― Այդ միստր Ջայլսի գիտենալու բանն է։
― Անշուշտ, ― պատասխանեց կարճահասակ մարդը, ― միստր Ջայլսի ասածին չի կարելի ընդդիմանալ։ Ո՛չ, ո՛չ։ Փա՜ռք աստծո, ես գիտեմ, թե ինչ է պահանջում իմ դիրքը։ ― Ճշմարիտն ասած, փոքրիկ մարդը կարծես իրոք գիտակցում էր իր դիրքը և կատարելապես գիտեր, թե նախանձելի դրության մեջ չէր գտնվում, քանի որ խոսելիս ատամները կրճտում էին։
― Դու վախենում ես, Բրիտըլզ, ― ասաց միստր Ջայլսը։
― Ո՛չ, չե՛մ վախենում, ― ասաց Բրիտըլզը։
― Վախենում ես, ― պնդեց Ջայլսը։
― Դուք ստում եք, միստր Ջա՛յլս, ― ասաց Բրիտըլզը։
― Դու մի ստախոս ես, Բրիտըլզ, ― ասաց միստր Ջայլսը։
Այս վեճը առաջ եկավ միստր Ջայլսի կշտամբանքի պատճառով, իսկ միստր Ջայլսի կշտամբանքը բխում էր այն զայրույթից, որ նորից տուն վերադառնալու պատասխանատվությունը հարկադրաբար ընկնում էր իր վրա՝ հաճոյախոսության դիմակի տակ։ Երրորդ մարդը, սակայն, վեճը դադարեցրեց չափազանց փիլիսոփայորեն։
― Գիտե՞ք ինչ, ջենթլմեններ, ― ասաց նա, ― բոլորս էլ վախենում ենք։
― Դու մենակ քո անձի համար խոսիր, սը՛ր, ― ասաց միստր Ջայլսը, որ խմբի ամենագունատ մարդն էր։
― Այդպես էլ անում եմ, ― պատասխանեց նա։ Տվյալ պայմաններում վախենալը շատ բնական և պատշաճ բան է։ Ես վախենում եմ, սը՛ր։
― Ես նույնպես վախենում եմ, ― ասաց Բրիտըլզը, բայց վերջ ի վերջո, չի կարելի այդպես միանգամից․․․
Այս անկեղծ արտահայտություններ մեղմացրին միստր Ջայլսի զայրույթը, և նա իսկույն ընդունեց, որ ինքը ևս վախենում էր, որից հետո երեքն էլ կատարյալ համերաշխությամբ վազեցին դեպի տուն։ Սակայն ճանապարհին միստր Ջայլսը շատ քաղաքավարի կերպով պնդեց, որ փոքր֊ինչ կանգ առնեն և երբ նրանք կանգ առան, նա իր վիրավորական խոսքերի համար խմբից ներողություն խնդրեց։
― Բայց զարմանալի է, թե մարդ ինչեր անելու ընդունակ չէ, երբ արյունը եռ է գալիս, ― շարունակեց միստր Ջայլսը։ ― Ես կարող էի ոճիր գործել, այո՛, իսկապես ոճիր գործել, եթե այդ ստահակներից մեկնումեկին բռնած լինեինք։
Քանի որ մյուս երկուսը նույնպես բաժանում էին միստր Ջայլսի կարծիքը, և քանի որ նրանք էլ միստր Ջայլսի նման կորցրել էին իրենց քաջությունը, հետևաբար, սկսեցին ենթադրություններ անել, թե տրամադրությունների այս հանկարծակի փոփոխության պատճառն ինչ էր։
― Ես գիտեմ, ― ասաց միստր Ջայլսը, ― պատճառը դարպասն էր։
― Բոլորովին զարմանալի չէ, եթե դարպասը լինի, ― բացականչեց Բրիտըլզը՝ կառչելով այդ մտքից։
― Վստահ եղե՛ք, ― ասաց Ջայլսը, ― որ այդ դարպասը կասեցրեց հուզումի հորձանքը։ Դարպասից վեր մագլցելիս ասես ինչ֊որ բան ցամաքեց իմ մեջ։
Զարմանալի զուգադիպությամբ մյուս երկուսը հենց նույն միջոցին համակվել էին այդ միևնույն տհաճ զգացողությամբ, ուստի բացահայտ էր, որ դարպասն էր պատճառը։ Մանավանդ, երբ կասկած չկար այն մասին, թե զգացումների փոփոխությունը երբ էր տեղի ունեցել, որովհետև երեքն էլ հիշում էին, թե ինչպես դարպասից մագլցելիս նրանք գողերին տեսել էին։
Այս խոսակցությունը տեղի էր ունենում գողերը հալածող երկու մարդկանց և մի շրջիկ թիթեղագործի միջև, որ գիշերել էր ինչ֊որ ցախանոցում, և որին զարթնեցրել էին իր երկու խառնածին շներով հետապնդմանը մասնակցելու համար։ Միստր Ջայլսը պառավ լեդիի ապարանքում ծառայում էր որպես սեղանապետ և մատակարարող։ Բրիտրլզը ընդհանուր մանր գործեր էր կատարում, և լեդիի մոտ շատ վաղ հասակից ծառայելու պատճառով նրա հետ վարվում էին որպես փոքրիկ խոստումնալից պատանու, չնայած արդեն երեսունն անց էր։
Թեև սյսպիսի խոսքերով իրար խրախուսում էին, այնուամենայնիվ, այդ երեքը քայլում էին իրար համարյա կպած, և ամեն անգամ, երբ սաղարթախիտ ծառերի միջով շաչում էր հողմակոծ քամին, նրանք ահաբեկված իրենց շուրջն էին նայում։ Վերջապես հասան այն ծառին, որի տակ թողել էին իրենց լապտերը, չկամենալով գողերին ցույց տալ, թե որ ուղղությամբ պետք է կրակել։ Լապտերը վերցնելով՝ արագ քայլերով ուղղվեցին դեպի տուն, և նույնիսկ երբ նրանց աղոտ կերպարանքները լուծվել էին խավարում, այդ երերուն լույսը տակավին առկայծում էր նրանց շրջապատող խոնավ ու մռայլ մթնոլորտում։
Մինչդեռ առավոտը համրաքայլ առաջանում էր, օդը ավելի ցրտեց, և մառախուղը ծխի խտացած ամպի նման ծածկեց շրջապատը։ Խոտը թաց էր, արահետներն ու դարուփոս վայրերը լցված էին տիղմով ու ջրով։ Ցրտաշունչ, խոնավ քամին խուլ հեծյունով անցնում էր դաշտերի վրայով։ Օլիվերը դեռևս անշարժ ու անզգա պառկած էր այնտեղ, ուր Սայքսը թողել էր նրան։
Օրը գնալով լուսանում էր, բայց երբ այգաբացի դժգույն շողերը, որոնք խոսում էին ավելի շուտ գիշերվա տխուր մահվան, քան նոր օրվա ծնունդի մասին, սկսեցին տարածվել երկնքում, օդը ավելի ցրտեց, և քամին դարձավ առավել սուր ու ծակող։
Մթության մեջ մռայլ ու սարսափելի թվոցող առարկաները ավելի ու ավելի որոշակի դարձան ու աստիճանաբար ընդունեցին իրենց նախկին սովորական տեսքը։ Անձրևը հեղեղի նման թափվում էր գետնին և աղմկում մերկացած թավուտների մեջ։ Իսկ Օլիվերը չէր զգում, թե ինչպես անձրևը հարվածում էր դեմքին, քանի որ դեռևս փռված էր բնության կավե անկողնու վրա՝ անօգնական և զգայազուրկ։
Վերջապես ցավի մի խուլ տնքոց խզեց տիրող լռությունը, և իր իսկ ձայնից տղան սթափվեց։ Ձախ թևը, որ անխնամ փաթաթված էր մի շալով, ծանրորեն և ընդարմացած կախ էր ընկած կողքից․ Վիրակապը արյունաթաթախ էր։ Նա այնքան թույլ էր, որ հազիվ կարողացավ նստած դիրք ընդունել և նստելուց հետո օգնություն հայցող հայացքով շուրջը նայելով՝ խոր հեծեծաց ցավից։ Մրսած և ուժասպառ, նա ամբողջ մարմնով դողում էր։ Ճիգ արավ ոտքի կանգնելու, բայց ոտից գլուխ սարսռալով ընկավ գետնին։
Երբ ուշաթափության երկրորդ տագնապը վերջացավ, որի նախընթացը այնքան երկար էր տևել, Օլիվերին համակեց չարագուշակ մի զգացում, ասես ինչ֊որ ներքին ձայն նախազգուշացնում էր նրան, որ եթե այդտեղ պառկած մնար, անպայման կմեռներ։ Ուստի տղան ոտքի կանգնեց և փորձեց քայլել։ Գլուխը պտտվում էր․ նա հարբածի նման ետ ու առաջ էր շարժվում։ Այնուհանդերձ, իրեն հազիվ պահելով, սայթաքելով ու տատանվելով և գլուխը կրծքին կախ գցած, շարունակեց քայլել, չիմանալով, թե ուր է գնում։
Եվ այժմ շփոթ ու խառնակ գաղափարների մի ամբողջ հույլ խճճվեց նրա մտքում։ Նրան այնպես թվաց, որ դեռևս քայլում էր Սայքսի ու Թոբի Քրեքիթի մեջտեղով, և նրանք բորբոքված վիճում էին, քանի որ նրանց արտասանած յուրաքանչյուր բառը հնչում էր նրա ականջներում․ երբ չընկնելու համար սաստիկ ճիգ գործադրելիս նա հանկարծ սթափվեց այդ մտքից, գտավ, որ բարձրաձայն խոսում էր նրանց հետ։ Հետո նրան այնպես թվաց, թե ինքը Սայքսի հետ առանձին էր, և իրենք քայլում էին ինչպես նախորդ օրը, թե իբրև խորհրդավոր ստվերներ իրենց մոտով անցնելիս ավազակը ասես նորից պինդ սեղմում էր նրա ձեռքը։ Հանկարծ նա ցնցվեց հրազենի ձայներից, օդը լցվեց ճիչերով ու աղաղակներով։ Նրա աչքերի առաջ լույսեր շողացին․ շուրջը ամեն ինչ խառնակ էր ու շփոթ․ ապա աներևույթ մի ձեռք շտապ հեռացրեց նրան այդտեղից։ Բոլոր այդ տեսիլների ընթացքում նա զգում էր բութ ու անբացատրելի մի ցավ, որ հոգնեցնում ու տանջում էր նրան։
Այսպես, նա երերալով շարունակեց քայլել, գրեթե մեքենաբար սողոսկելով դարպասների երկաթյա ձողերի արանքից կամ դժվարությամբ անցնելով ճանապարհին հանդիպած խրամատների միջով մինչև հասավ մի պողոտա։ Այստեղ անձրևը այնքան սաստկացավ, որ նա սթափվեց։
Նա նայեց շուրջը և շատ հեռվում մի ինչ֊որ տուն նկատեց։ Արդյոք չէ՞ր կարող այնտեղ հասնել։ Խղճալով իր վիճակին, գուցե կարեկցություն ցույց կտային․ նույնիսկ եթե հակառակը պատահեր, դարձյալ նախընտրելի է, ― մտածեց նա, ― մեռնել մարդկային արարածների մոտ, քան թե լայնատարած ամայության մեջ։ Ուստի նա լարեց իր բոլոր ուժերը մի վերջին անգամ և դողդոջուն քայլերով ուղղվեց դեպի այնտեղ։
Մոտենալով տանը, սակայն, ինչ֊որ տարօրինակ զգացում համակեց նրան, ասես առաջին անգամը չէր, որ տեսնում էր այդ շենքը։ Ներքին մանրամասնություններից ոչինչ չէր հիշում, բայց արտաքին տեսքն ու ձևը ծանոթ թվացին նրան։
Օ՜հ, այդ ցանկապատը։ Չէ՞ որ դեռ երեկ գիշեր, ցանկապատից այն կողմ, ներսում, նա ծունկի էր եկել խոտերի վրա և երկու ավազակներից շնորհ հայցել։ Մի՞թե դա հենց այն տունը չէր, որ նրանք փորձել էին կողոպտել։
Երբ Օլիվերը ճանաչեց այդ վայրը, այնպիսի սարսափ պատեց նրան, որ նա մի պահ նույնիսկ մոռացավ իր ցավերի սաստկությունը և մտածեց միայն փախչելու մասին։ Փախչե՜լ, բայց ինչպե՞ս, երբ դժվարությամբ էր ոտքի վրա կանգնում։ Այդ արդեն իր ուժերից վեր էր։ Նա հրեց պարտեզի դարպասը․ դուռը, կողպված չլինելով, լայնորեն բացվեց նրա առջև, և նա երերուն քայլերով ներս մտավ։ Ապա, մի կերպ քարշ գալով անցավ մարգը, սողոսկելով բարձրացավ աստիճաններից, հազիվ լսելի թակեց դուռը և հանկարծ բոլորովին թուլանալով՝ գրեթե անզգա ընկավ կամարակապ գավթի սյուներից մեկի կողքին։
Դիպվածն այնպես բերեց, որ համարյա նույն պահին միստր Ջայլսը, Բրիտլզը և թիթեղագործը, գիշերվա հոգնածությունից և սարսափներից հետո, խոհանոցում իրենց սպառած ուժերը վերականգնում էին թեյով և զանազան թխվածքներով։ Այստեղ պետք է ասել, որ միստր Ջայլսը սովորություն չուներ ստորադաս ծառաների հետ մոտիկ հարաբերության մեջ մտնելու։ Ընդհակառակն, նրանց հետ վերաբերվում էր այնպիսի գոռոզ սիրալիրությամբ, որ թեև գոհացնում էր նրանց, այնուամենայնիվ, պարզ զգացնել էր տալիս իր վերադաս դիրքը հասարակության մեջ։ Բայց մահ, հրդեհ, գողություն և այլ սարսափազդու երևույթներ մարդկանց հավասար են դարձնում, հետևաբար, միստր Ջայլսը, ոտքերը բուխարու երկաթյա վանդակորմին մեկնած և ձախ թևը հենած սեղանին, աջ ձեռքով ցուցադրում էր գողությունը իր բոլոր մանրամասնություններով, որին իր ունկնդիրները (մասնավորապես խոհարարուհին և սպասուհին) լարված ուշադրությամբ ականջ էին դնում։
― Ժամը համարյա երկուսն անց կես էր, ― ասաց միստր Ջայլսը, ― բայց չեմ կարող երդվել, որ երեքին ավելի մոտ չէր, երբ զարթնեցի և անկողնուս մեջ դառնալով, երևի այսպես (այստեղ միստր Ջայլսը շրջվեց իր աթոռի մեջ և սեղանի սփռոցի ծայրը իր վրա քաշեց, նմանեցնելով վերմակի), ինձ թվաց, որ աղմուկ լսեցի։
Պատմության այս կետում խոհարարուհին գունատվեց և խնդրեց սպասուհուն դուռը ծածկել․ սպասուհին իր հերթին խնդրեց Բրիտըլզից, նա խնդրեց թիթեղագործից, իսկ վերջինս ձևացրեց, իբրև թե չի լսում։
― Աղմուկ լսեցի, ― շարունակեց միստր Ջայլսը։ Սկզբում ասացի՝ «երևի պատրանք է» և այն է ուզում էի նորից քնել, երբ աղմուկը կրկնվեց առավել հստակ։
― Ի՞նչ տեսակ աղմուկ էր, ― հարցրեց խոհարարուհին։
― Պայթյունի պես մի աղմուկ, ― պատասխանեց միստր Ջայլսը՝ շուրջը նայելով։
― Ավելի շուտ մի աղմուկ, որ ստացվում է երկաթ խարտոցելիս, ― թելադրեց Բրիտըլզը։
― Քո լսած ժամանակ այդպես էր, սը՛ր, ― վրա տվեց միստր Ջայլսը, ― իսկ իմ լսած ժամանակ պայթյունի էր նման։ Վերմակը վրայիցս դեն նետեցի, ― շարունակեց միստր Ջայլսը՝ սփռոցը մի կողմ հրելով, ― նստեցի անկողնու մեջ ու ականջ դրեցի։
Խոհարարուհին և սպասուհին միաժամանակ «աստվա՜ծ» կանչեցին և աթոռները ավելի մոտեցրին իրար։
― Այժմ ես այդ աղմուկը լսում էի բացահայտ կերպով, ― շարունակեց միստր Ջայլսը։ ― «Մեկնումեկը, ― ասում եմ, ― աշխատում է ինչ֊որ դուռ կամ պատուհան խորտակել, ի՞նչ պետք է անել։ Գնամ այդ խեղճ տղային՝ Բրիտըլզին զարթնեցնեմ և փրկեմ նրան իր անկողնու մեջ սպանվելուց, այլապես նրա աջ ականջից մինչև ձախ ականջը կկտրեն, և նա երբեք էլ չի իմանա, թե ինչ կատարվեց։
Այս պահին բոլոր աչքերը նայեցին Բրիտըլզին, որը, բերանը լայն բաց արած, ծայրահեղ սարսափը դեմքին, սևեռուն հայացքով խոսողին էր նայում։
― Վերմակը մի կողմ հրեցի, ― ասաց Ջայլսը՝ սփռոցը դեմ շպրտելով և աչքերը հառելով սպասուհուն ու խոհարարուհուն, ― անշշուկ վեր կացա անկողնուց, հագնվեցի․․․
― Լեդիների ներկայությամբ չի կարելի նման բաներ ասել, միստր Ջայս, ― մրմնջաց թիթեղագործը։
― Հագա կոշիկնե՛րս, և ոչ թե ուրիշ բան, սը՛ր, ― ասաց Ջայլսը՝ շրջվելով նրա կողմը և մեծապես շեշտելով «կոշիկ» բառը։ ― Խլեցի փամփուշտով լցված ատրճանակը, որ ամեն գիշեր արծաթեղեն սպասների զամբյուղով վեր է բերվում և կամացուկ մտա նրա սենյակը․ «Բրիտըլզ, ասում եմ արթնացնելով նրան, «մի՛ վախենա»։
― Իսկ նա վախեցա՞վ, ― հարցրեց խոհարարուհին։
― Բոլորովի՛ն, ― պատասխանեց միստր Ջայլսը։ ― Նա այնքան քաջասիրտ էր․ ա՜հ, գրեթե իմ չափ քաջասիրտ։
― Եթե ձեր տեղը լինեի, անտարակույս վախից կմեռնեի, ― նկատեց սպասուհին։
― Դու կին ես, ― վրա տվեց Բրիտըլզը՝ մի քիչ սրտապնդվելով։
― Բրիտըլզը իրավացի է, ― ասաց Ջայլսը՝ գլխով հավանություն տալով, ― կանանցից ուրիշ ի՞նչ կարելի է ակնկալել։ Բայց մենք, լինելով տղամարդ, Բրիտըլզի բուխարու վրա գտնվող աղոտ լապտերը վերցրինք և թանձր մթության մեջ խարխափելով իջանք ներքև, մոտավորապես այսպես։
Համապատասխան շարժուձևով միստր Ջայլսը աթոռից վեր էր կացել և երկու քայլ առաջացել էր փակ աչքերով, երբ հանկարծ սաստիկ ցնցվեց, ինչպես ցնցվեցին նաև բոլոր մյուս անդամները, և շտապ վերադարձավ իր տեղը։ Խոհարարուհին և սպասուհին ճչացին։
― Դուռը թակեցին, ― ասաց միստր Ջայլսը՝ իրեն բոլորովին անվրդով ձևացնելով։ ― Մեկնումեկդ բա՛ց արեք։
Ոչ ոք տեղից չշարժվեց։
― Զարմանալի է, որ առավոտյան այս ժամին դուռը թակում են, ― ասաց միստր Ջայլսը շրջապատի գունատ դեմքերին նայելով և ինքն էլ սաստիկ վախենալով, ― բայց դուռը անպայման պետք է բացվի։ Լսո՞ւմ եք, մեկնումեկդ։
Միստր Ջայլսը խոսելիս Բրիտըլզին նայեց, բայց այդ երիտասարդը, լինելով համեստ խառնվածքի տեր մարդ, գուցե իրեն ոչնչություն համարեց և, հետևաբար, մտածեց, որ հարցը որևէ առնչություն չունի իր հետ, և այդ պատճառով էլ ոչ մի պատասխան չտվեց։ Միստր Ջայլսը աղերսող մի հայացք գցեց թիթեղագործի վրա, բայց նա հանկարծ քնել էր։ Կանայք հաշվից բոլորովին դուրս էին։
― Եթե Բրիտըլզը նախընտրում է դուռը բաց անել վկաների ներկայությամբ, ես պատրաստ եմ այդ վկաներից մեկը լինել, ― կարճ լռությունից հետո ասաց միստր Ջայլսը։
― Ես նույնպես, ― ասաց թիթեղագործը, նույնքան հանկարծակի զարթնելով, որքան հանկարծակի քնել էր։
Բրիտըլզը համաձայնվեց այս պայմաններին, և խմբի անդամները (փոքր ինչ սրտապնդված այն բանից հետո, երբ փեղկերը բացելով տեսան, որ արդեն լուսացել էր), շները իրենց առաջը գցած՝ բարձրացան վերև։ Խոհարարուհին և սպասուհին, վախենալով ներքևում մնալ, եկան վաշտի հետևից։ Միստր Ջայլսի խորհրդով, բոլորն էլ խոսում էին բարձրաձայն, որպեսզի չարամիտ անծանոթին նախազգուշացնեին, թե իրենք թվով շատ են։ Ապա, նույն այդ հանճարեղ ջենթլմենի ուղեղում ծագած դիվանագիտական ինչ֊որ մտահղացումով, նրանք շների պոչերը միջանցքում ուժեղ կսմթեցին, որպեսզի այդ կենդանիները կատաղորեն հաչեն։
Այս նախազգուշական միջոցները ձեռք առնելով, միստր Ջայլսը ամուր բռնեց թիթեղագործի թևից (որպեսզի նա չփախչի, ինչպես ինքը կատակով նկատեց) և հրամայեց, որ դուռը բանան։ Բրիտըլզը կատարեց հրամանը․ երբ խմբի անդամները մեկը մյուսի ուսի վրայով սարսափած նայեցին, զարմանքով տեսան ուժասպառ, խոսելու ընդունակությունը կորցրած խեղճ փոքրիկ Օլիվեր Թվիստին, որը, ծանրացող կոպերը հազիվ բարձրացնելով, լուռ գթություն էր հայցում նրանցից։
― Այս ի՞նչ տղա է, ― բացականչեց միստր Ջայլսը, թիթեղագործին հերոսաբար մի կողմ հրելով և առաջ անցնելով, ― ի՞նչ է պատահել նրան․․․ հապա՛, Բրիտըլզ, մի այստեղ նայիր․ չե՞ս ճանաչում։
Բրիտըլզը, որ դռան հետևն էր մտել՝ դուռը բանալու համար, Օլիվերին տեսավ թե չէ, բարձրաձայն ճչաց։ Միստր Ջայլսը, տղայի մի ոտից ու մի թևից բռնելով (բարեբախտաբար ոչ վիրավոր թևից), նրան քարշ տվեց միջանցք և ամբողջ հասակով մեկ փռեց հատակին։
― Նա՛ է, մեծապես հուզված և գլուխը դեպի աստիճանները երկարելով ճչաց Ջայլսը, ― գողերից մեկը այստեղ է, միսս։ Ահավասիկ մի գող, միսս։ Վիրավոր է միսս։ Բրիտըլզը լույսը պահեց, միսս, իսկ ես կրակեցի նրա վրա, միսս։
― Լապտերի լույս էր, միսս, ― ձայնը ավելի ուժեղ հնչեցնելու համար ձեռքը բերանի մի կողմը դնելով գոչեց Բրիտըլզը։
Երկու կին ծառայողները վազեցին վերև տեղեկացնելու, թե միստր Ջայլսը ինչ֊որ ավազակի է բռնել, մինչդեռ թիթեղագործը, վախենալով, որ նա կարող է մեռնել, առանց կախաղան բարձրանալու պատժին ենթարկվելու, աշխատեց Օլիվերին ուշքի բերել։ Այս աղմուկի և իրարանցման մեջ լսվեց կանացի քնքուշ մի ձայն, որն իսկույն հանդարտեցրեց փոթորիկը։
― Ջա՛յլս, ― աստիճանների վերևի հարթակից շշնջաց ձայնը։
― Այստեղ եմ, միսս, ― պատասխանեց միստր Ջայլսը։ ― Մի վախեցեք, միսս, ես այնքան էլ վնասված չեմ։ Նա չկարողացավ ուժեղ դիմադրություն ցույց տալ, միսս, նա տեսավ, որ ինձ հետ չի կարելի չափվել։
― Հանգի՜ստ, ― շշնջաց դեռատի լեդին, ― դուք մորաքրոջս այնքան եք վախեցնում, որքան գողերը։ Ծա՞նր է վիրավորված խեղճը։
― Սարսափելի ծանր, ― պատասխանեց Ջայլսը աննկարագրելի ինքնագովությամբ։
― Կարծես շունչը փչելու է, միսս, ― առաջվա նման բարձրաձայն ասաց Բրիտըլզը։ ― Չէի՞ք ցանկանա ներքև գալ, միսս, և չմեռած տեսնել նրան։
― Հանգի՜ստ, խնդրո՛ւմ եմ, ― ասաց լեդին։ ― Մի րոպե հանգիստ սպասեք, մինչև մորաքրոջս հետ խոսեմ։
Դեռատի լեդին իր ձայնի նման մեղմ ու եթերային քայլվածքով սահեց ու անհետացավ։ Փոքր անց նա վերադարձավ և, հաղորդելով նրանց մորաքրոջ կարգադրությունը, ասաց, որ վիրավորը ուշադրությամբ փոխադրվելու էր վերև, միստր Ջայլսի սենյակը, իսկ Բրիտըլզը ձին թամբելով, իսկույն գնալու է Չերթսի, որտեղից նա շտապ ուղարկելու էր մի ոստիկան ու մի բժիշկ։
― Գեթ մի անգամ չէի՞ք ցանկանա տեսնել նրան, միսս, ― հարցրեց միստր Ջայլսը այնպիսի պարծանքով, ասես Օլիվերը հազվագյուտ փետուրներով մի թռչուն լիներ, որին նա ձեռք էր բերել ճարտարությամբ կրակելով։ ― Գեթ մի փոքրիկ ակնարկ․ միթե ա՞յդ էլ մերժում եք, միսս։
― Ոչ այժմ, այդ անկարելի բան է։ Խե՜ղճ մարդ։ Օ՜հ, լավ վերաբերվեք նրա հետ, Ջա՛յլս, ի սեր իմ, լավ վերաբերվեք նրա հետ, ― ասաց դեռատի լեդին ու գնաց։
Ծերունի սպասավորը այնպիսի հիացմունքով ու հպարտությամբ նայեց նրա հետևից, ասես իր հարազատ երեխան լիներ։ Ապա կռանալով Օլիվերի վրա, կանացի հոգածությամբ օգնեց, որ նրան փոխադրեն վերև։
Քսանիններորդ գլուխ
Տալիս է նախնական տեղեկություն այն տան բնակիչների մասին, որոնց մոտ ապաստան գտավ Օլիվերը― Շքեղ մի սենյակում, որի կահավորումը չնայած ոչ այնքան ժամանակակից պերճանքի, քան հնի դրոշմը կրող հանգստավետության մասին էր խոսում, ճոխ մի սեղանի առաջ նստել էին երկու լեդիներ։ Միստր Ջայլսը, բոլորովին անթերի սև կոստյում հագած, սպասարկում էր նրանց։ Նա կանգնած էր ճաշասեղանի և բուֆետի միջև։ Ամբողջ հասակով ձգված, գլուխը պահած էր դեպի ետ և թեթևակի մի կողմ թեքած․ ձախ ոտքը դեպի առաջ և աջ ձեռքը խրած բաճկոնի մեջ, մինչդեռ ձախով բռնել էր մի մատուցարան։ Այդ կեցվածով նա ուներ տեսքը այն մարդու, որը գիտակցում է իր մեծությունը և արժանիքները։
Երկու լեդիներից մեկը բավականին առաջացած տարիքի էր, բայց նա իրեն ավելի աղղուձիգ էր պահում, քան թե հենակը այն կաղնյա աթոռի, որի մեջ նստել էր։ Նա հագած էր չափազանց նուրբ ու վեյելուչ զգեստ, որը չնայած հնի ու նորի խարնուրդ էր, բայց դա ավելի շուտ դուրեկանորեն շեշտում, քան թե նվազեցնում էր ընդհանուր հմայքը։ Նա նստել էր վեհաշուք տեսքով, ձեռքերը սեղանին ծալած և աչքերը (իսկ տարիները գրեթե չէին աղոտել նրանց վճիտ փայլը) հառած իր դեռատի զրուցակցուհու վրա։
Դեռատի լեդին իր կյանքի հրապուրիչ գարունն էր ապրում։ Նա այնպիսի հասակի էր, որ եթե հրեշտակները աստծո բարի նպատակների համար երբևէ սահմանվեն մահկանացուների կերպարանքներում ապրելու, առանց սրբապղծություն գործած լինելու կարելի է ասել, որ նրանք բնակություն կհաստատեն նման էակների մեջ։
Նա բոլորած էր հազիվ տասնութ գարուն։ Այնքան չքնաղ էր նա, այնքան հեզ ու քնքուշ, այնքան անբիծ ու եթերային, որ ասես այս աշխարհը նրա տարերքը չէր, և երկրային բիրտ արարածները նրան հավասար ընկերներ չէին։ Այնպիսի իմաստություն կար նրա ծավի աչքերի խորքում, որ հազիվ թե իր տարիքին համապատասխան լիներ կամ պատկաներ այս աշխարհին։ Եվ սակայն նրա քաղցրիկ ու մեղմ վերաբերմունքը բոլորի հանդեպ, նրա դեմքում ցոլացող բյուրավոր լույսերը և առավելապես նրա ժպիտը, նրա ջերմիկ, սրտաբուխ ժպիտը ստեղծված էին ընտանեկան բույնի համար, օջախի շուրջը սիրո խաղաղ մթնոլորտի համար, երանության համար։
Նա զբաղված էր սեղանին մանր ծառայություններ մատուցելով։ Երբ պատահաբար աչքերը բարձրացնելով տեսավ, որ պառավ լեդին իրեն էր նայում, նա մազերը, որ պարզունակ հյուսքերով պսակ էին կազմել ճակատին, նազանքով ետ տարավ և այնքան անկեղծ ու գրավիչ արտահայտությամբ նայեց լեդիին, որ երկնային ոգիները կժպտային նրան տեսնելով։
― Մի ժամ կլինի, որ Բրիտըլզը գնացել է, այնպես չէ՞, ― կարճ դադարից հետո հարցրեց պառավ լեդին։
― Մի ժամ և տասներկու րոպե, տիկի՛ն, ― սև ժապավենին ամրացված արծաթյա ժամացույցը գրպանից դուրս քաշելով պատասխանեց միստր Ջայլսը։
― Նա միշտ դանդաղ է շարժվում, ― նկատեց պառավ լեդին։
― Բրիտըլզը միշտ էլ դանդաղաշարժ տղա է եղել, ― պատասխանեց սպասավորը։ ― Եվ իսկապես, եթե մեկը ավելի քան երեսուն տարի է դանդաղաշարժ է եղել, հավանակա՞ն բան է, որ նա երբևէ արագաշարժ դառնա։
― Ինձ թվում է, որ նրա այդ թերությունը գնալով խորանում է, ― նկատեց տարեց կինը։
― Շատ աններելի է, եթե նա ճանապարհին զբաղվել է ուրիշ տղաների հետ խաղալով, ― ասաց դեռատի լեդին ժպտալով։
Ըստ երևույթին, միստր Ջայլսը ևս մտածում էր ժպտալու պատշաճության մասին, երբ պարտեզի դարպասի առջև կանգ առավ մի բաց կառք։ Կառքի միջից դուրս թռավ ինչ֊որ գեր ջենթլմեն, վազեց դեպի դուռը, առեղծվածային ճարպկությամբ տուն մտնելով՝ խուժեց սենյակ և նախաճաշի սեղանի հետ մեկտեղ միստր Ջայլսին էլ համարյա շուռ տալով՝ բացականչեց․
― Ես կյանքումս այսպիսի բան չէի լսել, իմ թանկագի՛ն միսիս Մեյլի, տե՜ր աստված, այն էլ խուլ գիշերով, երբեք այսպիսի բան չէի լսել։
Ապա ցավակցական խոսքերով գեր ջենթլմենը թոթվեց երկու լեդիների ձեռքերն և, նստելով մի աթոռի, հարցրեց, թե ինչպես են իրենց զգում։
― Երևի վախից լեղաճաք եղաք, ուղղակի լեղաճաք, ― ասաց գեր ջենթլմենը։ ― Ի՞նչու ինձ չտեղեկացրիք։ Տե՜ր աստված, իմ սպասավորը անմիջապես այստեղ կգար, նմանապես և ես։ Ուրախությամբ կգար նաև իմ օգնականը կամ մեկը նման պարագաներում։ Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ։ Այդքան անակնկալ։ Եվ այն էլ խուլ գիշերով։
Բժշկին մտահոգում էր հատկապես այն պարագան, որ գողությունը կատարվել էր անակնկալ կերպով, և այն էլ խուլ գիշերին, կարծես կողոպուտով զբաղվող ջենթլմենների մոտ ընդունված սովորություն էր իրենց գործողությունները կատարել ցերեկը, ենթակաների հետ նամակով նախօրոք պանյմանավորվելով։
― Իսկ դո՞ւք, միսս Ռոզ, ― ասաց բժիշկը դիմելով դեռատի լեդիին, ― ես․․․
― Օ՜հ, անշո՛ւշտ, ― ասաց Ռոզը ընդմիջելով, ― բայց վերևում կա խեղճ մի արարած, որին մորաքույրը ցանկանում է, որ տեսնեք։
― Օ՜հ, իսկապե՜ս, ― պատասխանեց բժիշկը, ― իսկապե՛ս։ Ինչպես երևում է, այդ քո ձեռքի գործն է, Ջայլս։
Միստր Ջայլսը, որ տենդագին փութաջանությամբ շուռ եկած թեյի բաժակներն էր կարգի բերում, չափազանց կարմրեց և ասաց, որ ինքը բախտ էր ունեցել արժանանալու այդ պատվին։
― Պատի՞վ, ― ասաց բժիշկը, ― չգիտեմ, գուցե խոհանոցից գողի վրա կրակելը նույնքան պատվաբեր է, որքան հակառակորդին սպանելը տասներկու քայլ հեռավորության վրա։ Պատկերացրու, որ նա կրակել է օդում, իսկ դու մենամարտել ես, Ջայլս։
Միստր Ջայլսը, որը հարցի նկատմամբ այդպիսի թեթև վերաբերմունքը համարում էր իր համբավը նսեմացնելու շատ անիրավ փորձ, ակնածանքով պատասխանեց, որ իր նմանների գործը չէր դատողություններ անել այդ խնդրի շուրջ, սակայն, իր կարծիքով, դա կատակ չէր հակառակ կողմի համար։
― Աստվա՜ծ իմ, ճիշտ է, ― ասաց բժիշկը, ― իսկ նա որտե՞ղ է։ Առաջնորդեցե՛ք նրա մոտ։ Միսիս Մեյլի, իջնելիս դարձյալ կայցելեմ ձեզ։ Ուրեմն, այս փոքրիկ պատուհանի միջով է նա անցել ձեզ մոտ, այո՞։ Բոլորովին անհավատալի է։
Ջենթլմենը ամբողջ ճանապարհին խոսելով, միստր Ջայլսի հետ բարձրացավ վերև․ և թող նա բարձրանա, իսկ մենք, օգտվելով առիթից, ընթերցողին կտեղեկացնենք, որ միստր Լոզբերնը այդ թաղամասում ապրող մի վիրաբույժ էր և մինչև տասը մղոն հեռավորության վրա ճանաչված էր որպես «մեր բժիշկ»։ Նա գեր էր ավելի շուտ իր զվարթ խառնվածքի, քան թե լավ ապրուստի պատճառով։ Նա շատ բարեհոգի, շատ սրտաբաց, բայց միաժամանակ շատ արտառոց մի ամուրի տարեց տղամարդ էր, և որևէ հետախույզի համար դժվար էր նրա նմանը ճարել այդ տարածությունից նույնիսկ հինգ անգամ ավելի մեծ տարածության վրա։
Բժիշկը բացակայեց շատ ավելի երկար, քան նախատեսել էին ինքը և երկու լեդիները։ Կառքից բերվեց մի մեծ տափակ արկղ, ննջարանի զանգը հաճախակի հնչեց, մինչ սպասավորները անընդհատ վեր ու վար էին անում, և այս բոլորից բնական էր եզրակացնել, թե ինչ֊որ ծանրակշիռ բան էր կատարվում վերևում։ Վերջապես, բժիշկը իջավ ցած, և երբ նրան հարցրին, թե հիվանդի վիճակը ինչպես է, նա շատ խորհրդավոր տեսք ընդունեց և դուռը զգույշ ծածկեց։
― Սա շատ արտասովոր բան է, միսիս Մեյլի, ― ասաց բժիշկը, կանգնելով մեջքը դռանը դեմ արած, կարծես դուռը փակ պահելու համար։
― Չլինի՞ հիվանդի դրությունը լուրջ է, ― ասաց պառավ լեդին։
― Տվյալ պայմաններում դա արտասավոր բան չէր լինի, ― պատասխանեց բժիշկը, ― թեև չեմ կարծում, որ լուրջ բան գոյություն ունենա։ Դուք տեսե՞լ եք այս գողին։
― Ո՛չ, ― պատասխանեց պառավ լեդին։
― Ոչ էլ որևէ բա՞ն եք լսել նրա մասին։
― Ոչինչ չեմ լսել։
― Ներեցեք տիկի՛ն, ― ընդմիջեց միստր Ջայլզը, ― ես պատրաստվում էի նրա մասին ձեզ պատմելու, բայց բժիշկ Լոզբերնը եկավ։
Իրողությունն այն էր, որ միստր Ջայլսը սկզբում ոչ մի կերպ չէր կարողացել հաշտվել այն մտքի հետ, որ ինքը կրակել է միայն մի տղայի վրա։ Նրա քաջագործությունների շուրջ այնպիսի գովքեր էին հյուսվել, որ նա ամբողջ հոգով ցանկացել էր հնարավոր եղածի չափ սվելի երկարել այն մի քանի հեշտալի րոպեները, որոնց ընթացքում նա ապրել էր իր կարճատև համբավի հասցեին շռայլված փառաբանությունների գագաթնակետում։
― Ռոզը ցանկացավ տեսնել նրան, բայց ես չհամաձայնվեցի, ― ասաց միսիս Մեյլին։
― Հը՜մ, ― ասաց բժիշկը։ ― Նա բոլորովին սարսափազդու տեսք չունի։ Արդյոք որևէ առարկություն ունե՞ք նրան իմ ներկայությամբ տեսնելու։
― Եթե այդ անհրաժեշտ է, ― պատասխանեց պառավ լեդին, ― անշուշտ առարկություն չունեմ։
― Ուրեմն, ես գտնում եմ, որ անհրաժեշտ է, ― ասաց բժիշկը։ ― Ես բացարձակապես վստահ եմ, որ ապագայում դուք խորապես կզղջաք, եթե հետաձգեք նրան տեսնելու գործը։ Այժմ նա կատարելապես հանդարտված է։ Թույլ տվեք ինձ, միսս Ռոզ։ Արդյոք արտոնություն կտա՞ք։ Ազնվությամբ երդվում եմ, վախենալու ոչինչ չկա։
Երեսուներորդ գլուխ
Պատմում է, թե Օլիվերի նոր այցելուները ինչ կարծիք կազմեցին նրա մասին։Բժիշկը դեռատի լեդիին և միսիս Մեյլիին թևանցուկ արեց և, բազմաթիվ անգամներ հավաստիացնելով, որ ոճրագործի տեսքը հաճելի զարմանք էր պատճառելու նրանց, մեծ շուքով ու հանդեսով երկուսին առաջնորդեց վերև։
― Այժմ, ― շշնջաց բժիշկը, մինչ ննջարանի դռան բռնակը անաղմուկ պտտեցնում էր, ― տեսնենք ինչ է ձեր կարծիքը նրա մասին։ Չնայած վաղուց չի սափրվել, այնուամենայնիվ, բոլորովին վայրենի տեսք չունի։ Բայց, սպասեցեք։ Նախ ստուգեմ, թե արդյոք նա ի վիճակի՞ է հյուրեր ընդունելու։
Առաջինը սենյակ մտնելով, նա հրավիրեց մյուսներին հետևել իրեն։ Երբ նրանք ներս մտան, դուռը ծածկեց և վարագույրը կամացուկ մի կողմ քաշեց։ Որքան մեծ եղավ նրանց զարմանքը, երբ դաժան ու ահռելի կերպարանքով ոճրագործի փոխարեն նրանք տեսան անկողնու վրա պառկած մի հոգնաբեկ և հյուծված երեխայի, որ թաղվել էր խոր քնի մեջ։ Նրա վիրավոր թևը, փալասով փաթաթված, հանգչում էր կրծքին, իսկ գլուխը հակված էր մյուս թևի վրա, որ կիսով չափ քողարկված էր բարձին թափված երկայն մազերով։
Բարեսիրտ ջենթլմենը, վարագույրը ձեռքում պահած, մի պահ լուռ նայեց։ Մինչ նա այսպես դիտում էր հիվանդին, դեռատի լեդին եթերային քայլվածքով սահեց նրանց մոտով և, նստելով անկողնու կողքին դրած մի աթոռի, Օլիվերի մազերը դեմքից ետ տարավ։ Այսպես թեքված ժամանակ աղջկա աչքերից արցունքներ գլորվեցին և ընկան հիվանդի ճակատին։
Տղան խլրտաց քնի մեջ, և մի անուշ ժպիտ խաղաց նրա դեմքին, ասես կարեկցությունից բխած այդ արցունքի կաթիլները նրա մեջ զարթեցրել էին ինչ֊որ հաճելի երազային զգացում, սիրո և գուրգուրանքի մասին, որ բոլորովին անծանոթ էր նրան։ Այսպես, դաշն մեղեդու մի թրթիռ, կամ խաղաղ վայրում հոսող ջրի ախորժալուր կարկաչ, կամ ծաղկի բույր, կամ թե ինչ֊որ ծանոթ բառի կրկնություն հանկարծ մեր մեջ հանկարծակիորեն զարթեցնում են աղոտ հուշեր տեսարանների, որ երբեք չեն եղել այս կյանքում, տեսարաններ, որ զեփյուռի նման անցնում֊չքանում են, որ մեզ տալիս են այն պատրանքը, թե դրանք վաղեմի և կարճատև ինչ֊որ ավելի երջանիկ գոյության հիշատակներ են, բայց այնպիսի հիշատակներ, որոնց չի կարող հիմնավորել մտքի գործադրած գերագույն ճիգն անգամ։
― Այս ի՞նչ է նշանակում, ― բացականչեց պառավ լեդին։ ― Անհնարին է, որ այս խեղճ երեխան, ավազակներին աշակերտած լինի։
― Ապականությունը, ավա՜ղ, շատ հաճախ է տաճարներ ընտրում իր բնակության համար, և ո՞վ կարող է վիճել, որ շքեղ արտաքինը չի կարող օթևան դառնալ դրան, ― հառաչեց բժիշկը վարագույրը ծածկելով։
― Բայց այսքա՜ն վաղ հասակում, ― պնդեց Ռոզը։
― Իմ սիրելի փոքրիկ լեդի, ― գլուխը վշտահար թափահարելով ասաց վիրաբույժը, ― ոճիրը, ինչպես մահը, սահմանված չէ միայն ծերերի և զառամյալների համար։ Ամենից դեռահասերն ու ամենից չքնաղները շատ հաճախ նրա ընտրյալ զոհերն են։
― Բայց դուք կարո՞ղ եք, օ՜հ, դուք իսկապես կարո՞ղ եք հավատալ, որ այս վտիտ տղան կամավոր մեղսակիցը եղած է հասարակության ամենանողկալի տականքը հանդիսացող այդ ոհմակին։
Բժիշկը գլուխը տարուբերեց այնպիսի ձևով, որ կարծես թե պնդում էր իր տեսակետը, և նկատելով, որ իրենք կարող էին անհանգստացնել հիվանդին, նրանց առաջնորդեց հարակից մի սենյակ։
― Բայց նույնսիկ եթե նա ընկել է մոլության մեջ, ― շարունակեց Ռոզը, ― մտածեք, թե որքան փոքր է նա, մտածեք, որ գուցե նա մայրական գուրգուրանք երբեք չի տեսել և կամ զրկված է եղել ընտանեկան հարկի հոգատարությունից։ Մտածեցեք, որ գուցե վատ վերաբերմունքը, ծեծը կամ հացի պահանջը նրան մղել են միանալու այնպիսի մարդկանց, որոնք հարկադրել են նրան մեղանչելու։ Մորաքույր, սիրելի մորաքույր, հանուն գթության, մտածեցեք այդ բոլորի մասին, քանի դեռ ուշ չէ և մի թողեք, որ խեղճ, հիվանդ երեխային քարշ տան բանտերը, ուր, անշուշտ, նրան ուղղելու մեր բոլոր հույսերը անվերադարձ կկորչեն։ Գիտեք, որ ձեր բարության և հոգածության շնորհիվ ես ծնողների չգոյությունը երբեք չեմ զգացել, մինչդեռ կարող էի նույնպիսի անտեր ու անօգնական վիճակում լինել, ինչպես այս խեղճ երեխան, ուստի գթացեք նրան քանի դեռ ուշ չէ։
― Հոգյա՜կ իմ անգին, ― արտասվող աղջկան իր կրծքին սեղմելով՝ ասաց պառավ լեդին, ― դու կարծում ես նրա մազի մի թելին իսկ կդիպչեի՞։
― Ոչ, ― պատասխանեց Ռոզը անձկությամբ։
― Իհարկե ոչ, ― ասաց պառավ լեդին։ ― Ահա իմ կյանքը մոտենում է իր վախճանին, և թող երկինքն իմ հանդեպ այնքան բարեշնորհ լինի, որքան ես եմ լինում իմ նմանների հանդեպ։ Ասացե՛ք, ինչպե՞ս անեմ, որ փրկեմ նրան, սըր։
― Թողեք մտածեմ, ― ասաց բժիշկը։ ― Թողեք մտածեմ։
Միստր Լոզբերնը ձեռքերը խրեց գրպանների մեջ և մի քանի անգամ վեր ու վար արեց սենյակում, հաճախ կանգ առնելով և մարմինը հավասարակշռելով ոտքի մատների վրա և չափազանց խոժոռվելով։ Ապա, երբեմն բացականչելով, թե «արդեն գտել եմ» կամ «ոչինչ չեմ գտել» և մերթ սենյակում պտույտ գալով ու նորից խոժոռվելով, վերջապես ընդոստ կանգ առավ ու այսպես խոսեց․
― Ես կարծում եմ, եթե դուք ինձ անսահման լիազորություն տաք Ջայլսին և այդ փոքրիկ տղային՝ Բրիտըլզին ահաբեկելու, ապա ես կարող եմ այդ գոծը գլուխ բերել։ Ճիշտ է, Ջայլսը հավատարիմ մարդ է և ձեր վաղեմի սպասավորը, բայց դուք կարող եք հազար ու մի ձևով հատուցել նրան և, բացի այդ, վարձատրել լավ նշանառության համար։ Չեք առարկի, այնպես չէ՞։
― Արդյոք հնարավոր չէ՞ այլ միջոցով փրկել երեխային, ― ասաց միսիս Մեյլին։
― Ոչ մի այլ միջոց գույություն չունի, հավատացե՛ք ինձ, ― պատասխանեց բժիշկը։
― Այդ դեպքում իմ մորաքույրը բացարձակ լիազորում է ձեզ, ― ասաց Ռոզը արցունքների միջից ժպտալով։ ― Բայց նրանց հետ պետք եղածից ավելի խիստ չվարվեք, խնդրում եմ։
― Միսս Ռոզ, դուք այնպես եք կարծում, որ բացի ձեզնից այսօր ամեն մարդ տրամադրված է կարծրասիրտ լինել, ― վրա բերեց բժիշկը։ ― Ես կցանկանայի, որ առաջին իսկ արժանավոր երիտասարդի առաջարկության հանդեպ դուք գտնվեիք նույնքան զգայուն հոգեկան վիճակում, ինչպես այժմ, և երանի թե ես լինեի այնպիսի տարիքի, որ կարողանայի տեղնուտեղը օգտվել այդ բարեպատեհ առիթից։
― Խեղճ Բրիտըլզի նման դուք ևս մի չափահաս երեխա եք, ― ասաց Ռոզը շիկնելով։
― Լա՛վ, լա՛վ, ― ասաց բժիշկը սրտանց ծիծաղելով, ― դա այնքան էլ դժվարին հարց չէ։ Բայց վերադառնանք այս տղային։ Մեր համաձայնության կարևոր կետին դեռ չենք հասել։ Երևի, նա մոտավորապես մի ժամից կզարթնի։ Թեպետ ես ներքևում գտնվող այդ թանձրամիտ ոստիկանին ասել եմ, որ նրա հետ խոսել կամ նրան տեղից շարժել չի կարելի, որովհետև նա կարող է մահանալ, այնուամենայնիվ, ինձ թվում է, թե մենք կարող ենք հանգիստ զրուցել նրա հետ առանց նրան վտանգելու։ Ուրեմն լսեցե՛ք իմ պայմանը։ Այժմ ես նրան հարցաքննելու եմ ձեր ներկայությամբ։ Եթե իր ասածներից կարողանամ ձեզ ապացուցել, որ նա իսկապես բոլորովին ընկած նկարագրի տեր մի տղա է (իսկ դա ավելի քան հավանական է), այդ դեպքում նա կթողնվի իր բախտին, կամ ամեն պարագայի տակ գոնե ես կհրաժարվեմ նրա հետ որևէ առնչություն ունենալուց։
― Օ՜հ, ո՛չ, մորաքույր, ― թախանձեց Ռոզը։
― Օ՜հ, այո՛, մորաքույր, ― ասաց բժիշկը։ ― Համաձայ՞ն եք։
― Չի կարող պատահել, որ նա մոլությունների անձնատուր երեխա լինի։ Անկարելի բան է։
― Շատ լավ, ― վրա բերեց բժիշկը, ― ուրեմն իմ առաջարկությունը կարող եք ավելի հանգիստ ընդունել։
Վերջապես համաձայնությունը կայացավ, և երկու հակառակ կողմերը անհամբերությամբ սպասեցին Օլիվերի զարթնելուն։
Լեդիների համբերությունը, սակայն, ենթարկվեց շատ ավելի երկար փորձության, քան թե միստր Լոզբերնը նախատեսել էր։ Ժամերը իրար հետևից սահում էին, բայց Օլիվերը դեռևս խոր քնած էր։ Մութն ընկել էր արդարև, երբ բարեսիրտ բժիշկը տեղեկացրեց նրանց, որ նա վերջապես զարթնել է և բավականին ի վիճակի է խոսելու։
― Տղայի դրությունը շատ լուրջ է, ― ասաց նա, ― և մեծ քանակությամբ արյուն կորցնելու պատճառով շատ է ուժասպառ, բայց ինչ֊որ բան հայտնելու մտահոգությունից այնքան վրդովված է, որ ես նախընտրեցի թույլ տալ նրան խոսելու, քան հարկադրել, որ մինչև առավոտ հանգիստ պառկի, ինչպես այդ հարկավոր էր անել նման պարագաներում։
Տեսակցությունը երկար տևեց։ Օլիվերը նրանց պատմեց իր կյանքի տխուր պատմությունը, ցավերի և ուժասպառության պատճառով հաճախ կանգ առնելով։ Որքա՜ն հանդիսավոր էր իրիկվա մթնշաղին լսել հիվանդ երեխայի նվաղկոտ ձայնը, երբ նա մի առ մի թվեց բոլոր այն սարսափելի չարիքներն ու աղետները, որ դաժան մարդիկ պատճառել էին նրան։ Օ՜հ, երբ մենք ճնշում ու տանջում ենք մեր նմաններին, եթե գեթ մի պահ անդրադառնայինք մեր գործած սխալներին ու մեղքերին, որոնք զանգվածային ծանր թուխպերի նման դանդաղորեն, բայց ոչ նվազ անշեղորեն բարձրանում են երկինք՝ իրենց հետագա վրեժը թափելու մեր գլխին, եթե մենք գեթ մի րոպե ունկնդրեինք մեռած հոգիների տրտունջին, որը ոչ մի ուժ չի կարող խեղդել և ոչ մի գոռոզ սիրտ չի կարող լռեցնել, էլ ո՞ւր կմնային այն վիրավորանքն ու անարդարությունը, տառապանքը, դժբախտությունն ու անիրավությունը, որ կյանքի յուրաքանչյուր պահ բերում է իր հետ։
Քնքուշ էին Օլիվերին խնամող ձեռքերը այդ գիշեր, և գեղեցկությունը և առաքինությունը հսկեցին նրան իր քնի մեջ։ Նա անդորր էր ու երջանիկ և կարող էր մեռնել առանց տրտնջալու։
Այդ խիստ երկար տեսակցությունից անմիջապես հետո բժիշկը, աչքերը սրբելով և բոլորին էլ նրբազգացության համար մեղադրելով, միստր Ջայլսի վրա գրոհելու համար շտապեց ներքև։ Միջանցքներում ու սենյակներում ոչ ոքի չգտնելով և մտածելով, որ գուցե խոհանոցում կարող էր ավելի լավ արդյունքի հասնել, նա իսկույն ուղղվեց դեպի խոհանոց։
Սպասավորների խորհրդարանի այդ համեստ բաժանմունքում հավաքվել էին սպասուհիները, միստր Բրիտըլզը, միստր Ջայլսը, թիթեղագործը (որը հատուկ հրավեր էր ստացել իր մատուցած ծառայությունների համար օրվա մնացած մասը կերուխումով անցկացնելու) և ոստիկանը։ Վերջին ջենթլմենը ուներ մի մեծ ցուպ, մեծ գլուխ, մեծ քիթ, մեծ բերան, մեծ աչքեր ու մեծ կիսակոշիկներ, և այնպես էր երևում, կարծես թե բավականին մեծ քանակությամբ գարեջուր էր խմել, և իրոք այդպես էր։
Նախորդ գիշերվա արկածները դեռևս վեճի առարկա էին, քանի որ, երբ բժիշկը ներս մտավ, միստր Ջայլսը հոխորտում էր իր քաջությունների մասին, իսկ միստր Բրիտըլզը, գարեջրի բաժակը ձեռքին, հաստատում էր իր մեծավորի ամեն մի խոսքը, նույնիսկ նրա խոսելուց էլ առաջ։
― Կարիք չկա վեր կենալու, ― ձեռքի թեթև շարժումով ասաց բժիշկը։
― Շնորհակալ եմ, սը՛ր, ― ասաց միստր Ջայլսը։ ― Միսիս Մեյլին կամեցավ, որ մեր անձնակազմը հյուրասիրվի գարեջրով, և քանի որ ես տրամադիր չէի փակվել իմ փոքրիկ սենյակում, սը՛ր, և ընկերության պահանջ էի զգում, ուստի նրանց մոտ մնացի, սը՛ր։
Բրիտըլզը և մյուս լեդիներն ու ջենթլմենները այն բարի վերաբերմունքի համար, որ միստր Ջայլսը ցուցաբերել էր իրենց հանդեպ, շնորհակալության ինչ֊որ խոսքեր մրմնջացին։ Միստր Ջայլսը հովանավորի ձևով շուրջը նայեց, կարծես կամենալով ասել, թե ինքը նրանց երբեք չի լքի, եթե իրենց կարգին պահեն։
― Իսկ հիվանդը ինչպե՞ս է իրեն զգում, սըր, ― հարցրեց Ջայլսը։
― Այնքան էլ լավ չէ, ― պատասխանեց բժիշկը։ ― Կարծում եմ դուք ձեզ փորձանքի մեջ եք գցել, միստր Ջայլս։
― Հույս ունեմ, որ դուք չեք ուզում ասել, թե կմեռնի, սը՛ր, ― դողալով ասաց միստր Ջայլսը, ― այլապես ես կյանքում էլ երբեք երջանիկ չէի զգա ինձ։ Ես ոչ մի դեպքում որևէ մեկին չէի սպանի սը՛ր, ոչ մի դեպքում, ոչ էլ Բրիտըլզը այդպիսի բան կաներ։ Ես այդ բանը չէի անի, անգամ եթե քաղաքի ամբողջ արծաթն ու ոսկին ինձ խոստանային, սը՛ր։
― Հարցը այդ չէ, ― խորհրդավորությամբ ասաց բժիշկը։ ― Դուք բողոքակա՞ն եք, միստր Ջոյս։
― Այո, սըր, կարծում եմ բողոքական եմ, ― կակազեց միստր Ջայլսը չափազանց գունատվելով։
― Իսկ դու ի՞նչ դավանանքի տեր ես, տղա՛, ― խստորեն հարցրեց բժիշկը Բրիտըլզին։
― Աստվա՜ծ իմ, ― պատասխանեց Բրիտըլզը ուժգին ցնցվելով։ ― Ես, ես էլ միստր Ջայլսի պես բողոքական եմ, սը՛ր։
― Այդ դեպքում ասեք ինձ, ― հարցրեց բժիշկը, ― երկուսդ էլ, երկուսդ էլ, արդյոք հանձն կառնե՞ք երդվելու, որ վերևում գտնվող տղան այն միևնույն տղան է, որին երեկ գիշեր գողերը լուսամուտից ներս խցկեցին։ Դե՛, պատասխանեցե՛ք։ Մենք ձեզ լսում ենք։
Բժիշկը, որին բոլորը համարում էին աշխարհի ամենամեղմ բնավորության տեր մարդկանցից մեկը, հարցը այնպիսի ահեղ բարկությամբ դրեց, որ Ջայլսը և Բրիտըլզը, որոնց գլուխները գարեջրից և հուզմունքից բավականին մշուշված էին, ապշահար իրար նայեցին։
― Խնդրում եմ, ուշադիր լսեք պատասխանը, ոստիկան, ― ասաց բժիշկը ցուցամատը ծանրակշիռ թափ տալով, ապա խփելով իր քթարմատին, որպեսզի այդ արժանավոր ջենթլմենը ուշադրությունը կենտրոնացնի տրված պատասխանի վրա։ ― Գուցե շուտով մի ինչ֊որ բան կհայտնաբերվի։
Ոստիկանը հնարավոր եղածի չափ իմաստուն տեսք ընդունելով, վերցրեց իր պաշտոնը հատկանշող գավազանը, որը անփութորեն դրված էր մի անկյունում։
― Ինչպես տեսնում եք, սա անձի իսկությունը հաստատող մի պարզ հարց է, ― ասաց բժիշկը։
― Ճշմարիտ է, սը՛ր, ― պատասխանեց ոստիկանը՝ սաստիկ հազալով, որովհետև գարեջուրը շտապ խմելու պատճառով հեղուկի մի մասը գնացել էր սխալ ճանապարհով։
― Գողերը ցանկանում են մի տուն կողոպտել, ― ասաց բժիշկը, ― և երկու մարդ վառոդի ծխի մեջ, այդ շփոթ ու խառնակ պահին, հարևանցիորեն նկատում են մի տղայի։ Հաջորդ առավոտ, այդ միևնույն տանը մոտենում է ինչ֊որ մանուկ, և որովհետև նրա թևը փաթաթված է լինում, այդ մարդիկ անողոքաբար բռնում են նրան, ― նրա կյանքը մեծապես վտանգի ենթարկերլով, ― և երդվում են, որ նա նախորդ գիշերվա գողերին ընկերակցող տղան է։ Այժմ հարց է ծագում․ արդյո՞ք այս մարդիկ իրավացի են։ Եթե իրավացի չեն, ապա ինչպիսի՞ կացության մեջ են գցում իրենք իրենց։
Ոստիկանը խորիմաստ կերպով գլուխը թափահարեց և ասաց, որ եթե դա օրենք չէ, ապա ինքը կցանկանար իմանալ, թե ո՞րն է օրենքը։
― Ես ձեզ նորից հարց եմ տալիս, ― որոտաց բժիշկը, ― դուք հաստատ կարո՞ղ եք երդվել և վավերացնել ձեր ասածը։
Բրիտըլզը երկչոտ նայեց միստր Ջայլսին․ Ջայլսը տարակուսանքով նայեց Բրիտըլզին, որստիկանը ձեռքը ականջի հետևը դրեց պատասխանը լավ լսելու համար, երկու կանայք և թիթեղագործը թեքվեցին դեպի առաջ՝ ունկնդրելու համար, բժիշկը խստորեն նայեց շուրջը, բայց հանկարծ զանգը հնչեց, և ճիշտ նույն պահին ինչ֊որ անիվների աղմուկ լսվեց։
― Հարցաքննիչներն են, ― ասաց Բրիտըլզը՝ ըստ երևույթին շատ թեթևացած։
― Ինչե՞ր են, ― բացականչեց բժիշկը, ինքն էլ իր հերթին ահաբեկված։
― Բաու Սթրիթի գործակալներն են, սը՛ր, ― պատասխանեց Բրիտըլզը՝ մի մոմ վերցնելով, ― ես և միստր Ջայլսը այս առավոտ մարդ էինք ուղարկել նրանց հետևից։
― Ի՜նչ, ― գոռաց բժիշկը։
― Այո՛, մարդ էինք ուղարկել, ― պատասխանեց Բրիտըլզը։ ― Կառապանի միջոցով իմաց էինք տվել, և զարմանալի էր, թե ինչո՞ւ պետք էր այսքան ուշանային, սըր։
― Այդպես, հա՞։ Դե՛, ուրեմն, թող անիծվեն այստեղի կառքերը, որ հազիվ են քարշ գալիս, ահա՛ բոլորը, ― ասաց բժիշկը հեռանալով։
Երեսունմեկերորդ գլուխ
Պատմում է մի ճգնաժամային կացության մասին― Ո՞վ է, ― հարցրեց Բրիտըլզը, դուռը կիսով չափ բաց անելով և առանց շղթան քանդելու դուրս նայելով, մինչ ձեռքով ստվերում էր մոմը։
― Բա՛ց արեք դուռը, ― ձայն տվեց ինչ֊որ մեկը դրսից, ― Բաու Սթրիթի գործակալներն են, որոնց հետևից մարդ էր ուղարկված այսօր։
Բրիտըլզը, այս պատասխանից չափազանց հանգստացած, դուռը լայն բաց արեց և իր առջև տեսավ վերարկու հագած մի թիկնեղ մարդու, որը անխոս ներս մտավ և ոտքերը խսիրի վրա մաքրեց այնքան պաղարյունությամբ, կարծես թե այդ տան բնակիչներից մեկը լիներ։
― Երիտասա՛րդ, մեկնումեկին չե՞ս ուղարկի, որ ընկերոջս փոխարինի, ― ասաց գործակալը։ ― Նա կառքում է։ Իսկ կառատուն չունե՞ք, որ հինգ֊տասը րոպեով ձին և կառքը այնտեղ մնան։
Երբ Բրիտըլզը դրական պատասխան տվեց և մատնացույց արեց շենքը, թիկնեղ մարդը դեպի պարտեզի դարպասը գնաց և օգնեց իր ընկերոջը, որ կառքը կառատուն մտցնի։ Այդ ամբողջ ժամանակ Բրիտըլզը, մեծ հիացմունքով, ճրագը ձեռքին լուսավորում էր նրանց։ Այդ գործը ավարտելուց հետո, երբ նրանք տուն եկան և հյուրասենյակ առաջնորդվելով հանեցին իրենց վերարկուներն ու գլխարկները, երևան եկավ, թե ինչի էին նման։
Դուռը թակող ոստիկանը միջահասակ, մոտ հիսուն տարեկան բարեկազմ մի մարդ էր, կարճ կտրած սև, փայլուն մազերով, կլոր դեմքով և սուր աչքերով։ Մյուսը երկարաճիտ կոշիկներ հագած, կարմրահեր, ոսկրոտ դեմքով մի տղամարդ էր։
― Քո տիրոջը չե՞ս զեկուցի, որ Բլեթհերզն ու Դաֆֆը այստեղ են, ― մազերը կոկելով և մի զույգ ձեռնակապեր սեղանին դնելով ասաց ամրակազմ մարդը։ ― Օ՜հ, բարի երեկո, պարոն։ Չի՞ կարելի ձեզ հետ մի քանի րոպե առանձին խոսել։
Այդ հարցը ուղղված էր միստր Լոզբերնին, որը նոր էր ներս մտել։ Նա նշաններով հասկացրեց Բրիտըլզին հեռանալ այնտեղից և երկու լեդիներին ներս բերելով դուռը ծածկեց։
― Տանտիրուհին այս լեդին է, ― ասաց միստր Լոզբերնը, միսիս Մեյլիին մատնանշելով։
Միստր Բլեթհերզը գլուխ տվեց։ Երբ նրան հրավիրեցին նստել, նա գլխարկը դրեց հատակին և, մի աթոռ վերցնելով, Դաֆֆին էլ հասկացրեց նույնը անել։ Վերջինս, որը, ըստ երևույթին, այնքան էլ սովոր չէր ընտիր հասարակության, կամ իրեն այնքան էլ ազատ չէր զգում այդպիսի շրջապատում, ձեռքերի ու ոտքերի բազմաթիվ ջղաձիգ շարժումներից հետո, հազիվհազ նստեց, շփոթությունից գավազանի գլուխը բերանը խրելով։
― Այժմ զբաղվենք այս կողոպուտի հարցով, ― ասաց Բլեթհերզը՝ դիմելով Լոզբերնին։ ― Գործի հանգամանքներն ինչպե՞ս են։
Միստր Լոզբերնը, որը երևում էր, թե ցանկանում է ժամանակ շահել, եղելությունը պատմեց բազմաթիվ շեղումներով ու երկարաբանություններով, որի ընթացքում պարոնայք Բլեթհերզն ու Դաֆֆը, շատ բանիմաց տեսք ընդունած, հաճախ գլխի նշանակալից շարժումներ էին փոխանակում միմյանց հետ։
― Իհարկե, ես մինչև տեղազննություն չկատարեմ, վերջնական ոչինչ չեմ կարող ասել, ― ասաց Բլեթհերզը, ― բայց իմ անմիջական տպավորությունը այն է (չեմ խուսափում ես ինձ այդ աստիճանի վտանգելուց), թե սա հոտաղի ձեռքի գործ չէ։ Այնպես չէ՞, Դաֆֆ։
― Անշուշտ, ― պատասխանեց Դաֆֆը։
― Իսկ «հոտաղ» բառը թարգմանելով լեդիների համար, եթե չեմ սխալվում, դուք ուզում եք ասել, որ սա գյուղացու ձեռքի գործ չէ, այդպե՞ս է, ― ասաց միստր Լոզբերնը ժպտալով։
― Ճիշտ այդպես, պարոն, ― պատասխանեց Բլեթհերզը։ ― Ուրիշ մանրամասնություններ չկա՞ն այդ գողության վերաբերյալ։
― Բոլորը այդ է, ― պատասխանեց բժիշկը։
― Իսկ սպասավորները մի ինչ֊որ տղայի մասին էին խոսում, ի՞նչ բան է, ― հարցրեց Բլեթհերզը։
― Դատարկ բան է, ― պատասխանեց բժիշկը։ ― Չգիտես ինչու, վախեցած սպասավորներից մեկի գլուխը մտել է, թե այդ տղան կապված է գողերի հետ, բայց դա հիմարություն է, բացարձակ անմտություն։
― Եթե այդպես է, ապա այդ գործը կարելի է շատ հեշտությամբ վերջացնել, ― նկատեց Դաֆֆը։
― Նա իրավացի է, ― հաստատեց Բլեթհերզը, գլուխը դրականորեն շարժելով և ձեռնակապերի հետ խաղալով այնպիսի անփութությամբ, ասես թե բամբիռներ լինեին։ ― Ո՞վ է այդ տղան։ Ի՞նչ տեղեկություն է տալիս իր մասին։ Որտեղի՞ց է եկել։ Անշուշտ ամպերից ցած չի ընկել, այնպես չէ՞, պարոն։
― Ինչ խոսք, որ ամպերից չի ընկել, ― պատասխանեց բժիշկը, անհանգիստ նայելով երկու լեդիների կողմը։ ― Նրա ամբողջ պատմությունը ծանոթ է ինձ, բայց մենք այդ մասին շուտով կխոսենք։ Երևի դուք կցանկանայիք նախ տեսնել, թե գողերը որտեղից են փորձել ներս մտնել։
― Իհարկե, ― հաստատեց միստր Բլեթհերզը, ― նախ կզննենք կալվածքի հարակից մասերը, ապա կհարցաքննենք սպասավորներին։ Այդ է հետաքննության ընդունված կարգը։
Ապա լույս բերվեց, և պարոնայք Բլեթհերզն ու Դաֆֆը, տեղական ոստիկանի, Բրիտըլզի, Ջայլսի, կարճ ասած՝ բոլորի ուղեկցությամբ գնացին միջանցքի վերևի ծայրում գտնվող սենյակը և լուսամուտին նայեցին ներսի կողմից, ապա շրջանցելով մարգը, լուսամուտին նայեցին դրսի կողմից։ Այնուհետև նրանց տվեցին մի մոմ՝ փեղկը զննելու համար, ապա նույն ձևով մի լապտեր տեղ հասավ՝ ոտնահետքերի ուղղությանը հետևելու համար, հետո բերվեց մի եղան՝ թավուտները քրքրելու համար, և երբ հանդիսատեսների լարված ուշադրության ներքո այս բոլորը ավարտվեց, նրանք նորից ներս եկան, և սկսվեց միստր Ջայլսի ու Բրիտըլզի հարցաքննությունը նախորդ գիշեր պատահած դեպքերին իրենց ունեցած մասնակցության մասին։ Այդ պատմությունը նրանք արեցին մելոդրամատիկ ձևով, վեց անգամ, իրար ժխտելով ոչ ավելի քան մեկ կարևոր կետում՝ առաջին անգամ, և ոչ ավելի քան տասներկու կետում՝ վերջին անգամ։ Այս արդյունքին հասնելուց հետո Բլեթհերզն ու Դաֆֆը, մյուսներին դուրս ուղարկելով, սենյակում առանձնացան և երկար խորհուրդ արեցին։ Այդ տեղի ունեցավ այնքան հանդիսավոր ու գաղտնի կերպով, որ բժշկական ամենակնճռոտ հարցերի վերաբերյալ հայտնի բժիշկների ունեցած խորհրդակցությունը դրա համեմատությամբ սոսկ երեխայական խաղ կարող էր համարվել։
Այդ միջոցին բժիշկը հարևան սենյակում շատ վրդովված վեր ու վար էր անում, իսկ միսիս Մեյլին ու Ռոզը մտահոգությամբ հետևում էին նրա բոլոր շարժումներին։
― Ճշմարիտն ասած, չգիտեմ ինչ անեմ, ― ասաց բժիշկը, սենյակում բազմաթիվ անգամներ արագ գնալ֊գալուց հետո ընդոստ կանգ առնելով։
― Եթե այդ թշվառ երեխայի պատմությունը բարեխղճորեն ներկայացնենք այս մարդկանց, ― ասաց Ռոզը, ― անշուշտ դա բավական կլինի նրան արդարացնելու համար։
― Դժվար թե, իմ փոքրիկ անգին լեդի, ― գլուխը թափահարելով առարկեց բժիշկը։ ― Իմ կարծիքով, այդ չի կարող նրան արդարացնել ո՛չ նրանց աչքում, ո՛չ էլ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների աչքում։ Վերջ ի վերջո, ո՞վ է այդ տղան, կասեն նրանք։ Մի փախստական։ Դատելով լոկ աշխարհիկ նկատառումներով ու հավանականությամբ, նրա պատմությունը շատ անհավատալի է։
― Դուք անշուշտ հավատում եք, չէ՞, ― ընդհատեց Ռոզը։
― Զարմանալի է, բայց ես հավատում եմ։ Գուցե հիմարի մեկն եմ, որ հավատում եմ, ― ասաց բժիշկը, ― այնուամենայնիվ, իմ կարծիքով, դա այնպիսի պատմություն չէ, որ համոզի մի փորձառու ոստիկանական աստիճանավորի։
― Ինչո՞ւ չէ, ― հարցրեց Ռոզը։
― Որովհետև, իմ սիրուն հարցաքննիչ, ― պատասխանեց բժիշկը, ― նրանց տեսանկյունից դիտելով, նրա պատմությունը շատ կասկածելի կետեր ունի, և նա կարող է ապացուցել միայն դրա բացասական կողմերը, իսկ դրականների մասին ոչ մի ապացույց չունի։ Սատանան տանի, նրանք անպայման կհարցնեն, ինչու և ինչպես, և ոչնչի չեն հավատա առանց շոշափելի փաստարկության։ Ինչպես տեսնում եք, իր սեփական խոստովանությամբ նա որոշ ժամանակ ապրել է գողերի մեջ և տարվել է ոստիկանատուն ինչ֊որ ջենթլմենի գրպանը խուզարկած լինելու համար։ Ապա այդ ջենթլմենի տնից բռնությամբ փոխադրվել է այնպիսի տեղ, որը նա ո՛չ նկարագրել կարող է, ո՛չ մատնացույց անել։ Այդ վայրի մասին ամենատարտամ գաղափար անգամ չունի։ Այդ մարդիկ, չգիտես թե ինչ֊ինչ պատճառներով, ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել նրանից, հաշվի չառնելով՝ նա այդ բանը կամենում է, թե ոչ։ Ու այսպես մի օր նրան հանկարծ բերում են Չերթսի և մի ինչ֊որ տուն կողոպտելու համար խցկում են լուսամուտից ներս։ Այն պահին, երբ նա պատրաստվում է գողության մասին ազդարարել տան բնակիչներին և այդ մի արարքով արդարանալ նախկինում գործած բոլոր հանցանքների համար, ահա այդ միջոցին հայտնվում է այս անմիտ, կիսաքաղաքակիրթ մատակարար կոչեցյալ շունը և կրակում նրա վրա։ Կարծես դիտավորյալ կերպով արգելելու համար նրան, որ իր օգտին որևէ բան անի։ Մի՞թե այդ բոլորը դուք չեք տեսնում։
― Անշուշտ տեսնում եմ, ― բժշկի խիստ տոնի վրա ժպտալով պատասխանեց Ռոզը, ― այնուամենայնիվ, այդ խեղճ երեխային ամբաստանող ոչինչ չեմ գտնում այստեղ։
― Իհարկե ոչինչ չեք գտնի, ― պատասխանեց բժիշկը։ ― Օրհնյալ լինեն ձեր սեռի բոլոր պայծառ աչքերը։ Լավ թե վատ նրանք գործի միայն մեկ կողմն են տեսնում և այն էլ միշտ այն կողմը, որ առաջինն է ներկայանում նրանց։
Բժիշկը, որպես սեփական փորձի արդյունք, այսպես արտահայտվելուց հետո ձեռքերը դրեց գրպանը և սկսեց առաջվանից նույնիսկ ավելի արագ գնալ֊գալ սենյակում։
― Որքան մտածում եմ, ավելի եմ համոզվում, որ եթե այս մարդկանց իրազեկ դարձնենք պատմության բուն էությանը, դա տեղի կտա անվերջ դժվարությունների և անախորժությունների, ― ասաց բժիշկը։ ― Բացի այդ, ես վստահ եմ, որ նրանք հավատ չեն ընծայի մեր ասածին, եթե նույնիսկ վերջում որևէ վնաս չկարողանան հասցնել այդ տղային, այնուամենայնիվ, հրապարակումը այս բոլոր կասկածների, որ առաջանալու են պատմության բացահայտումով, էապես կանդրադառնա նրան դժբախտությունից փրկելու ձեր բարի մտադրության վրա։
― Օ՜հ, այդ դեպքում ի՞նչ անենք, ― հուզված ասաց Ռոզը։ ― Տեր իմ աստված, այդ մարդկանց ինչո՞ւ կանչել տվեցին։
― Այո, ինչո՞ւ, ― բացականչեց միսիս Մեյլին։ ― Ես ոչ մի գնով չէի կամենա նրանց իմ տանը տեսնել։
― Ես միայն մի բան գիտեմ, ― վերջապես ասաց միստր Լոզբերնը, մի տեսակ հուսահատ անդորրությամբ նստելով աթոռին, ― մենք պետք է հանդուգն լինենք այս գործում։ Մեր նպատակը բարի է, դրանով էլ պետք է արդարանանք։ Տղան տենդով հիվանդ է, և դրությունը այնքան լուրջ է, որ ոչ մի պատրվակով չի կարելի անհանգստացնել նրան կամ խոսել նրա հետ․ այդ մեկը մխիթարական է։ Մենք պետք է աշխատենք հնարավորն անել։ Իսկ եթե հակառակ մեր ջանքերին վատ բան ստացվեց, ապա մեղավորը մենք չենք։ Մտե՛ք։
― Ուրեմն, պարոն, ― ասաց Բլեթհերզը, իր պաշտոնակցի հետ սենյակ մտնելով և նախքան խոսքը շարունակելը դուռը ամուր փակելով։ ― Սա կանխամտածված գործ չէ։
― Իսկ ո՞րն է կանխամտածված գործը, ― անհամբերությամբ հարցրեց բժիշկը։
― Մենք կանխամտածված անվանում ենք այն կողոպուտը, լեդիներ, ― ասես նրանց տգիտության վրա խղճալով, իսկ բժշկի տգիտությունը արհամարհելով ասաց Բլեթհերզը՝ շրջվելով դեպի լեդիները, ― որ կատարվում է սպասավորների մասնակցությամբ։
― Այս գործում ոչ ոք նրանց վրա չի կասկածել, ― ասաց միսիս Մեյլին։
― Գուցե դուք չեք կասկածել, տիկին, ― պատասխանեց Բլեթհերզը, ― բայց նրանք կարող էին, այնուամենայնիվ, մեղսակից լինել։
― Հենց այդ պատճառով, որ ոչ ոք նրանց վրա չի կասկածել, նրանք կարող էին մեղսակից լինել, ― ասաց Դաֆֆը։
― Մենք հայտնաբերել ենք, որ այդ կողոպուտը քաղաքացու ձեռքի գործ է, ― ասաց Բլեթհերզը, շարունակելով իր զեկուցումը, ― որովհետև գործը շատ մաքուր է արված։
― Իսկապես որ մեծ հմտությամբ է արված, ― նկատեց Դաֆֆը ցածրաձայն։
― Երկուսով են եղել, ― շարունակեց Բլեթհերզը, ― իրենց հետ եղել է նաև մի տղա։ Այդ է ցույց տալիս լուսամուտի չափսը։ Առայժմ այդքանը։ Իսկ հիմա գնանք այդ տղայի մոտ, որ վերևում է։
― Նախքան վերև բարձրանալը արդյոք լավ չէ՞ր լինի, որ նրանք մի բան խմեն, միսիս Մեյլի, ― պայծառացած դեմքով ասաց բժիշկը, ասես մի նոր միտք փայլատակեց նրա գլխում։
― Օ՜, անշո՛ւշտ, ― տեղից վեր թռչելով բացականչեց Ռոզը։ ― Իսկույն պատրաստ կլինի։
― Աա՜, շնորհակալություն, միսս, ― ասաց Բլեթհերզը, վերարկուի թևը բերնին քսելով, ― մեր աշխատանքի բնույթը այնպիսին է, որ մարդու կոկորդն է չորանում։ Որևիցե պատրաստի բան, միսս։ Մեր պատճառով մի՛ անհանգստացեք։
― Ի՞նչ կցանկանայիք, ― հարցրեց բժիշկը, դեռատի լեդիի հետ դեպի բուֆետը գնալով։
― Մի քիչ ոգելից ըմպելիք, պարոն, եթե ձեզ համար նեղություն չէ, ― պատասխանեց Բլեթհերզը։ ― Լոնդոնից մինչև այստեղ ցրտին ճամփորդելը դժվար է, տիկի՛ն, և իմ կարծիքով՝ ոգելից ըմպելին բոլորից լավ է տաքացնում, ես այդ շարունակ նլատել եմ։
Միսիս Մեյլին շատ բարեհաճորեն ունկնդրեց իրեն ուղղված այս հետաքրքրիր տեղեկությունը, և մինչդեռ նրանք զբաղված էին, բժիշկը աննկատ դուրս եկավ սենյակից։
― Է՜հ, ― շարունակեց միստր Բլեթհերզը, գինու բաժակը բռնած ոչ թե կոթից, այլ հատակը ամուր պահած իր ձախ ձեռքի բթամատի ու ցուցամատի արանքում։ ― Ժամանակին ես այսպիսի գործեր շատ եմ տեսել, լեդիներ։
― Օրինակ, այն գողությունը, որ կատարվեց Էդմոնդի հետևում գտնվող նրբուղում, Բլեթհերզ, ― ասաց միստր Դաֆֆը՝ օգնելով, որ իր աշխատակիցը հիշի։
― Դա էլ սրա նման մի բան էր, այնպես չէ՞, ― վրա բերեց Բլեթհերզը, ― և Քոնքի Չիքվիդի ձեռքի գործը։
― Դու այդ գործը միշտ էլ նրան ես վերագրել, ― պատասխանեց Դաֆֆը։ ― Իսկ ես քեզ ասում եմ, որ դա Ֆեմիլի Փեթի գործն էր։ Քոնքին այդ գործում բոլորովին մասնակցություն չի ունեցել։
― Բա՛ն ասացիր, ― տաքացավ միստր Բլեթհերզը։ ― Ես ավելի լավ գիտեմ։ Հիշո՞ւմ ես, թե ինչպես Քոնքիի փողը գողացան։ Ի՜նչ զգայացունց եղելություն էր։ Ոչ մի վեպ այդքան հետաքրքիր չի եղել։
― Ինչպե՞ս պատահեց, ― հարցրեց Ռոզը, ցանկանալով քաջալերել անդուր հյուրերի լավ տրամադրությունը։
― Դա մի գողություն էր, միսս, որը դժվար թե որևէ մեկը կարողանար հասկանալ, ― ասաց Բլեթհերզը։ ― Այս Քոնքի Չիքվիդը․․․
― Քոնքի նշանակում է քթավոր, տիկի՛ն, ― ընդմիջեց Դաֆֆը։
― Անշուշտ այդ բառը լեդիին հասկանալի է, այնպես չէ՞, ― հարցրեց միստր Բլեթհերզը։ ― Անվերջ ընդհատում ես ինձ, բարեկամս։ Ուրեմն, այս Քոնքի Չիքվիդը, միսս, Բեթլ Բրիջի ճանապարհին ուներ մի գինետուն ու մի մառան։ Այդ մառանում մեծ թվով երիտասարդ ջենթլմեններ հավաքվում էին աքլորակռիվ դիտելու կամ, բախտախաղով ու նման ժամանցներով զբաղվելու։ Այդ խաղերը ղեկավարում էին շատ վարժ կերպով, քանի որ ես ինքս հաճախ ներկա եմ գտնվել։ Այս դեպքը պատահած ժամանակ նա դեռևս գողերի խմբի մեջ չէր մտնում։ Մի գիշեր նրանից գողանում են երեք հարյուր քսանյոթ գինեա, որը նա պահում էր կտավե մի տոպրակում։ Ինչ֊որ բարձրահասակ մարդ, որի աչքի մեկը ծածկված է լինում սև շորով, թաքնվում է նրա մահճակալի տակ և գողությունը խուլ գիշերին կատարելուց հետո դուրս է ցատկում սենյակի լուսամուտից, որը լինում է երկրորդ հարկում։ Նա այդ կատարում է շատ արագ, բայց Քոնքին էլ չի դանդաղում։ Աղմուկից զարթնելով, նա տեղից վեր է թռչում և կրակում նրա հետևից՝ ամբողջ թաղը ոտքի հանելով։ Նրանք սկսում են վազել գողի հետևից, բայց շուտով տեսնում են, որ Քոնքին արդեն վիրավորել է նրան, քանի որ ամբողջ ճանապարհը, մինչև բավական հեռու գտնվող ինչ֊որ ցանկապատ, ծածկված է լինում արյան հետքերով, իսկ այնտեղ հետքերը կորչում են։ Համենայն դեպս, գողը իր ավարով փախած էր, հետևաբար, արտոնյալ խմիչք վաճառող միստր Չիքվիդի անունը հրապարակվեց «Գազեթում», մյուս սնանկացած մարդկանց շարքում, և ամեն տեսակ նպաստներ ու հանգանակություններ և չգիտեմ էլ ինչեր չարվեցին այդ խեղճ մարդու համար։ Իր կորուստի պատճառով նա գտնվում էր շատ ծանր հոգեկան տագնապի մեջ և ծայրահեղ հուսահատության մատնված՝ մազերը փետելով մի քանի օր շարունակ մոլորված թափառում էր փողոցներում։ Մի օր նա խուճապահար գալիս է ոստիկանանտուն և առանձին տեսակցում ոստիկանապետի հետ, որը երկար զրույցից հետո զանգը հնչեցնում և կարգադրում է Ջեմ Սփայերզին (Ջեմը ակտիվ գործակալ էր)` գնալ և օգնել միստր Չիքվիդին գողին գտնելու և ձերբակալելու գործում։ «Ես նրան տեսա, Սփայերզ, ― ասում է Չիքվիդը, ― երեկ առավոտ նա իմ տան առջևով անցավ»։ «Իսկ ինչո՞ւ օձիքից չբռնեցիր», ― ասում է Սփայերզը։ «Այնքան շփոթված էի, որ կարող էր գանգս մի փետուրով փշրել», ― ասում է խեղճ մարդը։ «Բայց մենք անպայման կբռնենք նրան, որովհետև գիշերվա ժամը տասի և տասնմեկի միջև նա նորից անցավ»։ Սփայերզը, այս խոսքերը լսելով և մտածելով, որ թերևս մի քանի օր հարկադրված կլինի այնտեղ մնալ, մի ձեռք սպիտակեղեն և մի սանր է վերցնում ու ճանապարհ ընկնում։ Տեղ հասնելով, նա թաքնվում է գինետան լուսամուտներից մեկի կարմիր վարագույրի հետևը՝ առանց գլխարկը հանելու, որպեսզի հարկ եղած րոպեին կարողանա իսկույն դուրս պրծնել։ Ուշ գիշերին, երբ նա այնտեղ նստած գլանակ է ծխելիս լինում, Չիքվիդը հանկարծ որոտում է․ «Ահա՛ գողը, բռնեցե՛ք նրան։ Մարդասպանությո՜ւն»։ Ջեմ Սփայերզը դուրս է վազում և տեսնում, որ Չիքվիդը, բարձրագոչ կանչերով, խուճապահար սլանում է փողոցներով։ Շտապում է Սփայերզը, վազում է Չիքվիդը, հավաքվում են մարդիկ, բոլորը որոտագին գոչում են «գողե՜ր», ինչպես նաև ինքը՝ Չիքվիդը ամբողջ ժամանակ դիվահարի նման գոռալով կրկնում է նույնը։ Բայց ինչ֊որ անկյուն շուռ գալու ժամանակ Սփայերզը մի րոպե կորցնում է նրան, տեսնում է մարդկանց փոքր մի խումբ, մտնում է նրանց մեջ․ «Սրանցից ո՞ր մեկն է գողը», ― հարցնում է անհամբերությամբ։ «Սատանան տանի, ― ասում է Չիքվիդը, ― նորից անհետացավ»։ Շատ զարմանալի երևույթ, բայց գողը ոչ մի տեղ չի երևում, հետևաբար, նրանք վերադառնում են գինետուն։ Հաջորդ առավոտ Սփայերզը դարձյալ գրավում է իր նախկին տեղը և վարագույրի հետևը դարանում՝ տեսնելու մեկ աչքը սև կտորով ծածկված բարձրահասակ մարդուն։ Նա այնքան լարված է նայում, որ երկու աչքերն էլ սկսում են ցավել, և երբ փոքր ինչ հանգստանալու համար մի րոպե փակում է, նույն պահին լսում է Չիքվիդի բարձրագոչ աղաղակը՝ «Գողը այնտե՜ղ է»։ Սփայերզը նորից է սկսում վազել, մինչդեռ Չիքվիդը փողոցի կեսը անցած է լինում։ Ապա նախորդ օրվանից կրկնապատիկ տարածություն վազելուց հետո այդ մարդը նորից անհետանում է։ Այսպես կրկնվում է մեկ կամ երկու անգամ ևս, մինչև հարևանների մի մասը հայտարարում է, թե սատանան է կողոպտել միստր Չիգվիդին և այժմ խաղեր է խաղում նրա հետ, իսկ մյուս մասը թե՝ խեղճ միստր Չիքվիգը վշտից խելագարվել է։
― Իսկ Ջեմ Սփայերզը ի՞նչ ասաց, ― հարցրեց բժիշկը, որը պատմությունն սկսելուց մի քիչ հետո վերադարձել էր սենյակ։
― Ջեմ Սպայերզը, ― շարունակեց գործակալը, ― երկար ժամանակ ոչինչ չէր ասում, ամեն ինչ ականջ էր դնում, այնպես ձևացնելով, իբրև թե ոչնչի ուշադրություն չի դարձնում, բայց ինչպես երևում էր, նա գործը լավ գիտեր։ Մի առավոտ նա մտավ գինետուն և իր քթախոտի տուփը հանելով՝ ասաց․ «Չիքվիդ, ես գողին գտել եմ»։ «Իսկապե՞ս ― ասաց Չիքվիդը։ ― Օ՜հ, սիրելի՛դ իմ Սփայերզ, միայն թող վրեժս լուծեմ, ապա հանգիստ մեռնեմ։ Օ՜հ, սիրելի՛դ իմ Սփայերզ, որտե՞ղ է այդ սրիկան»։ «Գիտե՞ս ինչ, ― ասաց Սփայերզը, մի պտղունձ քթախոտ մատուցելով նրան, ― վերջ տուր խարդավանքներիդ։ Ինքդ ես արել գողությունը»։ Եվ այդպես էլ էր։ Նա բավականին մեծ գումար էր շահել այդ միջոցով, և ոչ ոք բնավ չէր իմանա այդ մասին, եթե նա երևույթները փրկելու համար այնքան դերասանություն արած չլիներ, ― ասաց միստր Բլեթհերզը, գինու բաժակը ցած դնելով և ձեռնաշղթաները շրխկացնելով։
― Իրոք որ շատ զարմանալի է, ― նկատեց բժիշկը։ ― Այժմ, եթե կցանկանաք, կարող եք բարձրանալ վերև։
― Եթե դո՛ւք կցանկանաք, ― պատասխանեց միստր Բլեթհերզը։ Ապա միստր Լոզբերնին կրնկնակոխ հետևելով, երկու ոստիկանները բարձրացան Օլիվերի սենյակը։ Միստր Ջայլսը, վառված մի մոմով, խմբի առջևից էր գնում։
Օլիվերը քնից նոր էր զարթնել, բայց տենդը ավելի սաստկացած և դրությունը ավելի վատթարացած էր երևում։ Նա բժշկի օգնությամբ հազիվ նստեց անկողնում և շփոթված շուրջը նայեց, չհասկանալով, թե ինչ է կատարվում, ավելին, անգամ չհիշելով, թե որտեղ է գտնվում և ինչ է պատահել իր հետ։
― Ահա նայեցեք, ― ասաց միստր Լոզբերնը, մեղմ, բայց խիստ ձայնով, ― սա այն տղան է, որ մեր հարևանության մեջ գտնվող միստր ֊Չգիտեմ֊ինչի կալվածում ինչ֊որ տղայական ոտնձգության միջոցին ինքնաձիգ զենքով պատահաբար վիրավորվելով, օգնության համար այստեղ է դիմել այս առավոտ, և մոմը պահող այդ հնարագետ ջենթլմենը նրան ձերբակալել է և վատ է վերաբերվել, որի պատճառով տղայի կյանքը լուրջ վտանգի մեջ է, ինչպես, որպես բժիշկ, ես այդ կարող եմ հաստատել։
Պարոնայք Բլեթհերզն ու Դաֆֆը նայեցին Ջայլսին, երբ նա այդ ձևով հանձնարարվեց նրանց ուշադրությանը։ Շփոթված մատակարարը, որի աչքերում ծիծաղելիորեն միախառնված էին սարսափն ու զարմանքը, սևեռուն հայացքը նրանցից փոխադրեց Օլիվերի վրա, իսկ Օլիվերից՝ միստր Լոզբերնի։
― Հո չես ժխտում քո արածը, ― ասաց բժիշկը, Օլիվերին զգուշությամբ պառկեցնելով անկողնում։
― Ես այդ բոլորը արեցի մտածելով, որ ճիշտ եմ վարվում, սը՛ր, ― պատասխանեց Ջայլսը։ ― Ես համոզված էի, որ նա հենց այդ տղան է, այլապես բոլորովին չէի միջամտի։ Ես քարասիրտ մարդ չեմ, սը՛ր։
― Ո՞ր տղան է, ― հարցրեց ավագ գործակալը։
― Ավազակի տղան, սը՛ր, ― պատասխանեց Ջայլսը։ ― Նրանք, նրանք, իհարկե, մի տղա ունեին իրենց հետ։
― Դու այժմ էլ այդպես կարծո՞ւմ ես, ― հարցրեց Բլեթհերզը։
― Այժմ ի՞նչ եմ կարծում, սը՛ր, ― մտացիր՝ հարցաքննողին նայելով պատասխանեց Ջայլսը։
― Որ սա այն միևնույն տղան է, ապուշի՛ գլուխ, ― անհամբերությամբ վրա բերեց Բլեթհերզը։
― Չգիտեմ, իսկապես չգիտեմ, ― ողբալի տեսքով ասաց Ջայլսը։ ― Կարծում եմ, որ միևնույն տղան չէ։
― Ի՞նչ ես մտածում, ― հարցրեց միստր Բլեթհերզը։
― Չգիտեմ ինչ մտածեմ, ― պատասխանեց խեղճ Ջայլսը։ ― Չեմ կարծում, որ նա է։ Իսկապես, գրեթե վստահ եմ, որ նա չէ։ Դուք էլ գիտեք, որ այդպիսի բան չի կարող լինել։
― Այս մարդը հարբա՞ծ է, ինչ է, սը՛ր, ― հարցրեց Բլեթհերզը դառնալով բժշկին։
― Ինչ հաստագլուխն ես, հա՜, ― ծայրահեղ արհամարհանքով ասաց Դաֆֆը՝ խոսքն ուղղելով միստր Ջայլսին։
Այս կարճ երկխոսության ընթացքում, միստր Լոզբերնը զբաղված էր հիվանդի բազկերակը քննելով․ բայց վեր կենալով անկողնու մոտ գտնվող աթոռից, ասաց, որ եթե գործակալները այդ նյութի շուրջը որևէ կասկած ունեն, արդյոք չե՞ն ցանկանա անցնել կողքի սենյակը՝ Բրիտըլզի հետ հանգամանորեն խոսելու։
Այս առաջարկությունը ընդունելով, նրանք գնացին հարակից սենյակը, ուր կանչվեց նաև Բրիտըլզը։ Պատասխանելով նրանց հարցերին, միստր Բրիտըլզը հակասական և անհնարին այնպիսի նորանոր բաներ ասաց, որ և՛ ինքը, և՛ իր հարգելի վերադասը կորան խառնաշփոթ արտահայտությունների լաբիրինթոսի մեջ։ Ոչ մի բան չբացահայտվեց, բացառությամբ, որ ինքը մտացրիվ է, որ ավազակի տղային բոլորովին չի կարող ճանաչել, անգամ եթե այդ պահին նա կանգնած լինի իր առջև, որ ինքը Օլիվերին ընդունել է այդ տղայի փոխարեն պարզապես այն պատճառով, որ միստր Ջայլսն է այդպես ասել, իսկ միստր Ջայլսը հինգ րոպե առաջ խոհանոցում երկյուղ է հայտնել, թե ինքը բավակաբաչափ շտապել է իր կարծիքի մեջ։
Ապա բազմաթիվ հանճարեղ ենթադրությունների շարքում ծագեց նաև այսպիսի հարց, թե արդյոք միստր Ջայլսը իսկապե՞ս կրակել է որևէ մեկի վրա։ Երբ նրա օգտագործած ատրճանակը ստուգման ենթարկվեց, պարզվեց, որ գունավոր թղթից և վառոդից բացի ոչ մի ուրիշ վնասակար նյութ չկար այնտեղ։ Այս հայտնությունը բոլորի վրա նկատելի ազդեցություն գործեց, բացառությամբ բժկի, որը տասը րոպե առաջ գնդակը հանել էր։ Այդ բանը առավելապես մեծ տպավորություն գործեց իր՝ միստր Ջայլսի վրա, որովհետև վերջին մի քանի ժամվա ընթացքում նա մեծ տագնապի մեջ էր ընկել, վախենալով, թե մահացու վիրավորել է որևէ մեկին, հետևաբար, նա ամբողջ հոգով կառչեց այս նոր մտքից։ Վերջապես, գործակալները, համարյա մոռանալով Օլիվերի մասին, Չերթսիի տեղական ոստիկանին թողեցին այնտեղ և խոստանալով առավոտյան վերադառնալ, գնացին քաղաքում գիշերելու։
Առավոտյան տարածվեց այսպիսի լուր, թե արգելափակված են երկու մարդ և մի մանուկ, որոնց ձերբակալել էին անցյալ գիշեր կասկածելի հանգամանքներում։ Հետևաբար, պարոնայք Բլեթհերզն ու Դաֆֆը իսկույն ուղևորվեցին այնտեղ։ Ի դեպ, այդ կասկածելի հանգամանքները հետաքննության ենթարկելով՝ պարզվեց, որ նրանց գտել էին խոտի դեզի տակ քնած, որը թեև մեծ հանցագործություն է, բայց պատժվում է միայն բանտարկությամբ և, դատելով անգլիական գթառատ օրենքների տեսանկյունից և այդ օրենքների դեպի թագավորի հպատակները տածած անսահման սիրուց, բավականաչափ ապացույց չի համարվում, երբ բացակայում են անհրաժեշտ այլ փաստեր, որ քնած մարդը կամ քնած մարդիկ կատարել են գողություն բռնությամբ, հետևաբար արժանի են մահապատժի։ Այսպիսով, պարոնայք Բլեթհերզն ու Դաֆֆը Չերթսի վերադարձան առաջվանից ոչ ավելի իմաստուն։
Կարճ ասած, հարցը բավական երկար քննելուց և այդ մասին առավել ևս երկար խոսելուց հետո միստր Լոզբերնը և միսիս Մեյլին տեղական ոստիկանական դատավորի ներկայությամբ միասնաբար երաշխավորեցին, որ Օլիվերը որևէ պահանջի դեպքում կներկայանա ոստիկանատուն, ապա Բլեթհերզն ու Դաֆֆը, երկու գինեա վարձատրություն ստանալով, վերադարձան քաղաք, իրենց արշավանքի նկատմամբ երկու տարբեր կարծիքներով։ Վերջին ջենթլմենը, բոլոր հանգամանքները լուրջ դատելուց հետո, պաշտպանում էր այն թեզը, որ գողության փորձը կատարել էր Ֆեմիլի Փեթը, իսկ առաջին ջենթլմենը հավասարապես տրամադիր էր այդ ամբողջ արժանիքը վերագրելու հռչակավոր Քոնքի Չիքվիդին։
Մինչ այդ, Օլիվերը աստիճանաբար ապաքինվեց ու կազդուրվեց միսիս Մեյլիի, Ռոզի և բարեսիրտ միստր Լոզբերնի միացյալ հոգածությամբ շրջապատված։ Եթե շնորհապարտ սրտերից բխած ջերմեռանդ աղոթքները արձագանք են գտնում երկնքում, ― իսկ եթե նման աղոթքները արձագանք չգտնեն, էլ ինչու դիմել աստծուն, ― ապա այն օրհնությունները, որ խեղճ որբուկը հայցեց իր բարերարների համար, սուզվեցին նրանց հոգիների մեջ՝ սփռելով խաղաղություն և երջանկություն։
Комментариев нет:
Отправить комментарий