ԱՆՏԱՌԻ ՏՆԱԿԸ
(ԳՐԻՄՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ)
Մի խոր անտառի բերանում մի խրճիթ է լինում։ Էն խրճիթում կնկա ու երեք աղջիկների հետ ապրելիս է լինում մի աղքատ փայտահատ։
Մի առավոտ, գործի գնալիս, կնկանն ասում է.— Ա՛յ կնիկ, էսօր բանս մինչև կեսօր չեմ վերջացնիլ. մեր մեծ աղջկա հետ ինձ համար ճաշ կուղարկես անտառը։ Ես էլ հետս մի տոպրակ կորեկ կվերցնեմ, շաղ տալով կերթամ, որ էն նշանովը գա ու ճամփեն չկորցնի։
Ճաշ է դառնում թե չէ՝ մեծ աղջիկը կերակուրն առնում է, ճամփա ընկնում։ Բայց ծտերը, արտույտները, սարեկներն ու դեղձանիկները շաղ տված կորեկն արդեն վեր քաղած են լինում, ու աղջիկը չի կարողանում հոր հետքը գտնի։ Գնում է, գնում, մինչև արևը մեր է մտնում ու մութը վրա է հասնում անտառում։ Ծառերը շրշում են խավարում, բուերը կանչում, կռնչում, ու աղջիկը սկսում է վախենալ։
Մին էլ տեսնում է՝ հեռվում, ծառերի արանքից մի կրակ է փայլփլում։
— Էնտեղ երևի մարդիկ են ապրում, գնամ նրանց մոտ մնամ էս գիշեր,— մտածում է աղջիկն ու գնում էն կրակի վրա։
Գնում է հասնում մի տնակի, դուռը ծեծում է։
— Ո՞վ ես, ներս արի,— կանչում է ներսից մի ձայն։ Աղջիկը ներս է մտնում, տեսնում՝ հրես նստած մի ալևոր մարդ, գլուխը կախ արած, սպիտակ միրուքը ալիքաձև, իջնում է մինչև գետին։ Իսկ էն կողմը մի չալ կով, մի հավ ու մի աքլոր։
Աղջիկը պատմում է ծերին, թե ինչպես է ինքը մոլորվել անտառում, ու խնդրում է, որ տեղ տան գիշերը մնալու։
Ծերունին դիմում է իր կենդանիներին.
— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։
Կենդանիները միասին պատասխանում են.— Լա՜վ։
Էն ժամանակ ծերունին աղջկանն ասում է.
— Համեցե՛ք, մեր աչքի վրա, սիրուն աղջիկ, մեր դուռը բաց է, տունը լիքը։ Համեցե՛ք, մոտեցիր օջախին, կերակուր շինի մեզ համար էլ, քեզ համար էլ։
Աղջիկը մտնում է խոհանոց և, ճիշտ որ, ամեն բան գտնում է առատ-առատ։ Մի լավ ընթրիք է պատրաստում, բերում է ծերունու առաջ լիքը սեղան է բաց անում, ինքն էլ նրա հետ նստում, ուտում, խմում, կշտանում։ Որ կշտանում է պրծնում.— Բա ես հոգնած եմ,— ասում է,— հիմի ո՞րտեղ քնեմ։— Էստեղ կովը, հավն ու աքլորը պատասխանում են։
— Ողջ դրա հետ դու կերար
Ու խըմեցիր, ինչ որ կար,
Մըտիկ չարիր իսկի մեզ.
Գընա, քընի ուր կուզես։
Ու խըմեցիր, ինչ որ կար,
Մըտիկ չարիր իսկի մեզ.
Գընա, քընի ուր կուզես։
Էն ժամանակ ծերունին ասում է.
— Բարձրացի, սանդուղքի գլխին մի սենյակ կա։ Էն սենյակում երկու անկողին կա. անկողինները պատրաստի, ես էլ կգամ, կքնենք։
Աղջիկը վերև է բարձրանում, անկողինները գցում, ու էլ ծերունուն չի սպասում, ինքը պառկում է քնում։ Մի քիչ հետո ծերունին գալիս է, մոմի լուսով նայում է աղջկանը ու գլուխը ժաժ է տալի։ Գիշերվա մի ժամանակ, երբ տեսնում է խորը քնած է, մահճակալի տակին մի գաղտնի դուռն է լինում, բաց է անում, աղջկանը թողնում ցած ու կրկին փակում։
Փայտահատը իրիկունը տուն է գալի, բարկանում է կնկա վրա, որ իրեն ամբողջ օրը սոված է թողել։
— Ես ինչ անեմ,— պատասխանում է կինը,— ճաշը տվել եմ մեր մեծ ադջկանը՝ ղրկել, ինչպես երևում է, ճամփեն կորցրել է, չի գտել, ինքն էլ ետ չի եկել դեռ։
Փայտաոատը մյուս օրն էլ առավոտյան վաղ վեր է կենում գնում անտառը։ Պատվիրում է, որ էս անգամ միջնեկ աղջիկը տանի ճաշը։
— Էսօր հետս ոսպ կվերցնեմ,— ասում է,— որ ճամփին շաղ տամ։ Ոսպը կորեկից խոշոր է, աղջիկս հեշտ կտեսնի ու ճամփեն չի կորցնիլ։
Կեսօրին միջնեկ աղջիկը ճաշն առնում է ճամփա ընկնում։ Գնում է, գնում, ոչ մի տեղ ոսպ չի գտնում։ Դու մի ասիլ՝ դարձյալ թռչունները կերել են, մի հատ էլ չեն թողել։
Աղջիկն անտառում թափառում է, թափառում, գիշերը ընկնում էլի նույն ծերունու մոտ, հաց ու քնելու տեղ է խնդրում։ Ծերունին դիմում է կովին, հավին ու աքլորին.
— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։
— Լա՜վ,— պատասխանում են կենդանիները։ Միջնեկ քույրն էլ, մեծ քրոջ նման ընթրիք է պատրաստում, ծերի հետ ուտում, խմում-կշտանում. կենդանիների վրա ուշք էլ չի դարձնում։ Երբ հարցնում է, թե՝ որտեղ պիտի քնեմ, կենդանիները պատասխանում են.
— Ողջ դրա հետ դու կերար,
Ու խըմեցիր, ինչ որ կար,
Մըտիկ չարիր իսկի մեզ,
Գընա, քընի ուր կուզես։
Ու խըմեցիր, ինչ որ կար,
Մըտիկ չարիր իսկի մեզ,
Գընա, քընի ուր կուզես։
Հենց նա էլ գնում է թե չէ, ետևից գնում է ծերունին, գլուխը թափահարում ու դարձյալ թողնում է ներքև։
Երրորդ առավոտը փայտահատը կնկանն ասում է.
— Էսօր մեր փոքրիկ աղջկա ձեռքով ղրկի ճաշը։ Նա բարի է ու ականջով։ Նա ճամփեն կգտնի, իր քույրերի նման չի, որ դեսուդեն ընկնի։
Մայրը չի ուզում երրորդ աղջկանն էլ անտառը ղրկի։ Լաց է լինում, ասում է.
— Աչքիս սև ու սպիտակը սա է մնացել, ինչու ես ուզում սրան էլ կորցնես մեծերի նման։
— Դու հանգիստ կաց,— ասում է փայտահատը,— սա կորչիլ չի, սա էնպես խելոք է որ... ես էլ էսօր հետս սիսեռ կտանեմ ճամփին շաղ տալու։ Սիսեռը ոսպ հո չի, նրանով անպատճառ ճամփեն կգտնի։
Բայց երբ աղջիկը ճաշն առած անտառն է մտնում, թռչուններն արդեն սիսեռը կերած են լինում։ Աղջիկը մնում է տարակուսած, չի իմանում՝ ո՛ր կողմը գնա։ Մտածում է, դարդ է անում, թե հիմի հայրը կսովի, մայրը լաց կլինի...
Ման է գալի ման, հորը չի գտնում։ Երբ մութը ընկնում է, հեռվից տեսնում է անտառի տնակի լույսն ու գնում է էն լույսի վրա։ Մտնում է ներս, տեղ է խնդրում, ու ալեհեր ծերունին դարձյալ դիմում է իր կենդանիներին։
— Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։
— Լա՜վ...— պատասխանում են կենդանիները։ Էն ժամանակ աղջիկը մոտենում է, գուրգուրում հավին ու աքլորին, կովի ճակատը քորում։ Ծերի պատվերով ընթրիք է պատրաստում, դնում է սեղանին ու ասում.
— Ինչո՞ւ ես պետք է ուտեմ, էս բարի կենդանիները քաղցած նայեն։
Գնում է, կուտ բերում ածում հավի ու աքլորի առջև, կովի համար էլ մի խորոմ խոտ։
— Կերեք,— ասում է,— իմ սիրելիք, այ հիմի ջուր էլ կբերեմ։— Գնում է մի դույլ ջուր էլ բերում դնում առաջները։
Ամենքին կշտացնում է, նոր ինքն է նստում ուտում, ինչ որ թողել էր ծերունին։ Իսկ երբ քնելու ժամանակը գալիս է, ասում է.
— ժամանակը չի՞ արդյոք, որ ամենքս էլ հանգստանանք...
Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։
Չալ ու նախշուն իմ կովիկ,
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սըրան։
— Լա վ,— պատասխանում են կենդանիները.
— Մեզ հետ կերար դու միասին
Ու հոգացիր մեր մասին,
Բարի գիշեր քեզ, բարի,
Մուրազդ աստված կատարի։
Ու հոգացիր մեր մասին,
Բարի գիշեր քեզ, բարի,
Մուրազդ աստված կատարի։
Էստեղ աղջիկը բարձրանում է վերև, անկողինները պատրաստում։ Ծերունին գալիս է քնում։ Ինքն էլ մյուս մահճակալին է պառկում ու քուն մտնում հանգիստ։
Գիշերվա մի ժամանակ տունը հանկարծ դղրդում է, կարծես քանդվում ու տակն ու վրա է լինում։ Աղջիկը վախեցած զարթնում է, բայց աղմուկն անցնում է, ինքն էլ քնում է նորից։
Առավոտը աչքը բաց է անում՝ ի՜նչ է տեսնում։ Տեսնում է պառկած մի մեծ, շքեղ զարդարած ու կահավորված դահլիճում, շուրջը թավիշ ու ոսկի, հարավային փարթամ բույսեր ու ծաղիկներ այրվում վառվում են առավոտյան արևի ճառագայթների տակ։ Տեսնում է, բայց աչքերին չի հավատում, ասում է՝ երազի մեջ եմ երևի։ Էսպես մտածելիս ներս են մտնում երեք ճոխ հագնված ծառաներ, խոնարհ գլուխ են տալի ու հարցնում.
— Ի՞նչ կհրամայեք, տիրուհի։
— Լա՛վ, լա՛վ, գնացեք,— պատասխանում է քնաթաթախ աղջիկը,— հիմի վեր կկենամ, ծերունու համար կերակուր կպատրաստեմ, կովին, հավին ու աքլորին կհոգամ։
Կարծում է, թե ծերունին էլ արդեն վեր է կացել։ Նայում է նրա անկողնին, տեսնում է՝ ծերունին չկա, տեղը պառկած է մի օտար ջահել ու գեղեցիկ երիտասարդ...
Եվ ահա երիտասարդը աչքերը բաց է անում ու էսպես խոսում զարմացած աղջկա հետ.
— Լսի, սիրուն աղջիկ։ Ես էս երկրի թագավորի որդին եմ։ Չար վհուկը կախարդել էր ինձ ու դատապարտել, որ ես ծերի կերպարանքով ապրեի անտառում, ոչ ոք էլ չլիներ ինձ հետ, բացի իմ երեք ծառաները, նրանք էլ կովի, հավի ու աքլորի կերպարանքով։
Եվ էդպես պետք է մնայինք, մինչև հայտնվեր էն բարի աղջիկը, էն քնքուշ սիրտը, որ ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին լիներ սիրող ու կարեկից...
Էն աղջիկը դու եղար։
Քո շնորհիվ էս գիշեր կեսգիշերին, մենք ամենքս ազատվեցինք կախարդանքից ու իմ պալատը, որ դարձել էր անտառի մի հին տնակ, նորից դարձավ առաջվան պալատը։
Ու կանչում է թագավորն իր ծառաներին, որ գնան աղջկա ծնողներին բերեն հարսանիքին։
— Բայց ո՞րտեղ են իմ քույրերը,— հարցնում է աղջիկը։
— Նրանց ես փակել եմ ներքնահարկում,— պատասխանում է երիտասարդը։— Էգուց կուղարկեմ անտառը, էնտեղ ածխարարի մոտ ծառայեն ու էնքան մնան, մինչև որ դառնան ավելի բարի ու սովորեն մտածել կենդանիների մասին։
ԵՐԵՔ ԱՐՋԻ ՀԵՔԻԱԹԸ
(ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ)
1
Մի աղջիկ է լինում, էս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը։ Անտառում մոլորվում է, ճամփի է ման գալիս՝ ճամփա չի գտնում, ու գալիս է դեմ առնում մի տնակի։
Դուռը բաց է լինում։ Նայում է, տեսնում է տանը ոչ ոք չկա։
Ներս է մտնում։ Դու մի՛ ասիլ՝ էս տնակում երեք արջ են ապրում՝ հերը, մերը և իրանց քոթոթը։ Էդ ժամանակ գնացած են լինում անտառը ման գալու։ Տնակը ունենում է երկու սենյակ՝ մինը սեղանատուն, մյուսը ննջարան։
Էս աղջիկը սեղանատունն է մտնում, տեսնում է սեղանի վրա դրած երեք աման ապուր։ Առաջինը՝ հոր ամանը, մեծ է լինում, երկրորդը՝ մոր ամանը, միջակ, երրորդը՝ քոթոթի ամանը, փոքրիկ։ Ամեն մի ամանի մոտ էլ մի-մի գդալ է լինում դրած՝ մեծ, միջակ ու փոքր։
Աղջիկը առնում է մեծ գդալը, ուտում է մեծ ամանից, անհամ է լինում։
Հետո վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալի։
Հետո վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից։ Տեսնում է փոքր ամանի ապուրը համով է։
Ուզում է նստի՝ տեսնում է երեք աթոռ` մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։ Բարձրանում է մեծ աթոռին՝ վեր է ընկնում։ Նստում է միջակ աթոռին՝ տեսնում է անհարմար է։ Նստում է փոքր աթոռին, քեֆը գալիս է, էնքան լավն է լինում։ Վերցնում է փոքր ամանը, դնում է ծնկներին ու սկսում է փոքր գդալով ուտել։
Ուտում է կշտանում ու սկսում է օրորվել աթոռի վրա։ Աթոռը կոտրվում է, աղջիկը վեր է ընկնում։
Վեր է կենում, աթոռը ետ բարձրացնում ու մտնում մյուս սենյակը։
Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում, մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։
Պառկում է մեծ մահճակալի վրա՝ տեսնում է շատ է լեն։ Միջակի վրա է պառկում՝ տեսնում է շատ է բարձր։ Փոքրի վրա պառկում, տեսնում է հենց իրենն է որ կա, ու քնում է։
Արջերը քաղցած գալիս են, որ ճաշեն։ Հերը մոտենում է իր ամանին, մտիկ անում ու զարհուրելի գոռում.
— Էս ո՞վ է կերել իմ ամանից։
Մերը մտիկ է անում իր ամանին ու փնթփնթում.
— Էս ո՞վ է կերել իմ ամանից։
Քոթոթն էլ, որ տեսնում է իր դատարկ ամանը, ծըմըրում է.
— Էս ո՞վ է կերել իմ ապուրը։
Հերը նայում է իր աթոռին ու գոռում.
— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Մերն է նայում իր աթոռին ու փնթփնթում.
— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Քոթոթն է նայում իր կոտրած աթոռին ու ծըմըրում է.
— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու կոտրել։ Մտնում են մյուս սենյակը։
Հերը նայում է իր մահճակալին ու զարհուրելի գոռում.
— Էս ո՞վ է պառկել իմ անկողնին ու տրորել։ Մերը նայում է իր մահճակալին ու փնթփնթում.
— Էս ո՞վ է պառկել իմ անկողնի վրա ու տրորել։ Քոթոթն է նայում իր անկողնին ու ծըմըրում.
— Էս ո՞վ է պառկել իմ անկողնում։
Հանկարծ աղջկանը նկատում է ու էնպես ճղղում, կարծես թե մորթում էին իրեն։
— Էս ո՞վ է... գտել եմ... հրես բռնեցեք... վայ... վայ... բռնեցեք։
Եվ ուզում է աղջկանը կծի։ Աղջիկը վախից վեր է թռչում, աչքերը բաց անում, տեսնում է՝ պառկած է իրենց տանը, իր ննջարանում։ Ու էս բոլորը երազ է եղել։
ՓՈՔՐԻԿ ՁԿՆՈՐՍԸ
(ՃԱՊՈՆԱԿԱՆ)
Շա՜տ-շատ տարի առաջ ճապոնական ծովի ափին մի ջահել ձկնորս է լինում, անունը Ուրաշիմա։ Մի լավ ու բարի տղա է լինում Ուրաշիման և հմուտ ուռկան ու կարթ գցող։
Մի անգամ գնում է ձուկ բռնելու։ Ձկան տեղ ջրից հանում է ի՞նչ եք կարծում, ի՞նչ... Մի մեծ, ահագին կրիա։ Բայց էստեղ ձեզ դեռ մի բան պիտի ասեմ, որ գուցե դուք չգիտեք, էդ էն է, որ կրիաները ապրում են մինչև հազար տարի։
Ուրաշիման իրեն-իրեն միտք է անում, թե՝ ավելի լավ էր սրա տեղը մի ձուկը բռնեի, գոնե ճաշին կուտեի։ Իսկ սրան ի՞նչ անեմ, ինչո՞ւ սպանեմ էս խեղճ կենդանուն, ինչո՞ւ արգելեմ դեռ ինը հարյուր իննսունինը տարի էլ ապրելու։ ՉԷ, Էդպես խստասիրտ չեմ լինիլ։ Ես գիտեմ, էդ իմ մորն էլ չի դուր գալ։
Ու կրիան կրկին գցում Է ծովը։
Սրանից հետո Ուրաշիման քնում Է իր նավակում։ Օրն էլ ամառվա էն տաք օրերից է լինում, երբ ամեն մարդ ուզում է ճաշից հետո մի քիչ քնի։ Քնած ժամանակ ծովի անդունդից դուրս է գալիս մի սիրուն աղջիկ, մտնում է նավակն ու ասում,
— Լսի՛, Ուրաշիմա. ես ծովի թագավորի աղջիկն եմ, իմ հոր հետ ապրում եմ ծովի հատակին, վիշապների ապարանքում։ Ոչ թե կրիա էր քո բռնածը, այլ ես էի։ Իմ հայրը, ծովի աստվածը, ուղարկել էր ինձ փորձով իմանալու՝ դու բարի՞ ես թե չէ։ Մենք այժմ գիտենք, որ դու մի լավ ու բարի տղա ես, որ երբեք խստասիրտ չես կարող լինել, և աոա ես եկել եմ քո ետևից։ Եթե կուզես՝ եկ ամուսնացիր ինձ հետ ու հազար տարով բախտավոր ապրենք կապույտ ծովի հատակին, վիշապների ապարանքում։
Էստեղ թիակն առավ Ուրաշիման, մյուս թիակն աոավ ծովի թագավորի աղջիկն ու երկար թիավարում էին, մինչև հասան ծովի տակի վիշապների ապարանքը, ուր բնակվում էր ծովի աստվածն ու իշխում էր վիշապների, կրիաների ու ձկների վրա։
Ա՜խ, ի՜նչ լավ էր էնտեղ։ Պատերը մարջանից էին, ծառերի տերևները՝ զմրուխտից, պտուղները՝ հակինթից, ձկների թեփերը՝ արծաթից, վիշապների տըտները մաքուր ոսկուց։ Ու էդ ամենը պատկանում էին Ուրաշիմային, որովհետև նա ծովի աստծու փեսան էր, չքնաղ Սեն-Նինիի ամուսինն էր։ Ու ապրում էին անհոգ, երջանիկ։ Միայն հայրենի երկրի ու հարազատների կարոտը մտել էր Ուրաշիմայի սիրտը և զորանում էր օրեցօր։
Անցավ երեք տարի։ Մի առավոտ էլ Ուրաշիման ասավ.
— Ես շատ եմ բախտավոր էստեղ, էս հրաշալի դրախտում, քեզ հետ, իմ աննման Աեն-Նինի, բայց սրտով ուզում եմ մեր տունը գնամ, տեսնեմ ոնց են իմ անօգնական, ծերացած հերն ու մերը, իմ քույրերն ու եղբայրները... էլ ետ վերադառնամ քեզ մոտ։
— Ես թեև հակառակ եմ քո ցանկությանը, բայց չեմ կարող ուժով բռնել, երբ ուզում ես հեռանաս,— ասավ Սեն-Նինին։— Գնա՛, բայց հետդ վերցրու էս տուփը և զգույշ կաց, բաց չանես։ Եթե բաց անես, իմացիր, որ էլ երբե՜ք, երբեք չես կարող վերադառնալ ինձ մոտ։
Ու մի գեղեցիկ տուփ տվեց Ուրաշիմային։
Ուրաշիման խոստացավ բաց չանի, ինչ ուզում է լինի։ Ապա Սեն-Նինին մի քուն բերավ նրա վրա. մին էլ աչքը բաց արավ՝ տեսավ իր հայրենիքի եզերքին։
Բայց ի՛նչ էր պատահել իր բացակայությանը։ Ո՞րտեղ է իր ՛հորական տունը։
Ո՞րտեղ էր իրենց գյուղը։ Ճիշտ է, սարերն իրենց տեղն էին, բայց նրանց անտառները չկային։ Հոսում էր և իրենց տան մոտի վտակը, սակայն էլ առաջվա նման կանայք լվացք չէին անում նրա մեջ։ Զարմանալի էր թվում, թե մի որևէ երեք տարում ինչպես էին էդ ամենը էդքան փոխվել։
Էս մտածմունքի մեջ Ուրաշիման պատահեց մի անցորդ ծերունու։
— Ասա խնդրում եմ, բարի ծերունի, ո՞ւր է փոխադրվել Ուրաշիմայի տունը, որ կանգնած էր էստեղ։
Ծերունին հիշեց ու պատմեց, թե մանուկ ժամանակ լսել է, որ հարյուրավոր տարիներ առաջ մի Ուրաշիմա է եղել, գնացել է ծովը ձուկ որսալու ու էլ ետ չի եկել։ Նրա ծնողները, եղբայրները, նրանց որդիքն ու թոռները վաղո՜ւց, վաղո՜ւց են մեռել, իսկ տունը ավերվել, անցել է հողի հետ գնացել։
Էստեղ գլխի ընկավ Ուրաշիման, որ ծովի աստծու ապարանքը մարջանի պատերով, հակինթի պտուղներով ու ոսկետուտն վիշապներով կախարդական աշխարհն է եղել, որ էնտեղ անցկացրած մի օրը հավասար է եղել երկրի մի տարուն։
Ու հեռացավ իր հայրենիքից, քանի որ մեռել էին իր բոլոր հարազատները և մինչև անգամ իրեն ծանոթ ծառերն էլ չկային։
Սաստիկ ցանկացավ վերադառնալ նորից ծովի հատակը, չնաշխարհիկ Սեն-Նինիի մոտ, բայց ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով։ Ոչ մի կերպով չկարողացավ գտնի և չկար մեկը, որ առաջնորդեր նրան կրկին էնտեղ՝ կախարդական աշխարհքը։
Կանգնեց միտք արավ Ուրաշիման։
— Եթե բաց անեմ էս տուփը, որ տվել է Սեն-Նինին, գուցե թե գտնեմ ճանապարհը, որ տանում է նրա մոտ։
Ու բաց արավ տուփը։ Եվ ի՞նչ դուրս եկավ միջից։ Մի կտոր թեթև ամպիկ, որ վերացավ, ծուխ դարձավ, գնաց դեպի օվկիանոս, կախարդական աշխարհքի կողմը։ Ուրաշիման նոր հիշեց կնոջ խոսքը, որ բաց չպիտի աներ տուփը, աղերսեց, որ կանգնի, վազեց ետևից, ցավից լաց եղավ, բոլորն իզուր, ամպիկը ցնդեց, ցրվեց, վերացավ, հեռացավ անդարձ, անհետ։
Ու էստեղ էլ տեղնուտեղը հատավ Ուրաշիմայի ուժը, էլ ոչ վազել կարողացավ, ոչ կանչել։ Հանկարծ մազերը ճերմակեցին ձյունի պես, երեսը կնճռոտեց, մեջքը կորացավ զառամած ծերունու մեջքի նման, շունչը կտրեց ու մեռած ընկավ ծովափին։
Խե՜ղճ Ուրաշիմա. չիմացավ, որ ջահելության գաղտնիքն էր ամփոփված կախարդական տուփի մեջ, որ տվել էր իրեն հավերժահարս գեղեցիկ Սեն-Նինին։ Թեթևամիտ անհամբերութլունից բաց արավ ու կորցրեց։ Զրկվեց ջահել, երկար կյանքից ու երջանիկ ապրելու վայելքից։ Բայց նա սիրող, ազնիվ սիրտ ուներ և գնաց իր սրտի ետևից։ Էդ է պատճառը, որ մինչև օրս Ճապոնիայում չեն մոռացել Ուրաշիմային ու նրա խորհրդավոր պատմությունը։ Եվ շատ տեղերում պաշտում են նրան նրա համար, որ նույնիսկ աստվածների անհոգ աշխարհում, Սեն-Նինիի սիրո մեջ էլ չմոռացավ իր հարազատներին ու իր աղքատ ծննդավայրը։
ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ
(ՀՆԴԿԱԿԱՆ)
1
ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։
2
Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում Է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից։
— Հայրիկ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։
— Շատ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին.— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քո երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են, և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։
Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսերը։
— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել...
Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։
3
Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան։ Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է.
— Այ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և կհարստանաս, և գեղեցիկ կին կունենաս։ Եվ ինչպես ոչ ոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը։
Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։
— Հայտնեցեք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։
Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։
— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.
— Ոսկի քաղաքը... էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի թան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը... Առևտրական գործերով անցնում էի աշխարհքից աշխարհք, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը... Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։
— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։
— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։
Ճշմարիտ որ Ոսկի քաղաք... Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները ոսկի, ծառերը ոսկի, փողոցները ոսկի... Մարդիկ էլ ոչ աշխատում են, ոչ չարչարվում են, նստած ուտում-՚խմում ՛են...
— Դուրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։
Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային և պալատը նորից ընկղմվում է տխրության մեջ...
4
Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր-ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տուն ու տեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում՝ գնում, որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարց ու փորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։
5
Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է որ զարկի, մին էլ աստծու հրամանով արծիվը լեզու է առնում, ասում.
— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ով բարի մարդ, առանց էն էլ վիրավորված եմ ես։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունաքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարոդ է անել։
Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, զգույշ ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։
Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային.
— Ես խոսք տվի, թե քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ՝ ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։
Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։
— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դուա միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։
Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է.
— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։
6
Աչքը բաց է անում Դիվանան։ Աոջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարագունի ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը.
Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ա՜խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։
«Երջանիկ մարդիկ», մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց.
— Ասացեք, աղաչում եմ, ով երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը:
— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։
— Իսկ դուք ծառանե՞ր եք, որ բանում եք ձեր տերերի այգիներում, թե՞...
— Մենք տեր ու ծառա չգիտենք։
— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։
— Գոհար թագուհին։
— Շատ զորեղ թագուհի է երևի։
— Այո՛, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։
— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։
— Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում, և քեզ էլ կհրավիրեն անշուշտ։
7
Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։
— Ի՞նչն է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային.— վի՞շտն է քեզ հալածում, թե՞ բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարոդ ենք օգտակար լինել քեզ։
Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։
— Միշտ լավ է,— ասում է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի: Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։
— Իսկ երջանկությունը...
— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։
— Է՞դ է երջանկությունը.
— Ուրիշ ոչինչ։
— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկը,— հայտարարում է զարմացած Դիվանան։
— Ոսկի՞,— քմծիծաղ է տալի Գոհար թագուհին.— Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։
— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք և զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։
— Օ՛, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։
— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։
— Ոչ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։
— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։
Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։
— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։
— Ո՞ւմ նման է։
— Նրա...
— Ո՞վ է նա։
— Քանաքարան... իմ Քանաքարան...
— Բայց ո՞վ է Քանաքարան։
— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհքից աշխարհք ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին պետք է վերադառնամ նրա մոտ։
— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին;— Մի՛ վերադառնա, Դիվանա, մնա մեզ մոտ. ապրի մեզ հետ։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները...
— Ոչ, թագուհի, չեմ կարող։
— Մի՞թե գեղեցիկ չեմ ես...
— Ոչ, չի լինելու որ չի լինելու։
Էն ժամանակ թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում ու ճանապարհ են դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։
8
Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը գցում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է ամուսնանա իր ձետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։
— Չեմ կարոդ, նազելի տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի, դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։
Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։
— Մի՛ վախենա, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։ — Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես՝ կախարդ Գոհարը։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարց ու փորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես, կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և իմ Քանաքարային, և ամեն մարդու։ Վերջապես այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։
Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակինթավոր թևերը փռած հայտնվում է մի մեծ արծիվ։
— Տա՛ր,— բացականչում է կինը, ու ամեն բան չքանում է Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը.
Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կրկին։
Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց՝
Ցավերի տուն, արցունքի ծով։
Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։
9
Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան ու գնում ուղիղ թագավորի ապարանքը։
— Հայտնեցեք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։
Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։
— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դուրս արեք իսկույն։
— Ապասի, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքից եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու, ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանում եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը... Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է միառմի։
— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան, ու աշխարհքով մին է լինում ուրախությունից։
Ուքանա թագավորն էլ շնչի է գալի, օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան ու սկսում է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ.
Ի՜նչքան լեն է աշխարքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կրկին։
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց՝
Ցավերի տուն, արցունքի ծով։
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։
Комментариев нет:
Отправить комментарий