Տասնյոթերորդ գլուխ
Ճակատագիրը շարունակում է հալածել Օլիվերին և, Լոնդոն բերելով մի անվանի մարդու, արատավորում է նրա բարի անունը։Արկածախնդրական բոլոր մելոդրամաներում ընդունված սովորություն է դարձել զավեշտական ու ողբերգական պատկերները ներկայացնել այնքան ճշգրիտ հաջորդականությամբ, որքան սպիտակ և կարմիր շերտերը խոզապուխտի մեջ։ Դժբախտություններից ճնշված շղթայակապ հերոսը ընկնում է ծղոտե անկողնու վրա, հաջորդ պատկերում նրա հավատարիմ, բայց անգիտակ զինակիցը ունկնդիրներին հյուրասիրում է զավեշտական երգով։ Բացվում է մի այլ պատկեր, և մենք տեսնում ենք պատիվն ու կյանքը վտանգած հերոսուհուն՝ հպարտ ու անգութ ազնվականի երկաթյա բազուկների մեջ մաքառելիս։ Մեր հայացքները հառած սրտատրոփ հետևում ենք, թե նա ինչպես է դաշույնը խրոխտաբար մերկացնում՝ կյանքի գնով պաշտպանելու իր պատիվը, և ճիշտ այդ պահին, երբ մեր հուզումը հասնում է իր գագաթնակետին, լսվում է մի սուլոց, և մենք իսկույն տեղափոխվում ենք դղյակի հսկա դահլիճը, որտեղ մի սպիտակահեր ֆեոդալ ինչ֊որ ծիծաղելի խմբերգ է երգում իր առավել ևս ծիծաղելի արբանյակների հետ, որոնք, զերծ լինելով բոլոր կաշկանդումներից, սկսած եկեղեցիների կամարներից մինչև պալատները, խմբով թափառում են տեղից տեղ, այսպես հավերժորեն տաղերգելով։
Այսպիսի փոփոխությունները թեպետ առաջին հայացքից արտառոց են երևում, բայց թափանցելով նրանց խորքը՝ մենք կարող ենք տեսնել և համոզվել, որ այնքան էլ անբնական չեն։ Իրական կյանքում պատկերների հարափոխությունը խնջույքի սեղաններից դեպի մահվան մահիճները կամ սգո հանդերձներից դեպի տոնական շքեղ հագուստները նույնքան զգայացունց երևույթներ են, որքան թատերական ներկայացումները, այն հսկայական տարբերությամբ միայն, որ մեկում լոկ անգործուն դիտորդներ ենք, իսկ մյուսում՝ գործուն դերակատարներ։ Երբ բեմում դերասանները անտարբեր են իրենց մարմնավորած կերպարների հանկարծական ներմղումներին, վայրագ կրքերին ու զգացմունքներին և լրիվ չեն կարող դրսևորել այդ կերպարը, հանդիսատեսը իսկույն դատապարտում է նրանց, որպես այլանդակ և հակաբնական կատարողների։
Այս կարճ ներածականը գուցե ավելորդ թվա սույն գլխի համար, եթե նկատի չառնենք այն հանգամանքը, որ տեսարանների, ժամանակի և վայրի հանկարծական ու արագ փոփոխությունները ոչ միայն գրքերում լայն կիրառման են ենթարկված, այլ շատերի կողմից ընդունված են որպես հեղինակի մեծ վարպետություն։ Համաձայն այս քննադատների, հեղինակի ճարտարությունն ու հմտությունը գնահատվում է այն համեմատությամբ, ինչ համեմատությամբ նրան հաջողվում է իր հերոսներին անել կացության մեջ թողնել յուրաքանչյուր գլխի վերջում։ Եթե այդ իրողություն է, ուրեմն թող սա համարվի նուրբ ակնարկություն այն բանի, որ պատմագիրը ետ է գնում դեպի այն փոքրիկ քաղաքը, ուր ծնվել է Օլիվեր Թվիստը, վստահեցնելով ընթերցողին, որ եթե գույություն չունենային լուրջ ու կարևոր պատճառներ, նա չէր հրավիրվի այս տաղտկալի ճամփորդությունը կատարելու։
Միստր Բամբըլը վաղ առավոտյան աղքատանոցի դարպասից դուրս եկավ և պատկառելի կերպարանքով ու իշխող քայլերով բարձրացավ Հայ Սթրիթն ի վեր։ Նրա բիդըլությունը ծաղկունքի մեջ էր, և նա համակված էր իր կոչումին վայել ծայրահեղ սնապարծությանը։ Նրա եռանկյունի գլխարկն ու վերարկուն շողշողում էին առավոտյան արևի տակ։ Միստր Բամբըլը գլուխը միշտ բարձր էր պահում, իսկ այս առավոտ՝ սովորականից է՛լ ավելի բարձր։ Ուշադիր դիտողը գուցե կարող էր նկատել, որ բիդըլի մտացրիվ հայացքն ու վերացած տեսքը արտացոլումն էին նրա գլխով անցնող ինչ֊որ մտքերի, որոնց մասին չէր կարելի հայտնել հասարակ մահկանացուներին։
Ճանապարհով անցնելիս միստր Բամբըլը ուշադրություն չէր դարձնում փոքր խանութպաններին և այն մարդկանց, որոնք ակնածանքով խոսում էին իր հետ։ Նա նրանց ողջույնները փոխադարձում էր ձեռքի թեթև շարժումով միայն, և իր սիգաճեմ քայլվածքը չթուլացրեց մինչև հասավ այն ագարակը, որտեղ միսիս Մեննը չքավոր երեխաներին պահում էր ծխական հոգատարությամբ։
― Գրողը տանի այս բիդըլին, ― ասաց միսիս Մեննը լսելով պարտեզի դռան ծանոթ, ուժգին ցնցումը։ ― Երևի դարձյալ նա է առավոտյան այս ժամին։ Օ՜հ, աստվա՜ծ իմ, միստր Բամբըլ, այդ դո՞ւք եք, միստր Բամբըլ։ Որքա՜ն հաճելի է ձեզ այստեղ տեսնել։ Օ՜հ, տե՜ր աստված, իսկապես որ հաճելի է։ Անցե՛ք ներս, սըր, խնդրում եմ, հյուրասենյակ անցեք։
Առաջին նախադասությունն ոըղղված էր Սուզանին, իսկ ցնծության բացականչությունները միստր Բամբըլի համար էին։ Ապա բարի լեդին պարտեզի դռան փականքը բաց արավ և մեծ ուշադրությամբ ու հարգանքով բիդըլին ներս առաջնորդեց։
― Միսիս Մենն, ― ասաց միստր Բամբըլը, ոչ թե նստելով կամ իրեն գցելով նստարանի վրա, ինչպես անում են հիմար մադիկ, այլ աստիճանաբար և դանդաղորեն իջնելով աթոռի մեջ, ― միսիս Մենն, տիկի՛ն, բարի լույս։
― Ձեզ էլ բարի լույս, սըր, ― փոխադարձեց միսիս Մեննը, քնքշորեն ժպտալով։ ― Հուսով եմ, որ դուք ձեզ լավ եք զգում, սըր։
― Մի քիչ լավ, մի քիչ վատ, միսիս Մենն, ― ասաց բիդըլը։ ― Ծխական կյանքի ուղին վարդերով պատած պարտեզ չէ, միսիս Մենն։
― Անկասկած, միստր Բամբըլ, ― հաստատեց լեդին։ Եթե նպաստընկալ երեխաները լսած լինեին միսիս Մեննի պատասխանը, բոլորն էլ միահամուռ կերպով համաձայն կլինեին նրա հետ։
― Ծխական կյանքը, տիկին, ― շարունակեց միստր Բամբըլը, գավազանը խփելով սեղանին, ― հոգսերով, ցավերով և դժվարություններով լի մի կյանք է, և ես պետք է ասեմ, որ բոլոր հասարակական գործիչներն էլ ենթակա են հալածանքի։
Միսիս Մեննը, այնքան էլ չհասկանալով բիդըլի ասածը, կարեկցաբար նայեց նրան և, ձեռքերը վեր բարձրացնելով, հառաչեց։
― Ա՜հ, այո՛, հառաչելու բան է, միսիս Մենն, ― ասաց բիդըլը։
Գտնելով, որ ճիշտ է վարվել, միսիս Մեննը նորից հառաչեց, բացահայտորեն մեծ բավարարություն պատճառելով հասարարական գործչին, որը զսպելով մի քաղցրաբարո ժպիտ, խստորեն նայեց եռանկյունի գլխարկին և ասաց․
― Միսիս Մե՛նն, Լոնդոն եմ գնում։
― Աստվա՜ծ իմ, միստր Բա՜մբըլ, ― ճչաց միսիս Մեննը ցնցվելով։
― Լոնդոն, տիկի՛ն, ― կրկնեց բիդըլը անդրդվելիորեն, ― և այն էլ կառքով։ Ես և երկու աղքատներ, միսիս Մենն։ Ինչ֊որ դատ է լինելու չքավորների մշտական բնակության հարցի վերաբերյալ և հանձնաժողովն ի՛նձ է ուղարկում, ի՛նձ, միսիս Մենն, որպեսզի Քլըրքնվելի դատական նիստում ցուցմունքներ տամ այդ կապակցությամբ։ Իսկ այժմ ձեզ հարց եմ տալիս, թե Քլըրքնվելի դատավորները արդյոք դժվարին կացության չե՞ն մատնվելու ինձ հետ գործ ունենալու պատճառով, ― ավելացրեց միստր Բամբըլը փքվելով։
― Օ՜հ, դուք չպետք է շատ խստությամբ վարվեք նրանց հետ, սըր, ― թախանձեց միսիս Մեննը։
― Քլըրքնվելի դատավորները իրենք են իրենց վրա հրավիրել այդ, տիկին, ― պատասխանեց միստր Բամբըլը, ― և եթե այնպես պատահի, որ գործը ավելի վատ բնույթ ստանա, քան ենթադրում էին, ապա այդ կլինի միայն դատավորների հանցանքով։
Միստր Բամբըլի արտահայտած այս սպառնալից խոսքերի մեջ այնքան վճռականություն և պարտքի գիտակցություն կար, որ միսիս Մեննի վրա մեծ ազդեցություն գործեց։ Վերջապես նա ասաց․
― Կառքո՞վ եք գնալու, սըր։ Ես կարծում էի, այնպես է ընդունված, որ աղքատներին միշտ սայլով են ուղարկում։
― Այդ լինում է նրանց հիվանդության դեպքում, միսիս Մենն, ― ասաց բիդըլը։ ― Անձրևոտ եղանակին մենք հիվանդ նպաստընկալներին դնում ենք բաց սայլերին, նրանց ցրտից պաշտպանելու համար։
― Օ՜հ, ― ասաց միսիս Մեննը։
― Վերադարձող կառքը պայմանավորվում է այս երկուսի համար, և էժան գնով, ― ասաց միստր Բամբըլը։ ― Երկուսն էլ շատ ծանր վիճակումն են, և մենք գտնում ենք, որ նրանց տեղափոխումը մեզ վրա երկու ֆունտով ավելի էժան կնստի, քան թե թաղելը․ այսինքն՝ մեր նպատակն է նրանց բարձել մի ուրիշ ծխի ուսին, որը կարծում եմ մեզ կհաջողվի, եթե, իհարկե, հակառակ մեր ցանկության, նրանք ճանապարհին չմեռնեն։ Հա՛, հա՛, հա՛։
Երբ միստր Բամբըլը բավականին ծիծաղել էր, նրա աչքերը դարձյալ հանգան եռանկյունի գլխարկի վրա, և նա լրջացավ։
― Գործը մոռանում ենք, տիկի՛ն, ― ասաց բիդըլը, ― ահա այս ամսվա ձեր ծխական թոշակը, վերցրե՛ք։
Միստր Բամբըլը իր դրամապանակից հանեց թղթի մեջ փաթաթված բավականաչափ արծաթ դրամ և միսիս Մեննին հանձնելով ՝ ստացական պահանջեց։ Միսիս Մեննը ստացականը գրեց։
― Չափազանց կեղտոտ է, սըր, ― ասաց երեխաների ագարակատերը, ― բայց երևի բավականաչափ պաշտոնական է։ Շնորհակալություն, միստր Բամբըլ, վերին աստիճանի պարտավորված եմ, սըր, վստահ եղեք։
Միստր Բամբըլը, իբրև երախտիկ միսիս Մեննի իր հանդեպ ցուցաբերած հարգանքի, բարեհաճորեն ժպտաց և հարցրեց, թե ծխական երեխաները ինչպես են։
― Իմ անուշիկ բալիկնե՜րը, ― ասաց միսիս Մեննը հուզումով, ― հրաշալի են, հրաշալի։ Անշուշտ, բացի այն երկուսից, որ անցյալ շաբաթ մահացան։ Եվ փոքրիկ Դիկը։
― Այդ տղան տակավին չի՞ ուղղվել։
Միսիս Մեննը գլուխը բացասաբար շարժեց;
― Նա վատ, անառակ և անզգամ ծխական երեխա է, ― ասաց միստր Բամբըլը զայրացած։ ― Որտե՞ղ է։
― Ես այս րոպեիս նրան ձեզ մոտ կբերեմ, սըր, ― պատասխանեց միսիս Մեննը՝ սենյակից դուրս գալով։ ― Հե՛յ, Դիկ, որտե՞ղ ես, Դի՜կ։
Բավական կանչելուց հետո Դիկը հայտնվեց։ Երբ տղան երեսը աղբյուրի տակ լվաց և միսիս Մեննի հագուստի փեշով սրբեց, նրան տարան միստր Բամբըլի մոտ։
Երեխան դժգույն ու նիհար էր, այտերը փոսացած, աչքերը խոշոր ու փայլուն։ Ծխական ողորմելի շորերը, ― դժբախտության այդ համազգեստը, ― նրա հյուծված մարմնից կախ էին ընկել, և նրա մանկական մատաղ մարմնի անդամները ծերացած մարդու անդամների նման կծկված ու կմախքացած էին։
Խե՜ղճ փոքրիկ էակ։ Նա դողալով ու գլխիկոր կանգնել էր միստր Բամբըլի դաժան հայացքի տակ։ Նա չէր համարձակվում աչքերը գետնից վեր բարձրացնել և բիդըլի ձայնից անգամ սարսափում էր։
― Չե՞ս կարող ջենթլմենի դեմքին նայել, կամակոր տղա, ― ասաց միսիս Մեննը։
Երեխան աչքերը հեզությամբ վեր բարձրացրեց և նայեց միստր Բամբըլին։
― Ի՞նչ է պատահել քեզ, ծխակա՛ն Դիկ, ― ասաց միստր Բամբըլը՝ շատ տեղին զվարճախոսելով։
― Ոչինչ, տեր իմ, ― պատասխանեց երեխան նվաղկոտ ձայնով։
― Այդպես էլ պետք է լիներ, ― ասաց միսիս Մեննը, որը, բնականաբար, շատ էր ծիծաղել միստր Բամբըլի կատակի վրա։ ― Համոզված եմ, թե որևէ բանի կարիք չունես, սըր։
― Ես կցանկանայի․․․ ― տատամսելով ասաց երեխան։
― Օհօ՜, ― ընդմիջեց միսիս Մեննը, ― գուցե հանկարծ կասես, որ իրոք որևէ բանի կարիք ունես, հա՞, փոքրիկ թշվառական։
― Կացե՛ք, միսիս Մենն, կացե՛ք, ― ասաց բիդըլը, ձեռքր հեղինակություն արտահայտող ձևով վեր բարձրացնելով։ ― Ի՞նչ կցանկանայիք, սըր, ասա տեսնենք։
― Կցանկանայի, որ գրել իմացող մեկը մի կտոր թղթի վրա մի քանի տող բան գրեր ինձ համար, ― տատամսելով շարունակեց երեխան։
― Այդ տղան ի՞նչ է ուզում ասել, ― բացականչեց միստր Բամբըլը, որը չնայած այսպիսի երևույթների շատ սովոր էր, բայց երեխայի անձկալի խոսելու ձևը և դժգույն դեմքը բավականաչափ տպավորություն էին գործել նրա վրա։ ― Ի՞նչ ես ուզում ասել, սըր։
― Ես կցանկանայի, ― ասաց երեխան, ― իմ սրտագին ողջույնը հաղորդել խեղճ Օլիվեր Թվիստին և հայտնել նրան, թե որքան հաճախ մի անկյունում կուչ գալով լաց եմ եղել նրա համար, մտածելով, թե ինչ ահավոր էր գիշերվա թանձր խավարում մեն֊մենակ թափառել օտար ու ամայի վայրերում։ Կցանկանայի ասել նրան, որ, ― շարունակեց տղան երկու փոքրիկ ձեռքերը անձկությամբ իրար միացնելով և մեծ ջերմեռանդությամբ խոսելով, ― որ ես ուրախ կլինեի, եթե շատ վաղ հասակում մեռնեի, որովհետև, եթե երկար ապրեի ու ծերանայի, գուցե իմ փոքրիկ քույրը, որ երկնքումն է, մոռանար ինձ, կամ գուցե այլևս ինձ նման չլիներ, իսկ որքան ավելի երջանիկ կլինի, եթե երկուսս էլ երեխաներ լինենք այնտեղ։
Միստր Բամբըլը, չափազանց ապշած, ոտքից գլուխ զննեց փոքրիկ ամենախոսին և շուռ գալով դեպի իր զրուցակիցը՝ ասաց․
― Բոլորի մոտ նույն կրկներգն է, միսիս Մենն։ Այդ անպիտան Օլիվերը բոլորին էլ փչացրել է։
― Ես չէի կարող հավատալ, սըր, ― ասաց միսիս Մեննը՝ ձեռքերը վեր բարձրացնելով և նենգ մի հայացք գցելով Դիկի վրա։ ― Այսպիսի կամակոր փոքրիկ անզգամ կյանքումս տեսած չկամ։
― Հեռացրե՛ք նրան այստեղից, տիկի՛ն, ― ասաց միստր Բամբըլը հրամայական տոնով։ ― Հարկավոր է հանձնաժողովին զեկուցել այդ մասին, միսիս Մենն։
― Անշուշտ ջենթլմենները կհասկանան, որ մեղավորը ես չեմ, սըր, ― ասաց միսիս Մեննը սրտառուչ հեկեկանքով։
― Նրանք այդ կհասկանան, տիկին, ես նրանց ամեն ինչ կպատմեմ, ― ասաց միստր Բամբըլը, ― դե՛, հեռացրե՛ք դրան այստեղից։ Ուղղակի տեսնել չեմ ուզում։
Դիկին անմիջապես հեռացրին և փակեցին ածխանոցում։ Փոքր անց միստր Բամբըլը մեկնեց ուղևորությանը պատրաստվելու համար։
Հաջորդ առավոտ ժամը վեցին միստր Բամբըլը իր եռանկյունի գլխարկը փոխանակեց մի կլոր գլխարկի հետ, ապա հագավ մուգ֊կապույտ վերարկուն և կառք բարձրանալով՝ գրավեց իր տեղը կառապանի կողքին։ Նրան ընկերակցում էին այն հանցագործները, որոնց մշտաբնակության իրավունքը աղքատանոցում վեճի առարկա էր, և որոնց հետ նա պատեհ ժամանակին հասավ Լոնդոն։ Միակ անախորժությունը, որ հանդիպեց նրան ճանապարհին, այն էր, որ երկու աղքատները իրենց շատ վատ էին պահում՝ անընդհատ ցրտից բողոքելով։ Նրանց կամակորությունը այնքան անհանգստացրեց միստր Բամբըլին, որ նրա ատամները նույնպես կրճտացին, թեպետ նա ցրտի դեմ պաշտպանված էր հաստ ու տաք վերարկուով։
Երկու չարամիտ աղքատներից առժամանակ ազատվելուց հետո միստր Բամբըլը գիշերեց այն պանդոկում, որտեղ կառքն էր իջևանել, և բավարարվեց համեստ ճաշով, որը բաղկացած էր խորոված մսից, ոստրեներից և գարեջրից։ Ապա բուխարու վրա մի բաժակ տաք ջին և ջուր դնելով, նա աթոռը մոտեցրեց կրակին և, դժգոհելու ու բողոքելու շատ տարածված մեղքի մասին զանազան բարոյական խորհրդածություններ անելուց հետո, պատրաստվեց օրվա լրագիրը կարդալու։
Ամենաառաջին պարբերությունը, որը գրավեց միստր Բամբըլի ուշադրությունը, հետևյալ հայտարարությունն էր․
Հինգ գինեայի վարձատրություն
«Անցյալ հինգշաբթի երեկո Օլիվեր Թվիստ անունով մի երեխա անհետացած կամ առևանգված է Պենտոնվիլլում գտնվող իր բնակարանից։ Մինչև այսօր նրա մասին ոչ մի տեղեկություն չկա։ Սույն վարձատրությունը կտրվի նրան, ով կարողանա բացահայտել վերոհիշյալ Օլիվեր Թվիստի որտեղ լինելը, կամ որևէ լույս սփռել նրա անցյալի վրա, որի համար հայտարարողը, մի շարք պատճառներով շատ հետաքրքրված է»։
Այնուհետև հայտարարությանը հետևում էր մանրամասն նկարագրություն Օլիվերի հագուստի, արտաքինի մասին, նաև ծանուցվում էր միստր Բրաունլոյի անունն ու հասցեն ամբողջ մանրամասնությամբ։
Միստր Բամբըլը աչքերը բաց արեց, հայտարարությունը մոտավորապես տասն անգամ դանդաղ և ուշադիր կարդաց և համարյա հինգ րոպեից հետո բռնեց Պենտոնվիլլի ճանապարհը, իր հուզման մեջ մոռանալով նույնիսկ ջրախառն տաք ջինը։
― Միստր Բրաունլով տա՞նն է, ― հարցրեց միստր Բամբըլը դուռը բաց անող սպասուհուն։
Այդ հարցին աղջիկը տվեց սովորական խուսափողական պատաախանը՝ «Չգիտեմ, իսկ դուք որտեղի՞ց եք գալիս»։
Երբ միստր Բամբըլը արտասանեց Օլիվեր Թվիստի անունը, միսիս Բեդվինը, որը հյուրասենյակի դռանը կանգնած լսում էր խոսակցությունը, շնչասպառ միջանցք դուրս եկավ։
― Համեցե՜ք, նե՛րս համեցեք, ― ասաց պառավ լեդին, ― ես գիտեի, որ լուր ենք առնելու նրա մասին։ Խե՜ղճ երեխա։ Համոզված էի։ Օ՜, հոգյա՜կ իմ։ Ամբողջ ժամանակ պնդում էի, որ կգտնենք նրան։
Այս ասելով՝ արժանավոր պառավ լեդին շտապ հյուրասենյակ վերադարձավ և նստելով մի բազմոցի վրա՝ չկարողացավ արցունքը զսպել։ Աղջիկը, որ այդքան էլ դյուրազգաց չէր, մինչ այդ վերև էր վազել և այժմ իջնելով ներքև խնդրեց, որ միստր Բամբըլը անմիջապես հետևի իրեն։
Սպասուհին նրան առաջնորդեց այն փոքրիկ առանձնասենյակը, որտեղ միստր Բրաունլոն ու նրա բարեկամ միստր Գրինվիգը նստել էին խմիչքի բաժակներով և շշերով լիքը մի սեղանի առաջ։ Վերջին ջենթլմենը անմիջապես պոռթկաց։
― Բիդը՜լ։ Ծխական բիդը՜լ։ Գլուխս կկտրեմ, եթե ճիշտ չէ։
― Խնդրում եմ մեզ մի քանի րոպե հանգիստ թող, ― ասաց միստր Բրաունլոն և ապա բիդըլին առաջարկեց նստել։
Միստր Բամբըլը նստեց՝ միստր Գրինվիգի արտառոց վարվելակերպից բոլորովին շփոթված։ Միստր Բրաունլոն լամպը դրեց այնպիսի դիրքով, որ կարողանար բիդըլի դեմքը լավ տեսնել, և փոքր֊ինչ անհամբերությամբ ասաց․
― Ուրեմն, սըր, դուք հայտարարությունը կարդացել եք, հետո եք եկել, այնպես չէ՞։
― Այո՛, սըր, ― պատասխանեց միստր Բամբըլը։
― Եվ դուք իսկապես բիդըլ եք, այնպես չէ՞, ― հարցրեց Գրիմվիգը։
― Ես ծխական բիդըլ եմ, ջենթլմեններ, ― պատասխանեց միստր Բամբըլը հպարտորեն։
― Իհարկե, ― նկատեց միստր Գրիմվիգը՝ խոսքն ուղղելով իր բարեկամին։ ― Ես այդպես էլ գիտեի։ Ոտից գլուխ բիդըլ։
Միստր Բրաունլոն իր բարեկամին լռեցնելու համար գլուխը թեթևակի շարժելով՝ շարունակեց․
― Դուք գիտե՞ք թե որտեղ է այդ խեղճ տղան հիմա։
― Ի՞նչ իմանամ, ― պատասխանեց Բամբըլը։
― Ուրեմն, ի՞նչ գիտեք նրա մասին, ― հարցրեց ծերունի ջենթլմենը։ ― Պատմեցեք բարեկամս, ինչ որ գիտեք նրա մասին, պատմեցե՛ք մեզ։
― Չեմ կարծում, որ որևէ լավ բան գիտենաք նրա մասին, ― հեգնանքով ասաց միստր Գրիմվիգը, միստր Բամբըլի դեմքը ուշադիր զննելուց հետո։
Միստր Բամբըլը, իսկույն ըմբռնելով հարցի իմաստը, չարագուշակ հանդիսավորությամբ գլուխը շարժեց։
― Տեսնո՞ւմ ես, ― ասաց միստր Գրիմվիգը՝ հաղթական մի հայացք նետելով միստր Բրաունլոյի վրա։
Միստր Բրաունլոն մտահոգ նայեց միստր Բամբըլի գեր դեմքին և նրանից խնդրեց մի քանի բառով պատմել այն ամենը, ինչ որ գիտեր Օլիվերի մասին։
Միստր Բամբըլը գլխարկը հանեց, վերարկուի կոճակներն արձակեց, ձեռքը ծալեց, գլուխը խորիմաստ կերպով հակեց մի կողմ և կարճ մտածմունքից հետո սկսեց իր պատմությունը։
Ձանձրալի կլիներ, եթե այստեղ վերարտադրեինք բիդըլի խոսքերի հարազատ երկնությունը։ Ամբողջ պատմությունը տևեց մոտ քսան րոպե, որի բավանդակությունը հստևյալն էր։ Օլիվերը մի ընկեցիկ երեխա էր, ծնված ստորադաս և վատահամբավ ծնողներից։ Մանկությունից նրա էությունը բնորոշող գծերը եղել են խաբեությունը, ապերախտությունը և նենգամտությունը։ Իր ծննդավայրում մի անպաշտպան տղայի վրա ստոր կերպով հարձակում գործելուց հետո նա կեսգիշերով փախել էր իր տիրոջ մոտից։
Հաստատելու համար իր ինքնությունը, միստր Բամբըլը սեղանի վրա դրեց այն բոլոր փաստաթղթերը, որ իր հետ Լոնդոն էր բերել, և թևերը նորից ծալելով՝ սպասեց միստր Բրաունլոյի հետևություններին։
― Կարծես այս բոլորն իսկապես համապատասխանում են իրականությանը, ― վշտահար ասաց ծերունի ջենթլմենը թղթերը քննելուց հետո։ ― Ձեր հաղորդած տեղեկության համար իմ մատուցած վարձատրությունը այնքան էլ մեծ բան չէ, բայց ես ուրախությամբ այդ գումարի եռապատիկը կտայի, միայն թե դրանք նպաստավոր լինեին։
Եթե միստր Բամբըլը ժամանակին վերահասու լիներ այս իրողությանը, շատ հավանական է, որ իր կարճ պատմությունը կներկայացներ բոլորովին տարբեր գույներով։ Այժմ շատ ուշ էր սակայն․ ուստի նա գլուխը մտածկոտ շարժեց, գրպանեց հինգ գինեան և հեռացավ։
Միստր Բրաունլոն այնքան հուզված էր բիդըլի պատմությունից, որ նույնիսկ միստր Գրիմվիգը չհամարձակվեց շարունակել իր զայրացուցիչ խոսքերը։ Մի քանի րոպե սենյակում ջղագրգիռ ետ ու առաջ քայլելուց հետո, վերջապես կանգ առավ և զանգը ուժգին հնչեցրեց։
― Միսիս Բեդվին, ― ասաց միստր Բրաունլոն, երբ տնտեսուհին ներկայացավ, ― այդ տղան, Օլիվերը, խաբեբայի մեկն է։
― Չի կարող պատահել․ սըր։ Չի կարող պատահել, ― ասաց պառավ լեդին բուռն կերպով։
― Ես ձեզ ասում եմ, որ այդպես է, ― կրկնեց ծերունի ջենթլմենը։ ― Ի՞նչ է նշանակում չի կարող պատահել։ Մենք հենց նոր տեղեկություններ ստացանք նրա մասին։ Նա իր ամբողջ կյանքում եղել է չարագործ փոքրիկ սրիկա։
― Ես երբե՛ք չեմ հավատա այդ բանին, սըր, ― հաստատակամորեն պատասխանեց պառավ լեդին։ ― Երբե՛ք։
― Դուք՝ ծեր կանայքդ, ոչնչի չեք հավատում, բացի շաղակրատ սուտ֊բժիշկներից և ստախոսություններով լի պատմության գրքերից, ― մռլտաց միստր Գրիմվիգը։ ― Ես այդ քաջ գիտեմ։ Ինչո՞ւ հենց սկզբից չանսացիր իմ խրատներին։ Եթե տենդով հիվանդացած չլիներ, երևի ինձ կլսեիք։ Հետաքրքիր էր նա, այնպես չէ՞։ Հետաքրքի՜ր։ Բա՛հ։ ― Եվ միստր Գրինվիգը ունելիով կրակը հանդիսավոր ձևով խառնեց։
― Նա քաղցրաբարո, հեզ, երախտագետ երեխա էր, սըր, ― ասաց միսիս Բեդվինը զայրացած։ ― Ես լավ եմ ճանաչում երեխաներին․ քառասուն տարվա փորձ ունեմ նրանց հետ, սըր, և մարդիկ, որոնք չեն կարող նույնը ասել, լավ կանեն, եթե լռեն։ Այդ է իմ կարծիքը։
Սա մի ուժեղ հարված էր միստր Գրիմվիգին, որը ամուրի էր։ Բայց քանի որ հիշյալ ջենթլմենը միայն ժպիտով պատասխանեց այս ակնարկին, ուստի պառավ լեդին գլուխը վեր բարձրացրեց, գոգնոցը հարթեց և պատրաստվում էր շարունակել խոսակցությունը, երբ միստր Բրաունլոն կասեցրեց նրան։
― Լռություն, ― գոչեց ծերունի ջենթլմենը, որը, չնայած սրտի խորքում գուցե հավատում էր տղայի անմեղությանը, բայց կեղծ զայրույթով շարունակեց․ ― Էլ երբեք չլսեմ այդ տղայի անունը։ Ես ձեզ դրա համար եմ կանչել ինձ մոտ, միսիս Բեդվին։ Իմացա՞ք, ոչ մի առիթով նրա մասին չխոսեք ինձ հետ․ զգուշացնում եմ։ Այժմ կարող եք գնալ, միսիս Բեդվին։ Հիշեցե՛ք։ Այս բոլորը ես ասում եմ ամենայն լրջությամբ։
Որքա՜ն թաղծոտ էին սրտերը միստր Բրաունլոյի բնակարանում այդ գիշեր։
Օլիվերի սիրտը նույնպես ճմլվում էր մտաբերելով իր բարեսիրտ և ազնիվ բարեկամներին։ Լավ է, որ նա չէր կարող իմանալ, թե ինչպիսի բաներ էին լսել նրանք իր մասին։ Եթե իմանար, գուցե տեղնուտեղը կաթվածահար լիներ։
Տասնութերորդ գլուխ
Պատմում է, թե ինչպես էր Օլիվերը ժամանակ անցկացնում իր համբավավոր բարեկամների ընտիր ընկերակցության մեջ։Հաջորդ օրը, կեսօրվա մոտ, երբ իրենց սովորական աշխատանքի համար Ստահակը և Վարպետ Բեյթսը տանից դուրս էին եկել, միստր Ֆեգինը, առիթից օգտվելով, ապերախտության անքավելի մեղքի շուրջը երկար քարոզ կարդաց Օլիվերի գլխին, ասելով, թե նա չափազանց մեղավոր էր իր հոգատար բարեկամների ընկերակցությունից կամավոր հեռացած լինելու պատճառով, մանավանդ, երբ այդ բարեկամները այդքան նեղություններ էին կրել և ծախսերի տակ էին ընկել նրա ապաքինման համար։ Միստր Ֆեգինը հատկապես շեշտեց այն հանգամանքը, որ ինքը Օլիվերին վերցրել և խնամել էր այնպիսի ժամանակ, երբ առանց իր անմիջական օգնության ու գուրգուրանքի նա անպայման սովամահ կլիներ։ Ապա նա պատմեց իր փոքրիկ տղայի տխուր և սրտառուչ պատմությունը, որին նա մարդասիրաբար օժանդակել էր նույնանման պարագաներում։ Բայց այս տղան, իր հանդեպ ցույց տված վստահությունը շահարկելով, ցուցաբերել էր ոստիկանների հետ կապ հաստատելու բուռն ցանկություն և, դժբախտաբար, մի առավոտ կախաղան էր բարձրացվել Օլդ Բեյլիում։
Միստր Ֆեգինը չփորձեց թաքցնել այդ աղետալի գործում իր ունեցած մասնակցությունը․ ընդհակառակն, արտասվալից աչքերով ողբաց, որ հիշյալ փոքրիկ տղան, մոլորվելով և դավաճանական վերաբերմունք ցույց տալով, դարձել էր զոհը դատարանում տրված որոշ ցուցմունքների, որոնք, անգամ եթե չէին համապատասխանում ճշմարտությանը, այնուամենայնիվ, անխուսափելիորերն անհրաժեշտ էին իր (միստր Ֆեգինի) և մի քանի ընտրյալ բարեկամների ապահովության համար։ Միստր Ֆեգինը եզրափակեց, ուրվագծելով բավականին հուսահատական մի պատկեր կախաղան բարձրանալու անախորժությունների մասին, և շատ բարեկամական ու քաղաքավարի կերպով ջերմ հույս հայտնեց, որ ինքը Օլիվեր Թվիստին այդ տհաճ գործողության ենթարկելու հարկադրանքի տակ երբեք չէր գտնվի։
Հրեային ոնկնդրելիս փոքրիկ Օլիվերի արյունը սառեց իր երակներում, և նա տարտամորեն հասկացավ նրանց խորքում թաքնված մութ սպառնալիքը։ Նա արդեն համոզված էր, որ անգամ ինքը՝ արդարությունը, կարող էր շփոթել անմեղն ու մեղավորը, եթե նրանք պատահական ընկերակցության մեջ գտնվեին։ Նա նույնիսկ կասկածում էր այն մասին, որ Հրեայի ձեռքով բազմիցս կործանված էին պետք եղածից ավելի բանիմաց կամ անգաղտնապահ մարդիկ, քանի որ նա հիշում էր այս ջենթլմենի և միստր Սայքսի միջև տեղի ունեցած որոշ վիճաբանություններ, որոնք կարծես ակնարկում էին անցյալում նյութված ինչ֊որ դավադրություններ։ Երբ նա գլուխը բարձրացրեց և իր երկչոտ հայացքը հանդիպեց Հրեայի որոնող հայացքին, նա զգաց, որ նենգամիտ ծեր ջենթլմենը գոհունակությամբ էր նկատել իր սարսափից գունատված դեմքը և դողացող ձեռքերն ու ոտքերը։
Հրեան զարհուրելի ժպտալով Օլիվերի գլուխը շոյեց և ասաց, որ եթե նա իրեն լավ պահեր և լծվեր աշխատանքի, ինքը գտնում էր, որ նրանք դեռևս կարող էին շատ լավ բարեկամներ լինել։ Հետո գլխարկը վերցրեց և, փաթաթվելով մի հին, կարկատած վերարկուի մեջ, դուրս եկավ տանից, սենյակի դուռը ամուր փակելով իր հետևից։
Եվ այսպես, Օլիվերն այդ օրը, ինչպես նաև հաջորդող շատ օրեր, վաղ առավոտվանից մինչև ուշ գիշեր ոչ ոքի չէր տեսնում, հետևաբար, երկար ժամեր մնում էր թաղված խոր մտածմունքների մեջ։ Իսկ այդ մտածմունքները, անվրեպ բևեռվելով իր ազնիվ բարեկամների և նրանց իր մասին կազմած վատ կարծիքի վրա, երեխայի սիրտը լցնում էին անհուն կսկիծով։
Մոտավորապես մի շաբաթ անց Հրեան սենյակի դուռը այլևս չկողպեց, և նա կարող էր ազատ ման գալ բնակարանի նաև մյուս մասերում։
Տունը շատ կեղտոտ էր։ Վերևի սենյակները փայտյա բարձր բուխարիկներ և մեծ դռներ ունեին։ Փոշուց և անխնամ թողնվելուց ձեղունները թեպետ սևացել էին, այնուամենայնիվ երիզված էին զանազան գեղեցիկ զարդարանքներով։ Եվ այս բոլորից Օլիվերը եզրակացրեց, որ շատ տարիներ առաջ, նախքան ծեր Հրեայի ծնվելը, այդ տունը պատկանել է ավելի լավ մարդկանց և գուցե եղել է նույնքան զվարթ ու գեղեցիկ, որքան այժմ մռայլ էր ու ամայի։
Պատերի ներքին և վերին անկյուններում սարդերն իրենց ոստայններն էին հյուսել, և երբեմն, երբ Օլիվերը անշշուկ որևէ սենյակից ներս էր մտնում, մկները հատակի վրայից սարսափահար փախչելով թաքնվում էին իրենց բներում։ Ամբողջ շենքում, բացի այս արարածներից, կենդանության ուրիշ ոչ մի նշույլ չկար։ Հաճախ, երբ մութն ընկնում էր, և նա սենյակից սենյակ թափառելով հոգնում էր, կուչ էր գալիս միջանցքի այն անկյունում, որը ամենից մոտ էր գտնվում փողոցի դռանը, որպեսզի հնարավոր եղածի չափ մոտիկ լինի մարդկային էակների, և այդտեղ էլ մնում էր երկար ժամանակ, լսողությունը լարած և ժամերը հաշվելով մինչև Հրեան կամ տղաները կվերադառնային։
Բոլոր սենյակներում լուսամուտների ձուլածո փեղկերը պինդ փակված էին, և նրանց պահող երկաթյա վանդակապատ ձողերը շատ ամուր կերպով պտուտակված էին փայտյա շրջանակների մեջ։ Միակ լույսը թափանցում էր փեղկերի վերևում գտնվող ինչ֊որ բոլորակ անցքերի միջով, որը սենյակները դարձնում էր առավել մռայլ և լցնում էր խորհրդավոր ստվերներով։ Տան հետնամասում կար ձեղնահարկային մի խուց, որի լուսամուտը փեղկ չուներ և դրսից վանդակապատված էր երկաթյա ժանգոտած ձողերով։ Օլիվերը հաճախ սևեռուն ու մելամաղձոտ հայացքով ժամեր շարունակ նայում էր այս լուսամուտից դուրս, որտեղից երևում էին միայն խառնիճաղանջ տների տանիքներ և սևացած ծխնելույզների ու երկթեք տանիքների կատարներ։ Երբեմն, արդարև, պատահում էր այնպես, որ հեռավոր մի տան փայտորմե պատից գաղտագողի դիտող գորշավուն մի գլուխ էր երևում, բայց դա շուտով անհետանում էր, և քանի որ Օլիվերի դիտարանի լուսամուտը ամուր գամված, և ապակին տարիների անձրևից ու ծխից աղոտած էր, տղան դժվարությամբ էր զանազանում հեռվում գտնվող այլևայլ առարկաները, իսկ ձայնը լսելի դարձնել կամ դրսի աշխարհին հայտնել իր գոյության մասին, այդ բանը նրա համար այնքան անհնար էր, որքան եթե Սուրբ Պողոսի տաճարի գմբեթում ապրած լիներ։
Մի անգամ, կեսօրից հետո, երբ Ստահակը և Վարպետ Բեյթսը պայմանավորվել էին այդ երեկո նորից դուրս գալ տանից, որտեղից որտեղ առաջին փոքրիկ ջենթլմենը քմահաճ ցանկություն ունեցավ իր արդուզարդի նկատմամբ բծախնդիր լինելու (թեև հանուն արդարության պետք է ասել, որ նա շատ քիչ էր զբաղվում իր արտաքին տեսքով): Եվ այդ արդյունքին հասնելու նպատակով նա բարեհաճեց հրամայել Օլիվերին օգնել իրեն։
Օլիվերը սիրահոժար ենթարկվեց հրամանին, որովհետև մենակությունից այնքան էր ձանձրացել, որ գոնե միառժամանակ թեկուզ և վատ մարդականցով շրջապատված լինելու միտքը ուրախացրեց նրան։ Եվ հետո նա միշտ էլ աշխատել էր բոլորի հետ հաշտ լինել և բոլորին գոհացնել, իհարկե, եթե դա իրենից չէր պահանջել դուրս գալ պարկեշտության սահմաններից։ Հետևաբար, նա պատրաստակամորեն չոքեց հատակին, և Ստահակը, նստելով սեղանի վրա, ոտքը դրեց նրա ծնկին։ Այսպես, Օլիվերը սկսեց մի աշխատանք, որ միստր Դոքինզը կոչեց «նժույգների շպարումը»։ Հասարակ անգլերենով այդ արտահայտությունը նշանակում էր «մաքրել ոտնամանները»։
Արդյոք իշխանավայել կերպով սեղանին բազմած վիճակում իր կոշիկները ներկվելու պարագա՞ն բարձրացրեց միստր Դոքինզի տրամադրությունը, ծխախոտի լավ որա՞կը, թե գարեջրի դուրեկան զովությունը, մենք այդ չգիտենք։ Համենայն դեպս, ինչի հետևանքով էլ որ լիներ, գոնե այդ պահին նա վիպային ու խանդավառ ապրումների մեջ էր գտնվում, և հիշյալ երևույթը բոլորովին խորթ էր նրա համար։ Նա մտածկոտ դեմքով նայեց Օլիվերին, ապա գլուխը բարձրացրեց ու թեթև հառաչելով, կես ինքն իրեն ու կես միստր Բեյթսին ասաց․
― Ափսո՜ս, որ նա գրպանահատ չէ։
― Ա՜հ, ― ասաց Վարպետ Չարլզ Բեյթսը։ ― Նա չի հասկանում, թե ինչն է լավ իր համար։
Ստահակը նորից հառաչեց և շարունակեց ծխամորճը քաշել։ Նույնը արեց նաև Չարլի Բեյթսը։ Երկուսն էլ մի պահ լուռ ծխեցին։
― Երևի նույնիսկ չգիտես, թե ինչ է նշանակում գրպանահատ, ― ողբալի տոնով ասաց Ստահակը։
― Կարծում եմ՝ այդ մեկը գիտեմ, ― պատասխանեց Օլիվերը վեր նայելով։ ― Դա նշանակում է գո․․․ Դու դրանից մեկն ես, ճիշտ չէ՞, ― հարցրեց Օլիվերը ինքն իրեն զսպելով։
― Այո՛, ես գող եմ, ― պատասխանեց Ստահակը, ― և ես անպատվություն կհամարեի ուրիշ բան լինել։ ― Միստր Դոքինզը այս կարծիքը հայտնելուց հետո գլխարկը զայրացած թեքեց և այնպես նայեց Վարպետ Բեյթսին, որ կարծես թե նրան մարտի էր հրավիրում։
― Այո՛, ― ես գող եմ, ― կրկնեց Ստահակը։ ― Գող է նաև Չարլին։ Ֆեգինը նույնպես։ Նաև Սայքսը, նաև Նենսին, նաև Բեյթը։ Բոլորս էլ գողեր ենք, մինչև իսկ մեր շունը։ Իսկ նա մեր բոլորից ամենախորամանկն է։
― Եվ երբեք չի դավաճանի մեզ, ― ավելացրեց Չարլի Բեյթսըը։
― Եթե նրան դատապարտյալի աթոռին նստեցնեն՝ չի էլ հաչի, վախենալով վտանգել իրեն, նույնիսկ եթե տասնհինգ օր կապած թողնեն նրան այնտեղ և ուտելու էլ ոչինչ չտան, ― ասաց Ստահակը։
― Այդպես է, ― հաստատեց Չարլին։
― Դա տարօրինակ շուն է, ― շարունակեց Ստահակը։ ― Ինչպե՜ս է կատաղում, երբ մի օտար տղա ծիծաղում կամ երգում է իր ներկայությամբ, ինչպե՜ս է ոռնում, երբ ջութակի ձայն է լսում, ինչպե՜ս է ոռնում ուրիշ շներին, որոնք իր ցեղից չեն։ Ճիշտ չէ՞։
Այս ակնարկությամբ Վարպետ Բեյթսը ուզում էր դրվատել շան արժանաիքները, բայց այդ արտահայտության տակ թաքնված էր նաև մի ուրիշ իմաստ, որը նա ի վիճակի չէր ըմբռնելու։ Որովհետև կան շատ լեդիներ և ջենթլմեններ որոնք իրենց համարում են իսկական քրիստոնյաներ, բայց որոնք միստր Սայքսի շնից շատ քիչ են տարբերվում։
― Լա՛վ, լա՛վ, ― ասաց Ստահակը, վերադառնալով այն կետին, որտեղից շեղվել էին։ ― Դա ոչ մի առնչություն չունի փոքրիկ Տհասի հետ։
― Ո՛չ մի, ― ասաց Չարլին։ ― Դու քեզ ինչո՞ւ Ֆեգինի հսկողությանը չես հանձնում, Օլիվեր, ― հանկարծ հարց տվեց նա։
― Եվ քեզ համար հարստություն չես դիզո՞ւմ, ― ավելացրեց Ստահակը նշանակալից ժպիտով։
― Եվ այդպիսով հնարավորություն չես ստեղծում ծերության տարիներին քո իսկ սեփական կալվածքներով ազնվականի նման ապրելու, ինչպես ես եմ ծրագրում անել չորս նահանջ տարի հետո Երրորդության Շաբաթվա քառասուներկուերորդ երեքշաբթին, ― ասաց Չարլի Բեյթսը։
― Այդ ինձ դուր չի գալիս, ― ասաց Օլիվերը երկչոտությամբ։ ― Երանի թե թողնեին ինձ գնալ այստեղից։ Ես կնախընտրեի գնալ այստեղից։
― Իսկ Ֆեգինը կնախընտրեր, որ չգնայիր այստեղից, ― պատասխանեց Չարլին։
Օլիվերը շատ լավ գիտեր այդ, բայց մտածելով, որ եթե իր զգացումները ավելի անվերապահորեն արտահայտեր՝ հարցը վտանգավոր բնույթ կստանար, գոհացավ միայն հառաչելով, և շարունակեց կոշիկները մաքրելու իր գործը։
― Գնա՜լ, ― բացականչեց Ստահակը։ ― Պա՛հ, իսկ որտե՞ղ է քո արժանապատվությունը։ Դու ինքնասիրություն չունե՞ս։ Մի՞թե ավելի նախընտրելի է գնալ ու բեռ լինել քո բարեկամների վրա։
― Դե թո՛ղ, է՛, ― ասաց Վարպետ Բեյթսը, գրպանից մի քանի մետաքսյա թաշկինակ դուրս քաշելով և անփութորեն դնելով պահարանի մեջ․ ― Դա արդեն շատ ստոր մտածելակերպ է, շա՜տ։
― Ես, օրինակ, երբեք չէի կարող այդպես անել, ― ասաց Ստահակը զզվանքով։
― Բայց կարող եք ձեր բարեկամներին թողնել և փախչել, ― ասաց Օլիվերը թեթև ժպտալով, ― և թույլ տալ, որ նրանք պատժվեն ձեր գործած մեղքի համար։
― Այդ բոլորը, ― պատասխանեց Ստահակը ծխամորճը օդի մեջ թափահարելով, ― այդ բոլորը մենք արեցինք ի սեր Ֆեգինի, որովհետև ոստիկանները գիտեին, որ մենք միասին ենք աշխատում, և եթե չփախչեինք, գուցե նա վտանգի կենթարկվեր։ Այդ էր մեր հետապնդած նպատակը, այնպես չէ՞, Չարլի։
Վարպետ Բեյթսը գլխով հաստատեց միստր Դոքինզի ասածը, և պատրաստվում էր խոսել, երբ հանկարծ վերհիշելով Օլիվերի փախուստի մանրամասնությունները այնպես քրքջաց, որ ծխամորճից ներշնչած ծուխը մնաց կոկորդում և առաջացրեց հազի նոպա, որը տևեց ամբողջ հինգ րոպե։
― Տե՜ս, ― գրպանից մի բուռ շիլլինգ հանելով ասաց Ստահակը։ ― Ահա՝ քեզ ուրախ կյանք։ Ի՞նչ փույթ, թե որտեղից են գալիս։ Բռնի՛ր, սրանցից շատ կան այնտեղ, որտեղից վերցրել ենք։ Չես ուզում, հա՞։ Օ՜հ, դու անգին բթամիտս։
― Դա անօրինականություն է, այնպես չէ՞, Օլիվեր, ― հարցրեց Չարլի Բեյթսը։ ― Նա մի օր վեր կբարձրանա, ճիշտ չէ՞։
― Ես չգիտեմ, թե դա ինչ է նշանակում, ― պատասխանեց Օլիվերը։
― Դա մի այսպիսի բան է, ― բարեկամս, ― ասաց Չարլին։ Խոսելիս Բեյթսը, իր վզկապի մի ծայրից բռնելով, օդի մեջ ուղիղ պահեց այն, ապա գլուխը գցեց ուսի վրա և ատամների արանքից հանեց ինչ֊որ տարօրինակ կոտրված ձայներ։ Դա մի զվարթ մնջախաղ էր, որը ցույց էր տալիս, թե վեր բարձրանալը և կախաղան բարձրանալը միևնույն բաներն էին։
― Ա՛յ, այդ է նշանակում, ― ասաց Չարլին։ ― Տես, թե նա ինչպես ակնապիշ է նայում, Ջեկ։ Կյանքումս երբեք սրա նման անհաս ընկեր չեմ ունեցել։ Այս տղան իմ մահվան պատճառը կդառնա, ես այդ բանում համոզված եմ։ ― Եվ Վարպետ Բեյթսը, նորից լիաթոք ծիծաղելուց հետո, վերսկսեց իր ծխամորճը ծխել՝ արցունքն աչքերին։
― Քեզ վատ են դաստիարակել, ― ասաց Ստահակը, մեծ գոհունակությամբ զննելով Օլիվերի փայլեցրած կոշիկները։ ― Բայց Ֆեգինը քեզ մարդ կդարձնի։ Իսկ եթե քեզնից բան դուրս չեկավ, այդ կլինի նրա առաջին ձախողությունը։ Լավ է իսկույն անցնես գործի, Օլիվեր։ Ուշ կամ կանուխ դու ակամա յուրացնելու ես այդ արհեստը, իզուր տեղ ինչո՞ւ ես ժամանակ կորցնում։
Այս խրատականին ավելացան նաև Վարպետ Բեյթսի զանազան անհատական բարոյախոսությունները, որոնք սպառվելուց հետո նա և իր բարեկամ միստր Դոքինզը սկսեցին վառ գույներով նկարագրել իրենց վարած կյանքի բազմապիսի հաճույքները և նրան խորհուրդ տվեցին անհապաղ սիրաշահել Ֆեգինին այն միևնույն միջոցներով, որ իրենք էին օգտագոծել նրա հովանավորությունը ձեռք բերելու համար։
― Եվ մի բան միշտ լավ հիշիր, Նոլլի, ― ասաց Ստահակը, երբ վերևից լսվեց, թե ինչպես Հրեան բաց է անում դուռը, ― եթե դու չվերցնես խնչոցներն ու ու թիք֊թաքները․․․
― Ի՞նչ միտք ունի այդ ձևով խոսելը, ― ընդհատեց Վարպետ Բեյթսը, ― նա չի հասկանում, թե ինչ ես ուզում ասել։
― Եթե դու չվերցնես թաշկինակներն ու ժամացույցները, ― ասաց Ստահակը, բառերը պարզաբանելով այնքան, որ դրանց իմաստը մատչելի դառնա Օլիվերին, ― մի ուրիշը կվերցնի դրանք։ Կորցնողի վնասը մեծ է, բայց քո վնասը ավելի մեծ։ Շահում է միայն նա, որ յուրացրել է այդ բաները։ Իսկ դու նույնքան իրավունք ունես դրանք թռցնելու, որքան մյուսները։
― Իհա՜րկե, իհա՜րկե, ― ասաց Հրեան, որը Օլիվերից աննկատ ներս էր մտել։ ― Այդ բոլորը կարելի է խտացնել մի ընկույզի կեղևի մեջ, սիրելիս, մի ընկույզի կեղևի մեջ․ դու հավատ ընծայիր Ստահակի խոսքերին։ Հա՛, հա՛, հա՛։ Նա քաջ ծանոթ է իր արհեստի նրբություններին։
Ծերունին, Ստահակի դատողության վրա հիացած, հրճվանքից ձեռքերը շփեց իրար և չափազանց մեծ բավականություն զգաց իր աշակերտի ընդունակությունները տեսնելով։
Խոսակցությունը սակայն չշարունակվեց, որովհետև Հրեան մենակ չէր վերադարձել տուն։ Նրան ընկերակցում էր միսս Բեցին և Օլիվերին անծանոթ մի ջենթլմեն, որին Ստահակը ողջունեց Թոմ Չիթլինգ անունը տալով։ Այս ջենթլմենը աստիճանների վրա փոքր֊ինչ վարանեց և լեդիի հետ մի քանի հաճոյախոսություններ փոխանակելուց հետո՝ սենյակ մտավ։
Միստր Չիթլինգը տարիքով ավելի մեծ էր, քան Ստահակը, լինելով գուցե տասնութ տարեկան, բայց այդ փոքրիկ ջենթլմենի հանդեպ նրա ցուցաբերած հարգալից վերաբերմունքը դիտողին այնպես էր տպավորում, որ հարցը քննելով հանճարի և հմտության տեսանկյունից, միստր Չիթլինգը այդ ջենթլմենից փոքր֊ինչ ստորադաս էր զգում իրեն։ Նա ուներ մանր, կայծկլտուն աչքեր և ծաղկատար դեմք։ Հագել էր մորթե կեպի, գորշ թավշե պիջակ, կեղտի մեջ կորած բամբակե տաբատ և գոգնոց։ Հագուստները իրոք որ մաշված էին, բայց նա խմբից ներողություն խնդրելով ասաց, որ իրեն «բաց էին թողել» դեռևս մի ժամ առաջ, և քանի որ անցած վեց շաբաթների ընթացքում համազգեստ էր հագել, ապա հնարավորություն չէր ունեցել իր քաղաքացիական շորերին ուշադրություն դարձնել։ Միստր Չիթլինգը ծայրահեղ զայրույթով ավելացրեց, թե շորերը հականեխելու նոր ձևը անիծվածորեն հակասահմանադրական էր, քանի որ այդպիսով դրանք ծակոտվում ու փչանում էին, իսկ իշխանությունների դեմ պայքարելը անհանար էր։ Նա նման դիտողություններ արեց նաև մազերը խուզելու կարգադրության դեմ, որը նա համարում էր նույնպես բացարձակորեն անօրինական։
Միստր Չիթլինգը իր դիտողությունները եզրափակեց ասելով, որ քառասուներկու երկար, տաժանակիր աշխատանքով բեռնավորված օրերն ի վե՛ր ոչ մի կաթիլ ըմպելիք չի ճաշակել, և որ «թող ինքը մեռներ», եթե դրա պակասից ներքին օրգանները չէին ցամաքել։
― Քո կարծիքով, ջենթլմենը որտեղի՞ց եկած կլինի, Օլիվեր, ― հարցրեց Հրեան խորամանկ ժպիտով, մինչև մյուս տղաները մի շիշ ոգելից ըմպելիք դրեցին սեղանին։
― Չգիտեմ, սըր, ― պատասխանեց Օլիվերը։
― Իսկ դա ո՞վ է, ― Օլիվերի վրա մի արհամարհական հայացք նետելով հարցրեց Չիթլինգը։
― Իմ փոքրիկ բարեկամներից մեկը, սիրելիս, ― պատասխանեց Հրեան։
― Ուրեմն բախտավոր է, ― ասաց երիտասարդը բազմանշանակալից նայելով Ֆեգինին։ Փույթ չէ, թե որտեղից եմ եկել, փոքրիկս, մի կրոնով գրազ կգամ, որ դու էլ շուտով այդ ճանապարհով կգնաս։
Այս սրախոսությունը տղաների մոտ ծիծաղ առաջացրեց և տեղի տվեց բազմաթիվ այլ կատակների։ Ապա Ֆեգինը և միստր Չիթլինգը կարճատև մեկուսի խոսակցությունից հետո իրենց աթոռները մոտեցրին կրակարանին և Հրեան, Օլիվերին կանչելով իր մոտ, սկսեց այնպիսի նյութերի մասին զրուցել, որ, նրա կարծիքով, ամենից շատ կարող էին հետաքրքրել իր ունկնդիրներին։ Նա թվեց իրենց գործի առավելությունները, գովեց Ստահակի հմտությունը, Չարլի Բեյթսի մարդասիրությունը և իր, այսինքն՝ միստր Ֆեգինի, առատաձեռնությունը։ Ապա միսս Բեցին, տեսնելով, որ միստր Չիթլինգը հոգնածության նշաններ է ցույց տալիս, քանի որ որոշ ժամանակ հետո ուղղիչ տունը վատ է անդրադառնում մարդու տրամադրության վրա, նրանց բարի գիշեր մաղթեց ու հեռացավ, որից հետո բոլորը պատրաստվեցին քնելու։
Այդ օրվանից Օլիվերին բոլորովին մենակ չթողեցին, ընդհակառակն, այնպես դասավորեցին, որ նա գրեթե միշտ գտնվի երկու տղաների ընկերակցության մեջ, որոնք ամեն օր, կանոնավոր կերպով, հին խաղը խաղում էին Հրեայի հետ, բայց թե ում առաջադիմության համար, տղաների՞, թե Օլիվերի, այդ մասին Ֆեգինը գիտեր։ Իսկ ծերունին շատ անգամ նրանց պատմում էր, իր ջահել օրերին կատարած գողությունների մասին, որոնք համեմված էին լինում այնքան զարմանալի ու զվարճալի միջադեպերով, որ Օլիվերը, հակառակ իր ազնիվ զգացմունքներին, սրտանց ծիծաղում էր։
Ի՞նչ կարող էր անել խեղճ երեխան։ Մռայլ էր նրա շրջապատը, առավել ևս մռայլ էին նրան ճնշող մտքերը։ Նա սկսեց որևէ ընկերակցություն նախընտրել այդ տանջալից ու թախծոտ մենակությանը։ Հրեան հենց այդ էլ ցանկացել էր իր հրեշային հոգու ամբողջ սաստկությամբ, և այժմ նրա մեջ կաթիլ առ կաթիլ թորում էր այն մաղձը, որ խաթարելու էր երեխայի վճիտ հոգին և նրան կորստյան էր մատնելու առհավետ։
Տասնիններորդ գլուխ
Որտեղ քննարկվում և ընդունվում է մի կարևոր ծրագիր։Խոնավ, ցուրտ, ու փոթորկոտ մի գիշեր էր։ Հրեան իր կմաղքացած մարմինը փաթաթեց վերարկուի մեջ, պինդ կոճկեց, օձիքը բարձրացրեց մինչև ականջները այնպես, որ դեմքի ներքին մասը բոլորովին ծածկվեց, և դուրս եկավ իր որջից։ Աստիճանի վրա մի պահ կանգ առավ սակայն, ուշադիր ականջ դրեց, ապա լսելով տղաների հեռացող ոտնաձայները և ապահով լինելով, որ ներսից ամեն ինչ ամրացվել է, արագ քայլերով սահեց փողոցն ի վար։
Այն տունը, ուր Օլիվերը գաղտագողի փոխադրվել էր գտնվում էր Հուայթչափելի մոտերքում։ Հրեան փողոցի անկյունում մի րոպե կանգ առավ, կասկածամտությամբ շուրջը դիտեց, հետո անցավ հանդիպակաց կողը և ուղղվեց Սֆիթելֆիլդ։
Անձրև էր մաղում, քարերը ծածկված էին ցեխի թանձր շերտով, մի զանգվածային սև մշուշ կախված էր փողոցների վրա, ամեն ինչ սառն էր ու մածուցիկ։ Կարծես այնպիսի գիշեր էր, երբ տանից դուրս գալը ձեռնտու էր միայն Հրեայի նման արարածներին։ Այսպես գաղտագողի սողոսկելիս նա նման էր գարշելի մի սողունի, որը ծնունդ առնելով այն տիղմից ու խավարից, որի մեջ խարխափում էր, իր հրեշային ստամոքսի համար ասես ինչ֊որ հարուստ որս էր որոնում։
Նա երբեք չշեղվեց օձագալար ու նեղ նրբուղիներից մինչև հասավ Բեթնալ գրին․ ապա հանկարծ թեքվելով դեպի ձախ, շուտով անհետացավ այն վատահամբավ փողոցների լաբիրինթոսի մեջ, որոնք այնքան բազմաթիվ են այդ խճողված ու հեղձուցիչ թաղամասում։
Հրեան անշուշտ չափազանց ծանոթ էր շրջապատին, քանի որ ո՛չ գիշերվա թանձր խավարը, ո՛չ էլ ճանապարհի բարդությունները չշոշափեցին նրան։ Մի քանի փողոց ու նրբանցք ևս անցնելուց հետո վերջապես նա թեքվեց մի փողոց, որի հեռավոր ծայրում առկայծում էր միայն մի լապտեր։ Այս փողոցում գտնվող տներից մեկի առջև կանգնեց, դուռը ծեծեց և բաց անողի հետ մի քանի բառ փոխանակելուց հետո՝ սկսեց աստիճաններով բարձրանալ։
Երբ ծերունին սենյակի դռան բռնակը սեղմեց, ներսից ինչ֊որ շուն մռլտաց և ինչ֊որ մարդու ձայն կոպտորեն հարցրեց, թե ով է։
― Միայն ե՛ս եմ, Բիլլ, միայն ե՛ս եմ, սիրելիս, ― ասաց Հրեան ներս նայելով։
― Էլ ի՞նչ ես դրսում կանգնած ձևեր թափում, ― ասաց Սայքսը։ ― Իսկ դու, ապո՛ւշ գազան, սատանային չե՞ս ճանաչում, երբ նա վերարկուով է ներկայանում։
Ըստ երևույթին, միստր Ֆեգինի արտաքին հանդերձանքը որոշ չափով շփոթության էր մատնել շանը, քանի որ, երբ Հրեան կոճակները արձակեց և վերարկուն գցեց աթոռի հենակին, կենդանին վերադարձավ իր տեղը և պոչը շարժելով կծկվեց իր անկյունում, կարծես ցույց տալու համար, որ ինքը չափազանց գոհ էր այդ այցելությունից։
― Դե՛, ― ասաց Սայքսը։
― Դե՛, սիրելիս, ― պատասխանեց Հրեան։ ― Ա՜հ, Նե՜նսի։
Միստր Ֆեգինը և նրա դեռատի բարեկամուհին չէին հանդիպել այն օրվանից, երբ վերջինս միջամտել էր Օլիվերի օգտին։ Հետևաբար, բացականչությունը երկիմաստ էր և կասկած էր առաջացնում։ Նրա բոլոր կասկածները, սակայն, եթե իրոք այդպիսի կասկածներ գոյություն ունեին, փարատվեցին դեռատի լեդիի վերաբերմունքով։ Նա ոտքերը բուխարու վանդակաճաղից իջեցրեց, աթոռը ետ հրեց և Ֆեգինին խորհուրդ տվեց առանց առարկելու նստել կրակի մոտ, քանի որ տարակույս չկար, որ չափազանց ցուրտ գիշեր էր։
― Իսկապես շատ ցուրտ է, Նե՛նսի, սիրելիս, ― ոսկրոտ ձեռքերը կրակի վրա տաքացնելով ասաց Հրեան։ ― Կարծես թե ծակում֊անցնում է մեջդ, ― ավելացրեց ծերը, կողքը բռնելով։
― Ուրեմն շատ սուր ծակիչ պետք է եղած լինի, որ կարողացել է քո սիրտը ծակել, ― ասաց միստր Սայքսը։ ― Նե՛նսի, շո՛ւտ արա, սրան խմելու մի բան տուր։ Գրողը տանի, շտապի՛ր։ Չե՞ս տեսնում ինչպես է դողում։ Նրա կմախքացած մարմնի տեսքը կարող է հիվանդացնել մարդուն։ Կարծես թե շիրմից նոր դուրս եկած գարշելի ուրվական լինի։
Նենսին բաց արեց ինչ֊որ պահարան, որտեղ կային զանազան խմիչքներով լցված բազմաթիվ շշեր, և շտապ վերցնելով նրանցից մեկը՝ տվեց Սայքսին։ Վերջինս բաժակը օղիով լցրեց և Հրեային մատուցելով՝ առաջարկեց խմել։
― Շնորհակալությո՛ւն, բավական է, Բիլլ, բավական է, ― պատասխանեց Հրեան, շուրթերը բաժակին հազիվ հպելուց և բաժակը սեղանին դնելուց հետո։
― Ի՜նչ։ Վախենում ես, որ քեզ կթունավորենք, հա՞, ― հարցրեց Սայքսը հայացքը սևեռելով Հրեայի վրա։ ― Թո՜ւ։
Միստր Սայքսը արհամարհանք արտահայտող ինչ֊որ բառեր մրթմրթաց, խլեց Հրեայի բաժակը, և օղու մնացուկը թափելով մոխրացած ածուխների վրա, իր համար նորից լցրեց։
Մինչ զրուցակիցը երկրորդ բաժակն էր կոնծում, Հրեան սկսեց շուրջը դիտել, ոչ թե հետաքրքրությունից դրդված, որովհետև նա շատ անգամներ էր եղել այդ սենյակում, այլ իր խառնվածքին յուրահատուկ անհանգստությամբ ու կասկածամտությամբ։ Արտաքին երևույթներից դատելով, էժանագին կահավորումով սովորական մի սենյակ էր այդ։ Միայն պահարանում, գտնվող իրերի գոյությունը կարող էր արթնացնել այն միտքը, թե այդ տան բնակիչը ազնիվ աշխատանքով զբաղվող մարդ չէ։ Սենյակի մի անկյունում դրված էին երկու֊երեք ծանր մահակներ, իսկ բուխարու վերևում կախված էր մի գավազան՝ ծայրը արճիճով լցրած։ Դրանից բացի, կասկած հարուցող ոչ մի բան չկար շրջապատում։
― Դե՛, ― ասաց Սայքսը, շրթունքները լպստելով։ ― Այժմ պատրաստ եմ։
― Գործի՞, ― հարցրեց Հրեան։
― Գործի, պատասխանեց Սայքսը։ ― Հետևաբար, ինչ որ ունես ասելու, շուտ ասա։
― Չերթսիի վրա կատարվելիք այդ գործի մասին է խոսքը, Բիլլ, ― ասաց Հրեան աթոռը մոտեցնելով ավազակին և շատ ցածրաձայն խոսելով։
― Այո։ Ի՞նչ ես ուզում ասել, ― հարցրեց Սայքսը։
― Ա՜հ, դու գիտես, թե ինչ եմ ուզում ասել, սիրելիս, ― ասաց Հրեան։ ― Նա իմ միտքը հասկանում է, այնպես չէ՞, Նենսի։
― Ո՛չ, չի՛ հասկանում, ― քմծիծաղ տվեց միստր Սայքսը։ ― Կամ հասկանալով հանդերձ չի ուզում կատարել քո ասածը, իսկ այդ երկուսը միևնույն նշանակությունն ունեն։ Դե՛, գերադասությունները թող և կարգին խոսիր։ Ի՞նչ ես աչքերդ ճպճպացնում և ինձ հետ ակնարկություններով խոսում, կարծես դու չէիր, որ առաջինը մտածեցիր այդ գողության մասին։ Ի՞նչ ես ուզում ասել, խոսիր։
― Հանդա՜րտ, Բիլլ, հանդա՜րտ, ― ասաց Հրեան, որ իզուր էր ուզում այս զայրույթի պոռթկումը կասեցնել։ ― Մեկնումեկը կարող է լսել մեզ, սիրելիս։ Մեկնումեկը կարող է լսել։
― Լսում է, թող լսի, ― ասաց Սայքսը։ ― Հոգս չէ։ ― Բայց քանի որ միստր Սայքսին իսկապես մտահոգում էր ուրիշներից դարանվելու պարագան, հետևաբար, ավելի լրջությամբ մտածեց և հանդարտվելով՝ հաջորդող խոսքերը արտասանեց ավելի ցածրաձայն։
― Լա՛վ, լա՛վ, ― ասաց Հրեան համոզիչ տոնով։ ― Այդ միայն մի փոքր նախազգուշացում էր իմ կողմից, ուրիշ ոչինչ։ Ուրեմն, սիրելիս, անդրադառնանք այդ՝ Չերթսիում կատարվելիք գողության հարցին։ Ե՞րբ է կատարվելու, Բիլլ, ե՞րբ է կատարվելու։ Այնպիսի արծաթեղեն կա այնտեղ, սիրելիս, այնպիսի արծաթեղեն, ― ասաց Հրեան, ձեռքերը շփելով և հոնքերը, իբրև բավականության կանխաճաշակում, վեր բարձրացնելով։
― Երբեք չի կատարվելու, ― պատասխանեց Սայքսը սառնությամբ։
― Երբե՞ք, ― արձագանքեց Հրեան ընկնելով աթոռի հենակին։
― Այո, երբե՛ք, ― պատասխանեց Սայքսը։ ― Որովհետև չի ստացվում այն, ինչ մենք ակնկալել էինք։
― Ուրեմն հարցը ըստ պատշաճի չի շոշափվել, ― ասաց Հրեան, զայրույթից գունաթափվելով։ ― Մի՛ պնդիր։
― Բա՛հ, իսկ դու ո՞վ ես, որ հակաճառություն չես հանդուրժում, հը՞, ― խիստ տոնով պատասխանեց Սայքսը։ ― Քեզ ասում եմ, որ Թոբի Քրեքիթը տասնհինգ օր շարունակ թափառել է շրջակայքում և նրան չի հաջողվել սպասավորներից որևէ մեկին կաշառել, հասկացա՞ր։
― Այսինքն՝ ուզում ես ասել, Բիլլ, ― ասաց Հրեան փափկելով, քանի որ դիմացինը բռնկվել էր, ― թե այդ տան ծառայող երկու մարդկանցից և ոչ մեկին չի՞ կարելի գրավել։
― Այո՛, ճիշտ այդ եմ ուզում ասել, ― պատասխանեց Սայքսը։ ― Նրանք ամբողջ քսան տարի ծառայել են պառավ լեդիի մոտ, հետևաբար, հնարավոր չէ հրապուրել նրանց, նույնիսկ եթե հինգ հարյուր ֆունտի հսկայական մի գումար խոստանաս։
― Բայց մի՞թե դու ուզում ես ասել, սիրելիս, ― առարկեց Հրեան, ― որ այնտեղ ծառայող կանանց էլ չի կարելի փչացնել։
― Բոլորովին հնարավոր չէ, ― պատասխանեց Սայքսը։
― Անգա՞մ Թոբի Քրեքիթի ճարպկությամբ հնարավոր չէ, հը՞, ― ասաց Հրեան կասկածամտորեն։ ― Մտածի՛ր, թե կանայք ինչպիսի արարածներ են, Բիլլ։
― Նույնիսկ Թոբի Քրեքիթի ճարտարությամբ այդ բանը հնարավոր չէ, ― պատասխանեց Սայքսը։ ― Նա ասում է, որ ամբողջ ժամեր թափառել է այնտեղ՝ ծպտված կեղծ մորուքով և դեղնավուն բաճկոնով, սակայն իզուր։
― Նա պիտի կեղծ բեղեր դրած լիներ և զինվորական տարազ հագներ, սիրելիս, ― ասաց Հրեան։
― Այդպես էլ արել է, ― պատասխանեց Սայքսը, ― բայց այդ ծրագիրը նույնպես ձախողվել է, ինչպես նախորդները։
Հրեայի դեմքը մռայլվեց այդ տեղեկությունից։ Գլուխը կախած կրծքին, մի քանի րոպե լուռ խորհրդածելուց հետո, վեր նայեց և խոր հոգոց քաշելով ասաց, որ եթե Թոբի Քրեքիթի հաղորդած լուրերը ճշմարտացի էին, ապա այնպես էր երևում, թե խաղը տանուլ էր տրված։
― Եվ սակայն, ― ասաց ծերը, ձեռքերը ծնկներին խփելով, ― և սակայն, կորցնել այն բոլորը, որ այնքան տենչացել էինք։ Ափսո՜ս, ափսո՜ս։
― Այդպես է, ― ասաց Սայքսը։ ― Մե՛ծ ձախորդություն։
Ապա երկար լռություն տիրեց։ Հրեան սուզված էր խոր մտածմունքի մեջ։ Կնճիռները նրա դեմքին այնպիսի սրիկայական արտահայտություն էին տվել, որ նա դիվային մարդու տեսք էր ստացել։ Սայքսը մերթ ընդ մերթ գաղտագողի նայում էր նրան։ Նենսին, ըստ երևույթին վախենալով ավազակի զայրույթը գրգռել, աչքերը կրակին հառած, իր շուրջը կատարվածից կարծես բոլորովին անտեղյակ, լուռ ու անշարժ նստել էր իր տեղում։
― Ֆեգի՛ն, ― ասաց Սայքսը, տիրող լռությունը հանկարծ խզելով․ ― ի՞նչ է քո կարծիքը․ եթե գործը դրսից ապահով գլուխ բերվի, արժե՞ հիսուն ոսկի ավելի վճարել։
― Իհարկե արժե, ― ասաց Հրեան, նույնքան հանկարծակի սթափվելով իր խորհրդածությունից։
― Համաձա՞յն ես սակարկության, ― հարցրեց Սայքսը։
― Այո՛, սիրելիս, այո՛, ― պատասխանեց Հրեան, որի աչքերը շողացին և դեմքի մկաններն սկսեցին հուզմունքից թրթռալ։
― Ուրեմն, ― ասաց Սայքսը, Հրեայի ձեռքը զզվանքով դեն հրելով, ― մենք այդ գործին ձեռնամուխ կլինենք, երբ որ ցանկանաս։ Նախանցյալ գիշեր Թոբին և ես պարտեզը շրջապատող պարսպի վրայով ներս ցատկեցինք և զննեցինք դռների փայտակերտ շրջանակներն ու պատուհանների փեղկերը։ Բնակարանը գիշեր ժամանակ բոլոր կողմերից բանտի նման ամրացվում է, բայց կա մի տեղ, որ կարող ենք անաղմուկ ջարդել ու ապահով ներս մտնել։
― Այդ տեղը շենքի ո՞ր մասում է գտնվոմ, ― հարցրեց Հրեան սաստիկ հետաքրքրությամբ։
― Այդ այն տեղն է, ― շշնջաց Սայքսը, ― երբ մարգի միջով անցնում ես մյուս կողմը և․․․
― Այո՞, ― ասաց Հրեան գլուխը առաջ մեկնելով։ Նրա աչքերը համարյա դուրս էին ժայթքել ակնապիճներից։
― Ի՜հ, ― բացականչեց Սայքսը և իսկույն լռեց։ Աղջիկը գլուխը հազիվ շարժելով, հանկարծ նայել էր ավազակին և ակնթարթային արագությամբ մատնացույց արել Հրեայի դեմքը։ ― Ոչի՛նչ, թե որ մասումն է։ Գիտեմ, որ առանց ինձ ոչինչ չեք կարող գլուխ բերել, բայց քեզ հետ գործակցելիս ավելի ապահով է գործը լավ կարգադրել։
― Ինչպես կցանկանաս, սիրելիս, ինչպես կցանկանաս, ― պատասխանեց Հրեան։ ― Բացի քեզնից և Թոբիից ուրիշ որևէ մեկի օգնությանը կարիք չունե՞ք։
― Ոչ ոքի, ― ասաց Սայքսը։ ― Մեզ հարկավոր է միայն ճեղք բաց անելու մի գործիք և մի տղա։ Առաջինը ունենք, իսկ երկրորդը դո՛ւ պետք է ճարես մեզ համար։
― Մի տղա՜, ― բացականչեց Հրեան։ ― Ուրեմն ինչ֊որ նեղ անցք է, հա՞։
― Քո ի՞նչ գործն է, թե ինչ անցք է, ― պատասխանեց Սայքսը։ ― Ինձ մի տղա է հարկավոր, և նա չպետք է խոշորակազմ լինի։ Օ՜հ, տեր իմ աստված, ― ասաց միստր Սայքսը խորհրդածելով, եթե կարողանայի այդ ծխան մաքրող Նեդի տղային գտնել։ Նա դիտավորյալ կերպով փոքրակազմ է նրան պահում և ըստ պահանջի տալիս է վարձու։ Բայց հայրը ինչ֊որ ոճրի համար ուղարկվում է տաժանակիր աշխատանքի, իսկ Անչափահաս Հանցագործների մասին հոգացող Ընկերությունը տղային վերցնում է, գրել֊կարդալ է սովորեցնում և զրկելով իր արհեստից, որը շահավետ էր նրա համար, ժամանակի ընթացքում նրան աշակերտ է դարձնում։ Եվ այդպես էլ կշարունակեն, ― ասաց միստր Սայսը իր դեմ եղած անիրավությունները մտաբերելիս բորբոքվելով, ― և այդպես էլ կշարունակեն։ Եթե բավականաչափ դրամ ունենային (ինչ մեծ բարեբախտություն, որ չունեն), այնպես կանեին, որ մի քանի տարի հետո հազիվ հինգ֊վեց տղա կմնար մեր գործի համար։
― Այո՛, այդպես է, ― հաստատեց Հրեան, որը այս մենախոսության ընթացքում, մտքերով տարված, միայն վերջին նախադասությունն էր լսել։
― Բի՛լլ։
― Հը՛, ի՞նչ է, ― հարցրեց Սայքսը։
Նենսին դեռևս սևեռուն հայացքով կրակին էր նայում․ Հրեան գլխի թեթև շարժումով ավազակին հասկացրեց, թե հարկավոր է ինչ֊որ պատրվակով Նենսիին հեռացնել սենյակից։ Սայքսը, նախազգուշացումը կարծես անտեղի համարելով, անհամբերությամբ ուսերը թոթվեց, այնուամենայնիվ ենթարկվելով թելադրանքին՝ միսս Նենսիից մի բաժակ գարեջուր խնդրեց։
― Դու ոչ մի գարեջուր էլ չես ուզում, Բիլլ, ― ասաց Նենսին թևերը ծալելով և շատ անվրդով մնալով իր տեղում։
― Ուզում եմ, ― պատասխանեց Սայքսը։
― Հիմարությո՛ւն, ― հարեց աղջիկը պաղարյունությամբ։ ― Շարունակի՛ր, Ֆեգին։ Ես գիտեմ, թե ինչ է ուզում ասել, Բիլլ, կարիք չկա ինձնից թաքցնելու։
Հրեան դեռևս վարանում էր։ Սայքսը զարմացած մեկից մյուսին նայեց։
― Հո մեր աղջկանից բան չե՞ս ուզում թաքցնել, Ֆե՛գին, ― վերջապես հարցրեց նա։ ― Դու նրան վաղուց ես ճանաչում, էլ ի՞նչ անվստահության հարց կարող է լինել․ այլապես, սատանան տանի, ինչ֊որ գաղտնիք կա այստեղ։ Հո նա մեզ չի՞ դավաճանի։ Այնպես չէ՞, Նենսի։
― Կարծում եմ, ― ասաց դեռատի լեդին՝ աթոռը մոտեցնելով և արմունկները հենելով սեղանին։
― Իհարկե չես դավաճանի, ես այդ գիտեմ, սիրելիս, ― ասաց Հրեան, ― բայց․․․ և ծերունին նորից լռեց։
― Բայց ի՞նչ, ― հարցրեց Սայքսը։
― Ինձ թվում է, նրա տրամադրությունը այնքան էլ երաշխավորելի չէ․ գուցե նախորդ գիշերվա նման նա դարձյալ ջղագրգռվի, սիրելիս, ― պատասխանեց Հրեան։
Այդ խոստովանության վրա միսս Նենսին շռնդալից ծիծաղեց, կուլ տվեց մի բաժակ օղի և, գլուխը մարտահրավեր նետողի նման թափահարելով, զանազան բացականչություններ արավ․ ինչպես, օրինակ, «խաղը համարձակ շարունակե՛ք», «երբեք մի ընկճվե՛ք» և այլն։ Աղջկա այդ վարմունքը, ըստ երևույթին, երկու ջենթլմենին էլ վստահություն ներշնչեց, քանի որ Հրեան, բավարարված, գլխով նշան արեց և կրկին գրավեց իր տեղը․ նույնը արեց և միսըր Սայքսը։
― Դե՛, ուրեմն, Ֆեգին, ― ասաց Նենսին ծիծաղելով, ― շուտ պատմիր Բիլլին Օլիվերի մասին։
― Ա՜հ, ինչ սրամիտն ես, սիրելիս․ դու իմ տեսած բոլոր աղջիկներից ամենասրամիտն ես, ― ասաց Հրեան, նրա ծոծրակը շոյելով։ ― Ւսկապես, հենց Օլիվերի մասին էլ ուզում էի խոսել։ Հա՛, հա՛, հա՛։
― Իսկ ի՞նչ ես ուզում ասել նրա մասին, ― հարցրեց Սայքսը։
― Նա քո ուզած տղան է, սիրելիս, ― պատասխանեց Հրեան խռպոտ փսփսոցով։ Ապա մատը դրեց քթին, և դեմքին տարածվեց մի գարշելի ժպիտ։
― Նա՜, ― բացականչեց Սայքսը։
― Վերցրու նրան, Բիլլ, ― ասաց Նենսին։ ― Եթե ես քո տեղը լինեի, անպայման կվերցնեի։ Գուցե մյուսների չափ ճարպիկ չլինի, բայց քո ուզածը ճարպկություն չէ, եթե մենակ մի դուռ պետք է բաց անի քեզ համար։ Նա անվնաս է, այդ մասին կարող ես վստահ լինել, Բիլլ։
― Այո՛, անվնաս է, ― հաստատեց Ֆեգինը։ ― Մանավանդ այս վերջին շաբաթների դաստիարակությունը, ինձ թվում է, մեծապես կոփած կլինի նրան։ Եվ հետո արդեն ժամանակն է, որ օգուտ բերի մեզ։ Իսկ գալով մյուս տղաներին, նրանք բոլորն էլ շատ խոշորակազմ են։
― Այո՛, նա ճիշտ իմ ուզած չափսին է, ― ասաց միստր Սայքսը խորհրդածելով։
― Եվ նա կկատարի ինչ֊որ ցանկանաս, սիրելիս, ― ընդհատեց Հրեան, ― այլ կերպ չի էլ կարող լինել, եթե իհարկե, նրան պետք եղածի չափ վախեցնես։
― Վախեցնե՜լ, ― արձագանքեց Սայքսը։ ― Լավ իմացիր, որ նրա հետ կատակ չեմ անելու։ Գործն սկսելուց հետո, եթե գտնեմ, որ նա որևէ տարօրինակություն է ցուցաբերում, դու այլևս ողջ չես տեսնի նրան, Ֆեգին։ Ուղարկելուց առաջ լավ մտածիր և հիշիր իմ խոսքերը, ― ասաց ավազակը, ձեռքի վրա հավասակշռելով մի երկաթյա ձող, որի ծայրը ծանր իրեր տեղից շարժելու նպատակով ճարմանդված էր, և որը նա դուրս էր քաշել մահճակալի տակից։
― Ես այդ բոլորի մասին մտածել եմ, ― վրա բերեց Հրեան, ― նրան շատ մոտիկից եմ հետևել, սիրելիներ, շատ֊շատ մոտիկից։ Թող նա մի անգամ զգա, որ արդեն մերոնցից է, թող նրա միտքը մի անգամ համակվի այն զգացումով, որ ինքը գող է, և արդեն մերը կդառնա։ Մերը, մինչև իր կյանքի վերջը։ Օհո՜, սրանից ավելի հաջող զուգադիպություն չէր կարող լինել, ― և ծերունին թևերը խաչաձևեց կրծքին, գլուխն ու ուսերը միացրեց իրար և ուրախությունից, բառիս բուն առումով, գրկեց ինքն իրեն։
― Մե՜րը, ― ասաց Սայքսը, ― այսինքն՝ քոնը։
― Գուցե այդպես է, սիրելիս, գուցե այդպես է, ― զիլ ձայնով քրքրջաց Հրեան։ ― Թող իմը լինի, եթե այդպես ես ցանկանում, Բիլլ։
― Իսկ ինչի՞ց դրդված այդքան մեծ հոգածություն ես ցուցաբերում մի լակոտի հանդեպ, երբ գիտես, որ հիսունից ավելի տղաներ ամեն գիշեր թափառում են Քամըն Գարդընի շրջակայքում, և դու կարող ես նրանցից որևէ մեկին ջոկել, ― իր սիրելի բարեկամի վրա սաստիկ գոռալով ասաց Սայքսը։
― Որովհետև նրանք ինձ համար պիտանի չեն, սիրելիս, ― փոքր֊ինչ շփոթված պատասխան տվեց Հրեան, ― որովհետև այդպիսիներին վերցնել ձեռնտու չէ։ «Ծուղակն ընկնելու» դեպքում նրանց արտաքին երևույթը իսկույն կմատնի իրենց, և ես ամեն ինչ կկորցնեմ։ Իսկ եթե այս տղայի հետ վերաբերվեմ պատշաճ ձևով, ես կհասնեմ այնպիսի հաջողությունների, որ նրանցից քսանի օգնությամբ չէի հասնի։ Բացի այդ, ― ինքնավստահությունը վերագտնելով ասաց Հրեան, ― երբ նրան հաջողվի նորից փախչել, նա կմատնի մեզ, ուստի նա պետք է անպայման նույն նավով ճամփորդի, ինչպես մենք։ Ինչ փույթ, թե ինչպես հայտնվեց այնտեղ։ Բավական է, որ նա մասնակից լինի մի գողության․ ահա միակ բանը, որ հարկավոր է ինձ։ Իսկ մի՞թե սա ավելի նախընտրելի չէ, քան այն, որ հարկադրվենք խեղճ փոքրիկ տղային մեջտեղից վերացնել, որը և վտանգավոր կլիներ, և մեր գործը կտուժեր։
Միստր Սայքսը Ֆեգինի մարդասիրական զգացումների նկատմամբ իր զզվանքը արտահայտող ինչ֊որ նախատական խոսքեր էր ծոր տալիս, երբ միսս Նենսին ընդհատեց նրան հարցնելով․
― Ե՞րբ եք մտադիր այս գարծը ձեռնարկել։
― Ա՜հ, իսկապես, ― ասաց Հրեան, ― ե՞րբ եք մտադիր, Բիլլ։
― Թոբիի հետ ծրագրել էինք ձեռնարկել վաղը չէ մյուս օրը, եթե մինչև այդ մեր որոշումը բեկանող որևէ կարգադրություն չստանար ինձանից, ― սրտնեղած պատասխանեց Սայքսը։
― Լա՛վ է ― ասաց Հրեան, ― լուսին էլ չկա։
― Չկա, ― հաստատեց Սայքսը։
― Ավարը բերելու համար ամեն ինչ ծրագրվա՞ծ է, ― հարցրեց Հրեան։
Սայքսը գլխով արեց։
― Եվ նմանապես․․․
― Օ՛հ, ա՛հ, ամեն ինչ ծրագրված է, ― պատասխանեց Սայքսը՝ ընդհատելով նրան։ ― Մանրամասնությունները քեզ պետք չեն։ Դու միայն աշխատիր տղային վաղը գիշեր այստեղ բերել։ Լուսաբացից մի ժամ հետո կճանապարհվենք։ Այնուհետև լեզուդ քեզ քաշիր և հալոցի կաթսան պատրաստ պահիր․ ահա բոլորը, որ պահանջվում է քեզնից։
Փոքր֊ինչ վիճելուց հետո, որին երեքն էլ եռանդով մասնակցեցին, այնպես որոշվեց, որ Նենսին հաջորդ երեկո, մութն ընկնելուց հետո, գնար և Հրեայի բնակարանից Օլիվերին բերեր Սայքսի մոտ։ Հրեան մտածեց, որ գուցե տղան չկամություն հայտնի, որոշեց ուղեկցել աղջկան, որը մոտավոր անցյալում այնքան բուռն կերպով միջամտել էր տղայի օգտին։ Ապա հանդիսավորապես որոշվեց նաև, որ խեղճ Օլիվերը այդ ամբողջ արշավանքի ընթացքում լինելու էր միստր Վիլյամ Սայքսի բացարձակ հսկողության տակ։ Դեռ ավելին․ այս Սայքս կոչեցյալը նրա հետ վարվելու էր ինչպես կամենար և նրան պատժի ենթարկելու դեպքում Հրեայի կողմից ոչ մի պատասխանատվության չէր կանչվելու։ Եվ որպեսզի համոզվեին, որ միստր Սայքսի ցուցմունքները համապատասխանում էին իրականության, համաձայնեցին նաև, որ տրված բոլոր տեղեկությունները տուն վերադառնալուց հետո իրենց կարևոր մանրամասնություններով հաստատվելու էին ճարտար Թոբի Քրեքիթի վկայությամբ։
Այս նախնական կարգադրությունները ավարտելուց հետո միստր Սայքսը սկսեց մոլեգնորեն օղի կոնծել և երկաթե ձողը ահարկու կերպով ճոճել օդի մեջ, միաժամանակ ծոր տալով կատաղի հայհոյանքներ և երգի շատ աններդաշնակ բեկորներ։ Վերջապես, պրոֆեսիոնալ ցնծության նոպայի մեջ, նա պնդեց, որ դուրս բերվի իր մասնագիտության վերաբերյալ գործիքների արկղը։ Նա խմիչքի ազդեցության տակ երերալով հազիվ էր բաց արել այդ արկղը և պատրաստվում էր բացատրել զանազան պիտույքների ձևն ու հատկությունը և նրանց սարքավորման յուրահատուկ գեղեցկությունները, երբ արկղի վրայից գլորվելով ընկավ հատակին և հենց այնտեղ էլ քնեց։
― Բարի գիշեր, Նենսի, ― ասաց Հրեան, առաջվա նման փաթաթվելով վերարկուի մեջ։
― Բարի գիշեր։
Երկուսի հայացքները հանդիպեցին իրար, և Հրեան սևեռուն նայեց իր զրուցակցին։ Աղջիկը անթարթ աչքերով պատասխանեց նրա հայացքին։ Այս հարցի նկատմամբ նա այնքան անկեղծ էր երևում, որքան հենց ինքը՝ Թոբի Քրեքիթը։
Հրեան նորից բարի գիշեր մաղթեց և, մինչ աղջիկը մյուս կողմ էր շուռ եկել, թաքուն մի քացի տալով միստր Սայքսի գետնատարած մարմնին, խարխափոլով իջավ ներքև։
― Ահա այս է հաջողության գաղտնիքը, ― տուն գնալիս ինքն իրեն քրթմնջաց Հրեան։ ― Կանանց բնավորության ամենավատ կողմն այն է, որ չնչին մի երևույթ նրանց մեջ արթնացնում է վաղուց մոռացված մի զգացմունք, և նրանց բնավորության լավագույն կողմն այն է, որ այդ զգացմունքից առաջացած հուզումը երբեք տևական չի լինում։ Հա՛, հա՛, հա՛։
Այս հաճելի մտքերով տարված՝ միստր Ֆեգինը, ցեխի և տիղմի միջով քարշ գալով, վերջապես հասավ իր բնակարանը, որտեղ Ստահակը անհամբեր նրա վերադարձին էր սպասում։
― Օլիվերը քնա՞ծ է, ես ուզում եմ նրա հետ խոսել, ― անմիջապես հարցրեց Հրեան աստիճաններով իջնելիս։
― Վաղուց է քնել, ― պատասխանեց Ստահակը, մի ինչ֊որ պինդ փակված սենյակի դուռը բաց անելով։ ― Ահա այստեղ է նա։
Տղան խոր քնած էր հատակին դրված մի խշտյակի վրա։ Սենյակի օդը հեղձուցիչ էր․ անձկություն ու թախիծը ծանր նստել էին նրա դեմքին և նա գունատ էր, ինչպես մահը։ Մահը ոչ այնպես, ինչպես ներկայանում է մեզ պատանքի ու դագաղի մեջ, այլ մահը այն տեսքով, որ ընդունում է, երբ մատաղ ու գողտրիկ հոգին դեռ նոր է սլացած լինում երկինք, և երկրի ապականված օդը դեռևս եղծանած չի լինում նրա կավե պատյանը։
― Ոչ այժմ, ― շշնջաց Հրեան՝ հեռանալով այդտեղից։ Լուսաբացի՛ն։ Լուսաբացին։
Քսաներորդ գլուխ
Որտեղ Օլիվերը հանձնվում է միստր Վիլյամ Սաքսի տնօրինությանըԱռավոտյան, երբ Օլիվերը զարթնեց, մեծ զարմանքով տեսավ, որ անկողնու մոտից իր հին կոշիկները չքացել և դրանց փոխարեն մի զույգ նոր կոշիկներ էին դրվել՝ հաստ ու ծանր ներբաններով։ Սկզբում այս երևույթը հաճույք պատճառեց նրան, իր մեջ արթնացնելով այն հույսը, թե գուցե դա իր «գերիությունից» ազատվելու նախանշանն էր։ Բայց այդպիսի մտորումները արագորեն ցնդեցին, քանի որ նախաճաշելիս Հրեան խորհրդավոր կերպով ասաց, թե այդ գիշեր նրան տանելու էին Բիլլ Սայքսի բնակարանը։
― Այնտեղ մշտապես թողնելո՞ւ համար, տեր իմ, ― հարցրեց Օլիվերը անհանգստությամբ։
― Ո՛չ, սիրելիս, մշտապես թողնելու համար չեն տանում, ― պատասխանեց Հրեան։ ― Մենք չենք ցանկանա կորցնել քեզ։ Մի՛ վախենա, Օլիվեր, դու նորից մեզ մոտ ես գալու։ Հա՛, հա՛, հա՛։ Մենք այնքան էլ անգութ չենք, որ հրաժարվենք քեզնից, սիրելիս։ Օ՜հ, ո՛չ, ո՛չ։
Ծերունին, որ կրակի վրա թեքված հաց էր կարմրացնում, այսպես զվարճաբանելիս՝ շուռ եկավ և ինքնագոհ ծիծաղեց, ասես Օլիվերին հասկացնելու համար, թե ինքը գիտեր, թե առիթը ներկայանալու դեպքում Օլիվերը մեծ ուրախությամբ կփախչեր այդտեղից։
― Անշուշտ, ― ասաց Հրեան, աչքերը անգթիթ հարելով Օլիվերին, ― անշուշտ կցանկանայիր իմանալ, թե ինչո՞ւ ես Բիլլի մոտ գնում, այնպես չէ՞, սիրելիս։
Օլիվերը գտնելով, որ ծեր ավազակը կարողացել էր կարդալ իր մտքերը, ակամա շառագունեց, այնուամենայնիվ հանդգնությամբ ասաց, որ ցանկանում է իմանալ։
― Իսկ ի՞նչ ես կարծում, ― հարցրեց Ֆեգինը, խուսափելով պատասխանից։
― Իսկապես չգիտեմ, թե ինչու եմ գնում, տեր իմ, ― ասաց Օլիվերը։
― Բա՛հ, ― ասաց Հրեան, ― տղայի դեմքը ուշադիր զննելուց հետո հիասթափված շրջվելով։ ― Այդ դեպքում սպասիր, մինչև ինքը՝ Բիլլը քեզ կասի։
Հրեան, Օլիվերի լռությունը վերագրելով նրա անտարբերությանը, վրդովված էր երևում, այնինչ երեխան նրա լուրջ ու խորամանկ շարժուձևից ու իր մանուկ մտքի հանած հետևություններից այնքան շփոթված էր, որ չկարողացավ ավելի մանրամասնությունների մեջ մտնել։ Արդեն ուրիշ առիթ էլ չունեցավ, որովհետև Հրեան մինչև գիշեր շատ լուռ ու ծածկամիտ մնաց, հետո էլ տանից դուրս եկավ։
― Կարող ես մի մոմ վառել, ― ասաց Հրեան՝ մոմը սեղանին դնելով։ ― Ահա և մի գիրք, կարդա, մինչև կգան քեզ տանելու։ Բարի գիշեր։
― Բարի գիշեր, ― շշնջաց Օլիվերը։
Հրեան ուսի վրայից նայելով տղային գնաց դեպի դուռը։ Հանկարծ կանգ առավ և նրա անունը տվեց։
Օլիվերը նայեց նրան։ Ծերունին մոմը ցույց տալով՝ լռությամբ հասկացրեց վառել։ Երեխան հնազանդվեց և երբ մոմակալը դրեց սեղանին, նա տեսավ, որ Հրեան, հոնքերը կիտած ու սևեռուն հայացքավ, սենյակի մութ անկյունից իրեն էր նայում։
― Զգո՜ւյշ կաց, Օլիվե՜եր, զգո՜ւյշ կաց, ― աջ ձեռքը սպառնական թափ տալով ասաց ծերը։ ― Նա բիրտ մարդ է և արյուն թափելուց բոլորովին չի խուսափում։ Ինչ էլ որ պատահի, մի առարկիր նրան և կատարիր ինչ որ նա կհրամայի քեզ։ Զգո՜ւյշ։
Վերջին բառը հատկապես ուժեղ շեշտելով, նրա դեմքի վրա աստիճանաբար ուրվագծվեց դժոխային մի ժպիտ, և գլուխը խորհրդավոր թափահարելով՝ դուրս եկավ սենյակից։
Ծերունու գնալուց հետո Օլիվերը գլուխը առավ ձեռքերի մեջ և սարսափից դողացող սրտով սկսեց խորհրդածել իր լսածների մասին։ Մտածելը, սակայն, ավելի ու ավելի շփոթեցրեց նրան, և նա ոչ մի կերպ չկարողացավ իմանալ Հրեայի խոսքերի իմաստը և նրանց խորքում թաքնված գաղտնիքների էությունը։
Օլիվերը գտնում էր, որ եթե իրեն ուզում էին ուղարկել Սայքսի մոտ որևէ վատ նպատակի համար, այդ նույն նպատակը կարելի էր իրագործել նաև այստեղ՝ Ֆեգինի մոտ։ Երկար խորհրդածելուց հետո եկավ այն եզրակացության, որ իրեն ընտրել էին ավազակի մոտ ինչ֊որ հասարակ ծառայություններ մատուցելու, մինչև այն ժամանակ, երբ իրենից ավելի հարմար մեկը կճարեին։ Խեղճը այնքան էր սովոր տառապանքի և այժմյան պայմաններում այնքան էր տառապել, որ իր վիճակի որևէ կերպ փոփոխության ենթարկվելու պարագան հազիվ թե սուր կերպով ներգործեր նրա վրա։
Հետևաբար, մի քանի րոպե այսպես մտորելուց հետո խոր հառաչանքով վեր կացավ, մոմի պատրույգը մաքրեց և վերցնելով Հրեայի տված գիրքը՝ սկսեց կարդալ։
Սկզբում, կարդալու մտադրություն չունենալով, անտարբերությամբ թերթեց էջերը, բայց պատահելով մի հատվածի, որն իր ուշադրությունը գրավեց, իսկույն տարվեց հատորի ընթերցանությամբ։ Դա պատմում էր հայտնի ոճրագործների կյանքի ու դատավարությունների մասին, և նրա էջերը երկար գործածությունից մաշվել ու կեղտոտվել էին։ Դա պատմում էր քստմնելի ոճիրների մասին, որ մարդու արյունը սառեցնում էր երակներում։ Դա պատմում էր ճամփաների եզրերին կատարված գաղտնի մարդասպանությունների մասին, խորունկ փոսերի ու ջրհորների մեջ գցված դիակների մասին, որոնք չնայած շատ խորն էին թաղված, բայց տարիներ հետո վերջապես հայտնաբերվել էին, և նրանց տեսքը այնքան էր սարսափեցրել մարդասպաններին, որ այդ արհավիրքի սաստկության մեջ նրանք խոստովանել էին իրենց հանցապարտ լինելը և իրենց հոգեկան տառապանքներին վերջ տալու համար աղաղակներով կախաղան էին հայցել։ Դա պատմում էր նաև այն մարդկանց մասին, որոնք խուլ գիշերին, անկողիններում պառկած ժամանակ անձնատուր լինելով (իրենք էին այդպես վկայում), իրենց մեղսալից խորհուրդներին, կատարել էին այնպիսի ահեղ սպանություններ, որոնց մասին մտածելն անգամ մարդուն սարսուռ կպատճառեր։ Ահավոր նկարագրությունները այնպիսի վառ գույներով էին պատկերված, որ գրքի դեղնած էջերը ասես վառվում էին հրակարմիր արյունով, և գրված բառերը այնքան սահմռկեցուցիչ էին, ասես մեռած հոգիները անդրշիրիմյան ձայներով շշնջում էին նրա ականջին։
Սաստիկ զարհուրած, տղան փակեց գիրքը և դեն գցեց։ Ապա ծունկի գալով ջերմեռանդորեն աղոթեց աստծուն, որ ինքը երբեք չգտնվի նման արարքների մեջ, և թող նախախնամությունն այնպես կամենար, որ իսկույն մեռներ, քան որևէ կերպ մասնակից լիներ այսպիսի քստմնելի ոճիրների։ Աստիճանաբար նա հանդարտվեց և դողդողուն ձայնով դարձյալ աղերսեց, որ երկինքը փրկեր իրեն սպառնացող վտանգից և եթե որևէ օգնություն հասնելու էր մի խեղճ, անտեր երեխայի, որը կյանքում բարեկամի ու հարազատի սեր չէր զգացել, թող այդ հասներ այժմ, այս ճակատագրական պահին, երբ ինքը, լքված ու միայնակ, կանգնած էր անօրինականությունների ու ոճիրների այս քաոսային աշխարհում։
Աղոթքը վերջացրել էր, բայց նա դեռևս նստած էր գլուխը ձեռքերի մեջ առած, երբ ինչ֊որ խշրտոց սթափեցրեց նրան։
― Ի՞նչ բան է, ― ճչաց նա ընդոստ վեր ցատկելով և դռան մոտ ինչ֊որ ստվեր նկատելով՝ խուճապահար հարցրեց, թե ով է այնտեղ։
― Ե՛ս եմ, միայն ե՛ս, ― պատասխանեց մի դողդոջյուն ձայն։
Օլիվերը մոմը բարձրացնելով՝ նայեց դեպի դուռը։ Նենսին էր։
― Ճրագը դիր սեղանին, ― ասաց աղջիկը՝ գլուխը շուռ տալով, ― լույսը վնասում է աչքերիս։
Օլիվերը տեսավ, որ նա շատ գունատ էր և կիսաձայն հարցրեց, թե արդյոք հիվա՞նդ էր։ Աղջիկը, մեջքը շուռ տալով դեպի տղան, իրեն գցեց մի աթոռի վրա և, առանց հարցին պատասխան տալու, սկսեց ձեռքերը տրորել։
― Տե՜ր, ողորմյա՛ ինձ, ― ճչած նա քիչ հետո։ Երբեք մտքովս չէր անցել։
― Լուրջ բա՞ն է պատահել, ― հարցրեց Օլիվերը։ ― Կարո՞ղ եմ որևէ կերպ օգնել։ Ես անպայման կօգնեմ, անպայման, անպայման։
Աղջիկը ամբղջ մարմնով ետ ու առաջ էր ճոճվում, մեկ էլ կոկորդում ինչ֊որ բան ասես նրան շնչահեղձ արեց։
― Նենսի՜, ― թախանձեց Օլիվերը։ ― Ի՞նչ է պատահել։
Աղջիկը ձեռքերով ծնկները ծեծեց, ոտքերը ուժգին խփեց հատակին, բայց հանկարծ հանդարտվելով, ավելի պինդ փաթաթվեց շալի մեջ և ցրտից սկսեց սարսռալ։
Օլիվերը կրակը բորբոքեց։ Աղջիկը աթոռը մոտեցրեց օջախին, մի պահ լուռ նստեց, բայց վերջապես գլուխը բարձրացնելով նայեց շուրջը։
― Չգիտեմ, երբեմն ինչ է կատարվում ինձ հետ, ― ասաց նա, ձևացնելով՝ իբրև թե հագուստն է կարգի բերում, ― երևի այս խոնավ, կեղտոտ սենյակից է։ Ուրեմն, Նոլլի, սիրելիս, պատրա՞ստ ես։
― Քե՞զ հետ եմ գալու։
― Այո։ Բիլլի մոտից եմ եկել, ― պատասխանեց աղջիկը։ ― Ինձ հետ պիտի գաս։
― Իսկ ինչո՞ւ համար, ― ասաց Օլիվերը ընկրկելով։
― Ինչու համա՞ր, ― արձագանքեց աղջիկը ու մի րոպե վեր նայեց, բայց խուսափելով տղայի հայացքից՝ աչքերը իսկույն խոնարհեց գետին։ ― Օ՜հ, անհանգստանալու բան չկա։
― Չեմ հավատում, ― ասաց Օլիվերը, որը շատ ուշադիր դիտել էր նրա դեմքը։
― Դու գիտես, ― պատասխանեց աղջիկը՝ կեղծ քրքիջով։ ― Ուզում ես՝ հակառակը հասկացիր։
Օլիվերը տեսնում էր, որ ինքը կարող էր աղջկա մեջ որոշ չափով ավելի լավ զգացմունքներ արթնացնել, ուստի մի րոպե մտածեց իր անօգնական վիճակի համար դիմել նրա գթասրտությանը։ Բայց հանկարծ նրա մտքում փայլատակեց այն միտքը, որ ժամը հազիվ տասնմեկն էր, և փողոցներում դեռևս շատ մարդ կար։ Նրանցից ոմանք անշուշտ հավատ կընծայեին իր պատմությանը։ Այս մտքերով հուսադրված՝ նա առաջ եկավ և նույնիսկ փոքր֊ինչ անհամբերությամբ ասաց, թե պատրաստ է գնալու։
Աղջկա ուշադրությունից, սակայն, չվրիպեց Օլիվերի մտադրությունը։ Նա ուշադիր դիտեց տղային, մինչդեռ նա խոսում էր և նշանակալից նայելով նրան՝ բավականին պարզ հասկացրեց, որ կռահել էր նրա միտքը։
― Կամա՜ց, ― նրա ականջին կռանալով շշնջաց աղջիկը և կասկածամտությամբ շուրջը նայելով՝ դուռը ցույց տվեց։ ― Ամեն ճիգ գործադրել եմ քեզ այս դրությունից դուրս բերելու համար, բայց իզուր։ Դու ընկած ես այնպիսի ցանցի մեջ, որ ներկայումս փրկություն չկա քեզ համար։ Դու պետք է լռությամբ ենթարկվես քո ճակատագրին։ Իսկ եթե երբևէ այստեղից ազատվելու մասին ես մտածում, ապա իմացիր, որ այժմ դրա ժամանակը չէ։
Օլիվերը, աղջկա ազդող խոսքերից ապշած, մեծ զարմանքով նրա դեմքին նայեց։ Այնպես էր երևում, որ նա ճշմարտությունն էր ասում։ Դեմքը գունատ էր ու այլայլված․ նա հուզմունքից դողում էր։
― Դու գիտես, թե ինչպես պաշտպանեցի քեզ այն գիշեր, և այժմ էլ կպաշտպանեմ, ― շարունակեց աղջիկը բարձրաձայն, ― որովհետև, եթե ե՛ս չգայի, նրանք, ովքեր պիտի գային քեզ տանելու, քեզ հետ շատ ավելի կոպտությամբ պիտի վարվեին։ Ես երաշխավորել եմ, որ դու քեզ հանգիստ ու խաղաղ կպահես։ Եթե հակառակը պատահի, դու վնաս կհասցնես թե՛ քո անձին, թե՛ ինձ և թերևս իմ մահվան պատճառը դառնաս։ Տե՛ս, ես այս բոլոր տանջանքները քեզ համար եմ քաշել, և վերևում աստվածն է վկա այդ ամենին։ ― Նա շտապ ցույց տվեց մի շարք կապտավուն նշաններ, որ դրոշմված էին իր վզի ու թևերի վրա, և հևասպառ շարունակեց․ ― Հիշի՛ր, այս բոլորը և մի՛ թողնիր, որ նորից տառապեմ քեզ համար, գոնե այժմ։ Եթե հնարավոր լիներ օգնել, չէի զլանա։ Բայց դա իմ ուժերից վեր է։ Նրանք քեզ որևէ վնաս չեն հասցնելու, և ինչ էլ որ հարկադրեն քեզ անելու, մեղավորը դո՛ւ չես։ Կամա՜ց։ Քո արտասանած յուրաքանչյուր բառը մի հարված է ինձ համար։ Տո՛ւր ինձ ձեռքդ։ Շտապի՛ր։ Ձե՛ռքդ։
Նա բռնեց Օլիվերի բնազդաբար մեկնված ձեռքը և մոմը հանգցնելով և տղային քաշելով իր հետևից՝ աստիճաններով վեր բարձրացավ։ Մութի մեջ պատանքված ինչ֊որ մեկը դուռը արագությամբ բաց արեց և նրանց դուրս գալուց հետո նույնքան արագությամբ փակեց։ Դրսում նրանց սպասում էր միաձի երկանիվ մի կառք։ Արագ կառք մտնելով, աղջիկը վարագույրները պինդ փակեց, և կառապանը, որը հրահանգի կարիք չուներ, մտրակեց ձին, և կառքը սլացավ առաջ։
Աղջիկը դեռևս ամուր բռնած Օլիվերի ձեռքից, շարունակում էր նրա ականջին շշնջալ այն բոլոր խրատներն ու խոստումները, որ նախապես թվարկել էր, երբ կառքը հանկարծ կանգ առավ այն տան առաջ, դեպի ուր ուղղվել էին Հրեայի քայլերը նախորդ երեկո։ Այս ամենը կատարվեց այնպիսի ակնթարթային արագությամբ, որ տղան հազիվ կարողացավ ըմբռնել, թե ուր էր գտնվում և կամ ինչպես էր եկել այնտեղ։
Երբ կառքից ցած իջան, Օլիվերը շտապ մի ակնարկ նետեց ամայի փողոցի երկայնքով, և նրա շուրթերից կախվեց օգնություն մի աղաղակ։ Բայց աղջկա տագնապալից ու թախանձագին ձայնը դեռ հնչում էր նրա ականջներում, և նա սիրտ չարեց արտասանել այդ։ Մինչդեռ նա այդպես տատանվում էր, առիթը ձեռքից գնաց, քանի որ նրանք արդեն բնակարանի ներսումն էին, և դուռը փակվել էր։
― Այս կողմից, ― ասաց աղջիկը, տղայի ձեռքը վերջապես բաց թողնելով։ ― Բի՜լլ։
― Հալլո՜, ― պատասխանեց Սայքսը, վառվող մոմը ձեռքին հայտնվելով սանդուղքի գլխին։ ― Արդեն եկել եք, հա՞, հիանալի՜ է։
Միստր Սայքսի խառնվածքը ունեցող մարդու համար գնահատանքի արտասովոր արտահայտություն էր դա։ Հետևաբար, Նենսին, մեծապես գոհ այս բացառիկ ջերմ ընդունելությունից, սրտագին ողջունեց նրան։
― Լուսակը Թոմի հետ տուն էր գնացել, ― նկատեց Սայքսը, երբ վերև բարձրանալով նրանց ճանապարհն էր լուսավորում։ ― Եթե այստեղ լիներ, կխանգարեր մեզ։
― Ճիշտ է, ― հաստատեց Նենսին։
― Ուրեմն լակոտին բերեցիր, ― երեքով սենյակ մտնելուց և դուռը ծածկելուց հետո ասաց Սայքսը։
― Այո՛, բերեցի, ահա տե՛ս, ― պատասխանեց Նենսին։
― Ճանապարհին լավ պահե՞ց իրեն, ― հարցրեց Սայքսը։
― Գառնուկի նման, ― պատասխանեց աղջիկը։
― Ուրախ եմ, ― ասաց Սայքսը՝ Օլիվերի վրա մի դաժան հայացք նետելով։ ― Ինձ համար, իհարկե, միևնույն է, ես նրա կաշին նկատի ունեմ, որը այլապես կտուժեր։ Այստեղ արի, լակո՛տ, և ուշադիր լսիր այն քարոզը, որ կարդալու եմ գլխիդ։ Լավ է այդ հարցը վերջացնենք և այդ հաշիվը փակենք։
Իր նոր աշակերտի հետ այսպես խոսելով, միստր Սայքսը Օլիվերի կեպին գլխից վերցրեց և շպրտեց սենյակի մյուս անկյունը։ Ապա սեղանի մոտ նստելով, բռնեց տղայի ուսից և նրան կանգնեցրեց իր դիմաց։
― Սկսենք սրանից․ գիտես, թե սա ինչ բան է, ― հարցրեց Սայքսը, վերցնելով մի փոքրիկ ատրճանակ, որ սեղանի վրա էր գտնվում։
Օլիվերը դրական պատասխան տվեց։
― Լա՛վ, այստեղ նայիր ուրեմն, ― շարունակեց Սայքսը։ ― Սա վառոդ է, սա փամփուշտ է, իսկ սա էլ հին գլխարկի մի կտոր է խծուծի համար։
Երբ Օլիվերը մրմնջաց, որ զենքի զանազան մասերի վերաբերյալ նրա բացատրությունները ըմբռնել էր, միստր Սայքսը կշռադատելով ու հանդիսավոր կերպով սկսեց լցնել։
― Այժմ ատրճանակը լցված է, ― ասաց միստր Սայքսը՝ գործը վերջացնելով։
― Տեսնում եմ, որ լցված է, սըր, ― պատասխանեց Օլիվերը։
― Ուրեմն, ― ասաց ավազակը, Օլիվերի դաստակից պինդ բռնելով և ատրճանակը այնքան մոտեցնելով, որ հրափողը համարյա կպավ նրա քունքին, և տղան ակամա ցնցվեց, ― եթե ճանապարհին համարձակվես անգամ մի բառ արտասանել, բացի այն դեպքից, երբ ինքս քեզ հետ կխոսեմ, այս ատրճանակի պարունակությունը կդատարկվի քո գխի մեջ առանց նախազգուշացման։ Ուստի, եթե անպայման մտադրվել ես խոսել առանց թույլտվության, նախապես աղոթիր։
Ազդարարությունը ավելի տպավորիչ դարձնելու համար միստր Սայքսը սպառնագին նայեց Օլիվերին, ապա շարունակեց․
― Որքան գիտեմ, եթե իրոք որևէ վտանգ պատահի, քեզնով հետաքրքրվող կամ քո ճակատագրով մտահոգվող մարդ չկա, հետևաբար, ես ոչնչով պարտավոր չէի այսքան ձանձրույթ հանձն առնել և այս ամենը բացատրել քեզ, եթե դա քո օգտի համար չլիներ։ Լսո՞ւմ ես։
Նենսին նշանակալից նայեց Օլիվերին և, ասես հոնքերի թեթև շարժումով կամենալով հասկացնել նրան, որ ուշադիր լսի իրեն, ասաց․
― Ամփոփելով այդ բոլորը, Սայքս, դու ուզում ես ասել, որ եթե Օլիվերը որևէ կերպ խանգարի քո գործը, դու ատրճանակով կկրակես ուղիղ նրա գլխին և միանգամ ընդմիշտ վերջ կտաս մատնություն անելու նրա ցանկությանը։ Դրանով դու քեզ կախաղան բարձրանալու վտանգին կենթարկես նաև նրա համար, ինչպես որ, քո աշխատանքի բերումով, զանազան գործերի համար դու այդ վտանգին ընդառաջ ես գնում քո ամբողջ կյանքում։
― Ա՛յ այդպես, ― աղջկա ասածին հավանություն տալով նկատեց Սայքսը։ ― Կանայք միշտ էլ ավելի քիչ բառերով կարող են արտահայտել իրենց միտքը, բացառությամբ, երբ ջղագրգռվում են։ Իսկ այդպիսի ժամանակ այնքան են երկարաբանում, որ նրանց խոսքերին վերջ չկա։ Ուրեմն, քանի որ լակոտը լրիվ ծանոթ է մեր պայմանին, մի բան ուտենք և, նախքան ճանապարհ ընկնելը, մի փոքր հանգստանանք։
Կատարելով ավազակի պատվերը, Նենսին իսկույն սփռոցը գցեց սեղանին և ներսից մի շիշ գարեջուր ու մի պնակ ոչխարի խաշած միս բերելով՝ դրեց մեջտեղը։ Այս առթիվ, միստր Սայքսը մի շարք զվարթ պատմություններ արեց՝ հիմնված այն տարօրինակ զուգադիպության վրա, որ «ջեմմիգ» բառը գողերի հատուկ ծածկալեզվով նշանակում էր ինչ֊որ ուտելիք, իսկ «ջեմմիգ» կոչվում էր նաև մի խորամանկորեն հնարված գործիք, որը շատ անհրաժեշտ էր նրա մասնագիտության մեջ։ Արդարև, արժանավոր ջենթլմենը, շուտով գործի անցնելու հեռանկարից ոգևորված, շատ բարձր տրամադրության մեջ էր։ Այդ կարելի է ապացուցել, այստեղ նշելով այն հանգամանքը, որ նա ամբողջ գարեջուրը միանգամից եռանդով ըմպեց և ճաշելիս ընդամենը միայն ութսուն անգամ հայհոյեց։
Ընթրիքից հետո, ― բնականաբար Օլիվերը համարյա ոչինչ չկարողացավ ուտել, ― միստր Սայքսը մի քանի բաժակ ջրախառն ոգելից ըմպելիք կոնծեց, ու, բազմաթիվ հայհոյանքներով նախազգուշացնելով Նենսիին, որ չմոռանա ուղիղ ժամը հինգին զարթեցնել իրեն, փռվեց անկողնու վրա։ Նույն աղբյուրից բխած հրամանով Օլիվերը առանց հանվելու պառկեց հատակին դրված մի խշտյակի վրա, իսկ աղջիկը, կրակը բորբոքելով, նստեց բուխարիկի առջև և լուռ սպասեց, որպեսզի որոշյալ ժամին նրանց արթնացնի։
Օլիվերը երկար ժամանակ արթուն մնաց, մտածելով, որ գուցե Նենսին իրեն նորանոր խորհուրդներ տալու համար այդ առիթին էր սպասում, բայց աղջիկը մտախոհ ու անշարժ մնաց կրակի առաջ, վեր կենալով միայն այն ժամանակ, երբ հարկավոր էր լինում մոմի պատրույգը մաքրել։ Վերջապես, սպասումից ու անձկությունից հոգնած, երեխան քուն մտավ։
Երբ զարթնեց, նախաճաշի սեղանը պատրաստ էր, և Սայքսը զանազան առարկաներ էր տեղավորում աթոռի հենակից կախված վերարկուի գրպանները։ Նենսին զբաղված էր նախաճաշ պատրաստելու գործով։ Օրը դեռ լուսացած չէր, քանի որ մոմը դեռևս վառվում էր, և դրսում խավարը թանձր էր տակավին։ Անձրևն ուժգնությամբ խփում էր լուսամուտների փեղկերին, և երկինքը մռայլ ու ամպամած էր երևում։
― Ուրեմն, ― մռլտաց Սայքսը, մինչ Օլիվերը ցնցվելով վեր ցատկեց տեղից։ ― Հինգ անց կես է։ Շտապի՛ր, այլապես նախաճաշից կզրկվես, առանց այդ էլ ուշ է արդեն։
Օլիվերը երկար ժամանակ չվատնեց արդուզարդի համար։ Մի քիչ բան ուտելուց հետո, Սայքսի խիստ հարցումին ի պատասխան ասաց, որ ինքը լրիվ պատրաստ է։
Նենսին, հազիվ նայելով տղային, վզին փաթաթելու համար հեռվից մի թաշկինակ նետեց նրան, իսկ Սայքսը մի լայն, հաստ թիկնոց տվեց, որ ուսերին գցի, և այդպես հարդարված՝ նա ձեռքը մեկնեց ավազակին։ Վերջինս մի րոպե կանգ առավ, սպառնական շարժումով վերարկուի գրպանը շոշափեց, ցույց տալու համար, որ այն նույն ատրճանակը իր մոտ է գտնվում, ապա ամուր բռնեց նրա ձեռքից և, Նենսիին հրաժեշտ տալով, ուղղվեց դեպի դուռը։
Քսանմեկերորդ գլուխ
ԱրշավանքըԵրբ նրանք փողոց դուրս եկան, ուժեղ քամի էր ու սաստիկ անձրև, և գորշ, լեռնացող ամպերը կանխագուշակում էին փոթորիկ։ Գիշերվա տեղատարափ անձրևը լցվել էր փողոցները, և ամենուրեք ջրի լճակներ էին գոյացել։ Ջրատար առուները հորդում էին։ Հորիզոնում ծավալվող դժգույն շողերը, որոնք գալիք օրվա մասին էին խոսում, ոչ թե ցրում էին տեսարանի մռայլությունը, այլ ավելի էին շեշտում, և նվաղուն լույսը ծառայում էր միայն է՛լ ավելի դալկացնելու դրսում վառվող լապտերների ցոլքը, առանց որևէ ջերմություն սփռելու ջրաթաթախ տանիքների ու ամայի փողոցների վրա։ Քաղաքի այդ մասում ոչ մի շարժում չէր նկատվում, տների լուսամուտները ամուր փակված էին, և փողոցները, որտեղից նրանք անցնում էին, լուռ էին ու թափուր։
Երբ հասան Բեթնել Գրին պողոտան, օրը համարյա լուսացել էր, և լապտերներից շատերը արդեն հանգել էին։ Մի քանի գյուղական սայլեր դանդաղորեն ընթանում էին դեպի Լոնդոն։ Երբեմն ցեխաթաթախ մի փոստակառք ճռնչալով՝ շտապ անցնում էր նրանց կողքով, և կառապանը, մտրակի մի հարված իջնեցնելով ծանրաշարժ սայլապանին, բողոքում էր նրա դեմ, որ երթևեկության կանոնները խախտելով և փողոցի սխալ կողմից գնալով՝ սահմանված ժամից քառորդ րոպե ուշ գրասենյակ հասնելու վտանգին էր ենթարկում իրեն։ Գազով լուսավորված գինետները արդեն բացվել էին։ Աստիճանաբար ուրիշ խանութներ ևս բացվեցին, և սկսեցին հատուկենտ մարդիկ երևալ։ Հետո եկան աշխատանքի գնացող բանվորների խմբեր, ապա գլուխներին ձկան տակառներ դրած տղամարդիկ և կանայք։ Նրանց հաջորդեցին բանջարեղեններով բեռնավորված իշասայլեր, անասուններով կամ հսկա մսակույտերով բեռնված երկանիվ կառքեր, կաթնավաճառ կանայք՝ դույլերով, և այսպես մարդկանց մի անվերջ շարան, որոնք զանազան մթերքներ առած, հազիվհազ ճամապարհ գտնելով, գնում էին դեպի արևելյան արվարձանները։ Երբ նրանք մոտեցան Սիթիին, աղմուկը և երթևեկությունը աստիճանաբար ավելացան, իսկ Շորդիչի ու Սմիթֆիլդի միջև գտնվող փողոցներով անցնելիս իրարանցումն ու ժխորը արդեն հասել էին իրենց գագաթնակետին։
Սան Սթրիթ և և Քրաուն Սթրիթ փողոցներով իջնելով և հանդիպակաց Ֆինսբերգի հրապարակը ճեղքելով, միստր Սայքսը թեքվեց Չիզվել փողոցով դեպի Բաբիկեն, անտեղից ընթացավ դեպի Լոնդոն Լեյն և ապա Սմիթֆիլդ։ Այս վերջին տեղից այնպիսի խլացուցիչ ու աններդաշնակ ձայների արձագանքներ լսվեցին, որ Օլիվեր Թվիստը բոլորովին ապշեց։
Շուկայական առավոտ էր։ Գետինը ծածկված էր գրեթե մինչև սրունքները հասնող կեղտով ու տիղմով։ Խոշոր եղջերավոր անասունների մարմիններից շարունակ բարձրացող թանձր գոլորշին, միախառնվելով տների կատարներին նստած մառախուղի հետ, ծանր զանգվածով կախվել էր վերևից։ Ընդարձակ հրապարակի կենտրոնում գտնվող փարախները և էլի նույնքան թվով ժամանակավոր փարախներ, որ հնարավոր էր խցկել բաց տարածության մեջ, լիքն էին ոչխարներով և այլ եղջերավոր անասուններով։ Իսկ ակոսների եզրին, սյուներին կապված երևում էին եզների անվերջ շարաններ։ Գյուղացիներ, մսավաճառներ, խաշնարածներ, փերեզակներ, տղաներ, գողեր, անգործեր, ցածր խավի դատարկապորտներ, բոլորը շաղախվել էին մի զանգվածի մեջ։ Խաշնարածների սուլոցը, շների հաչոցը, եզների բառաչը, ոչխարների մայունը, խոզերի խռնչյունը, փերեզակների կանչերը, բոլոր կողմերից լսվեղ ճիչերն ու անեծքները, յուրաքանչյուր գինետնից դուրս հորդող որոտային ձայներն ու զանգակների զնգոցները, կռիվները, խճողումը, հրմշտուքը, քաշքշուկը, ծեծվուտքը, հիշոցներն ու աղաղակները, ահռելի ու աններդաշնակ ժխորը, որ արձագանք էր տալիս շուկայի ամեն մի անկյունից, և խաժամուժի միջից շարունակ դես֊դեն վազող չլվացված, չսափրված, պիղծ ու կեղտոտ մարդկանց կերպարանքները այնպիսի շփոթ ու խառնակ տեսարան էին ներկայացնում, որ բոլորովին շշմեցուցիչ էր։
Միստր Սայքսը, Օլիվերին քարշ տալով իր հետևից, արմունկով ճանապարհ բաց արեց և անցավ բազմության ամենախճողված մասով։ Նա համարյա ուշք չդարձրեց այն բազմաթիվ պատկերներին ու ձայներին, որոնք այդքան մեծ զարմանք էին պատճառում Օլիվերին։ Նա միայն մի քանի անգամ գլխով բարևեց մի շարք ծանոթների և, մերժելով նրանց խմիչքով հյուրասիրվելու հրավերները, հաստատորեն շարունակեց իր ճամփան, մինչև ժխորը բոլորովին անլսելի դարձավ և նրանք Հոզյեր Լեյնով հասան Հոլբորն։
― Այժմ, լակո՛տ, ― ասաց Սայքսը՝ նայելով Ս․ Անդրեաս եկեղեցու ժամացույցին, ― ժամը գրեթե յոթն է։ Դու պետք է ավելի արագ քայլես։ Դե՛, ի՞նչ ես դանդաղում, անպե՛տք ծույլ։
Խոսելիս միստր Սայքսը իր փոքրիկ ուղեկցի ձեռքը ցնցեց, և Օլիվերը ավազակի հետ միասին ընթանալու համար ստիպված եղավ համարյա վազել նրա կողքով։
Նրանք շարունակեցին այս ընթացքով քայլել մինչև Անցան Հայդ Պարկ Քորները։ Քենսիգթոնի ճանապարհին էին, երբ Սայքսը դանդաղեցրեց իր քայլերը։ Հետևից գալիս էր ինչ֊որ դատարկ սայլ, որի վրա գրված էր «Հաունսլո»։ Երբ սայլը հավասարվեց նրանց, Սայքսը հնարավոր եղածի չափ քաղաքավարություն կեղծելով՝ սայլապանին հարցրեց, թե արդյոք չէ՞ր կարող նրանց տանել մինչև Այլվերթ։
― Բարձրացե՛ք, ― ասաց մարդը։ ― Այդ ձեր տղա՞ն է։
― Այո՛, իմ տղան է, ― պատասխանեց Սայքսը՝ խստությամբ Օլիվերին նայելով և ձեռքը սպառնական դնելով այն գրպանի մեջ, որտեղ ատրճանակն էր գտնվում։
― Քո հայրը շատ արագ է քայլում, այնպես չէ՞, տղաս, ― հարցրեց սայլապանը տեսնելով, որ Օլիվերը շնչասպառ էր։
― Բոլորովին, ― պատասխանեց Սայքսը ընդմիջելով, ― նա սովոր է դրան։ Դե՛, ձեռքս բռնիր, Նեդ, և վեր բարձրացիր։
Այս ասելով՝ ավազակը Օլիվերին սայլի վրա բարձրացրեց։ Սայլապանը, մատնացույց անելով պարկերի մի կույտ, ասաց տղային, որ պառկի դրանց վրա ու հանգստանա։
Անցնելով բազմաթիվ մղոնաքարերի կողքից, Օլիվերը ավելի ու ավելի զարմացավ և սկսեց մտածել, թե իր ուղեկիցը արդյոք ո՞ւր էր ծրագրում տանել իրեն։ Քենսինգթոն, Համմերսմիթ, Չիզվիք, Քյու Բրիջ, Բրենդֆորդ, բոլորը անցել էին և դեռևս շարունակում էին գնալ այնքան համառորեն, ասես հենց նոր էին սկսել իրենց ճանապարհորդությունը։ Վերջապես հասան «Կառք և ձիեր» կոչված մի պանդոկ, որից մի քիչ այն կողմ խճուղին ճյուղավորվում էր, և այստեղ սայլը կանգ առավ։
Սայքսը, ամբողջ ժամանակ Օլիվերի ձեռքից բռնած, ծայրահեղ արագությամբ ցած իջավ սայլից և, ահռելի մի հայացք գցելով նրա վրա, մյուս ձեռքը նշանակալից դրեց գրպանը։
― Գնաս բարով, ա՛յ տղա, ― ասաց մարդը։
― Նա կամակորի մեկն է, ― պատասխանեց Սայքսը, մի լավ ցնցելով տղային, ― կամակորի մեկն է, մի իսկական լակոտ։ Ուշադրություն մի՛ դարձնի նրան։
― Ի՜մ ինչ գործն է։ Հիանալի օր է, վերջ ի վերջո, ― ասաց մարդը և բարձրանալով իր սայլը՝ քշեց֊գնաց։
Սայքսը սպասեց մինչև սայլը բոլորովին անհետացավ, Օլիվերին ասաց, որ այժմ կարող է շուրջը դիտել, եթե ցանկանում է և շարունակեցին իրենց ճանապարհը։
Նրանք թեքվեցին դեպի ձախ, պանդոկից քիչ այն կողմ, ապա՝ դեպի աջ և երկար քայլեցին։ Ճանապարհի երկայնքով ձգվել էին ընդարձակ պարտեզներ և շքեղ տներ, բայց նրանք ոչ մի տեղ կանգ չառան (բացառությամբ մի ինչ֊որ կրպակի, որտեղ մի քիչ գարեջուր խմեցին), և բավական քայլելուց հետո վերջապես հասան մի փոքրիկ քաղաք։ Քաղաքում Օլիվերը տեսավ, որ տներից մեկի վրա մեծ, գեղեցիկ տառերով գրված էր «Հեմփթոն»։
Մի քանի ժամ դաշտերում թափառելուց հետո քաղաք վերադարձան և մտնելով ջնջված ցուցատախտակով մի խարխուլ պանդոկ, նստեցին խոհանոցի օջախի առաջ և ճաշի պատվեր տվեցին։
Խոհանոցը խարխլված մի սենյակ էր, որի ցածր առաստաղի մի մասից մյուսը մի հաստ գերան էր դրված։ Կրակի մոտ կային բարձր թիկնակներով նստարաններ, որոնց վրա աշխատանքային շապիկներով մի քանի կոպիտ մարդիկ նստած խմում էին ու ծխում։ Նրանք Օլիվերին համարյա չնկատեցին, իսկ Սայքսին շատ քիչ ուշադրություն դարձրին, և քանի որ Սայքսն էլ իր հերթին նրանցով չհետաքրքրվեց, հետևաբար, նա և իր փոքրիկ ուղեկիցը նստեցին մի անկյունում, առանց շատ նեղվելու այդ խմբի ներկայությունից։
Ընթրելուց հետո նրանք այնքան մնացին այնտեղ, մինչ միստր Սայքսը երեք֊չորս գլանակ ծխեց, որ Օլիվերին թվաց, թե էլ ոչ մի տեղ չէին գնալու։ Առավոտ վաղ զարթնելուց և երկար քայլելուց հոգնած, նա սկզբում մի քիչ մրափեց, բայց շուտով ծխախոտի ծուխը և հոգնաբեկությունը հաղթահարեցին նրան, և նա ընկղմվեց խոր քնի մեջ։
Բոլորովին մութ էր, երբ Սայքսը մշտելով արթնացրեց նրան։ Հազիվ սթափվելով, երբ շուրջը նայեց, տեսավ, որ այդ արժանավոր ջենթլմենը շատ մտերմորեն խոսում էր ինչ֊որ բանվորի հետ, և երկուսով գարեջուր էին խմում։
― Ուրեմն Ներքին Հելլիֆորդ եք գնում, այդպե՞ս է, ― հարցրեց Սայքսը։
― Այո՛, ― պատասխանեց մարդը, որը խմիչքի հետևանքով իրեն մի քիչ ավելի վատ, թե ավելի լավ էր զգում, նայած պարագային։ ― Իմ ձին այժմ ծանրաբեռնված էլ չէ, ինչպես առավոտյան, երբ գալիս էինք, հետևաբար մեզ շատ շուտով տեղ կհասցնի։ Դե՛, ձիուս կենացը։ Ուռա՜, ինչ հրաշալի ձի ունեմ։
― Դու կարո՞ղ ես ինձ և տղայիս տանել մինչև այնտեղ, ― հարցրեց Սայքսը, գարեջուրը հրելով դեպի իր նոր բարեկամը։
― Եթե հենց հիմա գնում եք, կարող եմ, ― պատասխանեց մարդը, գարեջուրը խմելիս իր զրուցակցին նայելով։ ― Իսկ դուք Հելլիֆո՞րդ եք գնում։
― Շեփփերթոն, ― պատասխանեց Սայքսը։
― Ես իսկ և իսկ այն մարդն եմ, որը կարող է ձեզ օգտակար լինել, ― պատասխանեց մարդը։ ― Բոլորը վճարվա՞ծ է, Բեքի։
― Այո՛, մյուս ջենթլմենը վճարեց, ― պատասխանեց սպասարկող աղջիկը։
― Վա՛հ, ― ասաց մարդը հարբածի լրջությամբ, ― այդ արդեն չեղավ, գիտե՜ք։
― Իսկ ինչո՞ւ չեղավ, ― առարկեց Սայքսը։ ― Քանի որ դու մեր գործը հեշտացնելու ես, ես էլ փոխարենը մի քանի փայնթ խմիչքով կհյուրասիրեմ քեզ, ի՛նչ կա որ։
Անծանոթը այս առարկության մասին մի պահ խորհրդածելուց հետո, հանկարծ Սայքսի ձեռքը բռնեց և ասաց, որ շատ սքանչելի մարդ է, իսկ Սայքսը, պատասխանելով նրան, ասաց, որ երևի կատակում է, քանի որ, եթե հարբած չլիներ, լուրջ տվյալներ կունենար հավատալու, որ ինքն այդպիսին էր։
Մի քանի հաճոյախոսություններ ևս փոխանակելուց հետո նրանք խմեցին բարի գիշեր մաղթեցին ու դուրս եկան։ Սպասարկող աղջիկը, ամաններն ու բաժակները ձեռքին, գնաց մինչև դուռը՝ տեսնելու, թե ինչպես են ուղևորվում։
Ձին, որի կենացը խմել էին նրա բացակայությամբ, սայլին լծված՝ պատրաստ սպասում էր դրսում։ Օլիվերը և Սայքսը, առանց ավելորդ ձևականությունների, նստեցին սայլի մեջ, իսկ ձիու տերը պանդոկի ձիապանին ու ամբողջ աշխարհին քարոզ կարդալուց հետո, որ իր ձիու նմանը չկա, ինքը ևս բարձրացավ սայլը։
Բայց երևելի ձին, նախքան ճանապարհվելը, գլուխը արհամարհական ճոճեց օդի մեջ, ճամփին պատահած գինետների լուսամուտներին խփվեց և, բազմաթիվ այլ շահատակություններ անելուց և մի պահ հետևի ոտքերի վրա խրոխտաբար կանգնելուց հետո, վերջապես սկսեց քառասմբակ արշավել և այս հերոսական ձևով դուրս եկավ քաղաքից։
Խավար գիշեր էր։ Գետից և շրջակայքի ճահիճներից բարձրացող խոնավ մշուշը տարածվում էր ամայի դաշտերի վրա։ Խայթող ցուրտ էր միաժամանակ, և ամեն ինչ մռայլ էր ու տխուր։ Նրանք լուռ էին, որովհետև կառապանի քունը տանում էր, իսկ Սայքսը խոսելու ցանկություն չուներ։ Օլիվերը շփոթված սահմռկած, կծկվել֊նստել էր սայլի մի անկյունում։ Նրան այնպես էր թվում, որ ծառերի արանքներում ինչ֊որ խորհրդավոր ստվերներ էին պարում, և ահավոր հանդիսավորությամբ ետ ու առաջ շարժվող ճյուղերը ասես դիվային խրախճանքի մեջ էին տեսարանի ամայությունից։
Սանբերի եկեղեցու մոտով անցնելիս յոթը խփեց։ Փողոցի հանդիպակաց կողմից լաստավարի պատուհանից լույսը թափանցում էր դուրս և, ձգվելով ճամփի երկայնքին, ավելի թախծոտ տեսք էր տալիս խավարի մեջ ուրվագծված ինչ֊որ գորշ կարմրածառի, որի տակ շիրիմներ կային։ Ու շատ հեռվից լսվում էր գահավիժող ջրի խուլ խշշոց, և հնամենի ծառի տերևները գիշերվա զեփյուռից մեղմորեն օրորվում էին։ Ասես քաղցրալուր մեղեդի լիներ ննջեցյալների անդորրության համար։
Անցնելով Սանբերին, նրանք դարձյալ ամայի խճուղի դուրս եկան։ Մի քանի մղոն ևս գնալուց հետո սայլը կանգ առավ։ Սայքսը իջավ ցած, բռնեց Օլիվերի ձեռքից և նրանք նորից սկսեցին քայլել։
Շեփփերթոնում նրանք ոչ մեկի տունը չգնացին, ինչպես հոգնաբեկ տղան ակնկալում էր։ Ցեխի և խավարի միջով, մթին կածաններով և տափաստանային մութ բացատներով երկար քայլելուց հետո վերջապես ինչ֊որ քաղաքի լույսեր երևացին։ Ուշադիր դեպի առաջ նայելով, Օլիվերը տեսավ, որ գետը ճիշտ իրենց ներքևումն էր, և որ իրենք ինչ֊որ կամրջի են մոտենում։
Սայքսը դեռևս համառորեն շարունակում էր քայլել, մինչև հասան կամրջին, ապա հանկարծ թեքվելով դեպի ձախ՝ սկսեց գետի եզերքով առաջանալ։
― Ջո՜ւրը, ― մտածեց Օլիվերը, վախից թուլանալով։ ― Ինձ սպանելու համար է բերել այս ամայի վայրը։
Նա պատրաստվում էր ծունկի գալ և իր մատաղ կյանքի համար շնորհ հայցել ավազակից, երբ վերջինը կանգ առավ խարխուլ ու մենավոր մի տան առջև, որի ավերված մուտքի յուրաքանչյուր կողմում կար մի լուսամուտ։ Թաձր խավարի մեջ թաղված և բոլորովին փլատակ այդ տունը անմարդաբնակ էր թվում։ Բայց Սայքսը, դեռևս ամուր բռնած Օլիվերի ձեռքից, մոտեցավ ծանր արտագավթին և նիգը քաշեց։ Դուռը անաղմուկ բացվեց, ու նրանք երկուսով ներս գնացին։
Քսաներկուերորդ գլուխ
Կողոպուտը― Հալլո՜, ― լսվեց մի թավ, խռպոտ ձայն, հենց որ միջանցք մտան։
― Ի՞նչ ես այդքան աղմկում, ― ասաց Սայքսը, դռան նիգը ամրացնելով։ ― Մի ճրագ բեր, Թո՛բի։
― Աա՜, ընկե՜րս, ― լսվեց նույն ձայնը։ ― Մի ճրագ բեր, Բարնի, մի ճրագ։ Ջենթլմենին ներս առաջնորդիր, Բա՛րնի, և մանավանդ զարթնիր, եթե, իհարկե համգիստդ չի՛ խանգարվի։
Թվաց, թե այս բառերն արտասանողը մի բան շպրտեց քնածի վրա, նրան արթնացնելու համար, որոտվհետև ինչ֊որ փայտյա իր ուժգին թըմփաց հատակին, և լսվեցին անհասկանալի քրթմնջոցներ, ասես մեկը խոսելիս լիներ կես֊քուն, կես֊արթուն վիճակում։
― Լսո՞մ ես, ― գոռաց նույն ձայնը։ ― Ահա Բիլլ Սայքսը միջանցքումն է, և նրան հյուրասիրող չկա, իսկ դու այնքան խորն ես քնել, ասես ճաշիդ հետ ափիոն ես ընդունել։ Լրիվ սթափվելո՞ւ ես, թե այս երկաթե մոմակալն էլ գործի դնեմ։
Ի պատասխան այս հարցի, կիսամաշ կոշիկներ հագած մի զույգ ոտքեր սահեցին սենյակի մերկ հատակի վրայով, և աջ կողմում գտնվող ինչ֊որ դռնից երևաց նախ մի աղոտ մոմի լույս, ապա կերպարանքը այն մարդու, որը նախապես նկարագրված է որպես քթից խոսելու տկարությամբ տառապող մարդ, և որը Սաֆրոն Հիլլի գինետանը պաշտոնավարում էր որպես մատուցող։
― Բիստր Սա՜յքս, ― ճշմարիտ, թե կեղծված ուրախությամբ բացականչեց Բարնին, ― հաբեցե՜ք, սըր հաբեցե՜ք։
― Է՛յ, նախ դու անցիր, ― ասաց Սայքսը՝ Օլիվերին իրենից առաջ ներս հրելով։ ― Արա՛գ շարժվիր, թե չէ հիմի ոտքերդ կտրորեմ։
Դանդաղաշարժության համար Օլիվերի հասցեին մի հայհոյանք քրթմնջալով՝ Սայքսը տղային հրեց առաջ, և նրանք մտան ինչ֊որ ցածր, մթին սենյակ։ Սենյակում կային երեք ջարդված աթոռ, մի սեղան և մխացող կրակի մոտ մի չափազանց հին բազմոց, որի վրա ամբողջ հասակով մեկ տարածված էր ոտքերը գլխից շատ ավելի բարձր դրած մի մարդ և կավե երկայն ծխամորճ էր ծխում։ Նա հագել էր մետաղյա խոշոր կոճակներով ծխախոտագույն բարեձև պիջակ, նարնջագույն վզկապ, խայտաբղետ բաճկոն և գորշ գույնի տաբատ։ Միստր Քրեքիթը (որովհետև այդ նա էր), ո՛չ գլխի և ո՛չ էլ դեմքի վրա մեծ քանակությամբ մազեր չուներ, բայց այն քիչը, որ ուներ, կարմրավուն էր և կախված էր ուսերին կլորավուն խոպոպներով, որոնց մեջ նա, ժամանակ առ ժամանակ, խրում էր հասարակ, խոշոր մատանիներով զարդարված շատ կեղտոտ մատները։ Միջահասակից փոքր֊ինչ բարձր էր նա, և կարծես թե սրունքները այնքան էլ ամուր չէին, բայց այս պարագան բոլորովին չէր խանգարում հիանալու իր երկարավիզ կոշիկներով, որոնք, այնպես ինչպես դրվել էին բարձր դիրքով, առիթ էին տալիս նրան մեծ բավականությամբ դիտելու դրանք։
― Բի՜լլ, տղա՜ս, ― ասաց այս անձնավորությունը՝ գլուխը շրջելով դեպի դուռը, ― ուրախ եմ քեզ տեսնելու համար։ Արդեն սկսել էին մտածել, որ հրաժարվել ես գործից․ այդ դեպքում ես պետք է մենակ ձեռնարկեի։ Հալլո՜։
Միստր Թոբի Քրեքիթը, Օլիվերին նկատելով, զարմանքի այս բացականչությամբ իսկույն նստած դիրք ընդունեց և անհամբեր հարցեց, թե ո՛վ է։
― Այս տղան։ Միայն այս տղան, ― աթոռը կրակին մոտեցնելով՝ պատասխանեց Սայքսը։
― Բիստր Ֆեգինի լակոտդերից բեկը, ― բացականչեց Բարնին նշանակալի ժպտալով։
― Ֆեգինի, հա՞, ― ձայնեց Թոբին՝ Օլիվերին նայելով։ ― Եկեղեցում պառավ լեդիների գրպանների համար որքան հարմար տղա է նա։ Դեմքի անմեղ արտահայտությունը մեծամեծ հաջողությունների կարող է հասցնել նրան։
― Դե՛, դե՛, բավական է, ― ընդհատեց Սայքսը նեղսրտությամբ և կռանալով՝ ինչ֊որ բաներ փսփսաց ընկերոջ ականջին, որի վրա միստր Քրեքիթը շռնդալից ծիծաղեց և երկար ու սևեռուն հայացքով, զարմացած նայեց Օլիվերին։
― Այժմ, ― ասաց Սայքսը, դարձյալ իր տեղը նստելով, ― քանի դեռ սպասում ենք, մեզ ուտելու և խմելու բան տվեք, որպեսզի աշխուժանանք, կամ, համենայն դեպս, գոնե ես աշխուժանամ։ Մոտեցի՛ր կրակին և հանգստացիր, լակո՛տ, որովհետև մեզ հետ նորից դուրս ես գալու այս գիշեր, թեև այս անգամ շատ հեռու չենք գնալու։
Օլիվերը լուռ զարմանքով ու ահաբեկված նայեց Սայքսին և, ցածր աթոռակը մոտեցնելով, ցավող գլուխը ձեռքերի մեջ առած նստեց, հազիվ կռահելով, թե որտեղ է գտնվում կամ ինչ է կատարվում իր շուրջը։
― Դե՛, մեր գործի հաջողության կենացը, ― ասաց Թոբին, երբ երիտասարդ հրեան մի շիշ խմիչք դրեց սեղանին։ Ի պատիվ այս կենացի, նա վեր կացավ տեղից, ծխամորճը զգուշությամբ մի անկյունում դատարկելով՝ մոտեցավ սեղանին և մի բաժակ խմիչք լցնելով, միանգամից կուլ տվեց։ Նույնը արեց և միստր Սայքսը։
― Այս մի ումպն էլ տղայի համար, ― ասաց Թոբին, գինու բաժակի կեսը լցնելով։ ― Դե՛, կոնծի՛ր, անմեղությո՛ւն։
― Իսկապես, ― ասաց Օլիվերը, ողբալի տեսքով մարդու դեմքին նայելով, ― իսկապես ե՜ս․․․
― Դե, կոնծի՛ր, ― ձայնեց Թոբին։ ― Դու կարծում ես, ես չգիտե՞մ ինչն է լավ քեզ համար։ Բի՛լլ, ասա՜ թող խմի։
― Լավ կանես, որ իսկույն կոնծես, ― ասաց Սայքսը, ձեռքը խփելով գրպանին։ ― Գրողը տանի, սա ավելի մեծ փորձանք է մեր գլխին, քան ստահակների մի ամբողջ բանակ։ Դե՛, խմի՛ր, կամակոր սատանի ճուտ, խմի՛ր։
Օլիվերը, երկու մարդկանց սպառնալից շարժուձևերից սարսափած, արագությամբ կուլ տվեց բաժակի պարունակությունը և անմիջապես սկսեց սաստիկ հազալ։ Այս երևույթը մեծապես զվարճացրեց Թոբի Քրեքիթին ու Բարնիին, և նույնիսկ խոժոռադեմ միստր Սայքսը թեթև ժպտաց։
Երբ Սայքսը իր ստամոքսը լցնելու գործը ավարտեց (Օլիվերը ոչինչ չկարողացավ ուտել, բացի մի կտոր հացից, որ նա հարկադրանքով կուլ տվեց), երկու մարդիկ կարճ ժամանակով մրափելու համար, ընկողմանեցին աթոռների վրա։ Օլիվերը մնաց իր տեղում, իսկ Բարնին, փաթաթվելով մի ծածկոցի մեջ, հենց կրակի մոտ պառկեց հատակին։
Եվ նրանք այսպես միառժամանակ քնեցին, կամ ձևացրին, թե քնեցին։ Բացի Բարնիից, որը մի քանի անգամ վեր կացավ կրակը նորոգելու, ուրիշ ոչ մեկը չշարժվեց տեղից։ Օլիվերին պատեց ծանր թմբիր, և նրան այնպես թվաց, որ մոլորված քայլում է մթին կածաններով, կամ թափառում եկեղեցու մռայլ գերեզմանատան մեջ, կամ վերապրում է օրվա դեպքերը, երբ Թոբի Քրեքիթը, հանկարծ տեղից վեր ցատկելով և ասելով, որ ժամը մեկն անց կեսն է, արթնացրեց նրան։
Մի ակնթարթում մյուս երկուսը վեր թռան իրենց տեղից և սկսեցին պատրաստություններ տեսնել։ Սայքսը և ընկերը իրենց վիզն ու կզակը փաթաթեցին երկայն, սև շարֆերով և վերարկուները հագան։ Բարնին մի ինչ֊որ պահարան բացելով, դուրս բերեց մի շարք իրեր և հապճեպով կոխեց գրպանները։
― Ինձ համար «հաչոցներ» են հարկավոր, Բարնի, ― ասաց Քրեքիթը։
― Վերցրու, ― պատասխանեց Բարնին՝ պահարանից մի զույգ ատրճանակ դուրս բերելով։ ― Ի՛նքդ ես լցրել դրանք։
― Լավ, ― ասաց Թոբին, ատրճանակները գրպանում թաքցնելով։ ― Իսկ մյուս զենքերը որտե՞ղ են։
― Ինձ մոտ են, ― պատասխանեց Սայքսը։
― Աքցաններ, կեղծ բանալիներ, գայլիկոններ, լապտերներ, բոլորը վերցրե՞լ ենք, ոչինչ չե՞նք մոռացել, ― վերարկուի քղանցքի ներսի կողմում գտնվող օղակին ինչ֊որ լծակ ամրացնելով, հարցրեց Թոբին։
― Ամեն ինչ վերցված է, ― ասաց ընկերը։ ― Բա՛րնի, այդ մահակները բեր այստեղ․ արդեն ժամանակն է։
Բարնին, ձեռքում գտնվող հաստ գավազաններից մեկը Սայքսին, իսկ մյուսը Թոբիին հանձնելով, սկսեց Օլիվերի թիկնոցը հագցնել ու կոճկել։
― Օ՛ն, ուրեմն, ― ասաց Սայքսը՝ ձեռքը մեկնելով։
Օլիվերը, որն այս անսովոր վարժությունից, հեղձուձիչ օդից ու հարկադրաբար խմած ըմպելիքի ազդեցությունից բոլորովին շշմած էր, ձեռքը մեքենաբար երկարեց Սայքսին։
― Մյուս ձեռքից էլ դու բռնի, Թո՛բի, ― ասաց Սայքսը։ ― Բա՛րնի, իմացիր, դրսում ինչպես է դրությունը։
Բարնին գնաց դեպի դուռը և վերադառնալով հայտարարեց, թե անհանգստանալու ոչինչ չկար։ Այս հավաստիացումից հետո երկու ավազակները, Օլիվերին իրենց մեջտեղն առած, դուրս եկան տանից։ Բարնին, դռները ապահով փակելուց հետո, առաջվա նման փաթաթվեց ծածկոցի մեջ ու շուտով քնեց։
Խավարը սաստիկ թանձրացել էր, մշուշը շատ ավելի խտացել էր, քան գիշերվա սկզբնական ժամերին, և մթնոլորտը այնքան խոնավ էր, որ թեև չէր անձրևում, այնուամենայնիվ տանից դուրս գալուց մի քանի րոպե հետո չորս կողմը ծփացող սառը խոնավությունից Օլիվերի մազերն ու հոնքերը փայտացան։ Կամուրջը անցնելով՝ նրանք ուղղվեցին դեպի այն լույսերը, որ նա առաջ տեսել էր։ Արդեն շատ ճանապարհ չէր մնացել և քանի որ բավականին արագ էին քայլում, նրանք շուտով հասան Չերթսի։
― Ուղիղ քաղաքի միջով անցիր, ― շշնջաց Սայքսը, ― գիշերվա այս ժամին մեզ խանգարող չի լինի։
Թոբին հավանություն տվեց, և նրանք արագաքայլ անցան այդ փոքրիկ գյուղաքաղաքի կենտրոնական փողոցով, որը այդ ուշ ժամին բոլորովին ամայի էր։ Մերթ ընդ մերթ որևէ ննջասենյակի լուսամուտից մի աղոտ լույս էր պլպլում, և երբեմն շների խռպոտ հաչոցները խզում էին գիշերվա լռությունը, բայց փողոցներում ոչ ոք չկար։ Քաղաքը բոլորովին դատարկվել էր, հենց որ եկեղեցու զանգակը խփել էր ժամը երկուսը։
Արագացնելով իրենց քայլերը, նրանք թեքվեցին դեպի ձախ և մատովորապես քառորդ մղոն քայլելուց հետո, կանգ առան մեկուսացած ու պարսպապատ մի տան առջև։ Թոբի Քրեքիթը, առանց մի րոպե իսկ հանգստանալու մի ակնթարթում մագլցեց այդ պարիսպն ի վեր։
― Տղային բարձրացրո՛ւ, ես կբռնեմ նրան, ― ասաց Թոբին։
Օլիվերը տակավին ժամանակ չէր ունեցել շուրջը նայելու, երբ Սայքսը նրան գրկելով դրեց պարսպի մյուս կողմը։ Մի քանի րոպե, և Թոբի Քրեքիթի հետ նա արդեն պառկած էր խոտերին։ Սայքսը անմիջապես միացավ նրանց, և նրանք մեծ զգուշությամբ ու գաղտագողի սկսեցին առաջանալ դեպի տունը։
Վշտից ու սարսափից համարյա խելակորույս Օլիվերը առաջին անգամ գլխի ընկավ, որ այս արշավանքի նպատակը գողությունն էր, կողոպուտը և գուցե նույնիսկ մարդասպանությունը։ Նա ձեռքերը սեղմեց իրար ու զարհուրած մի ճիչ արձակեց։ Աչքերը հանկարծ մթագնեցին, կապարագույն դեմքը ծածկվեց սառը քրտինքով, ոտքերը թուլացան, և նա ընկավ ծնկների վրա։
― Վե՛ր կաց, ― մրմնջաց Սայքսը՝ զայրույթից դողալով և ատրճանակը գրպանից դուրս քաշելով։ ― Վե՛ր կաց, թե չէ հիմա ուղեղդ ցրիվ կտամ խոտերի վրա։
― Օ՜հ, աստծու սիրուն, թողե՛ք ինձ գնամ, ― ճչաց Օլիվերը, ― թողե՛ք փախչեմ և մեռնեմ դաշտերում։ Էլ երբեք Լոնդոնի մոտերքը չեմ գա, երբե՜ք, երբե՜ք։ Օ՜հ, խնդրում եմ, գթացե՛ք ինձ և մի՛ ստիպեք, որ գողություն անեմ։ Երկնքում գտնվող բոլոր պայծառ հրեշտակների անունով խնդրում եմ ձեզնից, գթացե՛ք ինձ։
Մարդը, որին ուղղված էին այս աղերսները, ահռելի մի հայհոյանք արձակեց և, ատրճանակը պատրաստած, այն է՝ ուզում էր կրակել, երբ Թոբին զենքը խլեց նրանից և ձեռքով ծածկելով տղայի բերանը՝ նրան դեպի տուն քարշ տվեց։
― Հանդա՜րտ, ― գոչեց մարդը, ― այդպիսի բաների տեղը չէ։ Համարձակվիր մի բառ էլ արտասանել, և քո հաշիվը իմ ձեռքով կմաքրեմ՝ գլուխդ երկուսի ճեղքելով։ Այդ առանց աղմուկի է լինում և նույնքան վստահելի միջոց է, որքան մյուսը, նամանավանդ՝ ավելի բարեկիրթ։ Դե՛, Բիլլ, փեղկերը բաց արա։ Այժմ նա բավականին սրտապնդված է, հավատացնում եմ։ Ես տեսել եմ նրանից ավելի հասակով մարդկանց, որոնք այսպիսի ցուրտ գիշերով ավելի լավ վիճակում չեն եղել։
Անասելի անեծքներ տեղալով Ֆեգինի գլխին, որ նման հանձնարարության համար Օլիվերին էր ուղարկել, Սայքսը սկսեց ուժով, բայց համարյա անձայն, լծակը աշխատեցնել։ Փոքր անց, Թոբիի միացյալ օգնությամբ, փեղկը հաջողությամբ բացվեց։
Դա տան հետևի մասում, միջանցքի մյուս ծայրում գտնվող ինչ֊որ լվացարանի կամ գարեջուր պատրաստելու սենյակի փոքրիկ վանդակապատ լուսամուտն էր, որ սարքված էր գետնից հինգ ու կես ոտք բարձրությամբ։ Անցքը այնքան փոքր էր, որ բնակիչները գուցե չէին էլ մտածել, որ արժեր ավելի ամուր կերպով պաշտպանել, այնուամենայնիվ, Օլիվերի մեծության մի տղա կարող էր հեշտությամբ ներս մտնել այդտեղից։ Մի քիչ ջանք թափելուց հետո միստր Սայքսի ճարտարությամբ վանդակորմի ագույցը նույնպես տեղի տվեց, և լուսամուտը լայն բացվեց նրանց առջև։
― Այժմ լսիր ինձ, սատանի՛ ճուտ, ― շշնջաց Սայքսը, գրպանից հանելով գողերին հատուկ մի աղոտ լապտեր և լույսը կենտրոնացնելով ուղիղ Օլիվերի դեմքին, ― ես հիմա քեզ այս լուսամուտից ներս կմտցնեմ, վերցրու այս ճրագը, աստիճաններով կամաց բարձրացիր, փոքրիկ գավթի միջով անցնելով գնա դեպի փողոց բացվող դուռը և բաց արա, որ ներս մտնենք։
― Վերևում մի փականք կա, որին չես կարող հասնել, ― ընդմիջեց Թոբին։ ― Գավթում գտնվող աթոռներից մեկի վրա բարձացիր։ Երեքն են այնտեղ, Բիլլ, և դրանց վրա կա բավականին խոշոր, կապույտ մի եղջույր, ոսկյա եղան, որոնք գեր լեդիի զենքերն են։
― Ձայնդ կտրիր, չե՞ս կարող մի քիչ ցածր խոսել, ― ասաց Սայքսը՝ սպառնական մի հայացք գցելով զրուցակցի վրա։ ― Սենյակի դուռը բաց է, հա՞։
― Բոլորովին բաց է, ― իրեն գոհացնելու համար աչքի ծայրով ներս նայելուց հետո պատասխանեց Թոբին։ ― Եվ զվարճալին այն է, որ նրանք դուռը միշտ բաց են թողնում, որպեսզի շունը, որն այդտեղ է պառկում, միջանցքի երկայնքով կարողանա ազատ ման գալ արթուն պահերին։ Բայց Բարնին ինչպես չքացրեց նրան այս գիշեր։ Հա՛, հա՛։ Բարնին շատ հիանալի անհետացրեց նրան այս գիշեր։
Չնայած միստր Քրեքիթը խոսում էր հազիվ լսելի փսփսուքով և ծիծաղում առանց աղմուկ հանելու, այնուամենայնիվ, Սայքսը տիրաբար հրամայեց նրան լռել և գործի անցնել։ Թոբին, հրամանին ենթարկվելով, կանթեղը գրպանից հանեց ու դրեց գետնին, ապա, մեջքը իբրև սանդուղք ծառայեցնելու համար գլուխը ամուր հենեց պատին ու ձեռքերը պահեվ ծնկներին, որից հետո Սայքսը իսկույն բարձրացավ Թոբիի վրա և նախ Օլիվերի ոտքերը լուսամուտից ներս անցկացնելով՝ առանց օձիքը բաց թողնելու, անաղմուկ կանգնեցրեց նրան սենյակի հատակին։
― Վերցրո՛ւ այս լապտերը, ― ներս նայելով ասաց Սայքսը։ ― Քո առջև գտնվող աստիճանները տեսնո՞ւմ ես։
Օլիվերը, կարծես անդենական աշխարհից եկած ձայնով, շշնջաց՝ «այո»։ Սայքսը, ատրճանակի ծայրով փողոցի դուռը մատնացույց անելով, նորից զգուշացրեց նրան, որ միջանցքի երկայնքով գնդակահարվելու վտանգին ենթակա էր, և եթե վարաներ հրահանգվածը կատարելու, նույն րոպեին անկենդան կփռվեր գետնին։
― Մի վայրկյանի գործ է, ― դարձյալ հազիվ լսելի ձայով ասաց Սայքսը։ ― Հենց որ քեզ բաց թողեցի, իսկույն կվերջացնես։ Ապա՛, լսե՜ք։
― Ի՞նչ պատահեց, ― շշնջաց մյուսը։
Նրանք ուշադրությամբ ականջ դրին։
― Ոչինչ չկա, ― ասաց Սայքսը՝ Օլիվերի օձիքը բաց թողնելով։ ― Դե՛, շարժվի՛ր։
Այն մի քանի րոպեների ընթացքում, երբ տղան իր ցրված միտքը կենտրոնացրեց, հաստատորեն որոշեց, թեկուզ իր կյանքի գնով, միջանցքից ուղիղ դեպի վեր վազել և տան բնակիչներին ազդարարել սպասվող վտանգի մասին։ Այս մտքով համակված, նա իսկույն առաջ շարժվեց, բայց գաղտագողի։
― Ե՛տ դարձիր, ― հանկարծ գոռաց Սայքսը բարձրաձայն։ ― Ե՛տ, ե՛տ։
Երբ Սայքսի ձայնը և նրան հաջորդող ինչ֊որ ճիչ մեռելային լռությունը խզեցին, տղան, ահաբեկված, ձեռքի լապտերը վայր գցեց և չգիտեր՝ առաջ գնար, թե փախչեր։
Ճիչը կրկնվեց, ինչ֊որ լույս պլպլաց, երկու կիսամերկ, սարսափահար մարդկանց կերպարանք սահեց իր աչքերի առջևով, ինչ֊որ բան փայլատակեց, ինչ֊որ աղմուկ լսվեց, ինչ֊որ ծուխ բարձրացավ, լսվեց ինչ֊որ խլացուցիչ կրակոց, թե որտեղից՝ չիմացավ, և նա ետ֊ետ գնաց։
Սայքսը մի րոպեով անհետացել էր, բայց վերստին հայտնվեց, նախկին կրակոցների ծուխը դեռևս չցնդած՝ բռնեց Օլիվերի օձիքից, ինքն էլ իր հերթին կրակեց նահանջող մարդկանց վրա և տղային քաշեց վերև։
― Ավելի ամուր փաթաթվիր վզիս, ― լուսամուտի միջով նրան դուրս բերելիս ասաց Սայքսը։ ― Հե՜յ, մի շարֆ տվեք, տղային վիրավորել են, շուտ արեք։ Արյունը ինչպես է հոսում վրայից։
Ապա Օլիվերը լսեց մի ինչ֊որ զանգի ձայն, զենքերի կրակոցներ, մարդկանց աղաղակներ և զգաց, որ իրեն արագորեն տանում են անհարթ գետնի վրայով։ Այնուհետև աղմուկը հեռվում տարածվեց դառնալով խուլ ու շփոթ, և երեխայի սիրտը սողոսկեց մի ցուրտ, մահաբեր սարսուռ։ Եվ նա այլևս ոչինչ չտեսավ ու ոչինչ չլսեց։
Քսաներեքերորդ գլուխ
Որտեղ միստր Բամբըլի և ինչ֊որ լեդիի միջև տեղի է ունենում հաճելի խոսակցություն, և ցույց է տրվում, թե ինչպես նույնիսկ մի բիդըլ, որոշ դեպքերում, կարող է դյուրազգաց լինելՇատ ցուրտ գիշեր էր։ Գետնին նստած ձյունը սառել, վերածվել էր հաստ, կարծես կեղևի։ Մոլեգնած քամին անկյունները քշած ձյան կույտերն ամեհի ամպերի նման բարձրացնում էր երկինք, պտտեցնելով առաջացնում հազարավոր մշուշապատ հորձանքներ և ցրում օդի մեջ։ Բուք էր, խավար, սառնամանիք։ Այնպիսի գիշերներից էր, երբ ճոխ բնակարանում կուշտ ապրող մարդիկ, բոլորվելով բոցկլթացող կրակի շուրջ, փառք են տալիս աստծուն, որ իրենց տանն են գտնվում, իսկ անտուն ու սովատանջ թշվառականը լքված մեռնում է մայթերի վրա։ Այսպիսի ժամանկներում որքա՜ն սովահար արարածներ իրենց աչքերը փակում են մեր ամայի փողոցներում, և ինչպիսին էլ լինեն նրանց հանցագործությունները այս աշխարհի մեջ, դժվար թե ավելի մեծ դառնություններ ճաշակեն անդենականում։
Այսպես էր պատկերը դրսում, երբ միսիս Քորնին, աղքատանոցի տեսչուհին, այն աղքատանոցի, որ մեր ընթերցողներին արդեն ծանոթ է որպես ծննդավայրը Օլիվեր Թվիստի, իր փոքրիկ սենյակում մի զվարթ կրակի առաջ նստած, գոհունակությամբ նայում էր ինչ֊որ կլոր, փոքրիկ սեղանի, որի վրա կար համապատասխան չափսի մի ափսե՝ լցված տեսչուհիներին վայել բոլոր անհրաժեշտ համադամներով։ Բանն այն էր, որ միսիս Քորնին պատրաստվում էր թեյելու։ Երբ նա հայացքը սեղանից տեղափոխեց բուխարիկին, որի վրա թեյամաններից ամենափոքրիկը մի ինչ֊որ քնքուշ մեղեդի էր մրմնջում քնքուշ ձայնով, միսիս Քորնիի ներքին գոհունակությունը այն աստիճան ավելացավ, որ նա ժպտաց։
― Օ՜հ, ― ասաց տեսչուհին, արմունկը սեղանին հենելով և մտախոհ նայելով կրակին։ ― Որքա՜ն պատճառներ ունենք երախտապարտ լինելու, եթե միայն գիտակցեինք այդ բանը։
Միսիս Քորնին գլուխը վշտահար թափահարեց, ասես խղճալով այն աղքատների հոգեկան կուրությունը, որոնք այս պարագան անտես էին առնում, և արծաթյա գդալը (սեփական հարստություն) խրելով ինչ֊որ փոքրիկ թիթեղյա տուփի ամենախոր անկյունները, սկսեց թեյ պատրաստել։
Չնչին մի երևույթ հաճախ ինչպես է խռովում մեր հոգու անդորրը։ Գորշ թեյամանը շատ փոքրիկ լինելու պատճառով հորդեց, և մինչդեռ միսիս Քորնին խորհրդածում էր, եռացող ջուրը թեթև այրեց միսիս Քորնիի ձեռքը։
― Գրո՛ղը տանի այդ թեյամանը, ― ասաց արժանավոր տեսչուհին, թեյամանը իսկույն վար դնելով, ― մի փոքրիկ, հիմար թեյաման, որ կարող է միայն մի քանի բաժակ թեյ պարունակել։ Ո՞ւմ է հարկավոր այս անպետք թեյամանը, ― ասաց միսիս Քորնին ցածրաձայն, ― բացի ինձ նման խղճուկ ու լքյալ մի արարածից։ Օ՜հ, աստվա՜ծ։
Այս խոսքերով տեսչուհին նստեց աթոռին և, արմունկը նորից հենելով սեղանին, սկսեց մտածել իր մանկանց ճակատագրի մասին։
Փոքրիկ թեյամանը և իր առջև դրված միակ բաժակը անցյալի տխուր հիշատակներ էին զարթնեցրել նրա մեջ։ Նա հիշեց իր ամուսնուն՝ միստր Քորնիին, որը մահացել էր ոչ ավելի քան քսանհինգ տարի առաջ, և հուսալքությունը համակեց նրան։
― Էլ երբեք նմանը չեմ ճարի, ― ասաց միսիս Քորնին սրտնեղությամբ, ― էլ երբեք նմանը չեմ ճարի։
Մեզ համար պարզ չէ, թե ակնարկությունը ում էր վերաբերում․ ամուսնո՞ւն, թե թեյամանին։ Գուցե խոսքը վերջինի մասին էր, քանի որ միսիս Քորնին խոսելիս թեյամանին նայեց ու հետո էլ վերցնելով այն՝ թեյ լցրեց իր համար։ Թեյի առաջին բաժակը հազիվ էր վերջացրել, երբ դռան ինչ֊որ մեղմ թակոց լսվեց, որ խանգարեց նրա հանգիստը։
― Օ՜հ, նե՛րս արի, ― ասաց միսիս Քորնին խստությամբ։ ― Երևի պառավներից մեկնումեկը հոգին է փչում։ Նրանք միշտ մահանում են, երբ ես նստած եմ լինում ճաշի։ Ի՞նչ ես կանգնել այդտեղ՝ ցուրտ քամին ներս թողնելով։ Ի՞նչ է պատահել, խոսի՛ր։
― Ոչինչ չի պատահել, տիկին, ― պատասխանեց մի տղամարդու ձայն։
― Աստվա՜ծ իմ, միստր Բամբըլն է, ― բացականչեց տեսչուհին շատ ավելի քնքուշ ձայնով։
― Ձեր խոնարհ ծառան, տիկին, ― ասաց միստր Բամբըլը, որը դրսում կանգնել էր կոշիկները մաքրելու և վերարկուի վրայից ձյունը թափ տալու համար, և որը այժմ մի ձեռքում եռանկյունի գլխարկը պահած, իսկ մյուսում ինչ֊որ կապոց բռնած՝ ներս մտավ։ ― Դուռը ծածկե՞մ, տիկի՛ն։
Լեդին պարկեշտորեն վարանեց պատասխան տալ։ Նա մտածեց, որ գուցե անպատշաճ կլիներ միստր Բամբըլի հետ առանձին տեսակցություն ունենալ, այն էլ փակ դռների հետևում։ Միստր Բամբըլը, այդ վարանումից օգտվելով և ինքն էլ չափազանց մրսած լինելով, առանց թույլտվության ծածկեց դուռը։
― Սարսափելի եղանակ է, միստր Բամբըլ, ― ասաց տեսչուհին։
― Չափազա՜նց, ― պատասխանեց բիդըլը, ― նաև հակածխական։ Այսպիսի եղանակները վնաս են հասցնում ծխին, տիկի՛ն։ Մենք բաժանել ենք, միսիս Քորնի, մենք բաժանել ենք մոտ քսան հատ չորս ֆունտանոց հացի նկանակ և մեկ ու կես գլուխ պանիր, հենց այս օրհնյալ երեկոյան, և տակավին այդ անպիտան աղքատները բավարարված չեն։
― Է՛հ, նրանք ե՞րբ են իրենց վիճակից գոհ եղել, ― ասաց տեսչուհին թեյը խմելով։
― Երբե՜ք, երբե՜ք, ― վրա բերեց միստր Բամբըլը։ ― Մեզ մոտ կար մի մարդ, որը, նկատի ունենալով նրա կին ունենալու և ընտանիքի բազմանդամ լինելու պարագան, ստացավ մի նկանակ հաց և լրիվ մեկ ֆունտ պանիր, առանց թերակշռումի։ Կարծում եք նա բավարարվե՞ց, տիկի՛ն։ Անգամ շնորհակալություն չհայտնեց։ Դեռ ավելին․ նա եկավ և մեզնից ածուխ պահանջեց։ Թեկուզ մի թաշկինակ ածուխ, ասում է նա։ Ածո՞ւխ։ Իսկ ի՞նչ էր անելու ածուխով։ Պանիրն էր խորովելու և վերադառնալու էր, որ նորից պահանջի։ Այսպես են սրանք, տիկի՛ն։ Այսօր մի գոգնոց լիքը ածուխ տուր նրանց, մեկ էլ տեսար երկու օր հետո նորից դուռը կծեծեն և էլի կպահանջեն։ Նրանց երեսը ալաբաստրի պնդություն ունի։
Տեսչուհին այս արտահայտության ճշմարտությունը լրիվ հաստատեց, որից հետո Բիդըլը շարունակեց․
― Ես երբեք չեմ կարող պատկերացնել, ― ասաց նա, ― թե այս բանը մինչև ուր կհասնի։ Դուք ամուսնացած կին եք, տիկի՛ն, և ես կարծում եմ թույլատրելի է ձեզ մոտ ազատ խոսել․ նախանցյալ օրը գրեթե կիսամերկ մի մարդ (այստեղ միսիս Քորնին աչքերը խոնարհեց գետին) գնում է մեր խնամակալի մոտ այնպիսի ժամանակ, երբ նա տանը հրավիրյալներ է ունենում, և ասում է, թե պետք է անպայման օգնեն իրեն։ Խնամակալը տեսնելով, որ այդ մարդը ոչ մի կերպ չի հեռանում և հյուրերի մոտ շատ անհարմար դրություն է ստեղծվում իր համար, տալիս է մի ֆունտ գետնախնձոր և կես փայնտ վարսակ֊ալյուր։ «Տե՜ր աստված, ― ասում է ապերախտ սրիկան, ― սա իմ ինչի՞ն է պետք։ Միևնույնն էր, եթե ինձ երկաթյա ակնոց տայիք»։ «Շատ լավ, ― ասում է մեր խնամակալը, ետ վերցնելով դրանք, ― դու ինձնից էլ ուրիշ ոչինչ չես ստանա»։ «Ուրեմն ես փողոցում կմեռնեմ», ― ասում է դատարկապորտը։ «Չես մեռնի» ― ասում է մեր խնամակալը։
― Ա՛յ քեզ հետաքրքիր բան։ Այնքան նման է միստր Գրեննետի գործելակերպին, ― ընդհատեց միսիս Քորնին։ ― Հետո՞, միստր Բամբըլ։
― Հետո, ― շարունակեց Բիդըլը, ― նա հեռանում է այնտեղից և իսկապե՛ս մահանում է փողոցում։ Ահա՛ և քեզ աղքատի կամակորություն։
― Այն էլ ինչպիսի կամակորություն, մարդու հավատը չի գալիս, ― ազդու տոնով նկատեց տեսչուհին։ ― Բայց չե՞ք կարծում, որ աղքատանոցից դուրս տված նպաստը վատ բան է, միստր Բամբըլ։ Դուք փորձարու ջենթլմեն եք և անշուշտ կիմանաք։ Հապա՛։
― Աղքատանոցից դուրս տրված նպաստը, միսիս Քորնի, ― ասաց Բիդըլը, ժպտալով այնպես, ինչպես ժպտում են ամեն ինչի տեղյակ լինելու գիտակցությունն ունեցող մարդիկ, ― պատշաճ կարգը պահպանելու դեպքում, ծխի փրկությունն է։ Աղքատանոցից դուրս տրված նպաստի մեծագույն սկզբունքն է աղքատներին տալ հենց այն, ինչը նրանց հարկավոր չէ, այն ժամանակ նրանք կձանձրանան և էլ չեն գա քեզ անհանգստացնելու։
― Օ՜հ, ― բացականչեց միսիս Քորնին, ― իսկապես որ շատ խելոք բան է։
― Այո։ Մեր մեջ ասած, տիկին, ― շարունակեց միստր Բամբըլը, ― այդ է լավագույն սկզբունքը, և եթե այդ անպատկառ թերթերում հրապարակված դեպքերը կարդալու լինեք, դուք միշտ պիտի նկատեք, որ հիվանդ ընտանիքներին պանրի շերտեր են ուղարկվում որպես նպաստ։ Այժմ այդ է ամբողջ քաղաքում տարածված կանոնը, միսիս Քորնի։ Բայց, ― ասաց բիդըլը, կապոցը քանդելու համար կռանալով, ― սրանք ծխական գաղտնիքներ են, տիկին, որոնց մասին չի կարելի խոսել, բացառությամբ, այսպես ասած, մեզ նման ծխական պաշտոնյաների։ Ահա՛ և գինին, տիկին, որը հանձնաժողովը ուղարկել է անկելանոցի համար։ Անաղարտ, թարմ, բնական գինի է, որ հենց այս առավոտ դուրս է եկել տակառից։ Զերծ է մրուրից և բյուրեղի նման հստակ է, տիկին։
Գինու գերազանց որակը փորձելու համար շշերից մեկը բռնելով լսւյսի դեմ և լավ ցնցելով, միստր Բամբըլը երկուսն էլ դրեց ինչ֊որ պահարանի վրա, ծալեց այն թաշկինակը, որի մեջ փաթաթված էին, դրեց գրպանը և գլխարկը վերցնելով՝ ձևացրեց, թե գնում է։
― Կարգին ցուրտ է դրսում, միստր Բամբըլ, երևի կմրսեք, ― ասաց տեսչուհին։
― Այնպիսի ուժեղ քանի է, տիկին, ― պատասխանեց միստր Բամբըլը, վերարկուի օձիքը վեր բարձրացնելով, ― որ կարող է մարդու ականջները պոկել։
Տեսչուհին փոքրիկ թեյամանից հայացքն ուղղեց դեպի դուռը ընթացող բիդըլին, որը թեթև հազաց և պատրաստվում էր բարի գիշեր մաղթել, երբ այդ պարկեշտ լեդին ամոթխածորեն հարցրեց, թե արդյոք միստր Բամբըլը չէ՞ր ցանկանա մի բաժակ թեյ խմել։
Միստր Բամբըլը անմիջապես վերակուի օձիքն իջեցրեց, գլխարկը ու գավազանը դրեց մի աթոռի, մի ուրիշ աթոռ մոտեցրեց սեղանին և, դանդաղորեն նստելով, լեդիին նայեց։ Լեդին աչքերը հառեց փոքրիկ թեյամանին։ Միստր Բամբըլը նորից հազաց ու թեթև ժպտաց։
Միսիս Քորնին վեր կացավ և պահարանից մի բաժակ ևս վերցրեց։ Նստելիս նրա հայացքը նորից հանդիպեց փառահեղ բիդըլին։ Լեդին շառագունեց և զբաղվեց բիդըլի թեյը պատրաստելով։ Միատր Բամբըլը դարձյալ հազաց, բայց այժմ շատ ավելի բարձրաձայն։
― Քա՞ղցր, միստր Բամբըլ, ― հարցրեց տեսչուհին շաքարամանը վերցնելով։
― Շատ քաղցր, իսկապե՛ս, տիկին, ― պատասխանեց միստր Բամբըլը։ Այս բառերն ասելիս նա աչքերը սևեռեց միսիս Քորնիի վրա, և եթե որևէ բիդըլ քնքուշ է եղել երբևէ, ապա միստր Բամբըլը հենց այդպիսին էր այդ պահին։
Թեյը պատրաստվեց և լռությամբ մատուցվեց։ Միստր Բամբըլը, իր շքեղ տաբատը չփաչնելու համար ծնկներին մի թաշկինակ փռելով, սկսեց ուտել ու խմել։ Այս հաճելի պարտականությունները կատարելիս նա մերթ ընդ մերթ խոր հառաչում էր, բայց այդ հառաչանքները ոչ մի բացասական ազդեցություն չէին գործում նրա ախորժակի վրա, ընդհակառակն, կարծես ավելի գրգռում էին, և նա աշխուժությամբ կուլ էր տալիս թեյն ու կարմրած հացը։
― Տեսնում եմ, որ դուք կատու ունեք և կատվի ձագեր, տիկի՛ն, ― ասաց միստր Բամբըլը նկատելով, թե ինչպես մի կատու ձագերին իր շուրջը հավաքած տաքանում էր բուխարիկի առաջ։
― Չեք կարող պատկերացնել, թե ես որքան եմ սիրում դրանց, միստր Բամբըլ, ― պատասխանեց տեսչուհին։ ― Նրանք այնքան երջանիկ են, այնքան զվարճասեր, և այնքան աշխույժ, որ կատարյալ ընկերներ են ինձ համար։
― Շատ գեղեցիկ կենդանիներ են, տիկին, ― պատասխանեց միստր Բամբլը հավանությամբ, ― և որքան էլ ընտանի են։
― Այո, ― ասաց տեսչուհին հիացած, ― և այնքան կապված են իրենց տան հետ, որ մեծ հաճույք է ինձ համար։
― Միսիս Քո՛րնի, ― դանդաղորեն ասաց միստր Բամբըլը, թեյի գդալը համաչափ զարկելով սեղանին, ― ուզում եմ ասել հետևյալը․ եթե ձեզ մոտ ապրելու հնարավորություն ունեցող որևէ կատու կամ կատվի ձագ կապված չլինի իր տան հետ, ապա կնշանակե՝ նա ավանակ է։
― Օ՜հ, միստր Բա՜մբըլ, ― առարկեց միսիս Քորնին։
― Ճշմարտությունը ինչո՞ւ քողարկել․ տիկի՛ն, ― ընդհատեց միստր Բամբըլը՝ սիրահարված արժանապատվությամբ թեյի գդալը օդի մեջ թափահարելով, որը նրան կրկնակի վեհաշուք դարձրեց։ ― Ես մեծ հաճույքով կխեղդեի դրան, տիկի՛ն։
― Ուրեմն դուք շատ անգութ մարդ եք, ― ասաց տեսչուհին աշխուժութմամբ, և ձեռքը մեկնեց, որ բիդըլի բաժակը վերցնի։ ― Ավելին, նաև շատ կարծրասիրտ։
― Կարծրասի՞րտ, տիկի՛ն, ― ասաց միստր Բամբըլը։ ― Կարծրասի՞րտ։
Ապա նա բաժակը անխոս տվեց միսիս Քորնիին, կսմթեց նրա ճկույթը, երբ լեդին վերցնում էր, ձեռքի ափերը երկու անգամ թափով սահեցրեց իր ժանեկավոր բաճկոնի վրայով, խորապես հառաչեց և իր աթոռը մի փոքր հեռացրեց կրակի մոտից։
Սեղանը կլոր էր, և քանի որ միսիս Քորնին ու միստր Բամբըլը նստած էին իրարից ոչ շատ հեռու, երեսները դեպի բուխարիկը, պարզ էր, որ միստր Բամբըլը, փոքր ինչ հեռանալով կրակի մոտից և տակավին մնալով սեղանի մոտ, իր և միսիս Քորնիի միջև եղած տարածությունը ավելացրեց։ Որոշ խոհեմ ընթերցողներ կլինեն հիանալու այս արաքով, համարելով այն մեծ հերոսություն միստր Բամբըլի կողմից, որովհետև այդ ջենթլմենը վայրի, ժամանակի և ներկայացած առիթի հարմարություններից փորձության մատնվելով կարող էր լեդիի ականջին որոշ քնքուշ բառեր շշնջալ, բառեր, որոնք եթե անխելք և թեթևամիտ մարդկանց շրթներին լավ են պատշաճում, ապա երկրի դատավորների, խորհրդարանի անդամների, պետության նախարարների, քաղաքապետների և այլ հայտնի հասարակական գործիչների արժանապատվությանը բոլորովին վայել չեն, առավել ևս անպատշաճ են որևէ բիդըլի պատկառելի դիրքին, որը (ինչպես հայտնի է ամենքին) պետք է լինի այդ բոլորից ամենից դաժանը և ամենաադրդվելին։
Ինչպիսին էլ որ լինեին միստր Բամբըլի դիտավորությունները (անկասկած նրանք վատը լինել չէին կարող), այնուամենայնիվ քանի որ սեղանը, ինչպես երկու անգամ հիշել ենք, դժբախտաբար կլոր էր, ուստի միստր Բամբըլը, իր աթոռը աստիճանաբար շարժելով դեպի այն կողմը, իր և տեսչուհու միջև եղած տարածությունը որոշ չափով պակասեցրեց, և դեռևս շարունակելով կատարել իր շրջանը, վերջապես նրա աթոռը գտնվեց հենց տեսչուհու աթոռի կողքին․ դեռ ավելին, երկու աթոռները իսկապես կպան իրար, և այդ ժամանակ միստր Բամբըլը կանգ առավ։
Այժմ, եթե տեսչուհին իր աթոռը շարժեր դեպի աջ, կրակից կխորովվեր, իսկ եթե իր աթոռը շարժեր դեպի ձախ, կընկներ միստր Բամբըլի գոգը։ Հետևաբար (լինելով խոհեմ մի տեսչուհի և անտարակույս առաջին իսկ հայացքից նախատեսելով այդ հետևանքները), նա բոլորովին տեղից չշարժվեց և միստր Բամբըլին հյուրասիրեց ևս մի բաժակ թեյով։
― Օ՜, կարծրասի՞րտ, միսիս Քորնի, ― ասաց միստր Բամբըլը թեյը խառնելով և նայելով տեսչուհու դեմքին։ ― Դուք կարծրասի՞րտ եք, միսիս Քորնի։
― Օ՜, աստվա՜ծ իմ, ― բացականչեց տեսչուհին, ― որքան տարօրինակ հարց է մի ամուրի մարդու կողմից։ Ինչո՞ւ եք ուզում իմանալ, միստր Բամբըլ։
Բիդըլը ըմպեց վերջին կաթիլ թեյը, վերջացրեց կարմրած հացը, ծնկների վրայից թափ տվեց փշրանքները, սրբեց բերանը և առանց այլևայլի համբուրեց տեսչուհուն։
― Միստր Բա՜մբըլ, ― գոչեց այդ խոհեմ լեդին շշնջալով․ խեղճը այնքան էր վախեցել, որ ձայնը համարյա քաշվել էր։ ― Տե՛ս կճչամ, միստր Բամբըլ։ ― Միստր Բամբըլը ոչինչ չասաց․ նա իր բազուկը առանց շտապելու, արժանավայել կերպով փաթաթեց տեսչուհու մեջքին։
Քանի որ միսիս Քորնին ճչալու մասին իր մտադրությունը հայտնել էր, նա անտարակույս կճչար, մանավանդ այդ հավելյալ հանդգնությունից հետո, բայց սենյակի դուռը հանկարծ թակեցին, և լեդին չկարողացավ իր մտադրությունը կատարել։ Նա միայն խստորեն հարցրեց, թե ով է, մինչդեռ միստր Բամբըլը մի ոստյունով թռավ գինու շշերի մոտ և դրանցից մեկը վերցնելով՝ սկսեց սաստիկ թափով փոշին մաքրել։
Այստեղ, իբրեև մի զարմանլի բնագիտական պարագա, արժի հիշատակել, որ հանկարծակի անակնկալը այն աստիճան հակազդել էր սաստիկ վախին, որ լեդիի ձայնը վերագտել էր իր պաշտոնական ամբողջ խստությունը։
― Եթե կբարեհաճեք, տիրուհի՛, պառավ Սելլին մեռնում է, ― գլուխը դռներից ներս երկարելով ասաց աղքատանոցի բնակչուհիներից մեկը՝ ահռելիորեն տգեղ և զառամյալ մի պառավ։
― Էհ, հետո՞ ինչ, ― զայրացած գոչեց տեսչուհին։ ― Հո ես չեմ կարող նրան մահից փրկել։
― Իհա՜րկե, իհա՜րկե, տիրուհի, ոչ ոք չի կարող փրկել նրան, ― պատասխանեց պառավը։ ― Նրան այլևս ոչի՛նչ չի օգնի։ Ես շատ մահեր եմ տեսել։ Ես տեսել եմ մահեր նորածինների և մահեր ուժեղ, հաղթանդամ մարդկանց, հետևաբար լավ գիտեմ, թե երբ է մահը գալիս։ Բայց նրա խիղճը ինչ֊որ բան է տանջում։ Երբ նոպան անցնում է, ― իսկ դա հազվադեպ է լինում, քանի որ նա արդեն մահվան շեմին է, ― ասում է, որ դուք պետք է անպայման լսեք իրեն։ Նա երբեք հանգիստ սրտով չի մեռնի մինչև դուք չգաք, տիրուհի։
Միսիս Քորնին զանազան անեծքներ տեղաց պառավների գլխին, որոնք մեռնել անգամ չեն կարողանում առանց դիտավորյալ կերպով անհանգստացնելու իրենց վերադասներին, և փաթաթվելով մի հաստ շալի մեջ, միստր Բամբըլից խնդրեց այդտեղ մնալ մինչև իր վերադարձը, որպեսզի որևէ արտակարգ բան պատահելու դեպքում իրեն օգնության հասնի։ Ապա մեծ դժկամությամբ հետևեց պառավին, ամբողջ ճանապարհին սաստելով ու հանդիմանելով նրան, թե աստիճաններից ինչու էր այդքան դանդաղ բարձրանում, ինչու էր իր հանգիստը խանգարել և այլն։
Տեսչուհու մեկնելուց հետո միստր Բամբըլի վարքը անբացատրելի էր։ Երբ նա սենյակում մենակ մնաց, նա պահարանը բացեց, հաշվեց թեյի գդալները, ձեռքի վրա կշռեց շաքարի ունելին, ուշադիր զննեց մի արծաթյա կաթնաման՝ համոզվելու համար, թե դա իրոք այդ ազնիվ մետաղից էր։ Այս բոլոր հարցերը լուծելուց և գոհացուցիչ արդյունքի հասնելուց հետո եռանկյունի գլխարկը շեղակի դրեց գլխին և, ամենայն լրջությամբ, լրիվ չորս անգամ սեղանի շուրջը պար եկավ։ Այս սրտառոց ներկայացումը վերջանցնելով՝ նա եռանկյունի գլխարկը հանեց գլխից և, մեջքը կրակին դեմ արած, ասես մտովի զբաղվեց այդ ամբողջ իրերի ճշգրիտ ցուցակագրման գործով։
Քսանչորսերորդ գլուխ
Որտեղ խոսվում է մի ինչ֊որ շատ աննշան նյութի մասին․ հակիրճ, բայց գուցե կարևոր մի գլուխ այս գրքի պատմության մեջՄահվան ինչպիսի՜ համապատասխան պատգամավոր էր այդ, որ վրդովել էր տեսչուհու սենյակի անդորրը։ Նրա մարմինը կորացել էր տարիների ծանրության տակ, ձեռներն ու ոտները դողդողում էին հաշմվածությունից։ Նրա ծամածռված դեմքը, որի վրա սառել էր դառնությամբ լի մի հայացք, ավելի նման էր կոշտ մատիտով ուրվագծված մի այլանդակ գծագրի, քան թե Բնության ձեռակերտի։
Ավա՜ղ, Բնության ստեղծած դեմքերից որքան քչերն են անխաթար մնում իրենց գեղեցկության մեջ երջանկացնելու համար։ Աշխարհի հոգսերը, վշտերն ու զրկանքները, նրանց սրտերի հետ այլափոխում են նաև նրանց չքնաղ կերտվածքը․ և միայն այդ հույզերը ննջելուց և իրենց իշխանությունը ընդմիշտ կորցնելուց հետո է, որ ցրվում են որոշ ամպերը և պարզվում է երկնքի մակերեսը։ Շատ սովորական երևույթ է, որ մեռածների դեմքի վրա, նույնիսկ այդ անկենդան ու քարացած վիճակում, հանգչի քնած մանկան վաղուց մոռացված արտահայտությունը և նրանց տեսքը հիշեցնի նրանց մատաղ տարիները։ Նրանք այնքան խաղաղ, այնքան անվրդով են դառնում նորից, որ ովքեր ճանաչում էին նրանց երջանիկ մանկությունը, երկյուղսծությամբ ծնրադրում են դագաղի մոտ և տեսնում են երկնային հրեշտակը երկրի վրա։
Այլանդակ պառավը, իր ուղեկցի հանդիմանանքներին ինչ֊որ անորոշ պատասխաններ քրթմնջալով, միջանցքներով քաշ էր գալիս երերուն քայլերով և հազիվ էր կարողանում աստիճաններով բարձրանալ։ Վերջապես, հարկադրված լինելով մի քիչ հանգստանալ, ճրագը տվեց տեսչուհուն և ինքը դանդաղ հետևեց իր աշխույժ վերադասին, որը առույգ քայլերով գնաց հիվանդ կնոջ սենյակը։
Ձեղնահարկի մերկ մի սենյակ էր այդ, որի հեռավոր ծայրում մի աղոտ լույս էր պլպլում։ Մի ուրիշ պառավ հսկում էր անկողնու մոտ, ծխական դեղագործի աշակերտը, կրակի առաջ կանգնած, սագի փետրից ատամ֊մաքրիչ էր պատրստում իր համար։
― Ցուրտ գիշեր է, միսիս Քորնի, ― ասաց այդ երիտասարդ ջենթլմենը, երբ տեսչուհին ներս մտավ։
― Իսկապես շատ ցուրտ է, սըր, ― պատասխանեց տեսչուհին իր չափազանց քաղաքավարի եղանակով, միևնույն ժամանակ գլուխը թեթև խոնարհելով։
― Հարկավոր է ավելի լավորակ ածուխ պահանջել ձեր մատակարարներից, ― ասաց դեղագործի փոխանորդը, ժանգոտված ունելիով մի կտոր ածուխ փշրելով կրակի մեջ․ ― Սրանք ցուրտ գիշերվա հարմար ածուխ չեն։
― Հանձնաժողովն է ընտրել այդ ածուխը, սըր, ― պատասխանեց տեսչուհին, ― իսկ հանձնաժողովը կարող էր հոգալ առնվազն այն մասին, որ գոնե այդ հարցում բավարարեր մեզ, քանի որ առանց այդ էլ մեր աշխատանքը ծանր է։
Այստեղ խոսակցությունը ընդհատվեց հիվանդ կնոջ արձակած խուլ հեծկլտոցով։
― Օ՜հ, ― ասաց երիտասարդը՝ դեմքը շրջելով ձայնի կողմը, ասես բոլորովին մոռացած լիներ հիվանդին։ ― Նրա գործը վերջացած է, միսիս Քորնի։
― Իսկապե՞ս, ― հարցրեց տեսչուհին։
― Ինձ շատ մեծ զարմանք կպատճառեր, եթե նա մի քանի ժամ էլ դիմանար, ― ասաց դեղագործի աշակերտը՝ ուշադրությունը կենտրոնացնելով ատամ֊մաքրիչի ծայրը սրելու վրա, ― նրա ամբողջ կազմը լրիվ քայքայված է։ Ստուգիր, ննջո՞ւմ է, թե ոչ։
Հիվանդապահ կինը կռացավ անկողնու վրա և գլխով դրական նշան արեց։
― Դե՛, ուրեմն, գուցե այդպես էլ շունչը փչի, եթե դուք չաղմկեք, ― ասաց երիտասարդը։ ― Ճրագը դիր հատակին։ Այդպես խանգարում է նրան։
Պառավը լույսը դրեց հատակին՝ միաժամանակ գլուխը թափահարելով, ասես կամենալով ակնարկել, թե հիվանդը այդքան հեշտությամբ չէր մահանա։ Ապա նա նստեց իր նախկին տեղը, մյուս հիվանդապահ պառավի կողքին, որ մինչ այդ վերադարձել էր։ Տեսչուհին, սրտնեղած, փաթաթվեց իր շալի մեջ և նստեց մահճակալի ոտքերի մոտ։
Ատամ֊մաքրիչ պատրաստելով, դեղագործի աշակերտը կանգնեց կրակի առջև և մոտավորապես տասը րոպե լավ տաքացավ։ Ապա, ըստ երևույթին սպասումից ձանձրացած, միսիս Քորնիին բարի զվարճություն մաղթեց իր գործի մեջ և անշշուկ դուրս սահեց սենյակից։
Որոշ ժամանակ այսպես լուռ նստելուց հետո երկու պառավները վեր կացան անկողնու մոտից և, կծկվելով բուխարիկի առաջ, իրենց կմախքացած ձեռքերը դեմ արին կրակին։ Բոցը զարհուրելի մի ցոլք գցեց նրանց խորշոմած երեսներին և նրանց այլանդակ դեմքերը դարձրեց ավելի սարսափելի, մինչ այդ դիրքում նստած ցածրաձայն զրուցում էին։
― Էլի բաներ ասա՞ց իմ գնալուց հետո, Ա՛նի, սիրելիս, ― հարցրեց պատգամաբերը։
― Ոչ մի բառ, ― պատասխանեց մյուսը։ ― Որոշ ժամանակ նա թևերը փետեց, բայց ես նրա ձեռքերը ամուր բռնեցի, և նա շուտով թուլացավ։ Բավականին հյուծված է, հետևաբար, կարողացա հեշտությամբ զսպել նրան։ Համեմատած իմ տարիքին, այնքան էլ անկար չեմ, չնայած աղքատանոցի օրաբաժնով եմ սնվում։ Ո՛չ, ո՛չ, այդքան էլ տկար չեմ։
― Իսկ նա խմե՞ց այն տաք գինին, որ բժիշկը կարգադրել էր, ― հարցրեց առաջինը։
― Աշխատեցի մի կերպ նրա բերանը լցնել, ― պատասխանեց մյուսը, ― բայց ատամները պինդ սեղմված էին, և ըմպանակը այնքան ամուր էր պահել, որ հազիվ կարողացա ետ վերցնել։ Հետևաբար, ինքս խմեցի այդ և այժմ ինձ լավ կազդուրված եմ զգում։
Վստահ լինելու համար, որ ոչ ոք չի լսում իրենց խոսակցությունը, երկու վհուկանման պառավները ուշադիր իրենց շուրջը նայեցին, ապա, ավելի կծկվելով կրակի մոտ, լիաթոք ծիծաղեցին։
― Հիշում եմ այն օրերը, ― ասաց առաջին խոսողը, ― երբ նա նույն ձևով էր վերաբերվում և այնուհետև զվարճանում էր իր ասածով։
― Այդպես է, ― հաստատեց մյուսը, ― զվարթ սիրտ ուներ նա։ Որքա՜ն շնորհալի ձևով թաղման էր պատրաստում այն բազմաթիվ գեղեցիկ դիակները, կարծես թե գեղեցիկ մոմարձանների էր վերածում նրանց։ Ես իմ տկար աչքերով տեսել և այս զառամած ձեռքերով շոշափել եմ այդ դիակները, որովհետև շատ անգամներ օգնել եմ նրան։
Խոսելիս պառավը դողդոջուն մատները հրճվալից թափ տվեց իր քթի առաջ և գրպանը քրքրելով, այնտեղից դուրս բերեց երկար տարիների գործածությունից գունաթափված մի թիթեղյա քթախոտի տուփ։ Զրուցակցի մեկնած ափի մեջ մի պտղունձ քթախոտ դնելով և մի քիչ էլ ինքը վերցնելով, տուփը վերադարձրեց իր տեղը։ Մինչդեռ նրանք այսպես զբաղված էին, տեսչուհին, որն անհամբեր սպասում էր մահամերձ կնոջ սթափվելուն, գնաց նրանց մոտ և խստորեն հարցրեց, թե ինքը, վերջ ի վերջո, որքան պետք է սպասեր։
― Երկար չեք սպասի տիրուհի, ― պատասխանեց երկրորդ կինը, նայելով նրա դեմքին։ ― Մեզնից ոչ մեկը երկար չի սպասելու մահվան։ Համբերությո՜ւն, համբերո՜ւթյուն։ Մահը շուտով բոլորիս էլ կտանի։
― Զառանցանքներդ դադարեցրու, հիմա՛ր, ― սաստեց տեսչուհին։ ― Մա՛րթա, ասա՛ ինձ, նա ուրիշ ժամանակ էլ այդպես եղե՞լ է։
― Հաճախ էր լինում, ― պատասխանեց առաջին կինը։
― Էլ երբեք չի լինի, ― ավելացրեց երկրորդը, ― այսինքն՝ նա էլ երբեք չի զարթնի․ նա կզարթնի միայն մեկ անգամ, և այն էլ, տիրուհի, իմացեք, շատ կարճ ժամանակաով։
― Երկար, թե կարճ, ― ասաց տեսչուհին չափազանց զայրացած, ― միևնույն է, նա ինձ այստեղ չի գտնի․ երկուսդ էլ զգույշ կացեք, մեկ էլ այդպիսի հիմար բաների համար ինձ չանհանգստացնեք։ Իմ պարտականության մեջ չի մնտնում աղքատանոցում բնակվող բոլոր պառավների մահվանը ներկա լինել․ լա՛վ հիշեցեք այդ, լկտի, անպատկառ վհուկներ։ Եթե փորձեք կրկին անգամ ինձ խաբել, ձեզ շուտով կբուժեմ այդ տկարությունից, համոզված եղեք։
Նա մեծ քայլերով դուրս էր գնում սենյակից, երբ երկու պառավները, որոնք դեպի անկողին էին շրջվել, ճչացին, որի պատճառով նա ետ նայեց։ Հիվանդը ուղղաձիք նստել էր անկողնու մեջ՝ ձեռքերը դեպի նրանց կողմը երկարելով։
― Ո՞վ է, ― հարցրեց նա խուլ ձայնով։
― Հանգի՜ստ, հանգի՜ստ, ― ասաց պառավներից մեկը, թեքվելով հիվանդի վրա։ ― Պառկի՛ր, պառկի՛ր։
― Էլ երբեք ողջ վիճակում չեմ պառկի, ― դժվարությամբ ասաց կինը։ ― Ես պետք է պատմեմ նրան, ես անպայման պետք է պատմեմ նրան։ Ե՛կ, այստեղ։ Ավելի՛ մոտեցիր։ Թո՛ւյլ տուր քո ականջին շշնջամ։
Նա տեսչուհու թևից պինդ բռնեց և, նրան հարկադրաբար նստեցնելով անկողնու մոտ գտնվող մի աթոռի, ուզում էր խոսել, երբ շուրջը նայելով նկատեց երկու պառավներին, որոնք, հակված դեպի առաջ ունկնդրելու պատրաստ դիրքով, անհամբեր սպասում էին։
― Հե՛ռացրու նրանց այստեղից, ― ասաց կինը նվաղկոտ ձայնով, ― շտապի՛ր, շտապի՛ր, շտապի՛ր։
Այս արտահայտության վրա երկու վհուկանման պառավները սկսեցին աղիողորմ ողբալ, ասելով, թե խեղճը այնքան էր գիտակցությունը կորցրել, որ անգամ իր ամենաճշմարիտ բարեկամներին չի ճանաչում, և թե նրանք ոչ մի դեպքում իրենց ընկերուհուն մենակ չեն թողնի․ բայց տեսչուհին նրանց դուրս հրեց սենյակից և դուռը ամուր ծածկելով՝ վերադարձավ անկողնու մոտ։ Պառավները դուրս արվելուց հետո, փոխեցին իրենց խոսելու եղանակը և բանալու անցքից բղավեցին, թե պառավ Սելլին հարբած է, մի բան, որ այնքան էլ անհավանական չէր, քանի որ, ի լրացումն դեղագործի դուրս գրած ափիոնի չափավոր քանակի, նրա վրա մեծապես ազդել էր նաև ջրախառն ջինի վերջին բաժինը, որով բարեսրտությամբ և գաղտնորեն նրան հյուրասիրել էին հենց իրենք՝ արժանավոր պառավ լեդիները։
― Այժմ ինձ լսիր, ― բարձրաձայն ասաց մահամերձ կինը, ասես մեծ ճիգ գործադրելով արծարծելու համար իր մեջ հանգչող կյանքի վերջին կայծը։ ― Այս միևնույն սենյակում, այս միևնույն անկողնու մեջ ես ժամանակին խնամեցի մի ինչ֊որ սիրուն, դեռատի կնոջ, որ աղքատանոց բերվեց երկար քայլելուց ճաքճքված ոտքերով, ամբողջապես փոշեթաթախ և արյունլվա։ Նա ծնեց մի երեխա ու մահացավ։ Հապա հիշեմ, թե այդ որ տարին էր։
― Ոչի՛նչ, թե որ տարին էր, ― ասաց անհամբեր ունկնդիրը, ― ի՞նչ պատահեց նրա հետ։
― Ա՜ա, ― մրմնջաց հիվանդ կինը դարձյալ խոսքի կապը կորցնելով։ ― Ինչ պատահեց նրա հե՞տ․ ե՛ս գիտեմ, թե ինչ պատահեց, ― ճչաց նա վայրագորեն տեղից վեր թռչելով։ Նրա դեմքը շառագունած էր, և աչքերը կարծես իրենց ակնակապիճներից դուրս էին պրծնում։ ― Ես կողոպտեցի նրան, այո՛, ես կողոպտեցի նրան։ Նրա դիակը դեռ չէր սառել, հավատացնում եմ, նրա դիակը դեռևս չէր սառել, երբ ես գողացա այդ։
― Ի՞նչ գողացար, ի սեր աստծո, ― դրսից օգնության կանչելու շարժուձևով ճչաց տեսչուհին։
― Այդ բանը, ― պատասխանեց կինը՝ ձեռքով մյուսի բերանը ծածկելով, ― նրա միակ ունեցվածքը։ Նրան հանդերձանք էր հարկավոր ցրտից պատսպարվելու և սնունդ՝ քաղցից չմեռնելու համար, բայց նա այդ պահել էր իր ծոցում անձեռնմխելի ու ապահով։ Դա ոսկի էր, հավատացե՛ք։ Շքեղ ոսկի, որ կարող էր նրան մահից փրկել։
― Ոսկի՜, ― արձագանքեց տեսչուհին, անձկությամբ թեքվելով կնոջ վրա, երբ նա նորից ընկավ բարձին։ ― Շարունակի՛ր, շարունակի՛ր, հետո՞։ Ո՞վ էր այդ կինը, ե՞րբ պատահեց։
― Նա ինձ հանձնարարեց, որ ապահով պահեմ այդ, ― պատասխանեց մահամերձը հեկեկալով, ― և վստահեց ինձ՝ որպես ինձ մոտ գտնվող միակ կնոջը։ Առաջին իսկ պահին, երբ նա ցույց տվեց այդ իրը՝ կախված իր վզից, ես մտքումս որոշեցի կողոպտել նրան։ Եվ երեխայի մահվան մեղքն էլ գուցե իմ վրա է ծանրանում։ Նրանք խեղճ մանկիկի հետ ավելի լավ կվերաբերվեին, եթե մանրամասնություններն իմանային։
― Ի՞նչ մանրամասնություններ, ― հարցրեց մյուսը։ ― Խոսի՛ր։
― Տղան քանի մեծանում՝ այնքան էր մորը նմանվում, ― առանց այդ հարցին ուշադրություն դարձնելու, մտացիր շարունակեց կինը, ― որ նրա դեմքը տեսնելիս երբեք չէի կարողանում անցյալը մոռանալ։ Խե՜ղճ աղջիկ, խե՜ղճ աղջիկ։ Որքան էլ մանկահասակ էր, և ինչ հեզահամբյուր բնավորություն ուներ։ Սպաս՛ր, դեռ ավելին կպատմեմ․ ես դեռ բոլորը չեմ ասել, մի՞թե ասել եմ։
― Հետո՞, հետո՞, ― բառերը լավ լսելու համար գլուխը հակելով ասաց տեսչուհին, քանի որ մահամերձ կնոջ ձայնը գնալով նվաղում էր։ ― Շտապի՛ր, այլապես գուցե արդեն ուշ կլինի։
― Երբ մահվան առաջին արհավիրքը համակեց նրան, ― առաջվանից ավելի սաստիկ ճիգ գործադրելով ասաց կինը, ― մայրը շշնջաց իմ ականջին, որ եթե մանկիկը ողջ ծնվեր ու մեծանար, գուցե կգար ժամանակ, երբ իր խեղճ մոր անունը այնքան էլ անպատվություն չէր բերի իրեն։ «Եվ, ո՜վ բարեգութ աստված», վտիտ ձեռքերը բարձրացնելով ասաց նա, «տղա լինի, թե աղջիկ, դու այս ալեկոծ աշխարհում բարեկամներ գտիր նրա համար և քո ողորմածությամբ օգնության հասիր իր բախտին թողնված անտեր ու անտիրական մի երեխայի»։
― Իսկ տղայի անո՞ւնը, ― հարցրեց տեսչուհին։
― Նրան անվանեցին Օլիվեր, ― պատասխանեց կինը հազիվ լսելի ձայնով։ ― Բայց այն ոսկին, որ ես գողացա․․․
― Այո՛, այո՛, ի՞նչ էր այդ ոսկին, ― ճչաց մյուսը։
Պատասխանը իմանալու համար նա անձկությամբ թեքվեց կնոջ վրա, բայց հանկարծ բնազդաբար ետ քաշվեց, երբ հիվանդը մեծ դժվարությամբ ու դանդաղորեն նստած դիրք ընդունեց, երկու ձեռքով պինդ բռնեց ծածկոցը, կոկորդի միջից ինչ֊որ խառնակ ձայներ արձակեց և անկենդան ընկավ անկողնու վրա։
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
- * * *
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
― Եվ այդ բոլորից հետո նա ոչինչ էլ չասաց, ― վրա բերեց տեսչուհին, անտարբերությամբ դուրս գալով սենյակից։
Երկու վհուկանման պառավները, ըստ երևույթին չափից դուրս զբաղված լինելով իրենց ահավոր պարտականությունների նախապատրաստությամբ, ոչ մի պատասխան չտվեցին նրան։ Մնալով մենակ, նրանք գիշակերների նման սկսեցին պտտվել դիակի շուրջը։
Քսանհինգերորդ գլուխ
Որտեղ այս պատմությունը նորից անդրադառնում է միստր Ֆեգինին և նրա խմբինԵրբ գավառի աղքատանոցում տեղի էին ունենում այս դեպքերը, միստր Ֆեգինը իր հնամենի որջում, ― այն միևնույն որջը, որտեղից աղջիկը Օլիվերին տարել էր միստր Սայքսի բնակարանը, ― անհրապույր ու մխացող կրակի առջև նստած, խորհրդածում էր։ Ծնկների վրա կար մի փքոց, որով, ըստ երևույթին, նա աշխատել էր կրակը բորբոքել, բայց խորասուզվելով մտքերի մեջ, թևերը ծալել էր դրանց վրա, կզակը հենել բթամատներին և սևեռուն հայացքով ու մտացիր՝ կրակարանի ժանգոտված ձողերին էր նայում։
Նրա հետևում գտնվող մի սեղանի շուրջ նստել էին Հնարամիտ Ստահակը, Վարպետ Չարլզ Բեյթսը և միստր Չիթլինգը՝ լուրջ զբաղված թղթախաղով, որը Ստահակի խարդախությամբ, միշտ էլ կատարվում էր ի վնաս Վարպետ Բեյթսի և միստր Չիթլինգի։ Հնարամիտ Ստահակի դեմքը, որ միշտ զարմանալիորեն ուշիմ արտահայտություն ուներ, այժմ դարձել էր առավել ևս հետաքրքիր։ Նա լարված ուշադրությամբ հետևում էր խաղին և, ամեն հարմար առիթով ուսումնասիրելով միստր Չիթլինգի թղթերը, իր խաղը դասավորում էր համաձայն նրա թղթերի վրա կատարած ուսումնասիրության արդյունքների։ Եղանակը ցուրտ էր, և Ստահակը, ըստ իր սովորության, ներսում էլ գլխարկով էր նստած։ Շարունակ ատամների արանքում պահած կավե ծխամորճը, նա բերնից հեռացնում էր միայն այն ժամանակ, երբ թարմանալու համար անհրաժեշտ էր համարում դիմել ինչ֊որ շշի, որը խմբի գործը դյուրացնելու նպատակով դրված էր սեղանին՝ ջրախառն ջինով պատրաստ։
Վարպետ Բեյթսը նույնպես ուշադիր հետևում էր խաղին, բայց ավելի դյուրագրգիռ լինելով, քան թե իր տաղանդավոր ընկերը, նկատելի կերպով ավելի հաճախ էր դիմում ջրախառն ջինին, բացի այդ, այնպիսի կատակներ ու անպատշաճ ակնարկություններ էր անում, որ բոլորովին աններելի էր մասնագետ խաղացողի համար։ Ստահակը, արդարև, ելնելով Վարպետ Բեյթսի հետ ունեցած իր սերտ բարեկամության իրավունքներից, բազմաթիվ անգամներ լուրջ նկատողություն արեց նրա անվայել վարմունքի համար, բայց այդ բոլորը նա լսեց մեծ բարեհոգությամբ և պարզապես ընկերոջն ասաց, թե նա կարող էր «կորչել» կամ գլուխը կոխել տոպրակի մեջ, և նման այլևայլ սրախոսություններ, որոնց հաջող օգտագործումը մեծ հիացմունք էր պատճառում միստր Չիթլինգին։ Շատ հատկանշական էր, որ վերջին ջենթլմենը և իր ընկերը անփոփոխ կերպով տանուլ էին տալիս, և այս պարագան ոչ միայն չէր զայրացնում Վարպետ Բեյթսին, այլ, ընդհակառակն, մեծապես ուրախացնում էր նրան, քանի որ ամեն խաղի վերջում նա շռնդալից ծիծաղում էր, հայտարարելով, թե այդպիսի զվարճալի խաղ կյանքումը տեսած չկար։
― Ահա երկու կրկնակ, և խաղն ավարտված է, ― շատ խոժոռ դեմքով ասաց միստր Չիթլինգը՝ բաճկոնի գրպանից մի կես կրոնանոց դուրս բերելով։ ― Քեզ նման մարդ ես երբեք տեսած չկամ, Ջեկ, դու ամեն ինչում հաղթող ես դուրս գալիս։ Նույնիսկ, երբ մեր թղթերը լավ են, ես և Չարլին նորից ոչինչ անել չենք կարողանում։
Արդյոք այդ փա՞ստը, թե այդ արտահայտության ողբալի ձևը այնպիսի հրճվանք պատճառեցին Չարլի Բեյթսին, որ նա որոտագին քրքջաց և Հրեան, որ մինչ այդ լուռ ու մտասույզ նստած էր կրակի առջև, հարկադրվեց հարցնել, թե ինչ է պատահել։
― Ինչ է պատահե՜լ, ― բղավեց Չարլին։ ― Երանի թե մեզ դիտած լինեիք, Ֆե՛գին։ Խաղի ամբողջ տևողության ընթացքում Թոմ Չիթլինգը ոչ մի անգամ չի շահել, մենք երկուսով խաղում էինք Հնարամիտի դեմ։
― Այդպե՜ս, այդպե՜ս, ― ասաց Հրեան նշանակալից ժպիտով, որից բացահայտ երևում էր, թե նա լավ գիտեր այդ պարտության պատճառը։ ― Նորի՛ց փորձիր, Թոմ, նորի՛ց փորձիր։
― Ո՛չ, շնորհակալություն, Ֆեգին, ― պատասխանեց միստր Չիթլինգը, ― արդեն բավական է։ Այդ քո Ստահակ կոչեցյալը այնպիսի բախտ ունի, որ նրան դիմադրել անկարելի է։
― Հա՛, հա՛, սիրելիս, ― ծիծաղեց Հրեան, ― դու պետք է առավոտ շատ վաղ զարթնես, որ կարողանաս Ստահակին հաղթել։
― Առավո՞տ, ― ասաց Չարլի Թեյթսը, ― դու պետք է քո կոշիկները գիշերվանից հագնես, ամեն մի աչքիդ մի֊մի հեռադիտակ դնես և մի հատ էլ ուսիդ կախ տաս, որպեսզի հավասարվես նրա հետ։
Միստր Դոքինզը, իր հասցեին շռայլված այս հաճելի հաճոյախոսությունները ընդունեց շատ փիլիսոփայորեն և առաջարկեց տեղում գտնվող որևէ ջենթլմենի բախտը խաղաթղթերով գուշակել, փոխարենը պահանջելով յուրաքանչյուրից մի շիլինգ։ Տեսնելով, որ կոչին ոչ ոք չի արձագանքում, և ծխամորճի ծխախոտը մինչ այդ վերջացած լինելով, նա վերցրեց այն կավճի կտորը, որը նրան ծառայել էր որպես դրամանիշ խաղերը հաշվելու համար, և, տարօրինակորեն զիլ ձայնով սուլելով, սկսեց, իբրև զվարճութուն, սեղանի վրա Նյուգեյթյան բանտի ընդհանուր հատակագիծը գծել։
― Ինչ բթամիտն ես, Թոմ, ― ասաց Ստահակը երկարատև լռությունից հետո խոսքն ուղղելով միստր Չիթլինգին։ ― Ի՞նչ ես կարծում, նա ի՞նչ է մտածում, Ֆեգին։
― Ես ի՛նչ իմանամ, սիրելիս, ― պատասխանեց Հրեան, կրակը արծարծելիս շուրջը նայելով։ ― Գուցե իր կորուստների մասին է մտածում, կամ մտածում է գավառի այն փոքրիկ մենարանի մասին, որտեղից նոր է դուրս եկել, քո կարծիքն ի՞նչ է, սիրելիս։
― Ամենևին, ― պատասխանեց Ստահակը, ― ընդհատելով խոսելու պատրաստ միստր Չիթլինգին։ ― Իսկ դո՞ւ ինչ կասեիր, Չարլի։
― Ես կասեի, որ նա բացառիկ ուշադրություն էր դարձնում Բեցիի վրա, ― պատասխանեց Վարպետ Բեյթսը նշանակալից ժպիտով։ ― Տեսե՛ք, տեսե՛ք, ինչպես է շիկնում։ Օ՜հ, աստվա՜ծ իմ, ի՜նչ ուրախություն է։ Թոմ Չիթլինգը սիրահարված է։ Օ՜հ, Ֆե՜գին, Ֆե՜գին։ Կատարյալ խրախճանք է։
Բոլորովին հաղթահարված այն մտքից, որ միստր Չիթլինգը այդ քնքուշ զգացմունքի զոհն է դարձել, Վարպետ Բեյթսը իրեն այնպիսի ուժգնությամբ նետեց աթոռին, որ հավասարակշռությունը կորցնելվով գլորվեց գետնին։ Բայց այդ բոլորովին չազդեց նրա տրամադրության վրա։ Նա այդպես էլ ամբողջ հատակով մեկ փռված մնաց այնտեղ մինչև դադարեց քրքջալը, ապա վեր կացավ, նստեց իր տեղն ու սկսեց նորից ծիծաղել։
― Նրան ուշադրություն մի՛ դարձնի, սիրելիս, ― ասաց Հրեան միստր Դոքինզին աչքով անելով և փուքսի ծայրով կեղծ դժգոհությամբ հրելով Վարպետ Բեյթսին։ ― Բեցը հիանալի աղջիկ է։ Նրան բաց չթողնես, Թո՛մ։ Նրան բաց չթողնես։
― Այն, ինչ ես ուզում եմ ասել, Ֆեգին, ― պատասխանեց միստր Չիթլինգը, չափից դուրս կարմրելով, ― դա այստեղ գտնվողներից ոչ մեկի գործը չէ։
― Իհարկե, ― պատասխանեց Հրեան։ ― Դու Չարլիին ուշք մի դարձնի, սիրելիս, դու Չարլիին ուշք մի դարձնի։ Բեցին հիանալի աղջիկ է։ Հետևիր նրա խորհուրդներին, Թոմ, և դու մեծ հարստություն կդիզես։
― Ես միշտ էլ հետևում եմ նրա խորհուրդներին, ― պատասխանեց միստր Չիթլինգը։ ― Եթե նրա խորհուրդներին չհետևեի, չէի բանտարկվի։ Բայց գործը ձեզ համար բարեհաջող դուրս եկավ, այնպես չէ՞, Ֆեգին։ Վերջ ի վերջո, վեց շաբաթ բանտարկությունը ի՞նչ մի մեծ բան է որ։ Ուշ կամ կանուխ՝ մի օր բանտարկվելու էի, իսկ դա ինչո՞ւ չլիներ ձմռանը, երբ մարդ այնքան էլ տրամադիր չէ դրսում ման գալու, ճիշտ չէ՞, Ֆեգին։
― Ա՜հ, ի՞նչ խոսք, սիրելիս, ― պատասխանեց Հրեան։
― Դու կհամաձայնեի՞ր նորից բանտարկվել, Թոմ, ― հարցրեց Ստահակը, աչքով անելով Չարլիին և Հրեային, ― եթե Բեթը այդ վտանգից զերծ լիներ։
― Ես ուզում եմ ասել, որ չպետք է հրաժարվեի, ― պատասխանեց Թոմը զայրացած։ ― Ինձնից բացի ո՞վ այդպիսի բան կասեր, հետաքրքիր է իմանալ։
― Ոչ ոք, սիրելիս, ― պատասխանեց Հրեան, ― բացարձակապես ոչ ոք, Թոմ։ Ես քեզնից բացի, ոչ ոքի չեմ ճանաչում, որը սիրահոժար ենթարկվեր այդ պատժին։ Նրանցից և ոչ մեկը այդ բանը չէր անի, սիրելիս։
― Ես կարող էի ազատվել, եթե Բեցիի մասին հայտնեի, մի՞թե չէի կարող, Ֆե՛գին, ― զայրացած շարունակեց խեղճ թանձրամիտ ապուշը։ ― Մի խոսք իմ կողմից, և ամեն ինչ վերջացած կլիներ, այնպես չէ՞, Ֆե՛գին։
― Անշո՛ւշտ, սիրելիս, անշո՛ւշտ, ― պատասխանեց Հրեան։
― Բայց ես չմտածեցի, այնպես չէ՞, Ֆե՛գին, ― շարունակեց հարցեր տեղալ Թոմը մեծ դյուրադարձությամբ։
― Իհա՜րկե չմատնեցիր, ― պատասխանեց Հրեան, ― դու չափից դուրս անվեհեր գտնվեցիր, չափից դուրս անվեհեր, սիրելիս։
― Գուցե այդպես է, ― ասաց Թոմը շուրջը նայելով, ― եթե այդպես է, էլ ի՞նչ ծիծաղելու բան կա այստեղ, այնպես չէ՞, Ֆե՛գին։
Հրեան, տեսնելով որ միստր Չիթլինգը բավականին բորբոքված է, հավաստիացրեց նրան, որ ոչ մի ծիծաղող չկար, և հաստատելու համար խմբի լրջությունը, նա դիմեց գլխավոր հանցագործ Վարպետ Բեթյսին։ Չարլին ուզում էր պատասխանել, որ կյանքում երբեք ավելի լուրջ չէր եղել, երբ կոկորդից այնպիսի որոտագին մի քրքիջ դուրս պրծավ, որ վիրավորված միստր Չիթլինգը, առանց նախապատրաստական արարողության, խոյացավ հանցավորի վրա և նրան հարվածելու համար ձեռքը թափով բարձրացրեց, բայց Վարպետ Բեյթսը մի ճարպիկ շարժումով մյուս կողմ ոստնելով, ուժգին հարվածն իջավ զվարթ ծերունի ջենթլմենի կրծքի վրա։ Հրեան ցնցվեց, երերաց ու հևասպառ ընկրկեց դեպի պատը, միչդեռ միստր Չիթլինգը, այս բոլորից սաստիկ ահաբեկված, չգիտեր ինչ աներ։
― Ապա՜, լսե՜ք, ― ճիշտ այդ պահին գոչեց Ստահակը, ― ինչ֊որ զանգի ձայն հասավ ականջիս, և ճրագը վերցնելով՝ անշշուկ վերև բարձրացավ։
Մինչդեռ խումբը մթության մեջ սպասում էր, զանգը անհամբերությամբ նորից հնչեց։ Փոքր անց Ստահակը վերստին հայտնվեց և ինչ֊որ խորհրդավոր բան փսփսաց Ֆեգինի ականջին։
― Ի՞նչ, ― գոռաց Հրեան, ― առանձի՞ն։
Ստահակը գլխով դրական պատասխան տվեց և, մոմի լույսը ձեռքով ստվերելով, Չարլի Բեյթսին նշանացի ու գաղտնաբար հասկացրեց, թե այժմ խեղկատակությունների ժամանակը չէ։ Այս բարեկամական պարտականությունը կատարելուց հետո հայացքը սևեռեց Հրեայի դեմքին և սպասեց հրահանգի։
Ծերունին իր դեղին մատները կծեց և մի քանի րոպե խորհրդածեց։ Նրա դեմքը ամբողջ ժամանակ ջղաձգաբար կծկվում էր, ասես ինչ֊որ ահավոր բան էր նախազգում, բայց և խուսափում էր իրողությունն իմանալուց։ Վերջապես գլուխը բարձրացրեց․
― Որտե՞ղ է նա, ― հարցրեց Հրեան։
Ստահակը, վերևի հարկը մատնացույց անելով, շարժվեց դեպի դուռը։
― Այո՛, ― ասաց Հրեան, մունջ հարցին պատասխանելով։ ― Առաջնորդի՛ր նրան այստեղ։ Հանգի՜ստ կաց, Չարլի։ Կամա՜ց, Թոմ։ Չքացե՜ք, չքացե՜ք։
Չարլի Բեյթսին և նրա ժամանակավոր հակառակորդին ուղղված այս լակոնական հրահանգը անմիջապես կատարվեց։ Նրանք անձայն ու անշշուկ հեռացան այդտեղից, և երբ Ստահակը լույսը ձեռքին ցած իջավ աստիճաններից, նրանց հետքն անգամ չկար։ Ստահակին հետևում էր բանվորական կոշտ շապիկով մի մարդ, որը, մի շտապ հայացքով սենյակը զննելուց հետո, պոկեց մի մեծ փաթթոց, որ քողարկում էր նրա երեսի ներքևի մասը և երևան հանեց ճարտար Թոբի Քրեքիթի հյուծված, անլվա ու մազակալած դեմքը։
― Ինչպե՞ս ես, Ֆեգի, ― ասաց այս արժանապատիվը՝ Հրեային գլխով անելով։ ― Այդ շարֆը խցկիր իմ տոպրակի մեջ, Ստահակ, որպեսզի գնալու ժամանակ իմանամ, թե որտեղ է գտնվում․ ահա թե ինչպիսի օրի ենք հասել։ Դու մի հրաշալի, փոքրիկ ավազակ կդառնաս, բարեկամս, ավելի լավը, քան այս խորամանկ ծերունին։
Այս խոսքերով նա բաճկոնը հանեց, փաթաթեց մեջքի շուրջը և, մի աթոռ քաշելով կրակի մոտ, ոտքերը դրեց բուխարու վանդակորմի վրա։
― Լսի՛ր, Ֆեգի, ―վշտահար դեմքով իր երկարավիզ կոշիկները մատնացույց անելով ասաց նա։ ― Դու ինքդ գիտես, թե սրանք որ օրվանից ներկի հոտ չեն քաշել, աստված վկա, դրանք այս քանի օրս բոլորովին չեն մաքրվել։ Բայց ինչո՞ւ ես ինձ այդպես նայում, բարեկամս։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Մինչև չուտեմ ու չխմեմ, գործի մասին չեմ կարող խոսել, հետևաբար, ուտելիք բերեք և թողեք, որ իմ սննդի ամբողջ օրվա պակասը հանգիստ լրացնեմ։
Հրեան Ստահակին նշաններով հասկացրեց սեղանին դնել այն ամբողջ ուտելեղենը, որ կար տանը, և նստելով ավազակի դիմաց, սպասեց մինչև նա կբարեհաճեր խոսել։
Սակայն թվում էր, որ Թոբին բոլորովին չէր շտապում խոսակցությունը բացել։ Սկզբում Հրեան բավարարվեց միայն համբերությամբ նրա դեմքը դիտելով, այդ դեմքի արտահայտության մեջ ասես որոնելով նրա հաղորդելիք տեղեկության թելը, բայց իզուր։ Նա հոգնած էր ու հյուծված, դեմքը փոշեթաթախ էր և ծածկված էր մի քանի օրվա մորուքով, բայց բոլորի միջից դարձյալ շողում էր ճարտար Թոբի Քրեքեթի անվրդով ու ինքնագոհ ժպիտը։ Հրեան, անհամբերության ծայրահեղ տագնապի մեջ, սկսեց սենյակում ետ ու առաջ քայլել, միաժամանակ դիտելով ամեն մի պատառ, որ նա բերանն էր դնում։ Այդ էլ իզուր։ Թոբին ուտում էր, արտաքուստ ձևանալով բացարձակ անտարբեր, և դադարեց ուտել միայն այն ժամանակ, երբ այլևս հնարավոր չէր ավելին ուտել։ Ապա կարգադրելով, որ Ստահակը դուրս գնա, նա դուռը ծածկեց, մի բաժակ ջրախառն ըմպելիք պատրաստեց և սկսեց խոսել։
― Նախ և ամենից առաջ, Ֆե՛գի, ― ասաց Թոբին։
― Լսում եմ, լսում եմ, ― ընդհատեց Հրեան, աթոռը ավելի մոտիկ բերելով։
Միատր Քրեքիթը կանգ առավ՝ մի ումպ ջին կուլ տալու, և հայտարարեց թե խմիչքը հրաշալի է։ Ապա ոտները բուխարու վրա դնելով այնպես, որ երկարավիզ կոշիկները համարյա հավասարվեցին իր աչքերի հետ, հանգիստ շարունակեց։
― Նախ և ամենից առաջ, ― ասաց ավազակը, ― Բիլլն ինչպե՞ս է։
― Ի՜նչ, ― ճչաց Հրեան ընդոստ ոտքի ցատկելով։
― Վա՛հ, հո չե՞ս ուզում ասել, թե․․․ ― սկսեց Թոբին գունատվելով։
― Ասե՜լ, ― գոռաց Հրեան, ոտքը կատաղորեն գետնին խփելով։ ― Որտե՞ղ են նրանք։ Սայքսը, տղան, որտե՞ղ են։ Որտե՞ղ են եղել։ Որտե՞ղ են թաքնված, ինչո՞ւ այստեղ չեն եկել։
― Կողոպուտը ձախողվեց, ― նվաղկոտ ձայնով ասաց Թոբին։
― Գիտեմ, ― պատասխանեց Հրեան, տագնապով մի օրաթերթ դուրս քաշելով գրպանից։ ― Հետո՞։
― Մենք սկսեցինք խույս տալ ճեղքելով դաշտերը, ընկնելով խրամատների ու փոսերի մեջ․ այդ ժամանակ տղան մեզ հետ էր։ Նրանք հետապնդում էին, գրողը տանի, ամբողջ գյուղը ոտքի էր ելել և շները արձակել էին մեզ վրա։
― Իսկ տղա՞ն։
― Բիլլը նրան շալակած, քամու նման սուրում էր։ Մենք կանգ առանք, որ նրան առնենք մեր երկուսի միջև, նրա գլուխը կախ ընկավ, և մարմինը սառն էր։ Հետապնդողները համարյա հավասարվել էին մեզ, յուրաքանչյուր մարդ պետք է մտածեր իր անձի և կախաղանից խուսափելու մասին։ Մենք իրարից բաժանվեցինք՝ լակոտին թողնելով մի փոսի մեջ։ Թե նա ողջ է կամ մեռած, ոչինչ չգիտեմ նրա մասին։
Հրեան չսպասեց ավելին լսելու։ Բարձրագոչ մի աղաղակ արձակելով և մազերը փետելով դուրս խուժեց տանից։ Մի ակնթարթ, և նա արդեն փողոցում էր։
Քսանվեցերորդ գլուխ
Որտեղ հանդես է գալիս խորհրդավոր մի անձնավորություն, և տեղի են ունենում շատ դեպքեր, որոնք սերտորեն կապված են այս պատմության հետԾեր հրեան, Թոբի Քրեքիթի տված տեղեկությունից մոլեգնած, խելահեղորեն սուրում էր փողոցներով, բայց հանկարծ նրա ականջին շատ մոտիկ լսվող ինչ֊որ կառքի դժժոց և սարսափահար ճիչը հետիոտն անցորդների, որոնք նկատել էին սպառնացող վտանգը, սթափեցրին նրան, և նա մայթը բարձրացավ։ Կենտրոնական պողոտաներից հնարավոր եղածի չափ խուսափելով, և գնալով միայն խուլ փողոցներով ու ամայի նրբուղիներով, նա վերջապես հասավ Սնոու Հիլլ։ Այստեղ նա սկսեց առաջվանից նույնիսկ ավելի արագ քայլել մինչև հասավ ինչ֊որ գավիթ, ուր, ասես գիտակցելով, որ արդեն իր տարերքումն է, վերագտավ իր սովորական դանդաղ քայլվածքը և թվաց, թե ավելի ազատ է շնչում։ Այնտեղ, ուր Սնոու Հիլլը և Հորբորն Հիլլը միանում են իրար, քաղաքից դուրս գալուց հետո, աջ կողմի վրա, բացվում է մի նեղ և չարագուշակ նրբանցք, որը առաջնորդում է դեպի Սաֆրոն Հիլլ։ Այդտեղ գտնվող կեղտոտ խանութներում ցուցադրվում եմ մեծ քանակությամբ օգտագործված մետաքսյա թաշկինակեր՝ ամեն տեսակի և չափսի, որովհետև գրպանահատներից այդ ապրանքները գնող առևտրականները այստեղ են բնակվում։ Հարյուրավոր այդպիսի թաշկինակներ երևում են կախիչների վրա՝ լուսամուտների առաջ, կամ ծածանվում են դրանգիներից․ ներսում գտնվող դարակներում դեզեր են կազմված դրանցից։ Չնայած Ֆիլդ Լեյնի սահմանները նեղ են, այսուհանդերձ, այդ թաղն ունի իր հատուկ վարսավիրանոցը, սրճարանը, գարեջրատունը և տապակած ձկան մթերանոցը։ Ֆիլդ լեյնը մի առևտրական գաղութ է՝ մանր գողությունների վաճառատեղի, որի այցելուները միայն վաղ առավոտյան և երեկոյան մթնաշաղին հայտնվող լռակյաց վաճառականներ են, որոնք անխոս ներս ու դուրս անելով, իրենց առուծախը կատարում են ճաշարանների մթին ու ծածուկ սենյակներում կամ գաղտնի առանձնարաններում։ Այստեղ հանդերձավաճառը, հնակարկատն ու հնավաճառը ցուցադրում են իրենց ապրանքները, որ մի տեսակ ցուցանակ է հանդիսանում մանր գողերի համար։ Այստեղ ոսկորների ու ժանգոտած երկաթների կույտեր և մեծ քանակությամբ բորբոսնած բրդյա ու բամբակյա կտորների դեզեր փչանում ու փտում են կեղտոտ ու ծխապատ պահեստներում։
Ահա այդպիսին էր այդ վայրը, ուր Հրեան ուղղեց իր քայլերը։ Ըստ երևույթին, նա այդ շուկայի դժգույն բնակիչներին քաջ ծանոթ էր, քանի որ նրանցից ովքեր առուծախ անելու նպատակով դռների առջև ուշադիր հսկում էին, գլխով մտերմորեն բարևեցին նրան։ Այդ ողջույնները նա փոխադարձեց նույն ձևով, բայց որևէ մեկին բացառիկ մոտիկություն ցույց չտվեց, մինչև հասավ նրբուղու հեռավոր ծայրը։ Այստեղ նա կանգ առավ և խոսեց ինչ֊որ փոքրակազմ առևտրականի հետ, որը իր մարմինը, հնարավոր եղածի չափ, մի երեխայի աթոռի վրա կծկած, պահեստի դռանը նստած ծխամորճ էր ծխում։
― Բա՛հ, միստր Ֆե՜գին, աչքացավով տառապող մարդը կբուժվեր ձեզ տեսնելով, ― ասաց այս հարգելի վաճառականը, պատասխանելով Հրեայի՝ իր առողջության մասին տված հարցին։
― Կարծես թաղում ինչ֊որ խառնակություն կար, Լայվլի, ― ասաց Ֆեգինը՝ հոնքերը բարձրացնելով և ձեռքերը խաչաձևելով։
― Ես այդ գանգատը ուրիշ անգամ էլ եմ լսել, ― պատասխանեց վաճառականը, ― բայց շուտով կհանդարտվի, դուք այդպես չե՞ք գտնում։
Ֆեգինը գլխով դրական պատասխան տվեց։ Ապա Սաֆրոն Հիլլի ուղղությամբ նայելով՝ հարցրեց, թե արդյոք որևէ մեկը կա՞ր այնտեղ այդ գիշեր։
― «Հաշմոցո՞ւմ», ― հարցրեց մարդը։
Հրեան գլխով արեց։
― Տեսնեմ, ― ասաց վաճառականը մտածելով։ ― Այո՛, որքան ես գիտեմ, երևի մի վեց֊յոթ հոգի մտան այնտեղ։ Բայց չեմ կարծում, որ քո բարեկամը այնտեղ լինի։
― Իսկ Սա՞յքսը, ― հուսահատ արտահայտությամբ հարցրեց Հրեան։
― Non istventus, ինչպես փաստաբաններն են ասում, ― պատասխանեց փոքրիկ մարդը, գլուխը թափահարելով և զարմանալիորեն խորամանկ տեսք ընդունելով։ ― Իմ գծով որևէ վաճառելու բան ունե՞ս այս գիշեր։
― Ոչ մի բան, ― ասաց Հրեան հեռանալով։
― «Հաշմո՞ց» ես գնում, Ֆե՛գին, ― հետևից կանչեց փոքրիկ մարդը։ ― Սպասի՛ր, վատ չէր լինի քեզ հետ մի քանի բաժակ կոնծել։
Բայց քանի որ Հրեան ետ նայեց և ձեռքի յուրահատուկ շարժումով հասկացրեց, թե նախընտրում էր մենակ լինել, և, մանավանդ, քանի որ փոքրիկ մարդը այնքան էլ հեշտությամբ չկարողացավ պոկվել աթոռից, «Հաշմոցը» միառժամանակ զրկված մնաց միստր Լայվլիի ներկայությունը վայելելու շնորհից։ Մինչև նա վեր կացավ, Հրեան արդեն անհետացել էր․ միստր Լայվլին, հուսալով, թե կարող է նրան տեսնել, ոտքի մատների վրա ապարդյուն կանգնելուց հետո դարձյալ կծկվեց փոքրիկ աթոռին և դիմացի խանութից ինչ֊որ լեդիի հետ գլխի նշանակալից մի շարժում փոխանակելով, որի մեջ կասկածը և անվստահությունը բացահայտորեն միախառնված էին, ետ վերցրեց կիսատ թողած ծխամորճը և սկսեց մտախոհ ծխել։
Երեք «Հաշմոցը» կամ ավելի շուտ «Հաշմոցները» հաստատությունը այդ անունով էր ծանոթ յուր հաճախորդներին, այն պանդոկն էր, որտեղ արդեն մի անգամ տեսել ենք միստեր Սայքսին և իր շանը։ Ֆեգինը վաճառասեղանի առաջ նստած մարդուն միայն նշանակալից գլխով անելով, ուղիղ վերև բարձրացավ, բաց արավ ինչ֊որ սենյակի դուռը, աննկատ ներս սահեց, ձեռքով աչքերը ստվերեց և, ասես հատկապես մեկին որոնելով, մտահոգությամբ նայեց շուրջը։
Սենյակը լուսավորված էր գազի երկու լապտերով։ Լուսամուտները ամուր փակված էին և գունաթափ կարմիր վարագույրներով պինդ ծածկված, որպեսզի լույսը դուրս չթափանցի։ Ձեղունը սև էր ներկված լապտերների ծխից չփչանալու համար, և ծխախոտի ծուխը այնքան խտացած էր սենյակում, որ սկզբում համարյա անհնար էր որևէ բան զանազանել։ Աստիճանաբար, սակայն, երբ այդ ծխի մի մասը բաց դռնից դուրս հոսեց, նկատելի դարձան երկար սեղանի շուրջը խռնված բազմաթիվ տղամարդկանց ու կանանց գլուխներ։ Այդ սեղանի վերևի ծայրում, իր պաշտոնը բնորոշող փոքրիկ մրճիկը ձեռքին, բազմել էր նախագահը, իսկ կապտավուն քթով և դեմքը ատամնացավի պատճառով փաթաթված մի պրոֆեսիոնալ ջենթլմեն, սենյակի հեռավոր անկյունում ջարդված դաշնամուրի առաջ տիրաբար նստած, որպես նախերգանք, մատներն էր սահեցնում ստեղնաշարերի վրայով։
Երբ Ֆեգինը անաղմուկ ներս սպրդեց, ամենքը բարձրագոչ աղաղակներով երգի պատվերներ էին տալիս։ Փոթորիկը հանդարտվելուց հետո մի ինչ֊որ դեռատի լեդի խմբին հյուրասիրեց չորս քառյակից բաղկացած մի պարերգով, իսկ նվագակցող ջենթլմենը յուրաքանչյուր քառյակից հետո եղանակը ծայրեծայր նվագեց հնարավոր եղածի չափ բարձրաձայն։ Այնուհետև նախագահը ինչ֊որ վճիռ արձակեց, և նրա աջ ու ձախ կողմում նստած պրոֆեսիոնալ ջենթլմենները, որոտընդոստ ծափահարությունների տակ, ինքնակամորեն զուգերգեցին։
Հետաքրքրիր էր դիտել որոշ դեմքեր, որ խմբի միջից զատորոշվում էին։ Ահա ինքը՝ նախագահը՝ (գինետան տերը), բիրտ, անտաշ, ծանրամարմին մի մարդ, որ երգերի կատարման ընթացքում աչքերը դես ու դեն էր ոլորում և, այնպես ձևացնելով իբրև թե անձնատուր է զվարճության, ամեն ինչ տեսնում և սուր ականջներով ամեն բան լսում էր։ Նրա կողքին նստած էին երգիչները, որոնք խմբի գովասանքներն ընդունում էին պրոֆեսիոնալ անտարբերությամբ, հերթականությամբ վերցնելով իրենց մատուցված տասներկու ջրախառն ըմպելիքներով լիքը բաժակները։ Այդ աղմկարար հիացողների դեմքերին որքա՜ն բացահայտ կերպով արտացոլված էր նրանց մեղսալից կյանքի պատկերը, և ինչպիսի՜ նողկանք էր զգում մարդ, դիտելով այդ դեմքերի գարշելի արտահայտությունը։ Խորամանկության, բրտության և ստախոսության մարմնացումն էր այդ հարբեցողների ողորմելի ոհմակը, որի մի մասը, ավա՜ղ, կանայք էին։ Կանայք, որոնց մի մասի մոտ, համարյա քո հայացքի տակ հալվելով դեռևս համենում էր վաղեմի թարմության ստվերը․ ոմանք բոլորովին կորցրած իրենց սեռի հատկանիշները, ներկայանում էին ոճրի և գարշելի արարքների կենդանի մի հուշարձան։ Մի քանիսը դեռահաս աղջիկներ էին, մյուսները՝ դեռատի կանայք, բայց բոլորը, հասունության շեմքին հասած ողորմելի արարածներ։
Այս սարսափելի տեսարանը բոլորովին չանհանգստացրեց Ֆեգինին։ Նա միայն հայացքը հետաքրքրությամբ սահեցրեց բոլոր դեմքերի վրայով, բայց կարծես չգտավ այն մեկին, որին հատկապես որոնում էր։ Վերջապես հաջողվելով նախագահի աթոռին նստած մարդու ուշադրությունը գրավել, նա ձեռքի թեթև շարժումով դուրս հրավիրեց նրան և ինքն էլ սենյակից դուրս սպրդեց այնպես անշշուկ, ինչպես եկել էր։
― Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել ձեզ, միստր Ֆեգին, ― հարցրեց հախագահը՝ նրա հետևից դեպի նախագավիթ գնալիս։ ― Չէի՞ք կամենա միանալ զվարճացողների խմբին։ Ձեր ներկայությունը ամենքին մեծ ուրախություն կպատճառեր։
Հրեան նեղսրտությամբ գլուխը թափահարեց ու շշնջաց․
― Նա այստե՞ղ է։
― Ո՛չ, ― պատասխանեց մարդը։
― Իսկ Բարնիից ոչ մի նորություն չկա՞, ― հարցրեց Ֆեգինը։
― Ո՛չ մի լուր, ― պատասխանեց պանդոկապետը, որովհետև այդ նա էր։ ― Մինչև ամեն ինչ ապահով չլինի, նա տեղից չի շարժվի, վստա՛հ եղիր։ Այժմ այդ կողմերը լիքն են հետախույզներով, հետևաբար, եթե նա փորձեր ճանապարհվել, անմիջապես առիթ կտար կասկածի։ Բարնիի մասին ամենևին չմտահոգվես․ եթե որևէ վատ բան պատահած լիներ, ես իմացած կլինեի։ Ես քեզ հետ գրազ կգամ, որ Բարնին ճիշտ է վարվում։ Դու այդ մասին անհոգ կաց։
― Ւսկ նա այս գիշեր կլինի՞ այստեղ, ― հարցրեց Հրեան, առաջվա նման շեշտը նորից դերանվան վրա դնելով։
― Մոնքսի՞ մասին է խոսքը, ― հարցրեց պանդոկապետը վարանելով։
― Կամա՜ց, ― շշնջաց Հրեան։ ― Այո՛։
― Անշո՛ւշտ, ― փոքրիկ գրպանից ոսկյա մի ժամացույց հանելով պատասխանեց մարդը։ ― Նույնիկ պետք է ավելի շուտ եկած լիներ։ Եթե սպասես մի տասը րոպե, կլինի։
― Ո՛չ, ո՛չ, ― տագնապով ասաց Հրեան, որը, չնայած շատ էր ցանկանում տեսնել ակնարկված անձնավորությանը, այնուամենայնիվ ուրախ էր նրա բացակայության համար։ ― Հայտնի՛ր, որ ես եկա իրեն տեսնելու, թող այս գիշեր անպայման գա ինձ մոտ։ Բայց ո՛չ, ասա թող վաղը գա։ Քանի որ այստեղ չէ, վաղն էլ ուշ չի լինի։
― Լա՛վ, ― ասաց մարդը, ― էլ բան չունե՞ս ասելու։
― Ոչ մի բան առայժմ, ― ասաց Հրեան աստիճաններով իջնելիս։
― Լսի՛ր, ― բազիրքների վրայից կռանալով և խռպոտ փսփսալով ասաց մյուսը, սա ամենահարմար ժամանակն էր համախոհին մատնելու։ ― Ֆիլ Բարքերը ինձ մոտ է, և այնքան հարբած վիճակում, որ նույնիսկ ուզածդ մանուկը կարող է բռնել նրան։
― Աա՛, բայց Ֆիլ Բարքերի ժամանակը դեռ չի եկել, ― ասաց Հրեան վեր նայելով։ ― Ֆիլի համար ավելի կարևոր բան կա անելու, նախքան մենք կորոշենք ձեռք քաշել նրանից։ Հետևաբար, գնա՛, նորից միացի՛ր խմբին, սիրելիս, և ասա թող զվարճանան քանի դեռ ապրում են։ Հա՛, հա՛, հա՛։
Պանդոկապետը նույնպես քրքջաց և վերադարձավ իր հյուրերի մոտ։ Հենց որ Հրեան մենակ մնաց, նրա դեմքը նորից մռայլվեց, և նա սկսեց մտածել։ Փոքր֊ինչ խորհրդածելուց հետո մի կառք վարձեց և կառապանին պատվիրեց գնալ Բեթնել Գրինի ուղղությամբ։ Միստր Սայքսի բնակարանից մոտավորապես քառորդ մղոն այս կողմը կառքից ցած իջավ և ճանապարհի մնացած քիչ մասը գնաց ոտով։
― Այժմ, ― դուռը բախելով քրթմնջաց Հրեան, ― եթե այստեղ ինչ֊որ մութ դավ կա, ես այն շուտով երևան կհանեմ, սիրելիս․ ոչինչ, որ դու խորամանկ աղջիկ ես։
Տան աշխատողն ասաց, թե նա իր սենյակումն է։ Ֆեգինը անշշուկ սողոսկեց վերև և ներս մտավ առանց նախազգուշացման։ Աղջիկը մենակ էր։ Նա գլուխը դրել էր սեղանին, որի վրա թափվել էին նրա կախ ընկած մազերը։
«Երևի հարբել է, ― մտածեց Հրեան պաղարյունությամբ, ― կամ գուցե իրեն դժբախտ է զգում»։
Հրեան, այսպես խորհրդածելով, շուռ եկավ դուռը ծածկելու։ Այդ աղմուկը աղջկան սթափեցրեց, և նա գլուխը բարձրացնելով հարցրեց, թե ինչ նորություն կա։
Մինչ Հրեան հաղորդում էր Թոբի Քրեքիթի պատմածները, աղջիկը ուշադրությամբ զննեց ավազակի դեմքը։ Երբ պատմությունը ավարտվեց, նա գլուխը նորից դրեց սեղանին առանց մի բառ ասելու։ Հետո ճրագը ջղաձգաբար դեն հրեց, մեկ֊երկու անգամ տենդորեն փոխեց դիրքը, ոտքերը քսրտեց հատակին և դրանով բավականացավ։ Տիրող լռությունից օգտվելով, Հրեան կասկածամտությամբ շուրջը նայեց, ասես Սայքսի գաղտագողի վերադարձած լինելը մատնանշող երևույթներ որոնելով, և ակներևաբար կատարած քննության արդյունքից գոհ՝ երկու֊երեք անգամ հազաց և աշխատեց խոսակցություն բաց անել, բայց աղջիկը նրա վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց, կարծես թե իր առաջ մի արձան լիներ։ Վերջապես, որոշելով մի անգամ էլ փորձել, նա ձեռքերը շփեց իրար և շատ հաշտաբար ասաց․
― Քո կարծիքն ի՞նչ է․ Բիլլը հիմա որտե՞ղ կլինի, սիրելիս։
Աղջիկը համարյա անհասկանալի ինչ֊որ բաներ քրթմնջաց, թե չգիտե, և նրա խեղդուկ ձայնից զգացվեց, որ արտասվում է։
― Նույնպես և տղան, ― շարունակեց Հրեան, նրա դեմքը տեսնելու համար մեծ ճիգ գործադրելով։ ― Խե՜ղճ երեխա։ Նրան թողել են փոսի մեջ։ Պատկերացրու, Նե՛նսի, նրա վիճակը։
― Երեխան, ― ասաց աղջիկը՝ գլուխը ընդոստ վեր բարձրացնելով, ― ավելի հանգիստ է այնտեղ, որտեղ գտնվում է, քան թե մեր մեջ։ Եվ եթե Բիլլին որևէ վտանգ չպատահի, ես կցանկանայի, որ նա հենց այդ փոսի մեջ էլ մահանար, և այնտեղ էլ փտեին նրա մատաղ ոսկորները։
― Ի՜նչ, ― գոռաց Հրեան զարմանքից քարացած։
― Այո՛, հենց այդպես էլ ցանկանում եմ, ― նրա անքթիթ հայացքը փոխադարձելով՝ ասաց աղջիկը։ ― Ես ուրախ կլինեի, եթե նա հեռանար աչքիցս, և ես համոզվեի, որ նա մեկընդմիշտ ազատվել է այս շրջապատից։ Ես նրա ներկայությունը հանդուրժել չեմ կարող։ Նրան տեսնելիս ես ատելությամբ եմ լցվում իմ հանդեպ և բոլորի հանդեպ։
― Հիմարություն է, ― արհամարհանքով ասաց Հրեան։ ― Դու հարբած ես։
― Ինչպե՜ս, ― ասաց աղջիկը դառնացած։ ― Այդ քո մեղքը չէ, եթե հարբած չեմ։ Եթե կարողանայիր քո կամքը պարտադրել, դու միշտ էլ կցանկանայիր ինձ այդ վիճակում տեսնել, բացառությամբ այս օրվա։ Այժմ այդ սովորությունը քեզ դուր չի գալիս, այդպես չէ՞։
― Ո՛չ, ― կատաղած գոռաց Հրեան։ ― Դուր չի գալիս։
― Ուրեմն, փոխիր այն, ― ասաց աղջիկը քրքջալով։
― Փոխե՜լ, ― բացականչեց Հրեան՝ գիշերվա մտահոգության և աղջկա կամակորության պատճառով բոլորովին համբերությունը կորցրած։ ― Այո՛, ես կփոխեմ այդ, ես անպայման կփոխեմ այդ, փչացածի մեկը։ Լսի՛ր, ի՛նձ, լսիր։ Դու շատ լավ գիտես, որ բավական է ինձ համար ընդամենը վեց բառ արտասանել, և Սայքսը խեղդամահ կլինի։ Այդ այնքան ապահով բան է, որքան եթե ես այժմ մատներիս մեջ սեղմեի նրա ցլակերտ վիզը։ Եթե նա վերադառնա տղային այնտեղ թողնելով, եթե նա վտանգից ազատվի և տղան ինձ չհանձնի ողջ, թե մեռած վիճակում, դու ինքդ պետք է սպանես նրան, եթե չես ուզում, որ նա ընկնի Ջեկ Քեչի ձեռքը։ Սպանի՛ր նրան, հենց որ ոտքը այս տան շեմքին կդնի, այլապես, հետո շատ ուշ կլինի, իմացի՛ր։
― Ինչե՜ր եմ լսում, ― ակամա ճչած աղջիկը։
― Ինչե՜ր ես լսում, ― կրկնեց Ֆեգինը զայրույթից գլուխը կորցրած։ ― Երբ այդ տղան ինձ համար արժե հարյուրավոր ֆունտեր, հիմա՞ր եմ, ինչ է, որ կորցնեմ այն բոլորը, որ բախտը գցել է իմ ճանապարհին, կամ զոհ գնամ մի խումբ հարբածների քմահաճույքին, որոնց կարող եմ ոչնչացնել իմ մատի մի շարժումով։ Եվ ես շղթայված լինեմ իսկական մի սատանայի, որը միայն կտակն է պահանջում, և ի զորու է ա֊անելու․․․
Ծերը հուզմունքից հևալով կակազեց և հարմար բառը գտնելու համար մի րոպե կանգ առավ, բայց հենց այդ րոպեին անդրադառնալով իր արածին, իսկույն կասեցրեց իր զայրույթի հորձանքը և փոխեց իր ամբողջ վարվելակերպը։ Բռունցք կազմած ձեռքերը, որ օդն էին հարվածում, հանկարծ թուլացան, լայն բացված աչքերը կորցրին իրենց փայլը, զայրույթից կապտած դեմքը գունաթափվեց, և ծերունին, կծկվելով մի աթոռի վրա, սկսեց սարսափից դողալ, մտածելով, թե գուցե իր իսկ բերանով բացատրել էր մի ինչ֊որ թաքնված սրիկայություն։ Կարճ լռությունից հետո, համարձակություն ձեռք բերելով, շուռ եկավ և իր զրուցակցին նայեց։ Աղջիկը նստած էր նույն անտարբեր ու մտացրիվ վիճակով, ինչպես նրան գտել էր, երբ առանց զգուշացման ներս էր մտել։ Այս երևույթը Հրեային մի քիչ սրտապնդեց, բայց առավել ևս վստահ լինելու համար, որ նա չէր օգտվել իր անզգույշ արտահայտություններից, և իր սովորական ձայնով կռկռաց․
― Նենսի, սիրելի՜ս, դու իմ ասածները լսեցի՞ր, սիրելի՜ս։
― Լավ կանեիր, հիմա ինձ չանհանգստացնեիր, Ֆեգին, ― գլուխը ծանրորեն բարձրացնելով պատասխանեց աղջիկը։ ― Եթե Բիլլը այս անգամ ոչինչ չի արել քեզ համար, ուրիշ անգամ կանի։ Նա շատ անգամ է ծառայել քեզ, և նորից կծառայի, եթե կարողանա, իսկ եթե հնարավոր չեղավ, չի անի․ հետևաբար, էլ չխոսենք այդ մասին։
― Իսկ այն տղան, սիրելիս, ― ասաց Հրեան ջղագրգռությամբ ձեռքերի ափերը շփելով։
― Տղան էլ մյուսների նման պետք է թողնվի իր բախտին, ― վրա տվեց Նենսին։ ― Նորից եմ կրկնում․ երանի նա մեռած լիներ և միանգամից ընդմիշտ զերծ որևէ վտանգի ենթարկվելու կամ քո ձեռքն ընկնելու դժբախտությունից, եթե անշուշտ Բիլլի գլխին որևէ փորձանք չի եկել։ Իսկ եթե Թոբին կարողացել է ծլկել, ինչ խոսք, որ Բիլլը նույնպես ապահով կլինի, որովհետև բոլոր դեպքերում նա երկու Թոբի արժի։
― Իսկ այն նյութի շուրջը, որ խոսում էի սիրելիս, ― ծակող հայացքը աղջկա վրա հառելով՝ նկատեց Հրեան։
― Եթե ուզում ես, որ ես քեզ համար որևէ բան անեմ, Ֆե՛գին, դու պետք է բոլորը նորից ծայրեծայր կրկնես, ― ասաց Նենսին։ ― Բայց ավելի լավ կլիներ այդ բանը թողնեիր վաղվան։ Մի րոպե կարծես միտքս պայծառացել էր, բայց այժմ նորից մշուշվեց։
Ֆեգինը մի քանի այլ հարցեր էլ տվեց, այդ միևնույն նպատակը հետապնդող, հաստատելու համար, թե արդյոք աղջիկը ուշադրություն դարձրե՞լ էր իր անզգույշ ակնարկներին, բայց իր զրուցակիցը այնքան անմիջականորեն պատասխանեց դրանց և իր որոնող հայացքի տակ մնաց այնքան անվրդով, որ Հրեան, ինչպես սկզբում ենթադրել էր, համոզվեց, թե նա հարբած է։ Նենսիի, ինչպես նաև Հրեայի տնօրինության տակ գտնվող մյուս բոլոր կին աշակերտների մոտ ըմպելիքի նկատմամբ մեծ տկարություն գույություն ուներ, և այդ տկարությունը վաղ հասակում ավելի շուտ քաջալերվել էր, քան թե այն բուժելու համար որևէ ճիգ էր գործադրվել։ Նրա անխնամ տեսքը և ջինի սուր հոտը, որ տարածված էր սենյակում, վկայում էին այն մասին, թե Հրեայի ենթադրությունը համապատասխանում էր ճշմարտությանը։ Ւսկ նրա զանազան ներմղումների ազդեցության տակ նա սկսեց մերթ արտասվել, մերթ բացականչել «վանի՛ր հուսահատությունը», և դատողություններ անել այն մասին, թե ինչ նշանակություն ունեն վեճերը, եթե մի լեդի կամ ջենթլմեն երջանիկ է, միստր Ֆեգինը, որն այս հարցում բավականին փորձ ուներ, մեծ գոհունակությամբ տեսավ, որ աղջիկը արդարև չափազանց հարբած էր։
Այսպես, ծեր Հրեան, իր ամբողջ իմացածը աղջկան հաղորդելուց և սեփական աչքերով տեսնելուց հետո, որ Սայքսը թաքուն չի վերադարձել, գնաց տուն․ նրա դեռատի ընկերուհին, գլուխը սեղանին դրած, արդեն քնել էր։
Գիշերվա ժամը տասնմեկն էր։ Երկինքը մռայլ էր, և եղանակը սաստիկ ցուրտ, հետևաբար, ծերը այնքան էլ մեծ ցանկություն չունեցավ դես֊դեն թրևելու։ Ցրտաշունչ քամին ասես փողոցներից սրբել էր անցորդներին, ինչպես սրբել էր ցեխն ու փոշին, քանի որ դրսում շատ քիչ մարդիկ կային, և այդ քչերն էլ, ըստ երևույթին, շտապում էին իրենց տները։ Այսուհանդերձ, քամու ուղղությունը բարենպաստ էր Հրեայի համար, և չնայած նա դողդողում ու սարսռում էր, այնուամենայնիվ, յուրաքանչյուր հողմակոծություն թիկունքից հարվածելով՝ նրան բրտորեն դեպի առաջ էր մղում։
Նա հասել էր իրենց փողոցի անկյունը և արդեն գրպանի մեջ դռան բանալին էր որոնում, երբ ինչ֊որ սև ստվեր, թանձր խավարի մեջ թաղված մի շենքի մուտքից դուրս սահելով, անցավ փողոցի հանդիպակաց կողմը և աննկատ նրան մոտեցավ։
― Ֆե՛գին, ― շշնջաց մի ձայն նրա ականջին շատ մոտիկ։
― Ա՜հ, ― ասաց Հրեան՝ իսկույն շուռ գալով, ― այդ դու․․․
― Այո՛, ― ընդմիջեց անծանոթը։ ― Երկու ժամ է, ինչ թափառում եմ այստեղ։ Այդ ո՞ր գրողի ծոցն էիր գնացել։
― Քո գործով էի զբաղված, սիրելի՛ս, ― պատասխանեց Հրեան, շփոթված նայելով իր զրուցակցին և քայլերը դանդաղեցնելով։ ― Ամբողջ գիշերը քո գործով էի զբաղված։
― Օ՜հ, իհա՜րկե, ― քմծիծաղ տվեց անծանոթը։ ― Իսկ ի՞նչ դուրս եկավ դրանից։
― Ո՛չ մի լավ բան, ― պատասխանեց Հրեան։
― Չլինի՞ թե որևէ վատ բան է պատահել, ― հանկարծ կանգ առնելով և սարսափած նրան նայելով ասաց անծանոթը։
Հրեան գլուխը թափահարեց և պատրաստվում էր պատասխանել, երբ անծանոթը, ընդհատելով նրան, մատնացույց տվեց տունը, ուր այդ միջոցին հասել էին, և նկատեց, որ ավելի լավ կլիներ, եթե նա իր ասելիքը մի փակ տեղ ասեր, քանի որ դրսում երկար մնալով իր արյունը սառել էր երակներում, և քամին թափանցում էր մինչև ոսկորները։
Այնպես էր երևում, որ Ֆեգինը բոլորովին տրամադիր չէր այդ ուշ ժամին հյուր ընդունելու, և արդարև ինչ֊որ բաներ էլ քրթմնջաց կրակ չունենալու մասին, բայց երբ տեսավ, որ զրուցակիցը համառորեն պնդում է իր տեսակետը, դուռը բաց արեց և խնդրեց անաղմուկ ծածկել, մինչև ինքը կգնար մոմ բերելու։
― Այստեղ գերեզմանային մթություն է տիրում, ― ասաց անծանոթը՝ դժվարությամբ մի քանի քայլ առաջանալով։ ― Շտապի՛ր։
― Դուռը ծածկի՛ր, ― շշնջաց Ֆեգինը միջանցքի մյուս ծայրից։
Երբ նա խոսում էր, դուռը մեծ աղմուկով փակվեց։
― Այդ ի՛մ մեղքը չէր, ― ասաց անծանոթը մթան մեջ խարխափելով։ ― Քամին արեց, կամ ինքն իրեն փակվեց, մեկնումեկը դրանցից։ Լույսը շուտ հասցրու, թե չէ մի բանի դիպչելով գլուխս կփշրեմ այս անիծյալ վայրում։
Ֆեգինը խոհանոցի աստիճաններով զգուշությամբ իջավ ցած։ Փոքր անց վերադարձավ վառված մոմը ձեռքին և անծանոթին տեղեկացրեց, որ Բոբի Քրեքիթը քնած էր շենքի հետևի մասում՝ ներքնահարկի անկյունում, իսկ տղաները՝ առջևի սենյակում։ Ապա նշանով հասկացնելով, որ իրեն հետևի, սկսեց աստիճաններով վեր բարձրանալ։
― Այն մի քանի խոսքերը, որ փոխանակելու ենք, կարող ենք այստեղ փոխանակել, սիրելի՛ս, ― առաջին հարկի սենյակներից մեկի դուռը բացելով ասաց Հրեան, ― և որովհետև փեղկերի վրա ծակեր կան, և մենք միշտ զգուշանում ենք մեր հարևաններից, հետևաբար մոմը կդնենք աստիճանների վրա, ահա՛ այստեղ։
Ապա Հրեան կռանալով մոմը դրեց երկրորդ հարկը տանող աստիճանների վրա, որոնք դռան ճիշտ դիմացն էին գտնվում, և անծանոթին սենյակ առաջնորդեց։ Սենյակում ոչ մի շարժական իր չկար, բացառությամբ մի ջարդված բազկաթոռի և հին ու անծածկույթ մի բազմոցի։ Անծանոթը հենց այդ բազմոցի վրա էլ նստեց հոգնաբեկ, իսկ Հրեան, բազկաթոռը մոտեցնելով, նստեց ուղիղ նրա դիմաց։ Դուռը կիսով չափ բաց լինելու պատճառով սենյակը լրիվ մթության մեջ չէր, իսկ աստիճանների վրա զետեղված մոմը աղոտ ցոլք էր գցում հանդիպակաց պատին։
Նրանք բավական ժամանակ խոսեցին շշուկով։ Թեև ոչինչ չէր հասկացվում, բացառությամբ մի քանի կցկտուր բառերի, այնուամենայնիվ, որևէ ունկնդրողի համար պարզ կլիներ, որ Ֆեգինը անծանոթի կողմից իրեն ուղղված ինչ֊որ դիտողությունների դեմ պաշտպանողական դիրք էր ընդունել, և որ անծանոթը բավականին ջղագրգռված վիճակումն էր։ Մոտ տասնհինգ րոպե կամ գուցե ավելի երկար շշուկով խոսելուց հետո, Մոնքսը, ― այսպես էր անվանել Հրեան անծանոթին խոսակցության ընթացքում, ― ձայնը բարձրացնելով ասաց․
― Քեզ նորից եմ ասում, վատ էր ծրագրված։ Տղային ինչո՞ւ չպահեցիր հենց այստեղ, մյուսների մոտ, և նրանից միանգամից չպատրաստեցիր ստոր և գծուծ մի գրպանահատ։
― Մի սրա՛ն լսեք, ― բացականչեց Հրեան՝ ուսերը թոթվելով։
― Ի՞նչ է, ուզում ես ասել՝ չէ՞իր կարող, եթե կամենայիր, ― խստությամբ հարցրեց Մոնքսը։ ― Մի՞թե տասնյակ անգամներ այդպես չես արել ուրիշ տղաների։ Եթե առավելագույնը մի տարի համբերած լինեինք, չէի՞ր կարող այնպես անել, որ նա դատապարտվեր և ապահով կերպով թագավորության սահմաններից դուրս աքսորվեր, գուցե նույնիսկ ցմահ։
― Իսկ այդ ո՞ւմ կարող էր նպաստած լինել, սիրելիս, ― հեզորեն հարցրեց Հրեան։
― Ի՛նձ, ― պատասխանեց Մոնքսը։
― Բայց ո՛չ ինձ, ― ասաց Հրեան զիջողաբար։ ― Ապագայում գուցե նա ինձ օգտակար լինի։ Երբ մի համաձայնության համար երկու հակառակ կողմեր գոյություն ունեն, կարծում եմ տրամաբանական է, որ երկուսի շահերն էլ պաշտպանվեն, այնպես չէ՞, բարեկամս։
― Հետո ի՞նչ։
― Ես տեսա, որ հեշտ չէր նրան գողության վարժեցնել, ― պատասխանեց Հրեան։ ― Նա միևնույն պարագաներում գտնվող ուրիշ տղաների նման չէր։
― Այո, անիծվածը նման չէ ուրիշ տղաների, ― քրթմնջաց մարդը, ― այլապես նա վաղուց գող դարձած կլիներ։
― Ավելի վատ գործերի մղելու համար ես որևէ կերպ չէի կարող ազդել նրա վրա, ― շարունակեց Հրեան՝ մտահոգ դիտելով իր զրուցակցի դեմքը։ Ես անզոր էի նրա վրա։ Ոչնչով չէի կարող վախեցնել նրան, իսկ դա կարևորագույն ազդակն է սկզբնական շրջանում, այլապես մեր ամբողջ աշխատանքը կորած է։ Ուրեմն ի՞նչ էր մնում ինձ անել։ Ուղարկել նրան Ստահակի և Չարլիի՞ հետ։ Այդ արդեն լինելու բան չէր։ Ես դողում էի մեր բոլորիս համար։
― Այս գործում ես բոլորովին մեղք չունեմ, ― նկատեց Մոնքսը։
― Իհարկե, իհարկե, սիրելիս, ― շարունակեց Հրեան, ― և դրա համար չեմ էլ վիճում այժմ, որովհետև, եթե այդ դեպքը պատահած չլիներ, գուցե դու երբեք տեսած չլինեիր տղային, և այս հայտնաբերումը տեղի չունենալով, այդպես էլ չիմանայիր, թե քո որոնածը հենց այդ տղան էր։ Ինչ արած։ Ես նրան վերադարձրի քեզ այդ աղջկա միջոցով, բայց այս անգամ էլ նա սկսեց տղային պաշտպանել։
― Խեղդի՛ր աղջկան, ― ասաց Մոնքսը անհամբերությամբ։
― Աա՜, մեզ համար դեռևս ձեռնտու չէ այդ անել, սիրելի՛ս, ― պատասխանեց Հրեան ժպտալով, ― և, բացի այդ, այդ ձևը մեզ մոտ ընդունված չէ, այլապես մեծ ուրախությամբ նրան իսկույն կվերացնեի մեջտեղից։ Ես այս աղջիկներին լավ եմ ճանաչում, Մոնքս։ Հենց որ տղան փոխվի, աղջիկը այլևս նրանով չի էլ հետաքրքրվի։ Քո բաղձանքն այն է, որ նա գող դառնա։ Եթե տղան ողջ է, ես կարող եմ նրանից գող պատրաստել, իսկ եթե, եթե․․․ ― ասաց Հրեան ավելի մոտենալով իր զրուցակցին, ― իմացի՛ր, դա այնքան էլ հավանական չէ, բայց եթե պատահի վատթարագույնը և նա մահացած լինի․․․
― Այդ իմ հանցանքը չէ, եթե մահացած լինի, ― պատասխանեց զրուցակիցը` սարսափահար, դողացող ձեռքերով ամուր բռնելով Հրեայի թևից։ ― Լավ իմացիր, Ֆե՛գին։ Ես ոչ մի մասնակցություն չեմ ունեցել այդ գործում։ Ես քեզ հենց սկզբից էլ ասացի․ ամեն բանի համաձայն եմ, բացի նրա մահից։ Ես չեմ ուզում արյուն թափել։ Ի վերջո այդ բանը հայտնաբերվում է, և մեռնողի ուրվականը, մանավանդ, շարունակ հալածում է մարդուն։ Եթե նրան սպանել են, մեղավորը ես չեմ, լսո՞ւմ ես։ Անիծված լիներ այս դժոխային որջը։ Այդ ի՞նչ բան է։
― Ի՞նչ բան, ― ճչաց Հրեան՝ երկու թևերով ամուր փաթաթվելով երկչոտին, երբ նա վեր թռավ տեղից։ ― Որտե՞ղ։
― Ահա՛ այնտեղ, ― պատասխանեց Մոնքսը՝ լայն բացված աչքերով սևեռուն նայելով դեմի պատին։ ― Ստվե՜րը։ Ես տեսա վերարկու և գլխանոց հագած մի կնոջ ստվեր, որ արագորեն սահեց միջանցքով։
Հրեան բաց թողեց նրան, և նրանք խուճապահար դուրս վազեցին սենյակից։ Քամու հոսանքից հալածված մոմը դեռ մնում էր իր տեղում։ Այդ մոմի լույսի տակ նրանք տեսան միայն ամայի աստիճանները և միմյանց գունատ դեմքերը։ Ուշադիր ականջ դրին։ Ամբողջ շենքում խոր լռություն էր տիրում։
― Այդ մտքիդ պատրանքն է, ― մոմը վերցնելով և դեպի իր զրուցակիցը շրջվելով ասաց Հրեան։
― Երդվում եմ, աչքովս տեսա, ― դողալով պատասխանեց Մոնքսը։ ― Նա թեքվեց դեպի առաջ, երբ սկզբում տեսա, իսկ երբ խոսեցի՝ նա լուծվեց խավարում։
Հրեան արհամարհանքով նայեց իր զրուցակցի գունատ դեմքին և, առաջարկելով հետևել իրեն, եթե ցանկանում է, սկսեց աստիճաններով վեր բարձրանալ։ Նրանք ման եկան այդ հարկի բոլոր սենյակները։ Ցուրտ, մերկ ու դատարկ սենյակներ էին դրանք։ Ապա նորից իջան ներքևի միջանցքն ու այնտեղից գնացին ներքնահարկում գտնվող մառանները։ Ցածրիկ պատերը ծածկված էին կանաչ բորբոսով, խխունջների և կողինջների փայլուն հետքերը շողում էին մոմի լույսի տակ։ Բայց ամեն կողմ մեռելային լռություն էր տիրում։
― Այժմ ի՞նչ է քո կարծիքը, ― ասաց Հրեան, երբ նորից միջանցք վերադարձան։ ― Մեզ չհաշված, ամբողջ բնակարանում ոչ ոք չկա բացի Թոնիից և տղաներից։ Իսկ նրանցից երկյուղ չկա։ Տե՛ս։
Այդ բանը ապացուցելու համար Հրեան գրպանից հանեց երկու բանալի և բացատրեց, որ առաջին անգամ սանդուղքներով ցած իջնելիս, նա դուռը կողպել էր նրանց վրա, որպեսզի որևէ ինքնակոչ հյուր չխանգարեր իրենց խոսակցությունը։
Այս նոր փաստարկումը միստր Մոնքսին տարակուսանքի մատնեց։ Երբ ամեն տեղ որոնելուց հետո ոչինչ չէին կարողացել հայտնաբերել, նրա առարկությունները աստիճանաբար ավելի ու ավելի կորցրին իրենց ուժգնությունը, և այժմ, մի շարք ահավոր քրքիջներ արձակելով, խոստովանեց, որ այդ բոլորի համար հանցավոր էր միայն իր գրգռված երևակայությունը։ Բայց, հանկարծ տեսնելով, որ ժամը արդեն մեկն է, նա մերժեց խոսակցությունը շարունակելու առաջարկը։ Եվ այսպես, երկու մտերիմ բարեկամներ բաժանվեցին։
Комментариев нет:
Отправить комментарий